Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆաբրիկատորյան եղբայրների տները Մեզիրեում

Ֆաբրիկատորյան եղբայրների տները Մեզիրեում
31.01.2014 | 11:42

Պատմականորեն առնված՝ մերն է այն ամենը, որ հայը տվել է աշխարհին: Մեր ստեղծածը պատմության որ դարում էլ և Երկրագնդի որ կետի վրա էլ լինի՝ կմնա սեփականությունը հայ ոգու... Հայ մտքի և բազկի գործերը Հայաստանից դուրս կմնան իբրև հոգևոր գաղութներ: Այո, մարդկային սփյուռքից զատ, մենք ունենք նաև մեր ստեղծած արժեքների սփյուռքը:
Գ. ՆԺԴԵՀ


Ֆաբրիկատորյան եղբայրների տեքստիլ ֆաբրիկան Օսմանյան կայսրությունում եզակի ձեռնարկություն էր։
Հաստատության հիմնադիր Գրիգոր Ֆաբրիկատորյանը պատանի հասակում մեկնել է Կարին, որտեղ պատահաբար գնել է Եվրոպայից բերված, կտորեղեն արտադրող փչացած մի դազգահ, բնատուր ուշիմության շնորհիվ վերացրել թերությունը և աշխատեցնելով՝ արտադրողականությունն ավելացրել շուրջ 1000 անգամ։ Ցանկանալով խորամուխ լինել գործի մեջ` նա մեկնել է Լիոն, որտեղ, շրջելով զանազան տեքստիլ ֆաբրիկաներում, ձեռք է բերել հիմնարար գործնական գիտելիքներ։
1869-ին Գ. Ֆաբրիկատորյանն ընտանյոք տեղափոխվել է Մեզիրե (Մամուրեթ-ուլ Ազիզ) և հիմնել ծաղկավետ մետաքսյա կտորեղենի գործարան։ 1884 թ. Լիոնի միջազգային ցուցահանդեսում նրա արտադրանքն արժանացել է պատվոգրի ու մրցանակի։ Ըստ որոշ տեղեկությունների, սուլթան Աբդուլ Համիդին նվիրել է մի թանկագին մետաքսե գործվածք, որի համար պարգևատրվել է շքանշանով։ 1886-ին գնել է ծաղկահյուս մեքենաներ և որդի Տիգրանին ուղարկել Մարսել` դրանց արտադրական գաղտնիքների մեջ խորամուխ լինելու համար։ 1888-ին Գ. Ֆաբրիկատորյանը պարգևատրվել է «Օսմանիե» 3-րդ աստիճանի շքանշանով և մեկնել Ֆրանսիա՝ կրկին այցելելով բազմաթիվ ֆաբրիկաներ: Մեկ տարի անց զգալիորեն ընդարձակել է ձեռնարկության գործունեությունը` Եվրոպայից և ԱՄՆ-ից բերելով արդիական սարքավորումներ։
Հոր մահից հետո գործարանի կառավարումն ստանձնել են նրա հինգ որդիները՝ Մամասը, Տիգրանը, Սամվելը, Կարապետը և Ահարոնը։ Ահարոնը տնօրինել է հումքի գնման և արտադրանքի վաճառքի ճյուղը, մեքենագետ Տիգրանը Կարապետի հետ հետևել է սարքավորումների անխափան աշխատանքին, իսկ Սամվելը կտորեղենի ներկման և գունազարդման մասնագետ էր։
Մետաքսե գործվածքների գործարանին զուգընթաց, եղբայրները հիմնել են նաև մանվածքի ֆաբրիկա` արտադրելով ու մատչելի գներով վաճառելով բամբակե ու կտավե գործվածքներ, անձեռոցիկներ և այլ ապրանքներ։
Կարապետը, ապա նաև Մամասն ու Տիգրանը մեկնել են ԱՄՆ, որտեղ ուսումնասիրել են մետաքսե ու բամբակե գործվածքների արտադրությունը և վերադառնալով Մեզիրե` իրենց հետ բերել շոգեշարժ սարքավորումներ, այդպիսով կատարելագործելով սեփական ձեռնարկությունները։
Ֆաբրիկատորյան եղբայրների մանվածքի ֆաբրիկայի արտադրանքը Լիոնի, Մարսելի, Փարիզի, Բրյուսելի միջազգային ցուցահանդեսներում արժանացել է մեդալների, որոնք պատկերված էին նրանց ֆիրմային թղթաձևերի գլխամասում։
Ֆաբրիկայում մշտապես աշխատել են 200-300 մեզիրեցի ու խարբերդցի հայ կանայք։
1915 թ. Ֆաբրիկատորյանների ձեռնարկությունները պետականացվել են, իսկ 5 տներում 29 հոգով բնակվող ընտանիքի բոլոր անդամները՝ սպանդի ենթարկվել:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ