Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կրկոն

Կրկոն
21.01.2014 | 11:59

Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Թուրք պաշտոնյան սուլթանական պալատից մտախոհ դուրս եկավ ու անմիջապես բռնեց Սասնո գավառի Խութ-Բռնաշենի ճամփան։ Գնում էր աճապարանքով, մտախոհ: Որքան մոտենում էր Ընկուզիկ գյուղին, մտքերն ավելի էին խճճվում. «Մի քանի ամիս հետո այդտեղ էլ պիտի մորթվեն...»: Չզգաց, թե ինչպես հասավ Անդրանիկ փաշի բժիշկ, սնխչի Կրկոյի տուն: Կրկոյի մասին անգամ սուլթանի պալատում վաղուց գիտեին. սնխչին, գյուղեգյուղ ընկած, բուժում էր հային, թուրքին, քրդին։ Թուրք մեծավորները հաճախ էին իրենց ծանր հիվանդներով Ընկուզիկ գալիս: Կրկոյի հայր Մխիթարն էլ էր սնխչի, Մխիթարի հայր Պետրոսն էլ, Պետրոսի հայր Չղրոն էլ։ Աստծո տված էր։
-Բարի օր, Կրկո,- շփոթմունքը թաքցնել չկարողանալով` փորձեց ժպտալ թուրք պաշտոնյան:
-Բարև, էֆենդի, եթե գալդ բարի է,- սառը պատասխանեց Կրկոն, թեև մտքում արդեն ասել էր` ո՛չ բարով, ոչ խերով...
Թուրք պաշտոնյան միանգամից կարդաց Կրկոյի միտքը և շտապեց բացատրել, որ խնդրանքով է եկել:
-Կրկո, իմ սիրելի խանումը անդամալույծ է դարձել, ոչ ոք չի կարողանում նրան փրկել: Պալատի բժիշկներն ասին, որ մենակ դու կարող ես: Ամիսներ առաջ ընկել է, ազդրի խնձորակը տեղից դուրս է եկել ու վնասվել: Ինչքան ոսկի-արծաթ ուզես, կտամ: Պիտի բուժես, բայց մի պայմանով. ոչ ձեռքդ պիտի դիպչի կնոջս, ոչ էլ աչքդ պիտի տեսնի նրա մերկ մարմինը,-թերահավատորեն, բայց համառեց թուրքը:
-Կբուժեմ, էֆենդի, բայց ես էլ իմ պայմանն եմ դնում,- թուրք պաշտոնյային նույն տոնով պատասխանեց Կրկոն ու իր պայմանն ասաց,- պիտի կարգադրես, որ Խութ-Բռնաշեն գավառի հայերից հարկ ու տուրք չհավաքեն:
Պաշտոնյան մի պահ շփոթվեց, բայց հասկացավ, որ առանց Կրկոյի պայմանը կատարելու, իր հուրի-փերի, նազելի խանումը կմնա անդամալույծ և չի փրկվի:
-Համաձայն եմ, Կրկո, իմ խոսքի տերն եմ,- ասաց թուրք մեծավորն ու հույսի ժպիտով շրջվեց ջահել կնոջ կողմը:
-Դե ուրեմն քո սեփական ձին մոտ բեր, քո ձեռքով կնոջդ նստեցրու քո ձիու մեջքին և ձիու փորի տակով կնոջդ երկու ոտքերը պարանով ամուր կապիր իրար,- թուրք մեծավորի շփոթմունքը փարատելով կարգադրեց Կրկոն:

Թեև չհասկանալով Կրկոյի ասածի իմաստը` բայց և այնպես պաշտոնյան ճշտորեն կատարեց հրահանգը:
-Դե հիմա ինչքան գարի ունեք ձեր ձիերի համար, բերեք ու լցրեք այս ձիու առջև,- հանգիստ ասաց Կրկոն:
Բոլորը հարցական իրար նայեցին, իսկ թուրք պալատականին մի պահ թվաց, թե Կրկոն ձեռ է առնում իրեն կամ էլ մի չար խաղ է մոգոնում:
«Եթե գյավուրը հանկարծ նման բան անի, իր ողջ գերդաստանին հենց հիմա իր աչքի առջև մորթելու եմ, իրեն էլ այս ձիու պոչից կապած քարշ եմ տալու Խութ-Բռնաշենի բոլոր գյուղերով»,- մտքում արագ վճռեց պաշտոնյան ու ավելի մոտեցավ Կրկոյին:
Երբ սոված ձին ագահաբար խժռել էր ողջ գարին, Կրկոն կարգադրեց, որ ձիու առջև այս անգամ լցնեն քարաղի մեծ կտորներ: Ձին սկսեց ագահաբար լիզել աղի կտորները: Երբ արդեն աղի մեծ պաշար էր ընդունել, ծարավը սկսեց խեղդել սևուկ նժույգին. նա անհանգիստ շարժումներ էր անում:
-Էֆենդի, դե հիմա քո ձին մոտեցրու առվակին,- հանգիստ կարգադրեց Կրկոն:
Ծարաված կենդանին սկսեց ագահաբար ջուր խմել: Վայրկյան-վայրկյան ձիու փորը մեծանում էր, ուռչում, որից դանդաղ ձգվում էր պարանը` իր հետ ձգելով նաև կնոջ ոտքերը: Մի քանի վայրկյան անց լսվեց մի խուլ չռթոց, և թուրք կնոջ ազդրի խնձորակը տեղն ընկավ:
-Էֆենդի, դե հիմա խնդրիր խանումիդ, թող իջնի ձիուց ու քեզ մոտենա,- վստահ ասաց Կրկոն:
Կինը իր շարժումներին չէր հավատում, ամուսինը` իր աչքերին: Ամիսներով անդամալույծ կինը հանգիստ քայլերով հասավ զարմանքից աչքերը չռած ամուսնուն, հավաքվածները հանգիստ շունչ քաշեցին:
-Իմ պայմանը, էֆենդի՛,- պաշտոնյայի հայացքը որսաց Կրկոն:
-Իմ երդման տե՛րն եմ, Կրկո: Կկարգադրեմ քուրդ Սըլիմո աղին Խութ-Բռնաշենի գյուղերի հայերից հարկ ու տուրք չհավաքել,- ասաց պաշտոնյան ու հրամայեց բռնել Ստամբուլի ճամփան:
Զարմանահրաշ բուժման լուրը սուլթանների պալատում բերանից բերան էր անցնում: Թուրք մեծավորներից շատերը դրանից հետո իրենց անճար հիվանդներին հիմնականում արդեն Կրկոյի մոտ էին բերում:
...Մի քանի ամիս թուրք և քուրդ հարկահավաքները Խութ-Բռնաշենի գյուղերից հարկ ու տուրք չէին հավաքում, մինչև... պայթեց 1915-ի ապրիլը։
...Ընկուզիկ մտած ասկյարների մի խումբ մտավ Կրկոյի տուն: Կրկոն հարևան գյուղում քուրդ հիվանդի էր բուժում: Կրկոյի կնոջը` Խաթունին, մի պահ թվաց, թե ասկյարները հիվանդ են բերել, և կամեցավ նրանց հացի հրավիրել մինչև ամուսինը գա: Ասկյարների արնախում հայացքներից սարսափած տղաները` Անդրանիկն ու Ազատը, դողալով կուչ եկան մոր գրկում: Ասկյարներից մեկը բռնեց Անդրանիկին, մյուսը` Ազատին։ Երկուսին էլ մորթեցին մոր աչքի առջև։ Խելագար Խաթունը մազերն էր պոկում և գլուխը պատերին զարկում։ Հետո մի պահ ուզեց մոտենալ մորթված զավակներին, բայց արդեն նրանց չէր տեսնում: Ցավից ու հարվածներից մի ակնթարթում կուրացել էր: Ձեռքերը օդի մեջ այս ու այն կողմ տարածելով` զավակներին էր փնտրում: Ասկյարներից մեկը արյունոտ յաթաղանը բարձրացրեց կուրացած մոր գլխին, բայց մյուսը նրա ձեռքը բռնեց. «Մի մորթիր, միթե նրա ապրելն ավելի ծանր պատիժ չէ, քան մեռնելը: Մահը փրկություն է: Այդպես գյավուրները մեզ ավելի երկար կհիշեն»: Հետո անցան թալանի: Ասկյարները միայն այդ պահին նկատեցին կողքի սենյակում անկողնում ցավից գալարվող զառամյալ Գուլեին` Կրկոյի մորը:
-Սրան չարժե սպանել, կրակի բաժին թող դառնա,- գռմռաց ասկյարն ու ճրագի նավթը ցանեց Գուլեի շորերին։
Կրկոյի շեն օջախում ինչ կար-չկար բարձեցին ձիերին, սանձը տվեցին քուրդ լամուկին, հայի խեղճ ու անճար Աստծուն թուրքավարի հիշեցին և արյունոտ ձեռքերով հեռացան: Բակում հերարձակ ու ձեռքերը երկնքին պարզած կույր Խաթունի անեծքը հասավ ընդամենը Ընկուզիկի մյուս ողբացողներին, իսկ Աստծուն` երբեք։
Երբ Կրկոն տուն հասավ` իրենց գերդաստանի քսանհինգ հոգուց մնացել էին հինգը: Տան մոխրակույտի մեջ գտավ մոր և գլխատված զավակների ածխացած մարմինները: Էրգրում զուլում էր։
...Կուրացած Խաթունին գրկած` Կրկոն միացավ հրաշքով փրկվածներին: Թուրքից, քրդից, բախտից ու ճակատագրից հալածված, սոված ու կիսամերկ` բարձրացան Խութի սարերը, մտան քարանձավներն ու պապանձվեցին։ Ճարահատ մայրերը ձեռքերով կամ շորով փակում էին ծծկերների բերանները, որ լացի ձայնը հանկարծ ասկյարները չլսեն։ Ընկուզիկցի նորահարսը սարսափից այնպես էր սեղմել նորածնի բերանը, որ քիչ հեռվում գտնվող ասկյարների հեռանալուց հետո միայն հասկացավ, որ իր երեխան այլևս չի շնչում: Հետո նույն շորով մոր բերանը փակեցին, որ ցավից չոռնա։ Կրկոն չզգաց, թե ցավից գլուխն ինչպես զարկեց քարանձավի ցից քարին, արյան մի քանի կաթիլ ընկավ Խաթունի կուրացած աչքին: «Տեր Աստված, դու էլ ինձ նման կույր ես ու անզոր...»,- տնքած Խաթունն ու գրկեց Կրկոյի արյունոտ գլուխը։

Գիշերները սոված գորշ գայլերը Խութի սարերից իջնում էին Ընկուզիկ, մարդկային դիակներ էին հոշոտում, նեխած արյունը լափում և ավելի սարսափազդու, արյունաձայն ոռնում, անգթորեն ոռնում։ Մահաշունչ ու չարագույժ ոռնոցը լսում էին քարանձավներում պատսպարված ընկուզիկցիները: Կրկոն լսում էր դիակներից կատաղած գայլերի ոռնոցը, որին խավարի մեջ խառնվում էր իր լուռ ու անբառ ողբը: Ժամանակը քարացել էր քարանձավներում: Այսպես ամիսներ անցան։
Մի առավոտ, չար աչքից թաքուն, իրենց քարանձավ հասավ ծանոթ քրդերից մեկը:
-Կրկո, իր հավատարիմ մարդու միջոցով ինձ քեզ մոտ է ուղարկել քուրդ Սըլիմո աղան, որին դու շատ ես լավություն արել և աղուհաց կիսել հետը: Ջարդերի ժամանակ Օսմանյան իշխանությունը քուրդ աղաների տարածքները շուտ-շուտ է փոխում, որ հայերի հետ շատ չմտերմանան, չմիավորվեն: Թեև Սըլիմոն հիմա ուրիշ գավառում է, բայց ուզում է քեզ ու քո հարազատներին փրկել: Պատրաստվիր, մենք ձեզ կհասցնենք Անդրանիկ փաշի զորքին:
Մութը անեծքի նման իջել էր Խութի սարերին: Ձորերի միջով խութեցի գաղթականների խումբը շարժվում էր Արարատ սարի ուղղությամբ: 1916 թվականն էր: Անդրանիկ զորավարը Մուշի և Սասունի հազարավոր գաղթականներով գնում էր դեպի Մայր Արաքսը։ Մի քանի օր անց խութեցիների խումբը հասավ Անդրանիկի զորքին:
-Փաշա՛,- հազիվ շշնջաց Կրկոն ու փաթաթվեց զորավարին: Երկար մնացին փաթաթված զորավարն ու իր զինվոր բժիշկը, ոչինչ չէին ասում, լռությունը խոսուն էր: Կրկոն զորավարին այդքան տխուր մեկ էլ տեսել էր Գևորգ Չավուշի սպանության օրը: Քանի՜-քանի անգամ էր Չավուշը իր վիրավոր ֆիդայիներին բերել Կրկոյի մոտ։ Կրկոյի շուրթերին ցավից ակամա արթնացան Տարոնի խոցված արծիվ Գևորգ Չավուշի հրաժեշտի խոսքերը.
Դրեք զիս այստեղ, ծածկեցեք խոտով,
Գնացեք, ընկերներ, գնացեք դուք բարով։
Վերջին բարևս տարեք հայ ազգին,
Վերջին համբույրս` որդի Վարդգեսին։
-Կրկո, գիտես, որ երկու եղբայրներդ` Հակոբն ու Բաղդասարը, իմ քաջ զինվորներն են, երկուսն էլ վիրավոր են, բայց գաղթականներին են ուղեկցում, միացի՛ր իրենց,- Կրկոյին սթափեցնելով` շշնջաց Անդրանիկը և հիշեց, թե իրեն ու քանի՜-քանի ֆիդայու է բուժել Կրկոն:
...Գաղթականների խումբը մոտեցավ Արարատ սարին: Մայրամուտի ծիրանագույն կրակների մեջ հրդեհվել էր Սար-Նահապետը: Կրկոն անմիջապես նկատեց, որ սարը լալիս է: Լանջերից իջվարող առվակները արցունքի պես էին գլորվում, գնում խառնվում Արաքսի պղտոր ալիքներին:
-Արաքսն էլ Արածանիի նման պղտոր է ու դարդոտ,- կուրացած կնոջը բացատրեց Կրկոն և, Խաթունին գրկած, անցավ Մարգարայի կամուրջը:
Դիմացը Արագած սարն է, որին Կրկոն ժպտաց հարազատի պես: Սարն էլ Կրկոյին ժպտաց: Բայց մի հզոր ուժ հետևից ձգում էր, կրակի պես այրում, կանչում։ Կրկոն կրակե շապիկ էր հագել...
Հետո Արագածի փեշին տարիներ գլորվեցին, տասնամյակներ: Կրկոն կուրացած Խաթունից նոր զավակներ ունեցավ: Աղջկան մոր անունը դրեց` Գուլե` Գյուլիզար, որդուն` Մանուկ: Խութեցի Կրկոյի մոտ Հայաստանի քաղաքներից ու գյուղերից շատ էին գալիս: Իսկ Սասունի և Մուշի գաղթականները ամեն Աստծո օր Կրկոյի տանն էին: Բուժում էր բոլորին: Հաճախ էլ, հատկապես տարեց երկրացիները, առանց հիվանդի էին գալիս` պարզապես Էրգրի ժղուլը որերորդ անգամ լսելու:
Կրկոն իր տոհմի աստվածատուր շնորհքը փոխանցեց որդուն` Թալինի շրջանի Կաքավաձորի հանրահայտ Մանուկին, Մանուկի որդի Ալբերտին, Մանուկի Անդրանիկ որդու զավակին` իր անունը կրող Գրիգոր Գրիգորյանին։ Այսպես Կրկոն ապրեց հարյուր տարի: Իր տան դուռն ու լուսամուտը բացվում էին դեպի Էրգրի կողմ: Ամեն արևագալին ու արևմտոցին, մտքում իր կարոտի սանձերը քանդած, Կրկոն գլուխը տարուբերում էր ու վերջում ինքնիրեն կիսաձայն շշնջում` հըյլե, հըյլե...
...Մայրամուտի ծիրանագույն բարուրում ննջում էին Արարատի ձյուները, որոնցից գլո՜ւլ-գլուլ գլորվում էին կարոտի կաթիլները: Այդ օրը Կրկոն երկար նայեց Նահապետին ու միանգամից հասկացավ, որ պահն է ճամփա ելնելու: Կրկոն ճամփորդ է ու իր կրակե շապիկով պիտի Էրգիր գնա, հասնի Ընկուզիկ։ Հետո մայրամուտի պես հանգիստ փակեց աչքերը: Հոգին ճախրանքի մեջ էր... Կրկոն ճամփորդ է...

Դիտվել է՝ 151983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ