Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տե՛րն իմ լույսն է ու կյանքը, ես ումի՞ց վախենամ, Տե՛րն իմ կյանքի ապավենն է, ես ումի՞ց դողամ»

«Տե՛րն իմ լույսն է ու կյանքը, ես  ումի՞ց վախենամ, Տե՛րն իմ կյանքի  ապավենն է, ես ումի՞ց դողամ»
04.02.2014 | 11:06

Հիսուսը մեր ունեցած վախը համարում է ոճիր Իր Սիրո դեմ, քանի որ Իր Սերը մեր հանդեպ անսահման է: Քանզի Ինքն ասաց. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստյան մատնել հոգին և մարմինը: Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշված են: Արդ, մի՛ վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք (Մատթեոսի Ավետարան 10. 28-31):
Բազում դեպքեր են հայտնի, որ մարդը ֆիզիկապես առողջ է, բայց չափազանց անուժ, քանի որ դիվական վախ է մտել նրա սիրտը: Չնայած բժիշկներն ու հոգեբույժները ասում են մի՛ վախեցիր կամ էլ զանազան հոգեմետ դեղեր են տալիս, որ նա վախի դեպրեսիայից ազատվի, բայց վախի արմատը մնում է մարդու ներսում, քանի որ այն ոգեղեն ու դիվական է: Դրա դեմ միակ միջոցը աղոթքն է, այն էլ` օծյալ հոգևորականի, կամ էլ հավատքով զորավոր մեկի միջոցով:
Մի խոսքով, վախը մեր Բարի Հովվից՝ Հիսուսից հեռանալու, և չարի ծուղակը ընկնելու ուղիղ հետևանքն է: Ինչպես որ Ադամն ու Եվան, երբ մեղանչեցին Աստծո դեմ, վախից թաքնվեցին ծառերի հետևում:
Այս մասին գրում ենք ընթերցողների համար, քանի որ մարդկանց շատ հիվանդությունների արմատը իրենց վախի պատճառով է:
«Իրատես de facto» թերթում անցյալ տարի տպագրված Սուրբ Շարբելի վարքից իմացանք, որ նա զարմանալի անվախություն ուներ բոլոր տեսակի վտանգների դեմ, լինեին դրանք մարմնական, կամ էլ դիվական: Նրա վարքաբանության մեջ կան բազմաթիվ վկայություններ, երբ նա անվախորեն օձերի և կատաղած ցուլերի դեմ է դուրս եկել, և դրանով իսկ փրկել շատերի կյանքը: Իսկ դևերը հենց իրենից՝ սուրբ Շարբելից էին վախենում, որովհետև նրա աղոթքը այնքան զորավոր էր, որ չար ուժերը փախչում էին սարսափահար:

ՎԱԽՈՎ ԲՌՆՎԱԾՆԵՐԸ
Եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո մի քույր մոտեցավ ինձ ու ասաց, որ իրենց հարևանի տղան է եկել իր հետ ու ինչ-որ տարօրինակություններ ունի, եթե կարող ես, իրեն օգնիր, ինչպես գիտես: Ես աղոթքով խնդրեցի Տիրոջը, որ Ինքը օգնի, քանի որ Նա է միայն մարդասեր ու ամենակարող: Երբ եկեղեցուց դուրս եկանք, տեսա միջին տարիքի, լավ հագնված գեղեցկատես մի տղամարդու, ում արտաքինից ոչ մի բանով չէր երևում, որ հիվանդ է կամ տարօրինակություն ունի: Բայց երբ ծանոթացանք, մտերմիկ զրույցի ժամանակ իմացա, որ նա Մոսկվայում մեծ բիզնես ունի ու դրամական հաջողության մեջ է, ինչը ապացուցվում էր թեկուզ իր ձեռքի ոսկե շղթայի հաստությունից: Բայց ինչպես լինում է նման դեպքում, սատանան այդպիսիներին գցում է շնության կամ զանազան այլ մոլությունների մեջ, լինի հաշիշամոլություն, հարբեցողություն, խաղամոլություն և այլն: Տվյալ դեպքում, նա ինչ-որ հրապուրիչ վհուկ կնոջ հետ էր կապվել, ինձ թվում է դա մի սովորական կախարդ կին է եղել, ով, տեսնելով այս հայ տղամարդու գեղեցկությունն ու հարստությունը, իր իմացած հնարքներով ու կախարդություններով կապել է իրեն, ավելի շուտ գերել է նրան: Այս խեղճ հայն էլ, մեղքի ցանկությունների պարանով կապված ծառայել է այդ կախարդուհուն ամեն առումով: Բայց եկել է հատուցման ժամը, քանզի ինչ սերմանում ենք, դրա պտուղն էլ հավաքելու ենք: Նա սկսել է տարօրինակ վախ զգալ, դիվական տեսիլքներ տեսնել, կարծելով, թե ինչ-որ էակներ են միշտ իրեն հետապնդում ու փորձում սպանել: Մի խոսքով, մտագարության կամ դիվահարության երևույթներ են սկսվել մոտը: Դե, բժիշկները, դեղեր նշանակելուց բացի, ավելի ինչ կարող են անել: Մի քանի անգամ պառկել է հոգեբուժարանում, գնացել է լավագույն առողջարանները, բայց ներքին անհասկանալի վախից չի կարողացել ազատվել, հետո էլ տհաճ բախումներ են սկսվել կնոջ ու երեխաների հետ: Մի խոսքով, նրան Մոսկվայից «աքսորում» են Երևան՝ ծնողների մոտ, որ իրենց տղային տեր կանգնեն ու մի ճար գտնեն:
ՈՒշադիր լսելուց հետո խորհուրդ տվեցի ամեն օր ժամերգությունների ներկա լինել, հետո կիրակնօրյա պատարագների մասնակցել, մինչև որ իր ներաշխարհը մի քիչ զուլալվի: Այդպես անցավ մի քանի շաբաթ, նա սկսեց աղոթել, քիչումիչ Ավետարան կարդալ, որովհետև ծանր հիվանդի էր նման, ում կաթիլային սնունդ էր պետք, այլ ոչ թե կոշտ կերակուր: Երբ զրուցեցի նրա մոր հետ, հասկացրի, որ միայն ճշմարիտ հավատով ու եկեղեցու միջոցով է հնարավոր իր տղային դիվական կապանքներից ազատել և ոչ զանազան էքստրասենսների, որոնց վրա էր իր հույսը դրել: Խորհուրդ տվեցի, որ իր տղայի ներքնաշապիկը տանի եկեղեցի ու խնդրի, որ պատարագի ժամանակ դնեն խորանի հետևում, հետո տանի և հագցնի: Որոշ ժամանակ անց սկսեց հոգևոր կենդանության նշաններ ցույց տալ, առանց վախի, նորմալ խոսել։ Հայաստանյան եկեղեցու «առողջարանում» բուժվելուց հետո, նա նորից վերադարձավ Մոսկվա՝ իր ընտանիք:
Վերադարձից առաջ խորհուրդ տվեցի՝ ամեն գնով ազատվել հին ու մեղավոր կապերից, մանավանդ վհուկ սիրուհուց, ու քրիստոնեավայել մաքուր կյանքով ապրել, որպեսզի, այն դևերից, որ ազատվել է, չլինի թե դրանք յոթ ավելի կատաղիներով վերադառնան, ինչպես Տեր Հիսուսը զգուշացրեց մեզ, որպեսզի ավելի վատ վիճակում չհայտնվի:
Այժմ մի ուրիշ վկայություն:
Մոսկվայի հոգեբուժարանում պառկած մեր հայրենակցի մոտ գնալու պատվեր ստացա իմ ծանոթներից: Գնացի, ու այն, ինչ տեսա, խիստ զարմացրեց ինձ, քանզի հոգեբուժարան կոչվածն ասես մի ամբողջ քաղաք էր, իր տասնյակ շենքերով, զբոսայգիներով, նույնիսկ սեփական գերեզմանոցով: Իսկ այնտեղի հիվանդների մեծ մասը չարից, ասել է վախից բռնված ու խաբված հոգիներ էին, որոնք տառապում էին այդ հիվանդանոց-բանտում:
Երբ հայրենակցիս տեսա, փոխանցեցի նամակն ու գումարը, հետո խոսեցինք նրա այնտեղ ընկնելու պատճառից, նա ասաց, թե երբեմն-երբեմն անհասկանալի վախից սիրտը սկսում է արագ-արագ խփել, ու դրանից ընկնում է հոգեկան նոպայի մեջ, և մինչև չեն սրսկում, չի հանգս-տանում: Ինչքան հնարավոր էր, նրան տեղեկացրի Աստծո սիրո ու ողորմության մասին յուրաքանչյուր արարածի հանդեպ, և խորհուրդ տվեցի, որ հույսը միայն Տիրոջ վրա դնի: Իսկ վերջում նրան փոխանցեցի Հիսուսի խոսքերը, որ ասել է. «Մի՛ վախեցեք, Ես հաղթեցի աշխարհին» այսինքն` չարին (Հովհանննես 16. 33):
Մի քանի օր անց դարձյալ գնացի մոտը, նա այս անգամ ուրախացած այս վկայությունը պատմեց. «Քո գնալուց հետո մտածում էի ասածներիդ մասին, ու երբ պառկեցինք քնելու, հանկարծ գիշերը սենյակում, որտեղ մի տասը հոգով ենք մնում, հիվանդներից մեկը նոպայի մեջ ընկավ և սկսեց գոռալ ու թպրտալ: Նման դեպքերում հիվանդները կարծես վարակվում են այդ վախի վիճակից, ու իրենք էլ են ընկնում նոպայի մեջ, ու կարծես հիվանդասենյակը դժոխքի է վերածվում՝ վայնասուններով ու գոռոցներով: Վեր թռչելով, քիչ էր մնում ես էլ նոպայի մեջ ընկնեմ, ու հանկարծ հիշեցի, որ դու ասացիր, թե Հիսուսը հաղթել է աշխարհին, և մենք պետք է այլևս չվախենանք: Ես էլ չվախեցա, վեր կացա, գնացի բուժքրոջն իր սենյակից կանչեցի, որ գա սրսկի բոլորին: Իսկ ես հանգիստ պառկեցի, քնեցի, առանց վախենալու»:
ՈՒրեմն, վախը սատանայի հնարքներից ու զենքերից մեկն է՝ Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդուն պարտված վիճակում պահելու համար: Այն անասնական, ստրկական ու ծառայական վիճակ է, որ ներս է սպրդել մարդկության մեջ՝ ադամական մեղքի պատճառով: Վախը մարդուն ուղեկցում է մանուկ հասակից, մինչև մահվան անկողին: Բայց կան նաև դիվական վախեր, որ բուն չարի գործն է մարդկանց դեմ: Այդ էլ լինում է այն ժամանակ, երբ մարդը հոգեպես անպաշտպան է դիվական զորությունների դեմ: Դա մեծ մասամբ լինում է, երբ մարդը Աստծո հետ կապը խզած է ապրում, առանց աղոթքի, պատարագի, Տիրոջ Խոսքին անհաղորդ լինելու պատճառով: Դա նման է մի այգու, որը ցանկապատ չունի, և ով ասես կարող է մտնել ու ավերել և գողանալ եղածը: Նույնիսկ մի քարոզիչ հաշվել է, որ Աստվածաշնչում 365 անգամ գրված է «Մի՛ վախեցիր»: Ես չեմ ստուգել, բայց որ Տերը չի ուզում, որ Իր արարած մարդը վախի պատճառով մնա սատանայի ծառայության մեջ, դա հաստատ է, քանզի Հիսուսը մի անգամ Իրեններին ասաց. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առավել վախեցեք Նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը... ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են: Արդ մի՛ վախեցեք...» (Մատթ. 9.28-31):
Այս խոսքերով մեր Տերը հորդորում է ուրիշ ոչնչից չվախենալ, անգամ մեր մարմինը սպանողներից, որովհետև ավելին ոչինչ չեն կարող, այլ միայն վախենալ Աստծուց, Ով կարող է մեզ գեհենի կրակներին մատնել մեր մեղքերի և անօրենությունների պատճառով:

ՈՒՂԵՂԸ ՈՐՊԵՍ ԿԵՆԱՑ ԾԱՌ
Վախի սկզբնաղբյուրը մեր մեջ սկսվում է ուղեղի բջիջների սխալ ու անկանոն գործողությունից, այդ պատճառով մի փոքր էլ ծանոթանանք այդ մասին եղած նոր բացահայտումներին:
Գիտնականները հայտնաբերել են, որ մարդու մտքերի դրական ուղղվածությունը կարող է նույնիսկ իր սեփական գենետիկական բացասական տվյալների վրա ազդել, քանի որ երկու բռնցքաչափ ուղեղում ձևավորվում է մարդու կյանքի հետագա ընթացքը: Մարդու ուղեղը նման է յուրահատուկ ծառի, որտեղ կան 100 միլիարդ նյարդային բջիջներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է տալ 200000 ճյուղավորում:
Նույնիսկ գիտնականները հայտնաբերել են, որ ի սկզբանե, երբ մարդու մտքերի ուղղվածությունը դեպի դրականն ու սիրո կողմն է ուղղված, մարդու ուղեղի ծառը կանաչ ու գեղեցիկ տեսք է ունենում, մանավանդ երբ մարդը բարին է խորհում: Բայց երբ մարդն իր ազատ կամքով փոխում է այդ ուղղվածությունը դեպի բացասականն ու չարը, այդ ժամանակ հակառակվում է աստվածային կամքին ու Իր Խոսքին, Ով ասաց. «Սիրեցե՛ք միմյանց», «Ներե՛ք, որպեսզի ներում ստանաք»:
Օրինակ, վախի ու սթրեսների ժամանակ 1400 քիմիական, ֆիզիոլոգիական ռեակցիաներ են առաջանում, որոնց ժամանակ մեր ուղեղի ծառը ոչ թե կենաց կանաչություն է ունենում, այլ չորացած ծառի է նմանվում:
Երբ մարդը հարաբերվում է Աստծո խոսքի հետ, օրհնելով ու փառաբանելով Արարչին, այդ ժամանակ ուղեղը թարմանում է դրական լիցքավորված բջիջներով, ու առավել երկարակյաց դառնում, ու նրան չի սպառնում հիշողության կորուստը (սկլերոզ):
Նույնիսկ մարդը կարող է աճեցնել ուղեղային բջիջներ, և այն մարդիկ, ովքեր իրենց ուղեղը ամեն օր սնում են Աստծո կենդանի խոսքով՝ Սուրբ Գրքի մտքերով, ծերության ժամանակ առավել իմաստուն են դառնում:
Որպես հիշողության պահպանման լրացուցիչ միջոց բժիշկները խորհուրդ են տալիս ցինկի հաբերն ու ձկան յուղը, որոնք օգտակար են ուղեղի աշխատանքի համար: ՈՒղեղը նաև դեպամինի կարիք ունի, որը վերականգնվում է կանաչ և սև թեյի ու զանազան արմտիքների միջոցով: Հին բժշկարաններում կարդացել եմ, որ հիշողության համար լավ է խունկը նաբաթ-շաքարի հետ, այն է՝ դրանք միասին ծամել: Վնասակար են սովորական շաքարը, աղը, թունդ ալկոհոլային խմիչքները, որոնք ուղեղի օգտակար ու կենսատու բջիջները նախ թառամեցնում են, ապա սպանում:
Վերջին հորդոր. Վախի ժամանակ հիշենք սաղմոսի այս տողերը և հաճախակի կրկնենք. «Տե՛րն իմ լույսն է ու կյանքը, ես ումի՞ց վախենամ, Տե՛րն իմ կյանքի ապավենն է, ես ումի՞ց դողամ» (26.1):
Մեր Տեր Հիսուսն Իր Խաչով հաղթեց սատանային ու մահվանը, և մեզ հորդորեց ասելով. «Մի՛ վախեցեք, Ես հաղթեցի՛ աշխարհին»:
ՈՒրեմն չվախենանք. եթե Աստված մեզ հետ է, ո՞վ է մեր դեմ:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ