Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կլինի այն, ինչ եղել է, և ինչը չի կարելի թույլ տալ, որ կրկնվի

Կլինի այն, ինչ եղել է, և ինչը  չի կարելի թույլ տալ, որ կրկնվի
07.02.2014 | 12:42

(սկիզբը՝ այստեղ)

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՎ…


Այժմ զուգահեռներ անցկացնենք Շահրիմանյանների ու Լազարյանների միջև:
Խոր և համապարփակ ինտեգրումը եվրոպական կյանքին, այն էլ՝ դավանելով կաթոլիկություն, Շահրիմանյանների պարագայում հանգեցրեց ազգային ինքնության լիակատար կորստի և ուծացման: 1788 թ. Լիվոռնոյում ապրում էր արական սեռի 11 Շահրիմանյան, իսկ մեկ դար անց ոչ մեկը չէր մնացել: Գասպար Սահրադի Շահրիմանյանի որդի Բարսեղ-Բազիլիոն ձեռնադրվեց մոնսինյոր, հետագայում նշանակվեց մի շարք շրջանների նահանգապետ (governatore), իսկ ոմն Ալֆոնսո Դոմենիկո Սերիմանն ընտրվեց եպիսկոպոս: Այսօր Շահրիմանյանների ազգանունով Վենետիկում պահպանվել է Salizada Seriman պալատ-հյուրանոցը:
Հովհաննես Լազարյանի կառուցած Սբ. Կատարինե եկեղեցին ներկայում Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հայոց հոգևոր կենտրոնն է:
Պալատական խորհրդական Մինաս Լազարյանի, ինչպես նաև նրա եղբայր Հովհաննեսի կտակած դրամագլուխներով 1815 թ. կառուցվեց Մոսկվայի Վագանկովսկոյե գերեզմանատան Սբ. Հարություն եկեղեցին, որ գործում է մինչ օրս:
Խաչատուր Լազարյանի, ինչպես նաև նրա հոր կտակներով 1779 թ. Մոսկվայի Ստոլպովյան (Հայկական) նրբանցքում կառուցվեց Կենարար Սուրբ Խաչվերացի (Св. Крестовоздвиженская) եկեղեցին, որն ավերվեց XX դ. 30-ականներին: Եվ առհասարակ Լազարյանները Ռուսաստանի տարածքում կառուցեցին 20 եկեղեցի:
Ֆրյանովոյի Հովհան Նախավկա եկեղեցին փակվեց 1940 թ., որից հետո ոչնչացվեց նրա հարուստ ներքին հարդարանքը: 1989 թ. տաճարը կրկին հանձնվեց ռուս ուղղափառ եկեղեցուն ու հավատացյալների առջև դռները բացեց 1990 թ. հունվարի 30-ին:
Արական սեռի ժառանգ չունենալու պատճառով Լազարյանները 1826 թ. ստիպված եղան Ֆրյանովոյի մետաքսագործական ֆաբրիկան վաճառել: 1918 թ. ձեռնարկությունն ազգայնացվեց, ստացավ «Մանածագործական տրեստի Ֆրյանովոյի ինտերնացիոնալ տեքստիլ ֆաբրիկա» անվանումը և ամբողջ XX դ. ընթացքում համարվում էր ԽՍՀՄ տեքստիլ արդյունաբերական խոշորագույն ձեռնարկություններից մեկը:
2004 թ., երախտիքի արժանի մի խումբ ռուս մարդկանց շնորհիվ, վերականգնվեց Հովհ. Լազարյանի՝ Ֆրյանովոյում գտնվող կալվածատան ներքին հարդարանքը, ու բացվեց այսօր գործող պատմաերկրագիտական թանգարանը:
Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի, հայ (ու նաև ռուս) մտավորականության կրթման գործում նրա դերի ու նշանակության մասին այնքան է գրվել ու խոսվել, որ մենք այստեղ ավելորդ ենք համարում կրկնելը: Հավելենք միայն, որ այդ շենքում այսօր գտնվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Այս ամենը պատմական իրողությունների արձանագրում է:


…ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԻՆ ՀԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ


Նախ, հարկ է պարզել, թե ով է միջին հայը, որովհետև կռիվը նրա համար է, և բոլոր հարցերն ուղղված են նրան:
ՈՒրեմն, ո՞վ է նա. անջատեք, մի կողմ դրեք հանճարներին ու տականքներին և կստանաք մեծամասնություն հանդիսացող միջին հայ:
Նա միամիտ, իմաստուն և հոգնած ծերունի է: Բոլոր հարցերի պատասխանն ունի իր բազմադարյա պատմության էջերում, բայց զուրկ է սեփական պատմությունից դասեր քաղելու ընդունակությունից: Պատմական անցյալը նրա մաշկի տակ է, շարակցական հյուսվածքներում, բայց ոչ գիտակցության մեջ: Հենց որ անցյալը հասնում է գիտակցությանը՝ դառնում է հաղթող:
Յուրաքանչյուր միջին հայի մեջ բնավորված է անարդարության զգացման մոլեկուլ, որը նրան դրդում է դրստել սեփական կյանքը, դարձնում անձնապաշտ. նրա ընտրությունն անձնական է, սերն ու ատելությունը անձնական են, անգամ թվաբանությունն է անձնական:
Գրեթե ոչ ոքի և ոչինչ չի սիրում և, առաջին հերթին, չի սիրում իշխանավորին, որն իր նման մեկն է և որևէ տեսանելի շնորհ չունի:
Խայծակուլ է ու հեշտությամբ ուղղորդվող: Երբ նրան ասում են. «Սեփական հայրենիքում մարգարեներ չկան», հասկանում է բառացի, հավատում և ընդունում է ու սպասում մինչև սեփական մարգարեները մեռնեն, հետո բարձրացնի պատվանդան ու խնկարկի: Ողբի ու խնկի կարիք ունի:
Այնքան է խաբվել, որ ինքն էլ է խաբեբա դարձել: Այնքան է կաշառք տվել, որ ինքն էլ է կաշառակեր դարձել:
Օտարամոլ է. բավական է օտարերկրացին մի հայերեն բառ արտաբերի, տան ունեցած-չունեցածը կփռի դեմը: Խայծիկ է, որ կուլ է տալիս:
Միջին հային հնարավորինս սպառիչ բնորոշելու համար անհրաժեշտ է առանձին ուսումնասիրություն կատարել, ինչն առայժմ իմ գործը չէ, ես թվարկեցի ընդամենը մի քանի առանձնահատկություններ, որոնք առնչություն ունեն այս նյութի հետ:
Եվ ահա հայաստանցի այս միջին հային մատուցվեց նոր երկընտրանք՝ Եվրո՞պա, թե՞ Ռուսաստան, և առանց նրան հարցնելու ընտրություն կատարվեց հօգուտ երկրորդի:
Ի՞նչ է դա նշանակում: Ոչ այլ ինչ, եթե ոչ արտագաղթի օրինականացում, «քաղաքակրթացում»: Ոչ այլ ինչ, եթե ոչ վարած տնտեսական քաղաքականության (եթե, իհարկե, այդպիսին գոյություն ունի) սնանկության ճանաչում ու լիակատար զենընկեցություն: Նժդեհն ասում էր. «Կյանքի ամենամեծ ուժը, ամենամեծ արժեքը, ամենամեծ աստվածությունը աշխատանքն է: Աշխատանքն է օրենքների օրենքը հայու համար»: Աշխատասեր, ստեղծարար, աչքաբաց միջին հայից խլել են իր աստվածությունը և «գործուղում» են Մաքսային միություն, որը ոչ միայն տնտեսական կառույց է, այլև նեոգաղութացման նորահնար տեխնոլոգիա:
Անհնար է առանց զզվանքի վերաբերվել նրանց, ովքեր լափասեղանների առջև կոնծելով բարբառում են. «Արա, դե, գաղթական ժողովուրդ ենք, էլի»: Ո՞Ւմ պատճառով է հայը գաղթական դարձել՝ օտարի՞: Վեց դար պետականություն չի ունեցել, ի՞նչ պիտի աներ: Պիտի հայտնվեր Հնդկաչինից մինչև Ամերիկա, Սկանդինավիայից մինչև Աֆրիկա, ասոցացվեր, ինտեգրվեր և… ձուլվեր: Կամ չձուլվեր, մի կերպ ինքնությունը պահպաներ ու վերածվեր լակմուսի թղթի՝ իր թվաքանակով ցույց տար այս կամ այն երկրի բարեկեցությունը:
Միջին հային հրամցված ցանկացած երկընտրանք, եռընտրանք, այլընտրանք շինծու է, օգտաբեր դրանք հորինողներին, բայց ո՛չ հային: XVII դարում Հայաստանում ու Եվրոպայում եռանդորեն շրջանառության մեջ դրվեց մի հին մարգարեություն, որը վերագրվում էր Սահակ Պարթևին: Համաձայն դրա, հայերը բարկացրել էին Աստծուն, ինչի համար էլ զրկվել էին թագավորությունից: Եվ ահա պիտի հառներ եվրոպական մի թագավոր, որը կվերականգներ պետականությունը, հայերին կազատեր տառապանքներից ու նրանց կվերադարձներ իրենց հայրենիքը:
Եվրոպայում էլ հայտնվեցինք, սրա-նրա դուռը թակեցինք, թե՝ վերականգնեք մեր պետականությունը: Արդյունքում ի՞նչ ստացանք: Երբ մեկուկես միլիոնը ցեղասպանվեց, մեկնումեկը մատը մատին խփե՞ց: Հիմա ունենք այն, ինչ երազել ենք դարեր շարունակ, բայց կրկին սրա-նրա դուռն ենք թակում, հիմա էլ թե՝ եկեք մեր ժողովրդին պահեք: Այս պրագմատիկ դարում ո՞ր հիմարը նման բան կանի առանց պահանջ դնելու:
Անհնար է առանց զզվանքի վերաբերվել նրանց, ովքեր լափասեղանների առջև նրբախորտիկներ են խփշտում ու «հայրենասիրական» կոչ հղում՝ մի՛ արտագաղթեք: Սա կուշտի կոչ է, իսկ կուշտը քաղցածին երբեք չի հասկանա: Լսած կա՞ք, որ մի կուշտ կամովին արտագաղթի: Կոչն էլ հղում է, որպեսզի քաղցածի վերջին պատառ հացն էլ ինքը կուլ տա:
Նախընտրական անկատարելի խոստումներ տվողից, կաշառակեր պաշտոնյայից, արնածուծ բիզնեսմենից, երեսպաշտ եկեղեցականից և նման կարգի հազարումի այլ տականքից լլկված Հայաստանի թշվառ, չքավոր, ունեզուրկ, արժանապատվությունը կորցրած միջին հայը հայտնվել է այնպիսի հեղձուկում, որից դուրս գալու միակ ելքը արտագաղթելն է, ինչն էլ նրան «մեծահոգաբար» մատուցում են: Մաքսային միությունը, Խոր և համապարփակ ասոցացման համաձայնագիրը կամ վաղը մոգոնվող մեկ այլ հրապույր նրա՝ դարեր շարունակ «օգտակար տարր» անվանված հայի առջև կբացի օտարության նոր տափաստաններ: Ի՞նչ է նրան սպասում. կդառնա օրինահնազանդ հրաշալի քաղաքացի, անմիջապես կարթնացնի դարակուտակ գենը և փայլուն հաջողությունների կհասնի բիզնեսում, բայց կկորցնի մայրենին ու կձուլվի: Կունենանք փորը կուշտ, բայց թերարժեքության բարդույթով տառապող միլիոնավոր նոր Շահրիմանյաններ ու Լազարյաններ:
Իսկ ի՞նչ է սպասում Հայաստանին: Երկիրը կդառնա հայաքաղաք՝ արմենոպոլիս: Պատմության ընթացքում ունեցել ենք չորս այդպիսի արմենոպոլիս. Գերլան ու Գրիգորիոպոլիսը վերածվել են երբեմնի հայության անտես ստվերների, Նոր Նախիջևանը՝ Դոնի Ռոստովի մի վարչական շրջանի, Նոր Ջուղան՝ Սպահանի թաղամասի: Հայաստանը կհայաթափվի ու կդառնա հայաքաղաք, հետո դարեր շարունակ կմտածենք, թե որտեղ կառուցենք Նոր Երևանը:
Կլինի այն, ինչ եղել է և ինչը կրկնվել չի կարելի թույլ տալ:
Իսկ կրկնվել թույլ չտալ կարող է նա, ով, ի տարբերություն XVII դարի քաղտեխնոլոգների հորինած առասպելի, կգա ոչ թե դրսից, այլ կծնվի սեփական ժողովրդի մեծամասնությունից:
Նա, որի օրոք չի լինի աղքատ, տնանկ, ունեզուրկ, կհարստանա ժողովուրդը, այլ ոչ ինքը և իր շքախումբը:
Ով տականքների արդարադատություն կիրականացնի Ազատության հրապարակում:
Ով քաղաքական հակառակորդներին չի արհամարհի, չի հետապնդի նրանց ժառանգներին, այլ կձևավորի համագործակցության մթնոլորտ:
Ով ներողություն կխնդրի ու կվերադարձնի Անկախությունից ի վեր երկրից արտագաղթածներին:
Ով կվերացնի շքանշանների, մեդալների, մրցանակների խայտառակ հերթն ու հերթագայությունը:
Ով Ամանորի նախօրյակին իր նստավայր կհրավիրի կյանքի քաղցրությունն ու դառնությունը չճաշակած, շփման գծում զոհված երիտասարդների ծնողներին ու կմխիթարի:
Ով կրթությունը կհամարի գերակայություն, որպեսզի անկիրթ լպիրշները չդառնան պատգամավոր, ինքնահավան միջակությունները՝ նախարար, փողոցային թալանչիները՝ բիզնեսմեն:
Ով օտարներին թույլ չի տա կառավարել երկիրը, կկարողանա բարեկամություն անել առանց քծնելու, շողոքորթելու, արժանապատվությունը ոտնահարելու:
Ով կհայտարարի՝ իմ հավատամքը հայն է ու հայաստանապաշտությունը և կգործի ոչ թե ի հեճուկս սեփական ժողովրդի, այլ ի հաճույս:
Ով… Էլ ո՞րը թվարկեմ: Սկզբում ասել էի, չէ՞, որ այլ եզրահանգումները կթողնեմ այլոց:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հ. Գ.- Հրապարակման մեջ բազմիցս գործածել ենք ռուբլու գումարային արտահայտություններ, և, որպեսզի պատկերացում տանք գնողունակության մասին, ասենք, որ 1787 թ. 1 ռուբլին = 2009 թ. 3800 ռուբլու:

Լուսանկարներ

. .
  • Հովհան Նախավկա եկեղեցին Ֆրյանովոյում
  • Հովհաննես  Լազարյան  (նկ. Ի. Լամպի)
  • Եղիազար  Նազարի  Լազարյան  (նկ. Ի. Արգունով)
Դիտվել է՝ 3526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ