Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ժիրայր Լիպարիտյանը՝ 15 տարի առաջ և հիմա

Ժիրայր Լիպարիտյանը՝ 15 տարի առաջ և հիմա
07.02.2014 | 12:56

ՀՀ առաջին նախագահի 1994-97 թթ. ավագ խորհրդական, պատմաբան, պաշտոնաթողությունից հետո ԱՄՆ-ում բնակվող Ժիրայր Լիպարիտյանը վերջերս պարբերաբար հանդես է գալիս մամուլում և իր տեսակետները ներկայացնում Հայաստանի ընթացիկ քաղաքականության վերաբերյալ: Լիպարիտյանը անողոք քննադատության է ենթարկում հատկապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյա շրջանը: Մեր թերթին տված հարցազրույցում էլ Լիպարիտյանը չի շրջանցել Քոչարյանի պաշտոնավարման թեման և, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է. «Սակայն կուզենայի երկու խոսքով անդրադառնալ Քոչարյանի արտաքին քաղաքականությանը: Իմ կարծիքով` Քոչարյանը արտաքին քաղաքականություն չի ունեցել: Նա 10 տարի ժամանակ է վատնել` չառաջարկելով ոչինչ, չլուծելով ոչ մի հարց, դժվարացնելով հարցերի լուծումն ու տապալելով այն, ինչ կարող էր իր հանգիստը խանգարել: Մենք այդքան դժվարության մե՞ջ ենք, որ մի լավ բան ենք փնտրում Քոչարյանի և Սարգսյանի արտաքին քաղաքականությունների համեմատության մեջ»:

Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հարցին էլ Ժիրայր Լիպարիտյանը պատասխանել է.
«Բավական դժվար է, որովհետև անկախ նրանից, թե այսօրվա քաղաքական գործիչներն ինչ կասեն, ժողովուրդն իր դատողությունն ունի, և չեմ կարծում, թե այդ վերադարձը նորմալ պայմաններում հնարավոր է: Իմ կարծիքով` Քոչարյանի 10 տարիները մեզ համար կորսված, նույնիսկ վնասակար տարիներ էին և՛ պետականության կառուցման տեսակետից, և՛ տնտեսության: Տակավին կան հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը ու միջանկյալ այլ պարագաներ, որոնք ժողովրդի մտքի մեջ հստակ ու ժխտական պատկերացում են թողել այդ քաղաքական դեմքի մասին: Իսկ ի՞նչ իշխանափոխության մասին է խոսքը, եթե Սերժ Սարգսյանի փոխարեն Քոչարյանն է գալիս կրկին»:
Հիմա հետ գնանք և տեսնենք, թե ինչ կարծիք է հայտնել Ժիրայր Լիպարիտյանը Ռոբերտ Քոչարյանի մասին 1999 թ. իր հրատարակած «Պետականության մարտահրավերը» գրքում, որը Հայաստանի անկախությունից սկսած մինչև 1998 թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակաշրջանում հայաստանյան պատմական իրադարձությունների համառոտ ամփոփումն է, պատմական շարադրանքը:
«Հայաստանի քաղաքացիները շրջահայաց են, սիրում են հավասարակշռություն ու դատողություն հանդես բերող անհատների: Ծայրահեղությունների հանդեպ վստահություն չեն տածում, գաղափախոսականացված ճառեր չեն սիրում: Եվ սիրում են կայունություն: Այդ է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը 1998 թ. նախագահական ընտրություններին ստացան քվեների առավելագույն քանակը: Երկուսն էլ ցուցաբերել էին հաստատունություն, հավասարակշռություն, շրջահայացություն, անհատական ուժ և գաղափարախոսականացված զրույցների ու լուտանքներով լեցուն ճարտասանության բացակայություն»:
Մեկ այլ տեղ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, Ժիրայր Լիպարիտյանը նշում է. «Թերևս, Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է. նա կարող է հաջողության հասնել իր ծրագրի իրականացման մեջ և գտնել ավելի լավ պահ: Հնարավոր է, որ այնպիսի չափերի տնտեսական աճ տեղի ունենա, որ հանգեցնի Հայաստանի ու Ղարաբաղի ազգաբնակչության կյանքի որակական բարելավման, որ՝ առանց նոր ռազմական գործողությունների դիմելու, պահպանվի ուժերի հավասարակշռությունը, և որ՝ Ադրբեջանի կողմից իր ապագայի վերաբերյալ լավատեսության հիմքերն այնքան խարխուլ լինեն, որ նա ստիպված լինի Ղարաբաղին ու Հայաստանին տալ այն ամենը, ինչ նրանք ցանկանում են: Հավանական սցենար չէ, բայց հնարավոր է:
Սակայն որպեսզի այդ սցենարը հաջողվելու հնարավորություն ունենա, հայերը Հայաստանում, Ղարաբաղում և Սփյուռքում՝ իբրև ղեկավարներ, իբրև կազմակերպություններ, իբրև կուսակցություններ, այդ սցենարին պետք է հնարավորություն տան գործելու: Հատուկ պատասխանատվություն է ընկած նրանց ուսերին, ովքեր մերժեցին խաղաղության՝ մինչ այժմ ներկայացրած բոլոր հնարավորությունները, և ովքեր հետևողական աշխատանք տարան՝ խարխլելու համար Լ. Տեր-Պետրոսյանի դիրքերն ու քաղաքականությունը: Նրանք Ռ. Քոչարյանին համոզեցին, որ իրադրության իր մեկնաբանումը ճիշտ է, և քաջալերեցին Ղարաբաղի հարցում նրա բռնած դիրքը»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ