Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մրսող արևը երկնքի դարպասի շեմին

Մրսող արևը երկնքի  դարպասի  շեմին
31.01.2014 | 12:04

Աշխարհահռչակ դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԸ ավելի քան 40 տարի սերտորեն կապված է Հայաստանի, հայոց մշակույթի, արվեստագետների հետ։ Լավագույն վկայություններից են Լյուբիմովին նվիրված` Տիգրան Մանսուրյանի սքանչելի «Երեք պիեսները»։ Դաշնակահարի համապարփակ նվագացանկում տեղ են գտել նմուշներ միջնադարյան կլավեսինային ստեղծագործություններից մինչև ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Վարպետը շարունակում է բուռն համերգային գործունեությունը զուգակցել մանկավարժության հետ։ Ներկայումս պրոֆեսոր Լյուբիմովը ղեկավարում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի հնագույն և ժամանակակից երաժշտության ֆակուլտետները։

Ալեքսեյ Լյուբիմովի երևանյան 2-րդ համերգը նվիրված էր Մոցարտին։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դաշնակահարը կատարեց Մոցարտի 27-րդ կոնցերտը։ Նվագախումբը ղեկավարում էր գերմանացի դիրիժոր Ստեֆան Վիլիխը։
Համերգը բացվեց Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքով և եզրափակվեց Ռիխարդ Շտրաուսի «Մահ և պայծառակերպություն» սիմֆոնիկ պոեմով։ Մեծ ներշնչանքով կատարված այս կոթողների միջև, որպես մի ծիածան, թրթռաց ու շողշողաց Մոցարտի վերջին դաշնամուրային կոնցերտը։
Սա է Մոցարտի վերջին խոսքը, ինչպես նշում է Ալֆրեդ Էյնշտեյնը։ Թեպետ Կոնցերտից հետո ստեղծվել են «Ռեքվիեմը» և այլ գործեր, սակայն այս վերջին Կոնցերտում է, որ առավելագույնս դրսևորվում է Մոցարտ-անհատի հոգու համապատկերը։ Նախքան բուն համերգին անդրադառնալը հարկ է վերհիշել Մոցարտի կյանքի ու գործունեության այն շրջանը, երբ ստեղծվել է հիշյալ Կոնցերտը։
Կոնցերտը ստեղծվել է Մոցարտի կյանքի վերջին տարում` 1791 թ. հունվարի 5-ին։ Ըստ Էյնշտեյնի, Կոնցերտին նախորդել են երկու տարվա սարսափելի տառապանքները և հիասթափությունները։ Ըստ երաժշտագետի, Կոնցերտը այդ շրջանի նամակների զուգահեռն է, որտեղ Մոցարտը խոստովանում է, որ իր համար կյանքը կորցրել է ամբողջ հմայքը։ 1789 թ. հուլիսի 12-ին Մոցարտը գրել է Յոհան Պուխբերգին, որից նա պարբերաբար փող էր պարտք վերցնում. «Չնայած իմ խղճուկ վիճակին, ես որոշել եմ համերգ տալ, սակայն... երկու շաբաթվա ընթացքում ցուցակագրվել էր մեկ ցանկացող»։
Իսկ հիշյալ Կոնցերտը Մոցարտը հնարավորություն ստացավ նվագելու ուրիշի համերգի շրջանակում, 1791 թ. մարտի 4-ին։ Դա Մոցարտի վերջին հրապարակային համերգն էր Վիեննայում և իր կյանքի վերջին գարունը։ Պատահական չէ, որ Կոնցերտը ստեղծելուց 8 օր անց Մոցարտը վերջին մասի` Ռոնդոյի թեմայի հիման վրա գրել էր «Գարնան կարոտ» երգը։
Ի դեպ, Էյնշտեյնը գրում է. «Կոնցերտի ֆինալը շնչում է թաքնված բերկրանքով, ասես երանելի, ուրախ երեխաների դրախտային խաղեր են, ովքեր չգիտեն ո՛չ ատելություն, ո՛չ սեր»։
Ըստ Մարսել Պրուստի, իսկական դրախտը կորսված դրախտն է։ Իսկ Դանթեն ասում էր. «Հիշողությունը այն դրախտն է, որից ոչ ոք չի կարող մեզ արտաքսել»։ Մոցարտը, իրոք, կորցրել էր իր դրախտը, և մնացել էին միայն հիշողությունները։ Այլ կերպ նա իր հայտնի նամակում չէր գրի «Ռեքվիեմի» հետ կապված հետևյալ տողերը. «Ես պատրաստ եմ մեռնելու։ Կյանքս ավելի շուտ ավարտվեց, քան հասցրի օգտվել իմ տաղանդից։ Կյանքն այնքան սքանչելի էր, վերելքս այնքան երջանիկ նախանշաններով սկսվեց, բայց ճակատագիրը փոխելը անհնարին է... պետք է հաշտվել։ Թող լինի նախախնամության կամքը։ Ավարտում եմ։ Իմ առջև մահվանս երգն է...»։
Սա գրվել է Կոնցերտից հետո։
Մեջբերենք մի քանի տեղեկություն, որոնք վկայում են Մոցարտի հոգեկան և նյութական բարդ կացության մասին։ Դեռ 1785 թ. նոյեմբերի 20-ի նամակում նա գրել է. «Թանկագին Հոֆմայստեր, խնդրում եմ Ձեզ օգնել, թեկուզ մի քիչ, փողով»։ Նույն Հոֆմայստերը մի առիթով այսպես է դիմել Մոցարտին. «Մի քիչ ավելի մատչելի գրիր, այլապես ես չեմ կարողանա քո գործերից որևէ բան տպագրել և վաճառել»։ Սրան Մոցարտը պատասխանել էր. «Այսպես ուրեմն ես չեմ կարողանա վաստակել և կմնամ սոված» (նույն տեղում)։ Իսկ սա գրել է իր բժիշկ բարեկամ Զիգմունդ Բարիզանին. «Եթե քո արվեստը, որի պատճառով նախանձում է քեզ իտալացի կոմպոզիտորը (Սալիերին- Դ.Ե.) և հետապնդում քեզ... Եթե քո արվեստը քեզ բերի վաղուց վաստակած երջանկությունդ, ապա չմոռանաս ընկերոջդ» (նշված գործ, էջ 498)։
Իսկ հետևյալ նամակում Մոցարտը կնոջը պատմում է մարդկանց վերաբերմունքի մասին. «Ախ, եթե մարդիկ կարողանային նայել սրտիս մեջ... Ամենուր սառնություն եմ զգում, սառույց»։ Ձմռան մի ցրտաշունչ օր գարեջրատան դռնապան Յոզեֆ Դայները այցելել էր Մոցարտին, տեսել նրան կնոջ հետ պարելիս և հարցրել. «Դուք ձեր կնոջը պարե՞լ եք սովորեցնում»։ Մոցարտը պատասխանել էր. «Մենք պարզապես այսպես ենք տաքանում, որովհետև վառելափայտ գնելու փող չունենք» (նշված գործ, էջ 493)։ Ահա հաճախ այս վիճակում էր Մոցարտը կերտում իր գլուխգործոցները, հատկապես կյանքի վերջում։ Չայկովսկին Մոցարտին համարում էր երաժշտության Քրիստոս, Արև։ Եվ արևը, որ, պոետի խոսքով ասած, «սիրտ չունեցող մարդու մեջ կրակ կվառե», որ ահա քանի դար ջերմացնում է մարդկանց, ինքն էր մրսում։ Ջերմացնում է ոչ միայն սովորական մահկանացուներիս, այլև մեծերին։ Օրինակ, Բրամսին, որ բազմիցս կիրառել է Մոցարտի թեմաները, հնչերանգները։ 27-րդ կոնցերտի ֆինալի գարնան կանչերին նա արձագանքել է իր դաշնամուրային 2-րդ կոնցերտի ֆինալում ¥նույն սի-բեմոլ մաժորում¤։ Մոցարտի ազդեցությունն են կրել նաև Բեթհովենը, Շտրաուսը և այլք։
Շոստակովիչը գրել է. «Մոցարտը երաժշտության երիտասարդությունն է, հավերժահոս աղբյուրը, որը մարդկությանը պարգևում է գարնանային նորացման բերկրանքը և հոգեկան ներդաշնակություն»։
Ինչպես նշվեց, Մոցարտի հիշյալ Կոնցերտը ևս ստեղծվել է ցրտաշունչ հունվարին, ուստի այն համակված է գարնան տենչանքով։ Մոցարտը կարոտ էր և՛ բնության, և՛ մարդկային ջերմության։ «Գարնան կարոտ» երգով նա, մեր աշուղի պես, կարծես, կանչում է. «Հով սարեր, մով սարեր, մանկությունս ետ բերեք»։
Իրական գարունից «զրկված»՝ Մոցարտը Կոնցերտի ֆինալում հավերժացրել է իր «գարունը»՝ հավքերի դայլայլով, առվակների խոխոջով, ծաղկանց գույնով ու բույրով, հավերժացրել է մանկության զգացումներն ու տպավորությունները։ Ի դեպ, Կոնցերտի 1-ին մասի գլխավոր թեմայում ևս զգացվում են «Գարնան կարոտ» երգի ազդեցությունը, ուրվագիծը, հնչերանգները։ Գարուն է հիշեցնում նաև 31-րդ տակտում հնչող ջութակների նմանակումը ծիտիկի դայլայլներին, որոնք հետագայում բազմիցս կրկնվում են։ Սրանք գուցե նաև մանկության հեռավոր արձագանքների՞ց են։ Վոլֆգանգի հոր՝ Լեոպոլդ Մոցարտի վկայությամբ, Բրյուսելում հյուրախաղերի օրերին, 6-ամյա Մոցարտը խիստ հրապուրվել էր գյուտարար Լամբմանի մեխանիկական ֆլեյտահարների նվագով և հավքերի երգով։
Պատահաբար չնշեցի, որ Կոնցերտի ֆինալում է Մոցարտը հավերժացրել գարնան իր տեսիլքը, քանզի 1-ին մասում «գարնանային» զեղումները դառնանում են, պղտորվում մինորային տրտմությամբ։
Ըստ Գեորգի Չիչերինի, Մոցարտի կյանքի վերջին հինգ տարիներին նրա երաժշտության մեջ բաբախող ողբն ավելի խոր է ու սաստիկ, «ավելի տիեզերական», քան նախկինում։ Նույնը և Կոնցերտում։ Ե՛վ Աբերտը, և՛ Էյնշտեյնը միաբան նշում են Մոցարտի հիասթափությունը կյանքից։ Անդրադառնալով Կոնցերտի 1-ին մասին, Աբերտը գրում է. «Նեղ, սահմանափակ տարածության մեջ հերթագայում են մերթ ուժի եռանդուն պոռթկումներ, մերթ ուժասպառություն։ Ընդ որում, նժարը թեքվում էր դեպի հիասթափություն»։ Իսկ Էյնշտեյնը նշում է. «Հիասթափությունը չի արտահայտվում բուռն, հնչեղ զեղումներով, այլ ուժի ցանկացած դրսևորում մերժվում է կամ խլացվում»։
«Տեսանելի» ի՞նչ արտահայտչամիջոցներով է Մոցարտը մարմնավորում իր հակասական հոգեվիճակը։
Իսկ ինչպե՞ս է, օրինակ, Ռայներ-Մարիա Ռիլկեն իր քերթվածում պատկերում վանդակում բանտված ընձառյուծին։ Ազատության սովոր այդ հզոր, վայրի կենդանին «հիշում» է իր մանկության ազատ խաղերը, մոլեգնում է, փորձում թռիչք գործել դեպի «մանկություն», անտառի խորքերը, դեպի ազատություն։ Սակայն նրա խոլ աչքերում բռնկած «զմրուխտե բոցը», բախվելով վանդակի ճաղերին, մարում է, վարագուրվում։ Կրկին հիասթափություն։
Ահա այդպես էլ Մոցարտի մաժորային, եռանդուն պոռթկումները բախվում են մինորային «պատնեշի»։ Նույն մեղեդին, մաժորից հետո հնչելով մինորում, անհուն թախիծ է բերում։ Անշուշտ, սա միակ հնարքը չէ։
Դրամատիկ իրավիճակներ Մոցարտն արտահայտում է նաև հարմոնիայի, մետրո-ռիթմի, հնչուժի, ֆակտուրայի, գործիքավորման և այլ միջոցներով ու բաղադրիչներով։ Ահավասիկ ցնցող օրինակներից մեկը, որին հանդիպում ենք Կոնցերտի 1-ին մասի 158-169 և այլ տակտերում։ Այստեղ, փոքրացրած, սարսափազդու սեպտակորդներից բաղկացած շշուկային դարձվածները, ընդհատվելով, երիցս կրկնվելով, բախվում են... գլխավոր «պաուզային»՝ պայթուցիկ լռությանը։ (Այս հնարքը հռետորական արվեստում անվանում են abruptio՝ հանկարծակի ընդհատում, ինչը հաճախ խորհրդանշում է կյանքի թելի կտրվելը՝ մահը կամ որևէ նպատակի չհասնելը)։ Եվ այդ պաուզայից հետո, ինչպես լուսինը ամպի տակից, տեսիլվում է գլխավոր թեման, սակայն մինորային լուսաստվերում։ Ահա սա է Մոցարտի տիեզերական ողբը։ Նույն դրվագը կրկնվում է ևս մեկ անգամ (կես տոն վեր), որից հետո վեր է խոյանում մարտակոչը՝ «Յուպիտեր» սիմֆոնիայից։ Եվ այսպես դաշնամուրի և նվագախմբի միջև տեղի է ունենում երկխոսություն, ընդ որում, նրանք միմյանց են փոխանցում իրենց ասելիքը։ Սակայն, եթե սիմֆոնիայում գնալով Զևսի շանթերը շատանում են, ապա այստեղ այդ կոչը հետզհետե մարում է, խոնարհվում (մշակման մասում)։
Մյուս դեպքում (106-110 տակտեր) դաշնամուրի հնչյունների աստիճանական մաժորային վերելքը, գագաթին հասնելով, մի պահ «քարանալով», գահավիժում է (ինչպես Ռիլկեի ընձառյուծի թռիչքը)։ Ընդ որում, մաժոր պոռթկումին անմիջապես հաջորդում է մինոր վայրէջքը։ Երաժշտության հոսքն ասես մակարդվում է, ինչպես կայտառ գետակի սառցակալող ընթացքը։ Ահա նաև այսպես է Մոցարտն արտահայտում իր հիասթափությունը։
Կոնցերտի 2-րդ մասում՝ Լագետտոյում, Էյնշտեյնը նկատում է կրոնական խոնարհություն։ Բացի այդ, 2-րդ մասում Մոցարտն արտահայտում է հրաժեշտի, կյանքի ճանապարհի գաղափարը։ Իսկ 3-րդ մասում՝ ռոնդոյում, հնչող «Գարնան կարոտ» երգի մեղեդու մասին գրում է. «Այդ մեղեդիում առկա են և՛ ուրախություն, և՛ գիտակցում, որ այդ գարունը վերջինն է» Մոցարտի համար։
Ճանապարհի և հրաժեշտի գաղափարը մարմնավորվում է համաչափ քայլերով, դամի պես ձգվող նվագախմբի հնչյուններով, ինչը խորհրդանշում է հավերժությունը։ Հրաժեշտ են հիշեցնում նաև միևնույն դարձվածի, հատվածի կրկնությունները՝ տարբեր գործիքների փոխկանչերում։ Վերը նշված և բազում այլ հնարքներն ու գաղափարները ի մի բերելու համար անհրաժեշտ են բարձրագույն վարպետություն, խորաթափանցություն, ճաշակ, պարզություն, նվիրում և այլ կարողություններ։
Ինչպես նշում է Աբերտը, թեպետ Կոնցերտը պահանջում էր փայլուն տեխնիկա, սակայն Մոցարտն այն ծառայեցնում է երաժշտության բովանդակության մարմնավորմանը, մտքերի զարգացմանը։ ՈՒստի այս Կոնցերտը պատշաճ կատարելու համար նույնպես անհրաժեշտ է տիրապետել փայլուն տեխնիկայի, մի բան, որ շատ քչերին է հասու։ Այդ եզակի դաշնակահարներից է Ալեքսեյ Լյուբիմովը, ում ֆենոմենալ տեխնիկան տարրալուծվում է երաժշտության մեջ և աննկատելի է, ինչպես առողջ սիրտը զգալ չի տալիս իրեն։ Ժամանակին ֆիննական «Աամուլեխտի» թերթը (03.05.1975 թ.) գրել է. «Լյուբիմովն իր արվեստում միաձուլում է հետևյալ բարեմասնությունները՝ տեխնիկական բարձր վարպետություն, երաժշտության մեջ փիլիսոփայորեն թափանցելու ունակություն, բյուրեղյա պարզ միտք և ինքնարտահայտման ազնիվ մղում»։
Դիպուկ է ասել երաժշտագետ Մերսմանը. «Մոցարտի նպատակն է ինքնարտահայտումը վերածել հնչողության, սուբյեկտիվը և եզակին փոխակերպել օբյեկտիվի և համընդհանուրի, մարդուն վերածել երաժշտության։ Եվ ոչ միայն դրսևորել հոգու մութ ոլորտները, այլև, արևերես հանելով, հաղթահարել դրանք։ Ահա թե ինչն է ուղղորդում Մոցարտի բազում թեմաները՝ որպես քողարկված հրաման»։
Հիրավի, այս առումով 70-ամյա վարպետ Լյուբիմովը վաղուց «վերածվել» է երաժշտության։ Եվ, կամա, թե ակամա, արվեստակիցներին, ունկնդիրներին էլ դաշնակահարը փորձում է դարձնել երաժշտություն, մոտեցնել երկնքին։ Սրա վառ վկայությունն է հիշյալ համերգը։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Ստեֆան Վիլիխի ղեկավարությամբ, պատշաճ մակարդակով նվագակցեց մեծ դաշնակահարին։ Հաջողությանը մեծապես նպաստել են նաև մանրակրկիտ փորձերը, որոնց ընթացքում Լյուբիմովը հետևում էր նվագախմբի և դաշնամուրի երկխոսության ներդաշնակությանը, ֆրազավորմանը, առոգանությանը և այլն։ Մի խոսքով, Մոցարտի երաժշտության մեկնաբանման իր տեսլականը նա սիրով փոխանցում էր նվագախմբին։ Այս ամենը դաշնակահարը կարգավորում էր իրեն հատուկ զգայունությամբ, հաշվի առնելով նաև համերգասրահի ակուստիկայի արձագանքի նրբին ելևէջները։ Պատահական չէ, որ համերգի վերջում Լյուբիմովը հարցրեց հնչյունային հավասարակշռության մասին։ Եվ երբ ես հիացմունք արտահայտեցի, վարպետը հետաքրքրվեց. «Իսկ դու որտե՞ղ էիր նստած»։ Առանց վարանելու պատասխանեցի. «Երկնքում»։
Սա էլ պատահականություն չէր, եթե հիշենք այն համերգասրահի վայրը, որտեղ Մոցարտն առաջին և վերջին անգամ կատարել էր իր վերջին կոնցերտը։ Դա Վիեննայի Հիմմելպֆորտգասսեն էր, այսինքն՝ «Երկնքի դարպասի փողոցը»։ Ըստ Էյնշտեյնի, «այս ստեղծագործությունը, իրոք, գտնվում է «երկնքի դարպասի», հավերժի դարպասի շեմին»։
Ալեքսեյ Լյուբիմովի համերգը ցույց տվեց, որ դեպի երկինք տանող ճանապարհն անցնում է նաև Հայաստանով։ Եվ ծրագրից դուրս կատարված Շուբերտի երկու էքսպրոմտները պարզապես մեր առջև բացեցին «հավերժի դարպասը»... Համերգից հետո ունկնդիրները «պաշարել» էին դաշնակահարին և դժվարանում էին խոսքերով արտահայտել իրենց հրճվանքը, երախտագիտությունը, միայն կցկտուր բացականչություններ էին արտաբերում։ Եվ լավ է, որ բառերի այդ խճճված «գորդյան հանգույցը» մեկ հարվածով, մեկ խոսքով լուծեց Կոմիտասի անվան քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը։ Մի պահ լռելուց հետո ջութակահարը պոռթկաց. «Հանճարեղ է»...


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ