Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կլինի այն, ինչ եղել է, և ինչը չի կարելի թույլ տալ, որ կրկնվի-2

Կլինի այն, ինչ եղել է, և ինչը  չի կարելի թույլ տալ, որ կրկնվի-2
04.02.2014 | 11:45

(սկիզբը՝ այստեղ)

Զաքար Ի. Շահրիմանյանը պատկանում էր երկրորդ խմբին, սակայն կար նաև մեկ այլ պատճառ` յուրատեսակ ընտանեկան «ավանդույթ»: Բանն այն է, որ հայոց գրատպության, գրահրատարակչական պատմության մեջ Շահրիմանյանները ակնհայտ առաջատարներ են: Դատեցեք ինքներդ:
Խոջա Սահրադի որդի Գասպարի ֆինանսավորմամբ 1674 թ. Հռոմում լույս տեսավ Թոմա Գեմբացու «Յաղագս համահետեւմանն Քրիստոսի» գրքի թարգմանությունը: 1681 թ. նույն Գասպարի և 16 հայ այլ վաճառականների ֆինանսավորմամբ Վենետիկում հրատարակվեց «Տաղարան»: 1685 թ. նրա պատվերով ու ֆինանսավորմամբ Վենետիկում լույս տեսավ «Բուրաստան աղօթից» թարգմանությունը, իսկ 1686-ին՝ «Խորհրդատետրը»: 1686-1688 թթ. նա Համազասպի որդի խոջա Թադեոսի հետ Վենետիկում արդեն ուներ սեփական տպարան, որտեղ հրատարակեց «Ճաշոցը»: Գասպարի պատվերով 1696 թ. Ամստերդամում, Թովմաս Վանանդեցու տպարանում վերահրատարակվեց Թոմա Գեմբացու վերոհիշյալ աշխատությունը, իսկ 1707 թ. Վենետիկում՝ «Բուրաստան աղօթից»-ը: 1711-ին Գասպարի ու նրա եղբայր Մուրադի ծախքով Վենետիկում լույս տեսավ Խաչատուր Էրզրումեցի Առաքելեանի «Համառօտական իմաստասիրութիւն» չափածո երկհատորյակը, իսկ Գասպարի ծախքով հրատարակված մեզ հայտնի վերջին գիրքը նույն Խաչատուր Էրզրումեցի Առաքելեանի «Ճարտասանութիւնն» էր:
Նույնպիսի ջանադրությամբ հրատարակչական գործունեություն էին ծավալել նաև Գասպարի եղբայրներ Մուրադը և Մարգարը: Այսպես, Մուրադի ծախքով 1704 թ. Վենետիկում լույս տեսավ «Պետրոս Արագօնացի և Բարդուղիմէոս Բոնոնիացի: Խրատականք և հոգեշահք քարոզք»-ը, 1709-ին՝ Խաչատուր Էրզրումեցի Առաքելեանի «Համառօտութիւն բարոյականի աստուածաբանութեան»-ը, 1710-ին՝ նույն հեղինակի «Քարոզգիրք» երկհատորյակը, իսկ Մարգարի ծախքով 1710-ին՝ «Պարտէզ հոգեւոր»-ը: Ավելին, Մուրադի որդի Սահրադի ֆինանսավորմամբ՝ 1710-ին հրատարակվեց Յակոբ Վիլլոտի «Քրիստոնէական վարդապետութիւն» գիրքը: ՈՒշագրավ է, որ Մուրադի որդիներ Նազարը, Շերիմանը, Սահրադը, Հովհաննեսը, Պետրոսը և Հակոբը, ի հիշատակ իրենց վախճանյալ ու լուսահոգի հոր, 1712 թ. Վենետիկում հրատարակեցին «Սաղմոսարան փոքրիկ»-ը:
Կային ևս երկու Շահրիմանյաններ՝ Գրիգոր ու Մարգար։ Նրանք զգալի ներդրում ունեցան հայ գրքի պատմության մեջ: Մասնավորապես վերջինս 1783-1788 թթ. իր ծախքով Վենետիկում հրատարակեց չորս գիրք, որոնցից «Պրաման: Տնօրէնութիւն մարդկային կենացը»՝ իր թարգմանությամբ և ի պատիվ իր բարեկամ Շահամիր Շահամիրյանի, ու Եզովպոսի «Առակքը»՝ կրկին իր թարգմանությամբ:
Ինչո՞ւ այսքան մանրամասն անդրադարձանք Շահրիմանյանների գրահրատարակչական գործունեությանը: Բանն այն է, որ Իգնատի Շահրիմանյանի որդի Զաքարն ինքը խոշորագույն հրատարակիչ էր, հայ գրքի մատենագիտական ցանկերում ներառված են նրա հրատարակությունները, և յուրաքանչյուրի տիտղոսաթերթին ուղղակիորեն նշված է՝ Բարաղամի որդիներ Հովսեփ և Զաքար: Այսինքն՝ կասկածից վեր է, որ ռուսաստանաբնակ ֆաբրիկատեր Իգնատին Բարաղամն էր: Հովսեփն ու Զաքարը 1772-1794 թթ. Վենետիկում հրատարակել են 15 անուն հայերեն գիրք, որոնցից կառանձնացնեինք Ղազար Փարպեցու «Պատմութիւն հայոցը» և Միքայել Չամչյանի «Պատմութիւն հայոց» եռահատորը: Կարող է հարց ծագել՝ 1784-ին վախճանված Զաքար Շահրիմանյանն ինչպե՞ս կարող էր 1794-ին գիրք հրատարակել. կամ նա վաղօրոք հատկացրել էր ֆինանսավորումը, կամ գործը շարունակել էր եղբայր Հովսեփը:
Եվ այսպես, Բարաղամ-Իգնատի Շահրիմանյանի մահից հետո 1758 թ. Մոսկվա ժամանեց նրա որդին՝ իտալացի հայտնի գրող ու հրատարակիչ Zaccaria Seriman-ը, որը Ռուսաստանում բիզնեսով կամ մեկ այլ գործունեությամբ զբաղվելու որևէ ցանկություն չուներ: Դա էր պատճառը, որ հորից ժառանգած ամբողջ ունեցվածքը վաճառեց: Վաճառեց Ֆրյանովո գյուղն ու մետաքսագործական ֆաբրիկան՝ դրան կցված աշխատողներով, Մոսկվայի «Չիստիե» պրուդի» բուլվարում ու Ստոլպովյան (ներկայիս՝ Հայկական) նրբանցքում գտնվող շքեղ առանձնատներն ու ընդմիշտ հեռացավ: Դա Շահրիմանյանի որոշումն էր:
Դրանով վերացավ Շահրիմանյանների ռուսական «հետքը», սակայն հիմք դրվեց հայոց մի նոր, փառապսակ ներկայության: Որովհետև Զաքար Շահրիմանյանն ամբողջ ունեցվածքը վաճառեց իր ազգակից Եղիազար Նազարի Լազարյանին (խՈջՈՐՖ ծՈջՈՐՏՉՌփ խՈջՈՐպՉ, 1700-1782):

ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ
Լազարյանների տոհմավագը հինջուղայեցի խոջա Եղիազարն էր, որը Նոր Ջուղայում 1621 թ. կառուցեց Սբ. Հովհաննես-Մկրտիչ, իսկ 1623-ին՝ Սբ. Կատարինե եկեղեցիները: Այս փաստը հենց այնպես չեմ նշում, շուրջ դարուկես անց նրա ծոռ Հովհաննեսը Ռուսաստանում պիտի կառուցեր Սբ. Կատարինե:
1746 թ. Եղիազարի որդի Նազարը գաղթեց Աստրախան, հետը տանելով 9-ամյա թոռ Հովհաննեսին, բայց հենց նույն տարում վախճանվեց: Ընտանյոք Աստրախան եկավ Նազարի որդի Եղիազարը: 1749-ին մանուկ Հովհաննեսը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ ու բնակություն հաստատեց հորաքրոջ տանը: Հորաքրոջ ամուսինն էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հայ համայնքի ամենանշանավոր անձանցից մեկը՝ մեծահարուստ վաճառական Գրիգոր Սաֆրազի Խոջամինասյանը, որը սերում էր Նոր Ջուղայի առաջին քալանթար խոջա Խաչիկի տոհմից: Հորաքրոջ ամուսնու աջակցությամբ Հովհ. Լազարյանը 1760 թ. հիմնեց առևտրային տուն և սկսեց զբաղվել թանկագին քարերի առքուվաճառքով ու դրանք Սանկտ Պետերբուրգի նավահանգստով Պարսկաստանից Եվրոպա առաքելով: Կայսերական պալատին թանկարժեք իրերի խոշոր խմբաքանակներ մատակարարելու գործն այնքան հաջող ընթացավ, որ 1764 թ. Եկատերինա II կայսրուհին նրան շնորհեց արքունի հոֆ-ոսկեգործի պալատական պաշտոն:
Այստեղ կուզենայի ևս մեկ «շեղում» կատարել: Այսօր աշխարհում կան յոթ խոշորագույն պատմական թանկագին քարեր, որոնցից մեկը «Օռլով» ալմաստն է, և որն ուղղակի առնչություն ունի մեր նյութի հետ: Բանն այն է, որ մինչ օրս անհայտ ճանապարհով Գր. Խոջամինասյանը ձեռք բերեց 195,62 կարատ մեծությամբ մի հազվագյուտ ալմաստ, 1767 թ. ի պահ հանձնեց Ամստերդամի բանկերից մեկին ու սկսեց եվրոպական բարձրաշխարհիկ շրջանակներում գնորդ փնտրել: Այդ հարցում հորաքրոջ ամուսնուն օգնելու պատրաստակամություն հայտնեց Հովհ. Լազարյանը: Տեսանելիորեն պատկերացում տալու համար պատրաստվեց ալմաստից դրոշմվածք, որը հոֆ-ոսկեգործը ներկայացրեց Եկատերինա II-ին: Սակայն պետական գանձարանը ալմաստի գնման առաջարկը մերժեց, իսկ դրոշմվածքը խորհրդավոր պայմաններում անհետացավ: 1772 թ. Հովհ. Լազարյանը Գր. Խոջամինասյանին վճարեց ալմաստի արժեքի կեսը՝ 125 հազար ռուբլի, և պարտավորվեց այն վաճառել ռուսական արքունիքում: Ալմաստը ամստերդամյան բանկից փոխանցվեց նրան: 1773 թ. նոյեմբերի 24-ին՝ կայսրուհու ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա էին նաև Հովհ. Լազարյանը և Գր. Խոջամինասյանը, նախկին ֆավորիտ կոմս Գ. Օռլովը ալմաստն ընծայեց Եկատերինա II-ին: Չնայած դրան, Հովհ. Լազարյանը վաճառքի գործարքը կատարեց մեկ տարի անց՝ 1774-ին: Պետական գանձարանը ալմաստի արժեքը՝ 400 հազար ռուբլի, պիտի մուծեր յոթ տարվա ընթացքում, սակայն վճարումը ձգձգվեց, և Հովհ. Լազարյանը գումարն ամբողջովին չստացավ, կորցնելով 54 հազար ռուբլի:
Ալմաստը զարդարեց Եկատերինա II-ի կայսերական գայիսոնը և այժմ պահվում է մոսկովյան Կրեմլի Զինապալատի Ալմաստե ֆոնդում:
Հեռատես, նախաձեռնող, աչքաբաց, ունևոր Հովհ. Լազարյանը հեշտությամբ տեղ գրավեց Եկատերինա II-ի մերձավոր շրջապատում, սերտ հարաբերություններ հաստատելով արքունի ազդեցիկ անձանց՝ իշխաններ Ի. և Գ. Օռլովների, Ա. Վյազեմսկու, Գ. Պոտյոմկինի, կանցլեր Ա. Բեզբորոդկոյի և այլոց հետ:
Պայմանավորվելով այլ արդյունաբերողների հետ, նա ձեռնամուխ եղավ վիթխարի, գրեթե ֆանտաստիկ մի գաղափարի՝ կայսրության ամենահեռավոր անկյուն Ալյասկան ծաղկուն երկրամաս դարձնելու իրականացմանը: Պատրաստակամություն հայտնեց ահռելի միջոցներ ներդնելու Ռուսական Ամերիկայում, սակայն հեռուն գնացող այդ նախաձեռնությունը չպաշտպանեց կայսրուհին:
1768 թ. Հովհ. Լազարյանն արժանանացավ Հռոմեական Սրբազան կայսրության բարոնի տիտղոսի:
1771 թ. նա ու եղբայրները 6-ամյա պայմանագիր կնքեցին բարոն Ա. Ստրոգանովի հետ ու վարձակալեցին Պերմի երկրամասում գտնվող նրա ձեռնարկությունները, այն է՝ Նովոսելսկի աղահանքերը, Բիլիմբաևսկի չուգունաձուլական, Դոմրյանսկի պղնձաձուլական և Օզերսկի երկաթագործական գործարանները: 1778 թ. Լազարյանները դրանք գնեցին Ա. Ստրոգանովից դառնալով ռուսական պետության խոշորագույն մետալուրգիական մագնատները: ՈՒրալյան այդ գործարաններում թողարկվող երկաթի որակն այնքան բարձր էր, որ մինչև XIX դ. մատակարարվում էր Անգլիա:
Սակայն չորս տարով հետ գնանք: 1774 թ. ծերունի Եղիազար Լազարյանը կատարեց ունեցվածքի բաժանում չորս որդիների՝ Հովհաննեսի (ԼՉՈվ խՈջՈՐպՉՌփ խՈջՈՐպՉ, 1735-1801), Մինասի (ԾՌվՈ, 1737-1808), Խաչատուրի (ղՐՌրՑՏՒՏՐ, 1741-1774) և Հովակիմի (ժՍՌՎ, 1744-1826) միջև, ինչի արդյունքում Ֆրյանովոյի ֆաբրիկան՝ բանվորներով հանդերձ, անցավ ավագ որդուն: Վերջինս 1779 թ. ձեռնամուխ եղավ լայնածավալ շինարարական աշխատանքների. վերակառուցեց կալվածատունը, բարեկարգեց զբոսայգին, անցկացրեց նոր ճանապարհներ, աշխատողների երեխաների կրթության համար հիմնեց դպրոց և սկսեց կառուցել Հովհան Նախավկայի եկեղեցին (օծվել է 1797-ին):
Այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ էր աշխատուժ, և քանի որ նոր սեփականատերն իրավունք չուներ օգտագործելու Ֆրյանովոյի բանվորներին, գնեց հարևանությամբ գտնվող Ակսյոնովո գյուղը՝ 164 բնակիչներով:
1797 թ. Ֆրյանովոյի ձեռնարկությունը բանվորների թվով խոշորագույնն էր Ռուսաստանի մետաքսագործական ֆաբրիկաների շարքում, իսկ 22 տեսակի արտադրանքը՝ «Ղ.Խ.հ.Լ.խ.խ.Թ.հ.Ղ.» (ՂՈոՐՌՍՈ ԽՏսսպՋրՍՏչՏ հՏՉպՑվՌՍՈ ԼՉՈվՈ խՈջՈՐպՉՌփՈ խՈջՈՐպՉՈ Չ րպսպ ՂՐÿվՏՉպ) դրոշմվածքով այնքան բարձրորակ ու գեղեցիկ էր, որ օգտագործվում էր Եկատերինա II-ի պալատների ներքին հարդարանքի համար:
1776 թ. Լազարյանների գերդաստանն ստացավ ռուսական ժառանգական ազնվականության տիտղոս:
1780 թ. փետրվարի 18-ին Եկատերինա II-ը, դրսևորելով մեծագույն վստահություն Հովհ. Լազարյանի հանդեպ, նրան նշանակեց Ռուսաստանի պետական բանկի խորհրդական: Գեներալ-դատախազ, երկրի ֆինանսները տնօրինող իշխան Ա. Վյազեմսկու առաջարկով պետական գանձարանը պայմանագիր կնքեց Հովհ. Լազարյանի հետ առ այն, որպեսզի վերջինս Աննինսկի ու Եկատերինբուրգի պետական դրամահատարաններից Պետերբուրգ ու Մոսկվա տեղափոխի պղնձե մանրադրամը, ինչպես նաև կազմակերպի մետաղադրամը թղթադրամով փոխանակելու գործը: Այդ նպատակով Հովհ. Լազարյանը փոխանակման խոշոր գրասենյակներ բացեց Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում, Պերմում ու Եկատերինբուրգում: Պետական բանկում արգասաբեր գործունեության համար 1786 թ. նա արժանացավ կոլեգիալ խորհրդականի՝ ցամաքային գնդապետի, կոչման և ընդգրկվեց Պետական փոխառնական բանկի վարչության կազմում:
Հովհ. Լազարյանը նաև իր ժամանակի խոշորագույն հողատերերից էր: Նրա կալվածքները գտնվում էին Մոսկվայի, Կալուգայի, Բեսարաբիայի, Պոդոլսկի, Տուլայի, Յարոսլավլի նահանգներում: Նրան էին պատկանում ավելի քան 15 հազար ճորտեր և 830 հազար դեսյատին հողատարածք:
1785 թ. Հովհ. Լազարյանը կոմս Գ. Օռլովի ժառանգներից 120 հազար ռուբլով գնեց Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Ռոպշա կալվածքը՝ 1000 գյուղացիներով ու 12 հազար դեսյատին հողատարածքով: Նախագծային, շինարարական աշխատանքների ու ենթակառուցվածքներ՝ (ճանապարհներ, խանութներ, դպրոցներ) հիմնելու համար ներդնելով ևս 300 հազար ռուբլի, նա Ռոպշա հրավիրեց բազմաթիվ հայտնի ճարտարապետների: Յու. Ֆելտենի նախագծով կալվածատնից ոչ հեռու կառուցվեց մի գործարան, որը բարձրակարգ թուղթ էր մատակարարում Պետական բանկին՝ թղթադրամ և արժեթղթեր տպագրելու համար:
Այժմ մեզ մնում է պատասխանել ևս երկու հարցի. ինչպիսի՞ քաղաքացի ու հայ էր Հովհ. Լազարյանը:
Լինելով Արևելքի խնդիրներին քաջատեղ մարդ, նա նշանակվեց Արևելյան գործերով խորհրդական՝ աստիճանաբար մուտք գործելով պետության արտաքին քաղաքական շրջանակներ:
(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ