Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Համլետի» հայերեն նոր թարգմանությունն ու մեկնաբանությունը

«Համլետի» հայերեն նոր թարգմանությունն ու մեկնաբանությունը
24.01.2014 | 14:15

ՈՒիլյամ Շեքսպիրի «Համլետի» 700-էջանոց այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, մանրակրկիտ մեկնություններ ու ծավալուն ուսումնասիրություն, որտեղ քննարկվում են երկի աղբյուրների, գրության ժամանակի, առաջին տպագիր օրինակների, կառուցվածքի, բովանդակության հետ առնչվող և այլ խնդիրներ: Անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնություններն ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆԻՆՆ են: Գիրքը համատեղ հրատարակել են «Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչությունները: Թարգմանիչ, մշակութաբան Արամ Թոփչյանն այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է:

-«Համլետի» նոր թարգմանությունը համարվում է թարգմանական խիզախում, մանավանդ մասեհյանական հանրահայտ թարգմանությունից հետո: Ինչո՞ւ խիզախում, այս բնորոշումն ինչպե՞ս կբացատրեք:

-Մամուլում ու համացանցում եղել է այդպիսի գնահատական, բայց ես չէի ուզի, որ մարդիկ շարունակեն իմ աշխատանքին վերաբերվել այդ մոտեցմամբ: «Խիզախում», «հանդգնություն» և նման ուրիշ բնորոշումների ենթատեքստն այն է, որ ես համարձակվել եմ մրցակցության մեջ մտնել Հովհաննես Մասեհյանի հետ, մինչդեռ դա հեռու է իրականությունից: Ես երբեք իմ առջև այդ նպատակը չեմ դրել և ուզում եմ իսկույն շեշտել, որ խոր ակնածանք ունեմ Մասեհյանի ինչպես անձի, այնպես էլ հասարակական-քաղաքական գործունեության ու, հատկապես, թարգմանությունների հանդեպ: «Համլետի» թարգմանությանն ու մեկնաբանությանն ինձ առաջին հերթին մղել է բոլորովին ուրիշ ազդակ` իմ սիրելի հեղինակ Շեքսպիրին թարգմանելու և նրա մասին գրելու անհագ պահանջմունքը: Երբ մարդ նման պահանջմունք է ունենում, նրան չեն կարող աշխատանքից հետ պահել նույն երկի արդեն գոյություն ունեցող մեկ կամ մի քանի ուրիշ թարգմանությունները, նույնիսկ դասական արժեք ունեցող: Վերջերս, օրինակ, տեղեկացա, որ Մոսկվայում մեր հայրենակից Աշոտ Սահրատյանը հրապարակել է «Համլետի» ռուսերեն իր նոր թարգմանությունը: Նրան չի խանգարել այն հանգամանքը, որ իրենից առաջ ռուսերեն մոտ երեսուն թարգմանություն է եղել, իսկ դրանց մեջ կան շատ հայտնիները (Լոզինսկի, Պաստեռնակ և ուրիշներ), և ես նրան լիովին հասկանում եմ: Շեքսպիրն այն հեղինակներից է, որոնց մշտական ներկայությունը պարտադիր է իրեն քաղաքակիրթ համարող ամեն մի ժողովրդի մշակույթում, և որքան այդ ներկայությունը բազմազան ու թարգմանական շատ տարբերակներով լինի, այնքան լավ: «Ռոմեո և Ջուլիետն» ու «Լիր արքան», օրինակ, մենք ունենք Հովհաննես Մասեհյանի և Խաչիկ Դաշտենցի (նաև ուրիշների) թարգմանությամբ: Եղիշե Չարենցը ծայրեծայր խմբագրել է «Լիր արքայի»` Մասեհյանի թարգմանությունը, և հրատարակված է նաև այդ տարբերակը: Սա, անտարակույս, մշակութային հարստություն է: 19-րդ դարի առաջին քառորդում տպագրվել են «Համլետի» և Շեքսպիրի այլ պիեսների` գերմանացի խոշոր մտածող Ավգուստ Վիլհելմ ֆոն Շլեգելի թարգմանությունները, որոնք բոլոր առումներով համարվում են օրինակելի: Բայց դրանից հետո գերմանացիներն ամենևին Շեքսպիրի թարգմանությունների հարցը փակված չեն համարել, և արվել են (ու անշուշտ դեռ կարվեն) բազմաթիվ ուրիշ թարգմանություններ: Հետևելով բազմազանության այս սկզբունքին` ես ավելի շուտ ոչ թե «խիզախություն» կամ «հանդգնություն» եմ ցուցաբերել, այլ ընդամենը փորձել եմ ընթերցողին հնարավորություն տալ «Համլետը» կարդալու հայերեն մի նոր տարբերակով: Նա կարող է իր համար ընտրել թարգմանություններից մեկը կամ մյուսը, կամ երկուսն էլ. դա արդեն իր խնդիրն է:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել թարգմանելիս և ուսումնասիրությունը կատարելիս:

-Շատ դժվար է Շեքսպիր թարգմանելը և, նրան վերաբերող ծով գրականության մեջ ճիշտ կողմնորոշվելով, նրա որևէ գլուխգործոցի մասին գրելը, մանավանդ` նոր ու հետաքրքիր խոսք ասելու ակնկալիքով (վերջին տարիների հաշվարկներով` միայն «Համլետին» վերաբերող տարեկան հրապարակումների միջին թիվը չորս հարյուրից ավելի է): Փորձել եմ ըստ կարելվույն այդ դժվարությունը հաղթահարել: Թեպետ Շեքսպիրի լեզուն միջին անգլերեն չէ (որն այսօր գրեթե կատարելապես անհասկանալի է) և պատկանում է արդեն վաղ նոր անգլերենի (Early Modern English) զարգացած փուլին, հիմա այն հաճախ լավ չեն ընկալում նույնիսկ լեզվի կրողները: Ժամանակակից անգլերենով անհնար է Շեքսպիր կարդալ, քանի որ, բացի քերականական խնդիրներից, դժվարություններ է առաջացնում նաև նրա ինքնատիպ բառապաշարը: Բազմաթիվ բառեր, որոնք մեզ այսօր առաջին հայացքից ծանոթ են թվում, նա օգտագործել է բոլորովին ուրիշ իմաստներով: Այս առումով խիստ պատասխանատու է թարգմանչի գործը, որովհետև մեծ է սայթաքելու վտանգը: Երկի թարգմանության ու մեկնաբանության ընթացքում ինձ մեծապես օգնել են մի շարք շեքսպիրյան բառարաններ ու քերականական ձեռնարկներ, ինչպես նաև «Համլետի»` վերջին տասնամյակների լավագույն, մանրամասնորեն ծանոթագրված անգլերեն հրատարակությունները: Ձեռքիս տակ ունեցել եմ տասից ավելի այդպիսի հրատարակություն:

-Թումանյանը գրել է. «Շեքսպիրը դարձել է մի չափ` ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է»: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հաղթահարվել շեքսպիրյան թարգմանությունների խնդիրը հայերենում:

-Հովհաննես Թումանյանն այդ միտքը հայտնել է «Համլետի»` Մասեհյանի թարգմանության առաջին տարբերակի (1894 թ.) իր հայտնի գրախոսականում: Երևի շատերը չգիտեն, որ, Մասեհյանից բացի, «Համլետը» թարգմանել կամ փորձել են թարգմանել ևս յոթ հայ մտավորական. Արամ Տետեյան (Դեդեյան), Սենեքերիմ Արծրունի, Ավետիք Եզեկյան, Արիստակես Կասկանդիլյան (Քասքանդիլյան), Գարեգին Բաբազյան (Փափազյան), Քերովբե Պատկանյան և Ստեփան Մալխասյանց (իմ գրքում կա հայկական այս նյութին նվիրված մի առանձին գլուխ): Բայց Շեքսպիրի հայերեն թարգմանությունը, իհարկե, մեծ թափ է ստացել Մասեհյանի ջանքերով, և պատահական չէ, որ Թումանյանը, վերոհիշյալ միտքը հայտնելուց հետո, գոհունակությամբ ավելացնում է, թե հայերը, «Համլետի» նրա թարգմանության շնորհիվ, «մի հանկարծակի թռիչք» են գործել: Հարկավ, Մասեհյանը հիմք է դրել թարգմանական մի հարուստ ավանդույթի, և այս առթիվ հետաքրքիր կլինի նշել, որ Շեքսպիրի հետ հայերի առնչություններին 1958-ին հատուկ հոդվածով անդրադարձել է Shakespeare Quarterly նշանավոր պարբերականը: Ես բարձր եմ գնահատում այդ ավանդույթը, և ինձ շատ սիրելի են ոչ միայն Մասեհյանի, այլև նրա արժանավոր հաջորդների` Խաչիկ Դաշտենցի, Ստեփան Ալաջաջյանի, Հենրիկ Սևանի և Սամվել Մկրտչյանի թարգմանությունները:

-Ի՞նչ խնդիր է լուծում Ձեր աշխատությունը, որը համարվում է թարգմանական, գրական-հոգևոր-մշակութային կարևոր իրադարձություն:

-Ինչպես արդեն վերը նշեցի, իմ աշխատությունը նախ և առաջ հայ ընթերցողին ներկայացնում է «Համլետի» հայերեն մի նոր տարբերակ: Չափածո հատվածները, որոնք ողբերգության մեջ գերակշռում են, թարգմանել եմ տասներկուվանկանի չափատողերով` երկու հատածով իրարից բաժանված երեք քառավանկ անդամ (ի տարբերություն Մասեհյանի նախընտրած` հնգավանկ անդամներից բաղկացած տասը կամ տասնհինգվանկանի տողերի): Օրինակ` «Խայթում է օդն / անգթորեն, / սաստիկ ցուրտ է»: Նպատակս եղել է ոչ թե Մասեհյանի օգտագործած և հետագա թարգմանություններում ավանդույթ դարձած բանաստեղծական չափը մերժելը, այլ պարզապես Շեքսպիր թարգմանելու համար հայերենի տաղաչափական նաև այլ հնարավորություն օգտագործելը: Շեքսպիրյան տաղաչափության հիմքում հնգոտնյա յամբական ոտանավորն է (iambic pentameter), այսինքն` տասվանկանի չափատողը, որը բաղկացած է հինգ` «յամբ» կոչվող երկվանկ ոտքից: ՈՒստի հայերեն քառավանկ անդամը, որը հավասար է երկու երկվանկ ոտքի, բավական հարազատորեն է վերարտադրում շեքսպիրյան բանաստեղծության ռիթմը: Իսկ անգլերենի համեմատ մեկ կամ երկու լրացուցիչ վանկը (անգլերենում շատ են նաև տասնմեկվանկանի տողերը, երբ հինգ յամբին գումարվում է մեկ անշեշտ վանկ) հնարավորություն են տալիս անգլերեն մեկ չափատողը տեղավորելու հայերեն մեկ չափատողի մեջ: Մյուս խնդիրը, որ փորձել եմ լուծել իմ աշխատության մեջ, երկի մանրակրկիտ մեկնաբանությունն ու համակողմանի ուսումնասիրությունն է: Գրքում ընդգրկված մեկնություններն ամենատարբեր բնույթի են (բանասիրական, բնագրագիտական, գրականագիտական, պատմագիտական, թատերագիտական): Ձգտել եմ հնարավորինս սպառիչ կերպով անդրադառնալ արևմտյան համլետագիտությանը, ինչն առայսօր Հայաստանում բավարար չափով արված չէր:

-Կարծում եք` Ձեր գիրքը գլխավորապես մասնագետների՞ն է հետաքրքրելու: Ինչպիսի՞ն են արձագանքները, կա՞ քննադատություն:

-Իմ գիրքը կարող է հետաքրքրել ինչպես մասնագետներին, այնպես էլ ոչ մասնագետներին, բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով հետաքրքրվում են «Համլետով» և առհասարակ Շեքսպիրով: Արձագանքները, որքան տեղյակ եմ, դրական են. առաջին հրապարակավ արձագանքողը տաղանդավոր կինոգետ ու թարգմանիչ Զավեն Բոյաջյանն էր: Քննադատություն առայժմ չի եղել:

-Ասվում է. «Կան Մասեհյանի գրքի էջերում ծանոթություններ-բացատրություններ, բայց քիչ են դրանք և մի քանիսն էլ՝ բնագրի չափ մութ»: Ձեր հետազոտությունն ու մեկնաբանությունն ի՞նչ լույս են սփռելու այս մթության վրա:

-Ձեր այս մեջբերումը նույնպես Թումանյանի վերոհիշյալ գրախոսականից է, որտեղ, Մասեհյանի թարգմանության առաջին տարբերակը բարձր գնահատելով հանդերձ, նա մի շարք դիտողություններ է արել թարգմանչին: Մասեհյանը հետագայում հաշվի է առել Թումանյանի քննադատությունը: 1921 թ. հրատարակության մեջ Մասեհյանը, մասնավորապես, ավելացրել է ծանոթագրություններ, և դրանք վկայում են, որ նա քաջածանոթ էր իր ժամանակի շեքսպիրագիտությանը: Իմ մեկնություններն ավելի մանրակրկիտ ու ծավալուն են: Նպատակ եմ ունեցել այնպես անելու, որ «Համլետով» հետաքրքրվող ամեն ոք գրքի մեջ կարողանա գտնել իր համար մութ բոլոր հարցերի պատասխանները: Թե որքան է դա ինձ հաջողվել, ցույց կտա ժամանակը:

-«ՈՒրվականի կերպարը «Համլետ»-ում» հոդվածում նշում եք. «Ի վերջո, հեղինակի և իր ստեղծած ու խաղացած տարօրինակ կերպարի անմեկնելի հայտնությունն ու հեռանալը մեզ թողնում են լուռ երկմտության մեջ: Հարկավ, մնացյալը լռություն է»: Որո՞նք են այս և նման հարցերը, որոնք ուսումնասիրման նյութ են մասնագետների համար, ու որոնք, Ձեր բնորոշմամբ` «մեզ դրդում են որոնել հնարավոր կամ ճշմարտանման պատասխաններ, և որոնումը շարունակական է, քանզի այդ հարցականները, ըստ էության, պատասխան չունեն»:

-«Համլետը» համարվում է Շեքսպիրի ամենախնդրահարույց երկը: Առեղծվածային է, նախ և առաջ, գլխավոր հերոսի կերպարը, և հանրահայտ է այս ողբերգության առաջադրած «հարցերի հարցը»` «Ինչո՞ւ է Համլետը հապաղում» (որին իմ գրքում նվիրված է մի ծավալուն ենթագլուխ): Եղել են այս խնդրի անթիվ-անհամար մեկնաբանություններ, և դեռևս 1898-ին մի հայտնի շեքսպիրագետ, ամփոփելով մինչ այդ եղած կարծիքները, նշել է Համլետի հապաղման տասնվեց պատճառ, որոնցից մեկը նա բաժանել է երկու «ենթապատճառի»: Բացի այս գլխավոր հարցից, «Համլետում» կան նաև մի շարք ուրիշները` ավելի կամ պակաս կարևոր, որոնց նույնպես գրքում նվիրված է մի առանձին ենթագլուխ («Անպատասխան հարցեր» վերնագրով): Ասենք` որտե՞ղ էր Համլետն իր հոր սպանության ժամանակ, Էլսինորո՞ւմ, թե Վիտտենբերգում, ե՞րբ էր նա Օֆելիային գրել այն նամակը, որը Պոլոնիուսը կարդում է Կլավդիուսի ու Գերտրուդի համար (II.2.109-123), որո՞նք են «Գոնզագոյի սպանության» մեջ Համլետի ավելացրած տասներկու կամ տասնվեց տողը (II.2.533-535), ինչո՞ւ Կլավդիուսը որևէ կերպ չի արձագանքում ներկայացումից առաջ ցուցադրված` նույն բովանդակությամբ մնջախաղին, երբ այգում քնած թագավորի ականջը թույն են լցնում (III.2.131.1-14), ինչպե՞ս է Օֆելիան հսկողությունից ազատվում ու գետն ընկնում, եթե Կլավդիուսը կարգադրել էր նրան «լավ հսկել» (IV.5.73), նույնիսկ` ո՞վ կարող էր տեսնել Oֆելիայի խեղդվելը` առանց փորձելու նրան փրկել (IV.7.167-184) և այլն, և այլն: Նման հարցերին տրամաբանական պատասխաններ որոնելու պրակտիկան քննադատվել է` որակվելով իբրև «փաստագրական մոլորություն» (documentary fallacy): Քանզի արդարացված չէ գեղարվեստական երկում ժամանակային ու տարածական մանրամասների ճշգրտություն և փաստերի փոխհամապատասխանություն փնտրելը, ինչպես դա արվում է պատմական աղբյուր վերլուծելիս: Ոչ մի քննադատություն, սակայն, չի կանխել ու չի կարող կանխել, մասնավորապես «Համլետում», նման անպատասխան հարցեր փորփրելու և դրանց ճշմարտանման բացատրություններ առաջարկելու ճիգերը, քանի որ դա հույժ հետաքրքիր զբաղմունք է:

-Գրքի շապիկի ձևավորման մասին ի՞նչ կասեք:

-Գրքի շապիկին պատկերված է այն տպարանի խորհրդանիշը, որը 1603 և 1604-1605 թթ. հրատարակել է «Համլետի» առաջին երկու տարբերակները (ուստի այդ զարդապատկերը դարձել է նաև երկի առաջին հրատարակությունների խորհրդանիշը և ունի պատմական արժեք): Նույն զարդապատկերը կարելի է տեսնել նաև իմ գրքի շապիկի հետևի կողմում` ավելի փոքր, իբրև 1605 թ. հրատարակության տիտղոսաթերթի մաս: Ձևավորմանը որոշ մասնակցություն ունեցել եմ նաև ես, բայց շապիկը վերջնական տեսքի է բերել «Փրինթինֆո» հրատարակչության դիզայներ Էդիկ Պողոսյանը:

-Հաջորդիվ ի՞նչ կարող է ակնկալել ընթերցողը Արամ Թոփչյանից շեքսպիրյան տարածքում:

-Նախ ուզում եմ երախտագիտությունս հայտնել «Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանին, որն իմ աշխատությունը սիրով ընդգրկեց «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչական ծրագրում, և «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանին, որը, հոգալով այս հրատարակության հետ կապված ծախսերի մեծ մասը, գիրքը տպագրել է բարձրագույն որակով: Խորապես շնորհակալ եմ ամերիկահայ մշակութաբան, բարերար Ալիս Նավասարգյանին, ով մասամբ հովանավորեց գրքի հրատարակությունը: Լիահույս եմ, որ կշարունակվի շեքսպիրյան ոլորտում իմ և «Սարգիս Խաչենց» ու «Փրինթինֆո» հրատարակչությունների համագործակցությունը, և մենք կկարողանանք լույս ընծայել նաև ուրիշ նման հատորներ: Այժմ աշխատում եմ «Լիր արքայի» վրա:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 8858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ