Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ-ն վրիպեց, իսկ ընդդիմությունը չօգտագործեց պահը

ՀՀԿ-ն վրիպեց, իսկ  ընդդիմությունը  չօգտագործեց պահը
04.02.2014 | 00:18

Երեկ ԱԺ-ում հաշվիչ հանձնաժողովի ձևավորման շուրջ առաջացած տարաձայնությունների առաջին մեղավորը ՀՀԿ-ն էր, որը ԱԺ կանոնակարգը չկարողացավ ճիշտ կիրառել։ Հաջորդ սխալն էլ թույլ տվեց ընդդիմությունը, վերստին չկատարելով կանոնակարգով իրեն վերապահված քայլերը՝ ՀՀԿ-ի միահեծան որոշումը վիժեցնելու համար։
ՀՀԿ-ն հարցը ներկայացնելու օրենսդրական երկու ճանապարհ ուներ, որոնցից ոչ մեկը չօգտագործեց և արդյունքում հայտնվեց ընդդիմադիրների քննադատության տարափի տակ։ Առաջին. պետք է մինչև նիստի մեկնարկը շրջանառության մեջ դներ հաշվիչ հանձնաժողովի մասին իր առաջարկած փոփոխությունը, և նիստի օրը, որպես հարց, դներ քննարկման ու քվեարկության։ Երկրորդ. ՀՀԿ-ում երկուշաբթի օրը կգտնվեր 44 անդամ, որոնք կստորագրեին, և, որպես արտահերթ հարց, այն անմիջապես կընդգրկվեր ԱԺ օրակարգում և կքննարկվեր։ Մինչդեռ Գալուստ Գրիգորիչը հարցը փորձեց լուծել «գեղական» կարգով, նախ վարման կարգով ձայն խնդրեց ու կարդաց իր առաջարկությունը, որից հետո ըմբոստության ալիք բարձրացավ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի այս քայլը կարող էր ավելի հետաքրքիր դարձնել ընդդիմադիրների օրը, եթե կարողանային պահը օգտագործել։ Այ, այդ դեպքում հաստատ նստաշրջանի առաջին օրը տապալված կլիներ։
Ընդդիմության մասով. երբ ԱԺ նախագահը հայտարարեց քվեարկության մասին, ընդդիմադիրներն իրենց առաջարկությունը քվեարկության դնելու պահանջից հրաժարվելու փոխարեն պետք է իրավիճակն ավելի սրեին ու հասցնեին զավեշտի։ Կանոնակարգով ԱԺ-ի յուրաքանչյուր պատգամավոր, տվյալ դեպքում՝ ընդդիմության և «այլընտրանքի», կարող էր առաջարկել հանձնաժողովի ցանկալի անդամի իր թվաքանակը, որից հետո պետք է անպայման հայտարարվեր դրա քվեարկությունը։ Պատկերացնո՞ւմ եք, քանի քվեարկություն կարող էր լինել, ավելին, եթե յուրաքանչյուր քվեարկությունից առաջ 20 րոպե էլ ընդմիջում վերցնեին, ողջ քառօրյան կարելի էր մսխել այս հարցի վրա։
Իսկ ԱԺ ղեկավարի վստահեցումը, թե հարցն ավանդույթի ուժով պետք է որոշվեր, ոչ մի հիմնավորում չունի. կանոնակարգ օրենքում նշված չէ, թե հանձնաժողովի կազմը քանի հոգուց պետք է բաղկացած լինի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ