Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մաեստրո Ղարաբեկյանն այն մարդկանցից է, որոնց փնտրում էր Դիոգենեսը, և այն դիրիժորն է, որին փնտրում էինք մենք

Մաեստրո Ղարաբեկյանն այն մարդկանցից է,  որոնց փնտրում էր Դիոգենեսը, և այն  դիրիժորն է, որին փնտրում էինք մենք
21.01.2014 | 12:04

ՈՐՊԵՍ ԱՌԱՋԱԲԱՆ


Ամերիկահայ անվանի դիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԸ (ծնվ. 1955 թ.) ավարտել է Բոստոնի «Նյու Ինգլանդ» կոնսերվատորիան, Մայնցի համալսարանի ասպիրանտուրան։ Դիրիժորական իր արվեստը կատարելագործել է Իտալիայում՝ Ֆրանկո Ֆերրարայի, Գերմանիայում՝ Սերգիու Չելիբիդակեի ղեկավարությամբ, այնուհետև ուսանել (նաև՝ կոմպոզիցիա) Յակոբ Դրուկմանի և Լեոնարդ Բեռնսթայնի մոտ։ Ղեկավարել է բազմաթիվ նվագախմբեր՝ Զագրեբի, ՈՒկրաինայի ռադիո-հեռուստատեսության սիմֆոնիկը, գլխավորել է Բոստոնի «ՍիմֆոՆովա»-ն, հանդես եկել Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ։ Ձայնագրել է լազերային սկավառակներ, հանդես եկել ամերիկյան և այլ ռադիոկայաններով, ելույթներ ունեցել «Կառնեգի հոլում», «Յորդան հոլում» և այլ համբավավոր սրահներում, նորամուծությունների համար արժանացել մրցանակների։ Քննադատները բարձր են գնահատել դիրիժորի մեծ վարպետությունը, ներշնչման ուժը, նվագախումբը կերպարանափոխելու կարողությունը։

ԱՐԱՄ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ «ԱՆԱՎԱՐՏ ՍԻՄՖՈՆԻԱՆ»


Եվ ո՞վ կարող էր սպասել,
Որ ունեցար դու փառավոր վայրկյան,
Երբ որ, իբրև հանկարծ ընկնող ասուպ,
Դու լուսավորեցիր երկինքն ամբողջ,
Դո՛ւ թանգարանի քունջում սևացած քար։

Ճապոնացի պոետի այս խոսքերն եմ հիշում, երբ մեզնից վաղաժամ հեռանում են Լուսակիր մարդիկ, ովքեր դեռ շատ ասելիք ունեին։ Այսօր դա վերաբերում է Արամ Ղարաբեկյանին։
Մաեստրոն մեր մշակութային մթնոլորտը ներխուժեց՝ ընդհատելով իր վերելքը ԱՄՆ-ում։ Նա եկավ ջերմացնելու և լուսավորելու մեզ մեր վերակազմված Ազգային կամերային նվագախմբի վերածնունդով, վառ ելույթներով։
Կարճ ժամանակում նրան հաջողվեց խմբի շուրջը հավաքել և ձևավորել բանիմաց, զգայուն ունկնդիր՝ համերգների մշտական այցելուներ։
Նվագախումբն իրագործեց բազմաթիվ պրեմիերաներ, յուրովի մեկնաբանելով հայ և արտասահմանյան կոմպոզիտորների գործերը։ Ավելին, նա ինքն էր ոգեշնչում, պատվիրում նորանոր երկեր։ Այսպես կյանքի կոչվեցին Էդուարդ Հայրապետյանի, Ռուբեն Ալթունյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց նոր ստեղծագործությունները։ Մեզանում նոր էին հնչում նմուշներ Ռալֆ Վոն Վիլյամսի, Մայքլ Թիպետի, Բենջամին Բրիտտենի, Բոգուսլավ Մարտինուի և այլոց արվեստից։ Ղարաբեկյանի ղեկավարության օրոք նվագախմբի հետ ելույթ են ունեցել Ժան Տեր-Մերկերյանը, Էդուարդ Թադևոսյանը, Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, բանդոնյոնահար Մարիո Պիետրդարկին և ուրիշ հայտնի երաժիշտներ։ Նվագախմբի նվաճումներից կարելի է հիշատակել Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան (համալրված կազմով), Շոստակովիչի 14-րդ սիմֆոնիան, Մոցարտի, Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմները» և այլ կոթողներ։
Ղարաբեկյանը ելույթներ էր ունենում ոչ միայն Երևանում, Պետերբուրգում, տարբեր համբավավոր փառատոներում, այլև հանրապետության շրջաններում, Արցախում։ Նրա համերգները հեռարձակվում էին ռադիոյով, հեռուստատեսությամբ։ Արձագանքում էր նաև մամուլը։ Առաջին համերգը տեղի ունեցավ 1997 թ. հոկտեմբերի 5-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Այդ համերգին նվիրված հոդվածս անվանել էի «Եկավ, տեսավ և հաղթեց» («Հայք, 13.05.1997 թ.)։
Իր մուտքը Հայաստան Ղարաբեկյանը նշանավորեց Ջոակինո Ռոսսինիի 6-րդ սոնատի հրավառ հնչյուններով։ Ռոսսինիի, որի երաժշտությունն Ալեքսանդր Պուշկինը համեմատել է «կայծկլտող շամպայնի», «երիտասարդ համբույրի» հետ։ Հնչեցին նաև Մոցարտի «Ցնծացե՛ք, փառաբանե՛ք Տիրոջը» ներբող-մոտետը (մեներգչուհի՝ Արաքս Դավթյան), Օտտորինո Ռեսպիգիի 3-րդ սյուիտը, Բելա Բարտոկի «Ռումինական պարերը» և Կոմիտաս-Ասլամազյանի «Երկինքն ամպել ա» մանրանվագը։
Արձագանքեցի նաև Ղարաբեկյանի հետագա համերգներին։ ՈՒրվագծելու համար նվագախմբի անցած ուղին, նշեմ իմ ևս մի քանի հոդված. «Վարդեր հարավից» («Հայք, 18.06.1997), «Ծաղիկներ անդունդի եզրին» («Հայաստան», 06.04.1999), «ՈՒր է, մահ, քո հաղթությունը» («Քրիստոնյա Հայաստան», ապրիլ, Ա, 2002), «Կաթողիկոս Գրիգորիս Աղթամարցու վարդերը» («Հայաստանի Հանրապետություն» (10.04.2002), «Դառնում եմ լավագույն ունկնդիր» «Հայաստանի Հանրապետություն» (18.06.2002), «Ապրիլյան առաջին «Ռեքվիեմի» («Կրթություն», 13.04.2005 թ.) և այլն։ Այս հոդվածներում մեկնաբանվող համերգներում հնչել էին Անտոնին Դվորժակի, Գաբրիել Ֆորեի, Դմիտրի Շոստակովիչի, Ռոդիոն Շչեդրինի, Ալֆրեդ Շնիտկեի և այլոց գործերը։ Նույն հաջողությամբ նվագախումբը ելույթներ էր ունենում նաև արտասահմանում։ Հիշարժան են 1995 թ. նոյեմբերին կայացած հյուրախաղերը Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում և Ֆրեզնոյում։ Վերադառնալուց հետո Ղարաբեկյանը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է. «Մեզ համար շատ դժվար էր ԱՄՆ-ում ելույթներ ունենալ, որովհետև մեր առաջ շատ բարդ խնդիր էր դրված։ Մեր մեկնելուց առաջ այնպիսի իմիջ էր ստեղծված, որ Հայաստանից ժամանած խմբերը գլխացավանք են... Բոլորն ասում էին, որ հայկական խմբերը շատ վատ տպավորություն են թողել... Մենք կարողացանք ինչ-որ չափով կոտրել այդ իմիջը, ինչի համար ես շատ ուրախ եմ ու հպարտանում եմ իմ կոլեկտիվով։ Ոչ մեկն իրավունք չունի Հայաստանի անվան հետ խաղալու։ Այդպիսի խմբերին պարզապես պետք է արգելել դուրս գալ Հայաստանից...»։ ԱՄՆ կատարած նվագախմբի հաջորդ այցելության մասին տեղեկանում ենք նվագախմբի ներկայիս ջութակահարուհի Գոհար Դանիելյանի «Մեծ արվեստը՝ հեռու և մոտիկ» հոդվածից։ Գոհարն այն ժամանակ աշխատում էր Շվեյցարիայում Ջեյմս Լիվայնի հիմնադրած միջազգային սիմֆոնիկ նվագախմբում, որի հյուրախաղերը Նյու Յորքում զուգադիպել էին Ղարաբեկյանի նվագախմբի ելույթներին։ Եվ նա ներկա էր եղել մեր ազգային նվագախմբի համերգին։ Ահա մի հատված նշված հոդվածից. «Հյուրախաղերի ընթացքում Հայաստանը կարոտած՝ մենք համակվեցինք Հայաստանի մեղեդիներով... Ռուբեն Ալթունյանի «Դեր Զորի» բեմելն ԱՄՆ-ում խիստ համահունչ էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից խռովված ամերիկացիների հոգեվիճակին։ Իսկ Էդվարդ Միրզոյանի արևավառ «Սիմֆոնիայի» թմբուկների խրոխտ զարկերից նույնիսկ օտարների սրտերն սկսեցին «հայերեն» բաբախել... Նման հաջողություն նույնպես հաճախ չի լինում, մանավանդ Նյու Յորքի համերգային գերհագեցած մթնոլորտում, ուր ելույթներ են ունենում Բեռլինի ֆիլհարմոնիկը, հանճարեղ սիթարահար Ռավի Շանկարը» («Ժամանակ», 20.12.2001 թ.)։ Այդ մակարդակին նվագախումբը չէր հասնի, եթե Ղարաբեկյանը օժտված չլիներ վառ տաղանդով, սկզբունքայնությամբ, պահանջկոտությամբ և աշխատանքային կուլտուրայով, որի պակասը մեզանում շատ էր վրդովեցնում դեռ մաեստրո Օհան Դուրյանին։
Ղարաբեկյանը ոչ պակաս պահանջկոտ էր իր նկատմամբ։ Նա հատկապես չէր սիրում, երբ նվագախումբը միասին չէր սկսում նվագը։ Նման մի դեպքի ժամանակ դիրիժորն ընդհատեց նվագը և ասաց. «Ներողություն, սխալվեցի, այսպես է՝ մարդու «դիզայնը» հաշվարկված է քառասուն տարվա համար, որից հետո սկսում են տեղի տալ մեկ աչքը, մեկ ականջը, մեկ ձեռքը և այլն»...

ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, ՍԱԿԱՅՆ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՀԱՍՆՈՒՄ ԱՅԴ «ԿՅԱՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ»
Տարօրինակ է դիրիժորների ճակատագիրը։ Ավստրիացի հոգեբան Վ. Ռևերսը համոզված էր, որ դիրիժորությունը նպաստում է երկարակեցությանը։ Գուցե Ավստրիայում այդպես է, բայց մեզանում այլ պատկեր է։ Թեպետ մեծն Արթուրո Տոսկանինին համարում էր, որ դիրիժորությունը կյանքի երկրորդ կեսի մասնագիտություն է, սակայն ոչ բոլորն են հասնում այդ «կյանքի երկրորդ կեսին»։ Հիշենք Ավետ Տերտերյանի եղբորը՝ Գերմանին, Դավիթ Խանջյանին, Զարեհ Սահակյանցին, ում հիմնադրած Հայաստանում առաջին կամերային նվագախմբի «փլատակներից» Արամ Ղարաբեկյանը «պեղել» է և վերակենդանացրել խումբը։ Իսկ որ դիրիժորը փորձում է երկար ապրել, Դուրյանի պատկերավոր խոսքով ասած, ձեռքերը կտրում են։ Մինչդեռ երաժշտապաշտ Գերմանիայում դիրիժորը մեծ արժեք է։ Երաժշտագետ Էբերհարդ Ռեբլինգը գրել է. «Ի դեմս Վիլհելմ Ֆուրտվեագլերի՝ Գերմանիան միաբան էր։ Նրանում ամբողջ Գերմանիան էր։ Նրանում մարմնավորվել է մեր ազգային գոյության անքակտելիությունը» (ԼրտՏսվՌՑպսՖվՏպ ՌրՍցրրՑՉՏ ջՈՐցոպՋվօւ րՑՐՈվ, րՑՐ. 144-145, Ծ., 1966)։
Հիշում եմ, մի օր ֆիլհարմոնիկի փորձից հետո մաեստրո Դավիթ Խանջյանը, Տիգրան Մանսուրյանը և ես զրուցում էինք։ Դավիթը հարցրեց.
-Քանի՞ տարեկան ես, Տիգրան։
-Քառասունմեկ։ Իսկ դո՞ւ, Դավիթ։
-Էրեսի զոռով մինչև քառասուն ապրեցի։
Ցավոք, շուտով Դավիթն ընդմիշտ հեռացավ մեզնից...
Դառնալով Ղարաբեկյանին, նշեմ, որ նրա հաջողությունները ոչ բոլորին էին ուրախացնում։ Բախտի հեգնանքով, թե ելնելով իմ իսկ դառը փորձից, մաեստրոյի առաջին համերգը լուսաբանող իմ հոդվածում անդրադարձել էի նախանձի ավերիչ ուժին։ Առիթը Բելա Բարտոկի «Ռումինական պարերն» էր։ Ինչպես հաճախ է լինում սիմֆոնիաներում, կուզենայի խոսքս էլ ամփոփել, կամարակապել առաջին հոդվածիս վերջին «ակորդներով»։ Բարտոկի հակառակորդներն առիթը բաց չէին թողնում, որ հալածեն նրան նաև մամուլի միջոցով. «Հունգարական կառավարությունը Բարտոկին արձակուրդ և նյութական օգնություն է տրամադրել ոչ թե այն բանի համար, որ նա հունգարական փողերով ռումինական երաժշտություն ուսումնասիրի»։ Ճիշտ էր Պետրոս Ադամյանը, ասելով, թե ամեն Աբել յուր Կայենը միշտ ունի, ինչպես և ամեն Մոցարտ՝ իր Սալիերին, ամեն Բարտոկ՝ իր Հուբայը... Մաեստրո Ղարաբեկյանն այն մարդկանցից է, որոնց փնտրում էր Դիոգենեսը, և այն դիրիժորն է, որին փնտրում էինք մենք։ Համերգն անցավ։ Ի՞նչ մնաց... Երբ ձյունը հալվում է, ձնծաղիկներն են երևում...։ Տեսիլվում են նաև Շտրաուսի վալսի անթառամ «Վարդերը հարավից», որ Արամը պարգևել էր մեզ։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ