«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հուդայի համբույրը

Հուդայի համբույրը
07.02.2014 | 11:50

«Իրատես de facto»-ի նախորդ երեք համարներում (2013 թ. 81-րդ, 82-րդ և 2014 թ. 1-ին համարներում) անընդմեջ կարդացինք Հուդայի համբույրի ու նրա նենգության մասին։ Փորձենք հնարավորինս լրացնել այդ կարդացածը, որպեսզի ամբողջացնենք Հուդայի պատկերը։

Համբույր էլ կա, համբույր էլ։ Իհարկե ամենաքնքուշն ու ամենաքաղցրը մայրական գորովանքով լի առաջին համբույրն է իր առաջնեկին, որ ծնվել է իր առաջին սիրո տղամարդ կեսի առաջին համբույրից։ Այսինքն՝ համբույրի տարատեսակները բազմազան են, ու յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում համբույրի էությունն ըստ իր սրտի էության պարունակության։ Բայց կա մի համբույր ևս, որն ամենանենգն ու դատապարտելին է, ու այդ համբույրի տարատեսակը կոչվում է Հուդայի համբույր, երբ համբուրողը սրտում չար դիտավորություն ունենալով, համբուրվողին է մոտենում բարեկամի կամ սիրելիի դիմակով։ Իսկ այդ տարատեսակը կոչվում է Հուդայի համբույր, որովհետև Ավետարանում կա այդ դրվագը նկարագրող քստմնելի պատկերը. «Հուդան՝ տասներկուսից մեկը, եկավ, ու նրա հետ՝ քահանայապետների և ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով: Եվ նա, որ Նրան մատնելու էր, նրանց նշան էր տվել ու ասել. «ՈՒմ հետ ես համբուրվեմ, Նա՜ է, Նրան կբռնեք»: Եվ սա իսկույն մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՛ւյն, Վարդապե՜տ», ու Նրա հետ համբուրվեց: Իսկ Հիսուս նրան ասաց. «Ընկե՜ր, սրա՞ համար դու եկար»: Այդ ժամանակ, մոտենալով, ձեռք բարձրացրին Հիսուսի վրա ու Նրան բռնեցին» (Մատթեոս 26.47-50)։
Երբ Հուդան Տիրոջը համբուրելով` ծախեց Նրան երեսուն դահեկանով, ու իր գործը ավարտված համարելով` գնաց, հետո իր արարքի ահավորությունը չտանելով, երեսուն արծաթը հետ վերադարձրեց ու դևերի դրդմամբ կախվեց, ու նրան շուտով ապականված գտան։ Այդ երեսուն արծաթը որպես արյան գին տաճարի գանձանակը չդրեցին, այլ այդ գումարով մի ագարակ գնվեց, որի անունը դրեցին Ակեդդամա, որ թարգմանվում է Արյան ագարակ, որտեղ թաղում են օտարներին։ Իսկ Գրիգոր Տաթևացին, երբ վարդապետեց այս մասին, ասաց, որ միայն Հուդայի շրթունքները չէին ապականվել նրա կախվելուց հետո, որոնք համբույրով դիպել էին Հիսուսի դեմքին։
Այսքանը բուն թեմայի ավետարանական իրողության մասին։ Իսկ այս թեման դեռ փակված չէ, քանի որ դեռևս կան Հուդային արդարացնողներ, որոնք իրենց ապականված մտքերին ապավինելով, փորձում են նրա մեջ տիեզերական առաքելություն կրող հերոսի տեսնել, ու դրանցից մեկն էլ գրեց մի գործ, որ կոչվում է «Հուդայի ավետարան»։ Վաղուց կարդացել էի, որ կան գրողներ, որոնք արդարացնում են Հուդայի մատնությունը, որպես անհրաժեշտություն, քանի որ մինչև Հիսուսին չբռնեին ու չխաչեին, մարդկությունը չէր կարող փրկվել։ Մարդկային տրամաբանությամբ միգուցե և ճիշտ է, բայց Աստծո տեսանկյունից միանգամայն անընդունելի ու սխալ։ Ինչո՞ւ, շատ պարզ։ Յուրաքանչյուր մարդ արարչական մեծ պարգև ունի, որ հատուկ է միայն հրեշտակներին՝ ազատ ընտրության կամք։ ՈՒ բոլորս էլ, ի վերջո, պետք է Աստծո դատաստանով անցնենք` ըստ չարի ու բարու մեր ընտրության արդյունքի։ Այդպես էլ Հուդայի պարագայում, ոչ ոք չպարտադրեց, որ նա Հիսուսին մատնի։ Նույնիսկ Մատթեոսի Ավետարանում այսպես է գրված. «Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։ Եվ մինչ նրանք ուտում էին, Նա ասաց. «Ձեզնից մեկն Ինձ մատնելու է»։ Նրանք խիստ տխրեցին. նրանցից յուրաքանչյուրն սկսեց ասել Նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։ Նա պատասխան տվեց ու ասաց. «Ով իր ձեռքն Ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է Ինձ մատնելու» (Մատթեոս 26.20-23)։ Եթե ընթերցողը ուշադիր եղավ, այս տողերի մեջ մի խոսք կա, որ մտորելու առիթ է տալիս, երբ Հիսուսի բոլոր աշակերտները հարցրին. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։ Այս տողերից կարելի է հասկանալ, որ բոլոր աշակերտների փորձիչը՝ սատանան, մեկ-մեկ մոտեցել ու փսփսացել է, որ Հիսուսին մատնեն։ Իսկ Հովհանու ավետարանում մատնության այդ գիշերվա նկարագրության մեջ հոգեբանական մի շատ նուրբ պահ կա, որին դարձյալ քչերն են ուշադրություն դարձրել, երբ Հիսուսն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն Ինձ մատնելու է»: Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թե ում մասին է ասում: Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նստել էր Նրա մոտ: Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ում մասին է ասում: Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց Նրան. «Տե՜ր, ո՞վ է»: Հիսուսը պատասխանեց և ասաց. «Նա է, որի համար Ես այս պատառը կթաթախեմ և կտամ իրեն»: Եվ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Հուդային: Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մեջ: Հիսուսը նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա» (Հովհ. 13. 21-27): Ավետարանական այս դրվագում հայտնապես երևում է, որ Հուդան իր հոժար կամքով արդեն հաստատ որոշել էր Տիրոջը մատնել ու իր մտադրությունից հետ չկանգնեց, նույնիսկ երբ այդ մասին հայտարարեց Հիսուսը։ Իսկ երբ նա անձամբ իր ձեռքով վերցրեց Հիսուսի ձեռքից պատառը, ավետարանիչն ասում է, որ այդ ժամանակ սատանան նրա մեջ մտավ։ Մինչ այդ չի ասվում, որ նրա ներսում էր, այլ վերջնական որոշումից հետո միայն սատանան իրավունք ստացավ Հուդայի ներսը մտնելու։ Իսկ Մատթեոսի ավետարանում Հիսուսն ասում է. «Մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես Նրա մասին գրված է, բայց վա՛յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի մարդու Որդին: Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ»: Հուդան, որ մատնելու էր Նրան, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապետ»: Նրան ասաց՝ «Դո՛ւ ասացիր» (Մատթ. 26. 24-25): Այսինքն, Տերն ամեն բան արեց, որ Հուդան հետ կանգնի իր նենգ մտադրությունից, բայց նա անդրդվելի մնաց ու գնաց կատարելու այն, ինչ ուզեց բացարձակապես կամավոր, իր կամքը սատանայի կամքին մեկտեղելով։ Իսկ կամավոր ու անզղջում մեղքը մահացու մեղք է համարվում, դրա համար էլ Հիսուսն ասաց, որ լավ կլիներ նման մարդ ծնված չլիներ։
Եվ, դժբախտաբար, շատ քրիստոնյաների հետ այդ նույն բանն է կատարվում, երբ մկրտությունից հետո նրանք կամավորապես շարունակում են մեղքին ու իրենց չար ցանկություններին ծառայել, անարգելով Տիրոջ պատվիրանները։ ՈՒ վերը կարդացած պատգամներից այս մեկը հենց այդպիսիների համար է գրված. «Հուդան Ինձ դավաճանեց, բայց քանի՜-քանիսը Հուդայի պես դեռ շարունակում են դավաճանել։ Ես այդ պահին արդեն գիտեի, որ նրա համբույրը տարածվելու է շատերի մեջ, և եկող սերունդների կողմից այդ նույն համբույրը կրկին ու կրկին տրվելու է Ինձ՝ նորոգելով վիշտս, պատռելով սիրտս»։
Շարունակենք այս թեման, քանզի Հիսուսի մարգարեացած այդ խոսքերը՝ Հուդայի համբույրը, առաջին դարերից իր ապականող գործն սկսել է ու մինչև մեր օրերն է շարունակվում։ «Հուդայի ավետարան» գիրքը նրանով էր հետաքրքիր, որ 1945 թ. Եգիպտոսի Հագ¬Խամմադ վայրում ղպտերեն (հին եգիպտացիների այժմ չգործածվող լեզուն է) ձեռագիր պապիրուսներ են գտել մի կավե կճուճի մեջ։ Երբ, ի վերջո, գիտնականները, տասնյակ հազարավոր դոլարներ վճարելով, ձեռք են բերել դրանք միջնորդ առևտրականներից ու վերծանել գրվածքը, նախ նրանք ապշել են վերնագրից, որ մինչ այդ ոչ ոք նման բան չէր լսել. «Հուդայի ավետարան»։ Մինչ այդ հայտնաբերել էին պարականոն անուններով այլ ավետարաններ, օրինակ, Թովմասի ավետարան, Մարիամ Մագդաղինացու ավետարան և այլն, բայց Հուդայի ավետարան դեռ աշխարհը չէր լսել։
Հուդայական ավետարանի առաջին զոհը դարձավ այդ ձեռագրերը գտած ընտանիքը, որի գլխավորին սպանեց նրանց նախանձող մի այլ ընտանիքի գլուխը։ Նրան էլ իր հերթին սպանեց մյուս ընտանիքի անդամներից մեկը։ Հուդայի անեծքը դարեր անց դարձյալ գործեց, ու դարձյալ փողի պատճառով, քանի որ այդ գտած պապիրուսները չափազանց թանկ գնահատվեցին, և, ի վերջո, այդ մի քանի տասնյակ խունացած պապիրուսների գինը հասավ միլիոնավոր դոլարների. մեղավոր աշխարհը չափազանց թանկ գնահատեց մոլորության ավետարանը, քանի որ իրեն շատ հարազատ բան գտավ դրա մեջ։ Օրինակ, ծանոթանալով այդ գրվածքների հետ, շատերը, վարակվելով գնոստիկական այդ գաղափարներից, գրեցին իրենց սեփական վարկածները այդ հարցի շուրջ։ Շատերիս հայտնի Դենի Բրաունի «Դա Վինչիի կոդը» ստեղծագործությունը 2003 թվականին հենց «Հուդայի ավետարանի» հիման վրա է մոգոնվել։ Դրա մասին շատերը նաև համանուն ֆիլմը դիտեցին ու իրենց հավատի տկարության պատճառով ընկան տարակարծության մեջ, թե գուցե և իսկապես Հիսուսը Մարիամ Մագդաղինացուց սերունդ է ունեցել։ Եթե մինչև հիմա նման վարկածին հավատացող մարդիկ կան, ապա թող այդպիսիք հաստատ իմանան, որ իրենց մեջ ոչ թե Աստծո Հոգին է գործում, այլ անձամբ սատանայի որոմն են ընդունել։ Հետևապես, հնարավորինս շուտ պետք է ձերբազատվել այդ պիղծ մտքերից, քանի դեռ դրանց դառնության պտուղները չեն համտեսել։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Քանի որ նրանք չընդունեցին Ճշմարտության Սերը, Աստված էլ մոլորության ոգի ուղարկեց, որ ստությանը հավատան»։ Իսկ Ճշմարտության Սերը միայն Հիսուս Քրիստոսն է, ՈՒմ սրբությունն ու Սերը մերժողներն ընկնում են դիվական խաբկանքների մեջ։ Հնում ընդհանրական եկեղեցին պայքարել է «Գնոստիկներ» կոչվող աղանդի դեմ (այսպես կոչված, խելքին զոռ տվողներ), ովքեր, հեթանոսական ու նախնի փիլիսոփայական գաղափարներից չհրաժարվելով, փորձել են այդ ապականված թթխմորով քրիստոնեության մեջ մտնել, ու դրա հետևանքն են եղել նրանց մոգոնած տասնյակ պարականոն գրքերը, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում` ղպտերեն։
Իսկ անտեղյակ ընթերցողներին ասենք, որ առաքելահիմն եկեղեցին որպես սուրբ ընդունում է միայն չորս ավետարանները, իսկ մնացածներն անվանում է պարականոն կամ երկրորդականոն, ու մերժում այնտեղի գրվածքները որպես ճշմարտություն։ Ձեռագրերի վաղեմությունը կամ հնությունը դեռևս ճշմարտության չափանիշ չեն, սխալվել ու մոլորվել են դարեր առաջ, սխալվում են նաև մեր օրերում, եթե ամուր չեն կառչում Տիրոջ միակ ճշմարտությունից, որ մեզ է հրամցվել Սուրբ Հոգու միջոցով։ Այդ է պատճառը, որ մեր նախնի հայրերն ու վարդապետները, զգուշանալով աշխարհում տարածված մոլորություններից, վայրիվերո կերպով ձեռքներն ընկածները չեն թարգմանել, այլ նախապես աղոթքով քննել են դրանց անաղարտությունը։ ՈՒ մինչև հիմա էլ արտասահմանցի հայագետները հիացել են մեր սուրբ թարգմանիչների հմտությամբ ու խորագիտությամբ։
Իսկ հոգևոր իմաստով Հիսուսի հարսն Իր Եկեղեցին է, որ աշխարհին ներկայացնում է Քրիստոսին և հավատարիմ է մնում Իր Փեսային։
Այս ամենը գրվեց որպես օգնություն այն ընթերցողներին, ովքեր այս ամենի մասին լսելով կամ կարդալով, գուցե և ընկել են զանազան մոլորեցնող թյուր և վտանգավոր տարակարծությունների մեջ։
Պատմական իրողության հավելում. արդեն կարդացինք, որ Հուդան մատնությունից հետո տաճարականներից վերցրած երեսուն արծաթը տարավ ու վերադարձրեց նրանց, որոնք այդ գումարը անմաքուր և արյան գին համարելով մի հողամաս գնեցին, որն էլ կոչեցին Արյան ագարակ։ Ահա դարերով այդ տարածքը այդպես էլ մնաց որպես այդպիսին, ու այնտեղ թաղվում էին օտարներն ու այդ երկիր եկած ու այնտեղ մահացած ուխտավորները։ Այդ տարածքը այժմ գտնվում է ժամանակակից Երուսաղեմի մերձակայքում, և ըստ այս երկիրը դարեր առաջ գրաված մահմեդական տիրակալների ֆերմանի՝ հրամանի, Ակեդդաման՝ Արյան ագարակը, այժմ պատկանում է մեր սուրբ Հակոբյանց Երուսաղեմի պատրիարքությանը։ Ըստ հավաստի աղբյուրների, այդ հողը զարմանալի հատկություն ունի. այնտեղ թաղված մեռած մարմինները կարճ ժամանակում փտում են, ու մնում են միայն ոսկորները, որոնք հավաքում են մի կավե արկղի մեջ ու պահում մինչև հարության օրվա հույսի կատարումը։
Իսկ ըստ հոգևոր իմաստի, արյան ագարակ են համարվում նաև մեր մեղանչական մարմինները, և երբ գա Աստծո հրամանով մեր վերադարձի ժամանակը, մենք լքելու ենք այն ու բեռնավորված կա՛մ մեղքերով, կա՛մ բարի գործերով, վերադառնալու ենք մեր Արարչի առջև՝ պատասխան տալու այս պանդխտության մեջ կատարածների համար։ Աստված մեզ իմաստություն շնորհի այս կարճ ժամանակը, որ կյանք ենք անվանում, Իր սուրբ պատվիրանների համաձայն ապրելու։ Եվ թող Աստված բոլորիս օգնի միայն Իր փրկարար ճշմարտության մեջ քայլելու, իսկ մեր հոգու շրթունքների համբույրը թող միայն Հիսուսին ու Իր սրբուհի Մորն ուղղվի որպես Իրենց սիրող զավակներ. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ