«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կլինի այն, ինչ եղել է, և ինչը չի կարելի թույլ տալ, որ կրկնվի

Կլինի այն, ինչ եղել է, և ինչը  չի կարելի թույլ տալ, որ կրկնվի
31.01.2014 | 11:44

Իշխանության որոշումը՝ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, միանշանակ չընդունվեց: Հանրության մի հատված բարձրացրեց բողոքի ալիք, որը, սակայն, չվերածվեց «մայդանային» անհնազանդության: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ: Մեր բազմադարյա պատմության ընթացքում աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները բազմիցս են ստիպված եղել ազգային-քաղաքական որոշումներ ընդունելու, և դրանցից յուրաքանչյուրն իր ժամանակի համար վճռորոշ բնույթ է ունեցել: Այս մեկը կատարվեց մեր օրոք, և մենք ենք պարտավոր դրա հետևանքները կանխատեսել: Մանավանդ որ այն ունի ոչ միայն տնտեսական, քաղաքական հեռանկար, այլև ազգանշանակ խորքային իմաստ:
Սույն հրապարակմամբ մենք երկու գերդաստանների տիպական օրինակով, նրանց պատմության անաչառ շարադրմամբ, նրանց ընդունած որոշումները ցուցանելով կհանգենք եզրակացությունների՝ այլ եզրահանգումները թողնելով այլոց:

ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆՆԵՐ
1604 թ. շահ Աբասն ավերեց վաճառաշահ Հին Ջուղան և ձեռներեց, գործունյա, մեծահարուստ խոջաներին առանց վնաս հասցնելու տեղափոխեց Սպահան: Մերձակայքում տարածք տրամադրեց, և 1605 թ. կառուցվեց Նոր Ջուղան:
Այս երկու նախադասության մեջ պարփակված է վիթխարածավալ պատմական ծալք, որի լուսաբանումը մեր բուն նյութի սահմաններից դուրս է: Առանց չափազանցության ասենք միայն, որ Նոր Ջուղան բացառիկ, կրկնակը չունեցող, դեռևս իր արժանի գնահատանքը չստացած երևույթ է համաշխարհային տնտեսական պատմության մեջ: Բանն այն է, որ այստեղ կրթում-պատրաստում էին պրոֆեսիոնալ վաճառականներ, որոնք շրջում էին աշխարհով մեկ, մեծ հաջողությամբ զբաղվելով առևտրով, հիմնում կայուն կամ հարափոփոխ համայնքներ: Իսկ առևտրի ասպարեզում ձեռքբերումն իր բազմաթիվ ածանցյալներով քաղաքակրթական արժեք էր:
Նոր Ջուղան կառուցվեց որոշակի մտահղացմամբ ու կանոններով. արևմտյան մասը կոչվեց Սաֆրազենց դուռ՝ քաղաքի առաջին քալանթար (քաղաքագլուխ) խոջա Խաչիկի որդի Սաֆրազի անունով, արևելյան հատվածը՝ Շահրիմանենց դուռ, հինջուղայեցի մեծահարուստ վաճառական Մուրադի որդու անունով, որից էլ ծագեց ազգանունը: Սա պատահական սահմանազատում չէր. Շահրիմանյանները կաթոլիկներ էին:
Ավերելով Հին Ջուղան և թուրքերից փախցնելով տնտեսական լծակը՝ հայ վաճառականությանը, շահ Աբասը մեկ նպատակ ուներ՝ ձեռներեց, առևտրում բազմահմուտ հայերի միջոցով վաճառել իր մետաքսահումքը, հում մետաքսը: Իսկ իրացման գլխավոր շուկան Եվրոպան էր, հիմնականում կաթոլիկ Արևմուտքը: Հայերին դա ձեռնտու էր, որովհետև քիչ թե շատ անկախ գոյատևելու միակ միջոցը կապիտալն էր: Բայց Եվրոպայում առավել հաջողության հասնելու, առանձնաշնորհներ ստանալու համար հարկ էր զիջումներ անել: Զիջումներ, որոնք թեպետ շարադրված չէին ասոցացման համաձայնագրի տեսքով, սակայն պարզորոշ թելադրվում էին գործելակերպով: Թելադրանքներից մեկն էլ կրոնական բնույթ ուներ՝ կաթոլիկություն ընդունել: Զիջում կատարած այդպիսի անձանց թվին էին պատկանում Շահրիմանյանները:
Արդեն 1613 թ. նրանք Վենետիկում ունեին սեփական տուն, որը ծառայում էր որպես այստեղ այցելող ընտանիքի անդամների կամ նրանց առևտրային գործակալների կեցավայր:
Շահրիմանի եղբայրն էր Սահրադը, որը 1646 թ. կաթոլիկություն ընդունեց, և որի որդիներն էին Մարգարը, Զաքարը, Միքայելը, Մուրադը և Գասպարը: Սրանցից Զաքարն էր, որ Նոր Ջուղայի վերնախավի որոշմամբ, ինը այլ վաճառականների հետ 1660 թ. ապրիլի 12-ին արժանացավ Ռուսիո Ալեքսեյ Միխայլովիչ ցարի ընդունելությանը` նվիրելով այժմ մոսկովյան Կրեմլի Զինապալատում պահվող նշանավոր «Ալմաստե գահը» և այլ արժեքավոր ընծաներ: Մոսկվայում ու Պետերբուրգում հայ վաճառականներ կային շատ ավելի վաղ՝ XIV դարում, սակայն Սահրադի որդի Զաքար Շահրիմանյանի այցը Ռուսաստանի և Նոր Ջուղայի միջև բարձրագույն մակարդակով առևտրային բանակցություններ վարելու առաջին փորձն էր: Բանակցություններ, որոնց գլխավոր «գործող անձը» ռուսական ոսկու, արծաթի, ցորենի, մորթեղենի արժեք ունեցող հում մետաքսն էր: Սա կարևոր իրադարձություն էր ոչ միայն հենց Շահրիմանյանների, այլև առհասարակ հայ-ռուսական հետագա հարաբերությունների ծիրում:
Սակայն առաջ չընկնենք ու պահպանենք ժամանակագրությունը:
Հում մետաքսից զատ, Շահրիմանյանները «մասնագիտացել» էին նաև ալմաստի ու այլ թանկագին քարերի առևտրում: 1666-1668 թթ. նրանք արդեն պարսից շահի պալատական վաճառականներն էին: Բայց իրադրությունը փոխվեց, երբ 1684 թ. Շահրիմանյան գերդաստանի 11 անդամներ պաշտոնապես հրաժարվեցին հայ առաքելական եկեղեցուց, ընդունեցին կաթոլիկություն ու Նոր Ջուղայում կառուցեցին մի քանի եկեղեցիներ: Ավելին, քաղաքում հաստատվեցին զանազան կաթոլիկ միաբանություններ, որոնք գոյություն էին պահպանում Շահրիմանյանների շնորհիվ: Օրինակ, Կաղմենյան միաբանությունը նրանցից տարեկան 500 սկուդի ֆինանսավորում էր ստանում, ինչպես նաև մասնաբաժին ուներ Շահրիմանյանների հասարակական բաղնիքից: Կաթոլիկ միաբանությունների ֆինանսանյութական վիճակն այնքան բարվոք էր, որ ո՛չ Հռոմի, ո՛չ Եվրոպայի տիրակալների հովանավորության կարիք չկար:
1690 թ. Սահրադն ու Շահրիմանը 720 հազար դուկատ ներդրեցին վենետիկյան բանկերում (բնականաբար՝ տոկոսներով), որպեսզի ֆինանսավորվի Վենետիկյան Հանրապետության պատերազմն ընդդեմ Օսմանյան Թուրքիայի, երեք տարի անց՝ ևս 200 հազար դուկատ: Դրա դիմաց նրանք Վենետիկի սենատից ստացան բազմաթիվ առանձնաշնորհներ, իտալական քաղաք-պետությունների ազնվականի տիտղոսներ և տեղ գրավեցին իշխող վերնախավում: Վատիկանին մատուցած ծառայությունների համար Հռոմի պապի 1696 թ. հրովարտակով Շահրիմանյանների ամբողջ գերդաստանն ստացավ Հռոմի քաղաքացիություն, ինչպես նաև Հռոմում և Իտալիայի այլ քաղաքներում առևտրով զբաղվելու առանձնաշնորհներ:
1698 թ. Շահրիմանյանների մեծ մասը բնակություն հաստատեց Վենետիկում ու ծավալեց բուռն գործունեություն: 1699 թ., Հռոմի պապի երաշխավորությամբ, Ավստրո-Հունգարիայի Լեոպոլդ I կայսրը Շահրիմանյաններին շնորհեց ժառանգական կոմսության տիտղոս:
Ինչո՞ւ գործածեցինք «մեծ մասը» բառակապակցությունը. որովհետև Շահրիմանյանների կարելի էր հանդիպել Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում: Սակայն մեզ հետաքրքրում է նրանց ռուսական «հետքը»:
1717 թ. Պյոտր I-ի կարգադրությամբ Մոսկվայի Դեսպանական բակում (Посольский двор) ստեղծվեց «Штофных и прочих шелковых парчей мануфактуры» ռուսական առաջին տեքստիլ, մանուֆակտուրային, մետաքսագործական արտադրական ընկերությունը: Դա քմահաճույք չէր, մետաքսագործության ուղեգիծը բռնել էր դեռևս նրա հայր Ալեքսեյ Միխայլովիչ ցարը, որին մետաքսահումք էին մատակարարում, ինչպես նաև Ռուսաստանով Եվրոպա արտահանում նորջուղայեցի վաճառականները: Պյոտրի օրոք Եվրոպան «գեղեցկանալու», իշխող դասը նորաձև ու թանկարժեք հագնվելու ձգտում էր ցուցաբերում, ու դեպ Եվրոպա «պատուհան» բացած Պյոտր Ալեքսեևիչը անհաղորդ մնալ չէր կարող:
Եվ ահա Պարսկաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Ա. Վոլինսկու հետ 1721 թ. հունվարին դիվանագիտական առաքելությամբ Մոսկվա է ժամանում Իգնատի Ֆրանցի Շերիմանը (Игнатий Францевич Шериман): Ո՞վ էր այս մարդը:
Նախ, ասենք, որ Շահրիմանյանների գերդաստանի ճյուղագրությանն անդրադարձած գիտնականների աշխատություններում առկա են էական անճշտություններ և անհամապատասխանություններ, ու մենք ստիպված եղանք բազմաթիվ համադրումներ կատարել իսկությունը պարզելու համար:
Երկրորդ, կարևոր է XVII դ. ռուսական փաստաթղթերում հայերի անուն-ազգանունների գրելաձևի առաջացումն ըմբռնելը: Ակնհայտ է, որ, ասենք, Հովհաննեսը վերածվում էր Иван-ի, Հարությունը՝ Артемий-ի, Բարսեղը՝ Василий-ի և այլն։ Սակայն ավելի «բարդ» դեպքերում մաքսատան որևէ ծառայող կամ պաշտոնական փաստաթուղթ տրամադրող չինովնիկ սեփական ըմբռնողությամբ էր վերաձևում կատարում, և դրա ապացույցները բազմաթիվ են:
ՈՒրեմն ո՞վ էր Իգնատի Ֆրանցի Շերիմանը. հարց, որը, ցավոք, մեզնից առաջ ոչ ոք չի փորձել պարզել: Անկասկած է, որ Շահրիմանյան էր և կասկածից վեր է, որ «Ալմաստե գահը» ընծայած Զաքար Սահրադի Շահրիմանյանի որդին էր: Ստույգ հայտնի է, որ Զաքարն ուներ երեք որդի՝ Բարաղամ (կամ Բարեղամ), Սահրադ և Առաքել. սրանցից ո՞րն էր: Բարաղամն էր, և դրա ապացույցը քիչ ուշ կներկայացնենք: Բարաղամը III դարի սուրբ էր, սուրբ էր նաև Игнатий-ը, և սրբերի ընդհանրությամբ էր Բարաղամը վերածվել Игнатий-ի: Մնաց պարզենք հայրանվան հարցը: Որպես կանոն, Ռուսաստան մուտք գործող օտարերկրացուն հարցնում էին կրոնադավանական պատկանելության մասին: Գրեթե անկասկած է, որ մեր Շահրիմանյանը պատասխանել է, որ ֆրանկ է, կաթոլիկ, ինչի արդյունքում էլ արձանագրվել է որպես Францевичиф: Այսպիսով, նա իրականում պետք է կոչվեր Барагам Захарович Шариманян:
Այժմ անցնենք մեր բուն նյութին, գործածելով Իգնատի Շահրիմանյան գրելաձևը՝ շփոթմունք չառաջացնելու համար:
Եվ այսպես, 1721 թ. հունվարին Ի. Շահրիմանյանը ժամանեց Մոսկվա, և գրեթե անմիջապես՝ փետրվարին, Պյոտր I-ը նրան ընդգրկեց «Штофных и прочих шелковых парчей мануфактуры» ընկերության ղեկավար կազմում: Ընկերության (գոյատևել է մինչև 1724 թ.) հիմնադիրներն ու կապիտալ ներդրողներն էին ազդեցիկ ազնվականներ Շաֆիրովը, Տոլստոյը և Ապրակսինը: Ներդրումը կազմել էր 57830 ռ., որին հետագայում միացան այլ հրավիրյալ վաճառականներ 23000 ռուբլով: Այդ ընկերությունն արտադրության ու վաճառքի մենատիրական իրավունք ստացավ 50 տարի ժամկետով: Մանուֆակտուրային ձեռնարկությունն ուներ 180 դազգահ և ավելի քան 700 բանվոր:
Թե որն էր Ի. Շահրիմանյանին նման պատվի արժանացնելը, որ ծառայությունների համար, մինչ օրս պարզված չէ: Սակայն փաստ է, որ 1722-ին սկսվեց և 1723-ին ավարտվեց Պարսկաստանի դեմ ռուսական առաջին ռազմական արշավանքը, ինչի արդյունքում ճանաչվեց Ռուսաստանի իրավունքը Կասպից ծովի արևմտյան ու հարավային ափերի հանդեպ, ինչպես նաև նվաճվեցին մերձկասպյան մարզերը:
1722 թ. Ի. Շահրիմանյանի ու մյուս սեփականատերերի միջև ծագեցին տարաձայնություններ՝ կապված աշխատանքի կազմակերպման և այլ հարցերի հետ, ինչի արդյունքում հայ վաճառականը դուրս եկավ ղեկավար կազմից, պահպանելով արտադրության մի մասի սեփականության իրավունքը և ստանալով 100 դազգահ: Նույն թվականին նա ամբողջությամբ գնեց Մոսկվայից հյուսիս-արևելք գտնվող Ֆրյանովո գյուղը (ներկայում՝ Մոսկվայի մարզի Շչոլկովսկի շրջանի Ֆրյանովո քաղաքատիպ ավան) և 1724 թ. հիմնեց Ռուսաստանում առաջին մասնավոր (посессионная) մետաքսագործական մանուֆակտուրան: Ձեռնարկությունը համարվում էր «առանձնաշնորհային», քանի որ հիմնվել էր Պյոտր I-ի անվանական շնորհագրով: Ներկայիս Ֆրյանովոյի սկզբնական անվանումը՝ «Ֆրյազինովո, ինչպես նաև Ֆրյանովո գյուղ», ծագում է XIV դ. վաճառականության բարձր խավի՝ «անվանի հյուրեր» Ֆրյազինովների ազգանունից, որոնք Ղրիմի Սուրոժ (Սուդակ) և Կաֆա (Թեոդոսիա) քաղաքներում առևտրաքաղաքական կապեր էին հաստատել իտալական՝ «ֆրյազական» (այսինքն՝ ֆրանկների) բնակավայրերի հետ»։
Ի. Շահրիմանյանի՝ Ֆրյանովո տեղափոխվելու պատճառը բնակավայրի աշխարհագրական հարմար դիրքն էր, ջրառատությունը, ինչը խիստ կարևոր էր արտադրության համար: Սեփականատերն այստեղ կառուցեց ֆաբրիկայի քարակոփ շենքեր, կալվածատուն, հիմնեց զբոսայգի:
Ֆաբրիկան աներկբա արտադրական հաջողություններ գրանցեց ու գոյատևեց տասնամյակներ շարունակ: Դա արդիական, աշխատանքային բարձր կազմակերպվածությամբ, 150 դազգահներով ձեռնարկություն էր, ուր աշխատում էին 629 երկսեռ բանվորներ: Ամսական ծախսը կազմում էր 400 ռ., իսկ ամենատարբեր տեսակի ընտիր արտադրանքը վաճառվում էր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում:
Իգնատի Շահրիմանյանի վախճանվելուց հետո 1758 թ. Վենետիկից Մոսկվա ժամանեց նրա որդի Զաքարը (Zaccaria Seriman, 1708-1784): Ո՞վ էր նա: ՈՒսանել էր Բոլոնիայի ճիզվիտական դպրոցում: 1749 թ. հրատարակել էր Viaggi di Enrico Wanton alle terre incognite Australi («Էնրիկո Վանտոնի ճամփորդությունը Ավստրալիա անհայտ երկրում») քառահատոր երգիծավեպը, որը նրան բերել էր լայն ճանաչում ու համբավ, թարգմանվել էր նաև անգլերեն և իսպաներեն: Զբաղվում էր հրատարակչական գործունեությամբ ու լրագրությամբ, Վենետիկում Մարկո Ֆոսկարինիի, Անդրեա Մեմոյի և Անջելո Քերինիի լուսավորչական խմբակի անդամ էր:
Հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, որ ստիպված եմ ընդարձակ «շեղում» կատարելու, բայց անհրաժեշտ եմ համարում բացատրել Զաքար Ի. Շահրիմանյանի՝ գրականությամբ ու հրատարակչական գործունեությամբ զբաղվելու խորքային արմատները:
Հնում դեպ արվեստ և գրականություն «անցում» էին կատարում կամ առևտրով մեծ հարստության տիրած անձինք (գրողներ Ռուբեն Որբերյան, Տիգրան Կամսարական, Լևոն Բաշալյան և այլք), կամ ունևոր անձանց նյութապես ապահովված զավակները (նկարիչ Ասլան դ’Ապրո Բագրատունի, բանաստեղծուհի Վիկտորիա Աղանուր և ուրիշներ), այդ իսկ պատճառով հայոց տնտեսական մշակույթի պատմության մեջ մի քանի սերունդ բիզնեսով զբաղվողները հատուկենտ են:
(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ