Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զինվորի սխրանքի հույսին հայրենիք չես պահի

Զինվորի սխրանքի հույսին հայրենիք չես պահի
24.01.2014 | 00:48

Մենք գերի ենք մնում կաղապարված մտածողությանը, մի անգամ հայտարարված, թե հաստատված իրողությունն ընդունում ենք անբեկանելի ճշմարտություն ու սկսում ենք նեղվել այդ ճշմարտության շրջանակներում, պայքարել դրա դեմ, հերքել ու մերժել, մինչդեռ ընդամենը պետք է հաջորդ քայլն անել: Հաջորդ քայլն անելը հենց մտածողության, ուրեմն և վարքագծի կաղապարները կոտրելն է: Հաջողության բանաձևը այսպես է գրվում:

Զինադադարի խախտման հերթական միջադեպը ևս մեկ զինվորի սպանությամբ ավարտվեց: Ի՞նչ արեցինք մենք: Առաջինը` հայտարարեցինք նրան հերոս ու սկսեցինք նրանով հիանալ: Այդ ընթացքում հնարավոր համարեցինք «մոռանալ», որ տասնութամյա զինվորը ապրել էր ուզում, ու նրա կյանքը առջևում էր, ու ամենավերջինը նա հերոսության մասին էր մտածում: Պատկերացրի՞նք՝ ինչ սարսափ է ապրել նա գիշերով՝ կրակի տակ, կրակել է մեռնելու վախի՞ց, թե՞ չի էլ հասցրել ապրելու ու մեռնելու մասին մտածել: Իսկ քանի՞ րոպե մտածեցինք՝ ո՞վ էր նա, ի՞նչ էր ուզում, ի՞նչ էր սիրում, ո՞ւմ էր սիրում, և հիմա ի՞նչ է զգում այդ աղջիկը, ի՞նչ պիտի լինի նրա ճակատագիրը: Ի՞նչ է զգում հիմա զոհված զինվորի մայրը, հայրն ի՞նչ է զգում: Նրանց ո՞վ պիտի պահի, նրանց վիշտը կփարատվի՞ երբևէ: Քույր, եղբայր ունե՞ր: Հասկացա՞նք՝ ում կորցրինք` բանաստեղծի՞, նկարչի՞, բժշկի՞, շինարարի՞, ուսուցչի՞, ի՞նչ պակասեց մեր կյանքում: Անգիր արած հերթականությամբ «Մահ իմացյալը» արտաբերեցինք, ու էլի մի քանի մեջբերումներ դասականներից, ում գրածներից ավելին հաստատ չգիտենք էլ, նենգ թշնամուն նզովեցինք, հետո՞: Համարյա համակերպված՝ տրտնջացինք, որ պատերազմը չի ավարտվել, ուրեմն զոհերն անխուսափելի են: Հետո՝ սկսեցինք արձանագրել՝ ով ինչ ասաց, որ քննադատենք նրանց, անցյալը ու ներկան հիշենք, մեղադրենք ու նրանց հետ մեր չհայտարարված պատերազմում տեղնուտեղը բառային մակարդակով հաղթենք: Հիմնականում՝ բարոյական հաղթանակով: Ո՞վ մտածեց, թե որտեղ են Խաչիկ Ասրյանի արծվանման բազեները, ինչո՞ւ իրենց տարեկցի ու հայրենակցի սպանության համար բողոքի ցույց չեն անում: Լավ, իշխանությունը ինքնահիացումով է տարված, ընդդիմությունը որտե՞ղ է: Մեկ զինվորի սպանությունը բավարար չէ՞, որ ընդդիմությունը հավաքվի, իր տարաձայնությունները առժամանակ մի կողմ դնի ու իշխանությունից պահանջի՝ ապահովեք մեր զավակների անվտանգ ծառայությունը՝ մեկ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպաններից պահանջի իրավիճակի համարժեք արձագանք, ոչ թե արդեն վաղուց ոչինչ չասող դիվանագիտական տեքստերի հրապարակում, որոնք ի վերջո արդարացնում են ոչ միայն հրադադարի խախտումները ու զինվորների սպանությունները, այլև հնարավոր են դարձնում հետագա անպատիժ սպանությունները: Ինչո՞վ է զբաղված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, բացի այն, որ ներկա է լինում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին, ուղեկցում է նրանց տարածաշրջանային այցերի ժամանակ, ուսումնասիրում է հրադադարի ռեժիմի խախտումները: Ինչո՞ւ գոնե մեկ անգամ նրա ներկայացմամբ ԵԱՀԿ որևէ նախագահ սպանված զինվորների ճակատագրին չի անդրադարձել: Ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի՝ պահպանելով այդքան գուրգուրված ու գնահատված պարիտետը: Ինչո՞ւ: Որովհետև առաջինը մենք ենք համակերպվել այդ սպանությունների անխուսափելիության հետ՝ պատերազմը չի ավարտվել պատճառաբանությամբ: Մենք պաշտպանվում ենք, մենք համարժեք պատասխանում ենք, մենք ուրիշ ի՞նչ կարող ենք անել:

Որովհետև առաջինը մենք ենք համաձայնել «դիվանագիտության» հետ, որ հակամարտության կողմերի միջև մի մեծ հավասարության նշան նախապես դրած է անդրադառնում որևէ միջադեպի, հարցի, իրավիճակի քննարկմանը: Միմյանց նկատմամբ ատելության ու թշնամանքի քարոզչությո՞ւն: Հայերն ու ադրբեջանցիները հավասարապես պետք է դադարեցնեն: Սպառազինությունների մրցավա՞զք: Նույնը: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և պատերազմի սպառնալի՞ք: Նույնը: Իսկ եթե չենք համաձայնել, ի՞նչ ենք արել: Պաշտոնական հանդիպումներում մի քանի արարողակարգային արտահայտություններ՝ Ադրբեջանը էսպես ու էսպես, մենք էնպես ու էնպե՞ս: ՈՒ՝ վերջ: Իսկ հետևողականությո՞ւնը, իսկ համառությո՞ւնը, վերջապես պատասխանատվությո՞ւնը: Ի՞նչ կարևորագույն խնդիրների լուծմանն էր խանգարելու թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերի բաց, ազատ, խորապես մարդկային ու իրավական պահանջը՝ եթե հանձն եք առել հակամարտության կարգավորումը, կարգավորեք: Կարգավորման ընթացքում էլ ավելի մի խորացրեք անվստահությունն ու պրոբլեմները: Եվ եթե անգամ իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ուժերը առանձին-առանձին կամ միասին գնան նման սխրանքի, քանի՞ մարդ կհավաքվի Ազատության հրապարակում: Բացի խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներից: Քաղաքացիական հասարակությունը, որի կայանալը համազգային տոնախմբության պես է ընկալվում, չունի՞ այդ խնդիրը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ՝ որևէ բողոք ներկայացվե՞լ է: Թե՞ մենք խելամտորեն ըմբռնում ենք, որ դա նրանց լուծելու հարցը չէ, որ նրանք կապ չունեն այդ խնդրի հետ, որ մենք կապ չունենք այդ խնդրի հետ: Կոնֆորմիստը հիմնավոր նստել է մեր ներսում ու մեզ «ճիշտ» որոշումներ է թելադրում: Հունվարի տասնինի լույս քսանի գիշերվա միջադեպը մարտագծի ողջ երկայնքով ամեն օր էլ կարող է կրկնվել: Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը արժանիորեն հողին հանձնվեց Եռաբլուրում: Ճի՞շտ է, որ Եռաբլուրը շարունակում է մեծանալ: Ո՞վ է պատասխանատուն: Ճակատագի՞րը: Թշնամի՞ն: Ինը հոգով վաթսուն հոգուն հետ են մղել, պաշտպանության նախարարն էլ զարմանում է՝ մի՞թե հերոսություն չէ: Հերոսություն է: Բայց դեռ ինչքա՞ն շարքայինները պետք է հերոսանան, իրենց կյանքի գնով պատասխանելով այն հարցերին, որոնցից բարեհաջող խուսափում են նրանց հրամանատարները: Խուսափում ենք մենք բոլորս, որովհետև ավելի հեշտ է անանուն, անհասցե, անպատասխան հղումներ անել այս ու այն կողմ և տրտնջալ, որ մեզ չեն հասկանում, բանի տեղ չեն դնում, մենք ո՞վ ենք, որ իրավիճակ փոխենք: Այդպես ավելի հեշտ է:
Եթե թշնամու գնդակից զոհված զինվորի մահը, այնուամենայնիվ, ինչ-որ բացատրություն ունի, բացատրություն ունի՞ զորակոչվելուց մի քանի օր կամ ամիս հետո հոսպիտալներում ու զորամասերում զինակցի ձեռքից մահը: Պաշտպանության նախարարության ո՞ր ստորաբաժանումն է բոլորից լավ աշխատում: Սգո ծառայությո՞ւնը, որ առաջ կոչվում էր թաղման բյուրո քաղաքացիական կյանքում: Սա միայն պաշտպանության նախարարությա՞ն խնդիրն է: Ինչո՞ւ է այս հարցը դառնում կոնկրետ մարդկանց նեղ անձնական խնդիր, երբ վերաբերում է ամբողջ հասարակությանը, որովհետև Հայաստանի ազգային բանակը ընդհանրական խնդիր է լուծում: Ծնողների ու ուսուցիչների դաստիարակչակա՞ն սխալներն են, հրամանատարների՞: Իրավակա՞ն համակարգի, կաշառատվության ու կաշառառության հետևա՞նք է: Ո՞րն է վրա-վրա կորուստների պատճառը: Չինաստանի պես երկի՞ր ենք, որ նոր-նոր միայն համաձայնում է, որ երկրորդ երեխան ծնվի ընտանիքում, «եթե»-ներ դնելով: Մարդկային ռեսուրսների խնդիր չունե՞նք: Ամեն ինչ գին ունի, ամենաանարժեքը մարդկային կյա՞նքն է: Հայաստանի ազգային բանակը դադարե՞լ է Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները լուծել: Պաշտպանության խնդիր չունե՞նք: Բանակից զորացրվելուց հետո հաշմանդամների՞ թիվն ենք ավելացնում, թե՞ Հայաստանից հեռացողների: Պատերազմում զենքն է հաղթում, բայց այն զենքը, որ խելացի ձեռքերում է: Իսկ խելացի մարդը իր հաղթանակի նախադրյալներն է ստեղծում: Ոչ միայն ռազմական, մարդկային: Ի՞նչ վերաբերմունք է ձևավորվել բանակի նկատմամբ: Բանակից զինվոր ազատելը վաղուց արդեն նորմալ է դարձել: Նույնքան նորմալ է դարձել, որ առողջ զորակոչվում են, մի շաբաթից մեռնում հոսպիտալներում: Ինչո՞ւ, որովհետև բժշկին հասնում են անհույս վիճակում, թե՞ բժիշկներն են անհույս: Ո՞ր օղակը չի գործում, ո՞ր օղակում է դարանել մահը, որ հետո որակվում է ինքնասպանություն ու ոչ կանոնադրական հարաբերություն: Ինչո՞ւ նախագահին կից Հանրային խորհուրդը հարկ չի համարում զբաղվել այս հարցով: Տոնական օրերին երանությունը աչքերում՝ Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ բանակի հայրն է, մայրն է, բոլոր հաղթանակները իր ժամանակ էին ու իր ղեկավարության հետևանք, եթե այդպես է, ինչո՞ւ բանակը դադարել է նրա «որդին» լինել, ինչո՞ւ ոչ կանոնադրական հարաբերությունները և դրանց հետևանքները Հանրային խորհրդի քննարկման հարց չեն դառնում: Հասարակական նվա՞զ կարևորություն ունեն, իրենց անելիքը չե՞ն տեսնում, թե՞ Հանրային խորհուրդը հանրության հետ կապ չունի:
Հունվարի քսանութից առաջ այս հրապարակումը բնավ Հայաստանի ազգային բանակի վրա ստվեր նետելու նպատակ չունի: Բանակը մեր էությունն է, մեր ընդհանրական եսի մի մասը, յուրաքանչյուր սպանված զինվոր մեր կյանքի մի մասն է իր հետ տանում: Պաշտպանության նախարարը պատասխանատու է նրանց բոլորի համար, բայց նա միակ պատասխանատուն չէ: Եթե մենք բոլորս համաձայնում ենք, որ զորամասերի ու քաղաքացիական կյանքի միջև պարիսպներ են, որոնց դռները միշտ փակ պիտի լինեն, պաշտպանության նախարարը ավելի է թուլանում իր խնդիրները լուծելու հնարավորությունների մեջ: Զինվորի սխրանքի հույսին հայրենիք չես պահի: Համակարգ է պետք, որն աշխատում է ամեն մի մանրամասնի ճշգրիտ գործառնության դեպքում: Մեր կյանքի բոլոր արատավոր երևույթները բանակում բազմապատկվում են՝ փակ դռների հետևում, նաև տարիքային առանձնահատկություն է՝ տղեկից տղամարդ անցումը բարդ է, կրթական, մասնագիտական, մարդկային որակների պակասն առավել քան սուր է դառնում: Զինվոր երդում տալով չեն դառնում, զինվոր դաստիարակվում են մանկուց ու մնում են զորացրվելուց հետո էլ: Բանակն ընդամենը զինվորական հմտությունները խորացնելու համար է: Այս առանցքով պիտի համակարգն աշխատի, եթե, իհարկե, համաձայն չէ Եռաբլուրի մեծացմանը և խաղաղ պայմաններում բանակում սպանված կամ մահացած զինվորների թվի շարունակական մեծացմանը: Եվ բանակը այդ համակարգի միայն մեկ օղակն է, գլխավոր, բայց ոչ միակ: Մեր կաղապարված մտածողությամբ, կոնֆորմիզմի մեր փափուկ պատյանի մեջ մենք ընտելացել ենք ոչինչ չտալուն ու ամեն ինչ պահանջելուն, կյանքը քաղցրավենիք ակնկալող մեր քիմքին մատուցում է այն, ինչ մենք ենք արտադրել: Ավելի վատ, եթե ոչինչ չենք արտադրել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ կա՞ հետգրության կարիք: «Մտածեք էս երկրի մասին»:

Դիտվել է՝ 1526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ