Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք, որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից»

«Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք, որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից»
10.02.2014 | 17:40

«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Նոր տողից» բանաստեղծական ժողովածուի և «Գերեզմանիա» վիպակի շնորհանդեսը: «Նոր տողիցը» ընդգրկում է Հովհաննես Գրիգորյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները, լույս է տեսել անցած տարի: «Գերեզմանիան» ընթերցողի դատին հանձնվեց բանաստեղծի մահվան տարելիցի օրը:

Տարածված կարծիք կա, որ գրողին ճանաչում են մահից հետո:
Գրող, կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց, որ Հովհաննես Գրիգորյանն իր գործունեությունը սկսել է «Գարունից», իսկ «Գարունն» այն ժամանակ քիչ թե շատ գրագետ յուրաքանչյուր մարդու ձեռքին էր և տպագրվում էր մինչև 50 հազար տպաքանակով: «Մանավանդ ուսանողությունը նրա առաջին ընթերցողն էր: Հիմա նույնպես երիտասարդությունն է նրա նվիրյալ ընթերցողը: ՈՒրեմն Հովհաննես Գրիգորյանի գրականության մեջ մի հատկություն կար, որ թարմ մտքի տեր մարդը պիտի առաջին հերթին այդ բանաստեղծությունը զգար ու համարեր իրենը: Նա իր ժամանակից փոխանցվեց այս ժամանակին»։ Դավիթ Մուրադյանը նկատեց, որ նրա գրականության մեջ կա մարդու հետ խոսելու բանալի, նրա և ընթերցողի միջև գրեթե տարածություն չկա, պոետական պառնասային բարձունքներից չի խոսում մարդու հետ, այլ կողքին կանգնած, աչքերի մեջ նայելով, զրուցելու պես է խոսում, և դա նրան դարձնում է այս ժամանակի բանաստեղծ:
Ավելի ուշ իր ելույթում Դավիթ Մուրադյանն ասաց, որ միստիկ մի բան կա, երբ գրողի գիրքը բացում ես, ինքը ներսում է. «Դուք չունե՞ք այն զգացողությունը, որ դուք Մարկեսի հետ անձամբ ծանոթ եք կամ Էքզյուպերիի, կա, չէ՞: Ցանկացած պահի, երբ բացեք Հովհաննես Գրիգորյանի գիրքը, ինքը գալու է, բայց լուռ է մնալու, որովհետև գիրք կարդացող մարդուն չեն խանգարում»:
«Հովհաննես Գրիգորյանն իր կենդանության օրոք շատ սիրված ու գնահատված էր, այլ հարց է, որ ճանաչողությունը, կարդալը փառք ու պատիվ են բերում գրողին, այսօր նրան կարդալը, ճանաչելը փառք ու պատիվ են ընթերցողի համար»,- նկատեց գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, նշեց, որ վիպակը ներկայանում է փոքր-ինչ անավարտության մեջ, բայց այն, ինչ կա, ուղղակի ձեռքբերում է մեր արձակի համար: Մյուս կողմից` կա ներքին զգացողություն, որ, նա, այնուամենայնիվ, ավարտել է վիպակը, և իրենք հրատարակել են վերջնական աշխատանքը:
«Գերեզմանիա» վիպակի խմբագիր ՀԱՍՄԻԿ ԽԵՉԻԿՅԱՆՆ ասաց, որ բոլոր ձեռագրերը, մամուլում տպագրված հատվածները հավաքել են, համեմատել` փորձելով վերջնական տեսքի բերել. «Կարծում եմ` այս վիճակով բավականին ամբողջական է, երևում է ավարտը, ինձ թվում է` մեկ գլուխ է պակասում։ Հովհաննես Գրիգորյանը եզակի էր ոչ միայն որպես գրող, այլև մարդ, ընկեր, և իր բացակայությունը շատերն են զգում»:
«Ցավոտ օր է մեզ համար, հիշում եմ` մեկ տարի առաջ ձյուն եկավ, ես համոզված էի, որ այս տարի էլ ձյուն է գալու: Կարծում եմ` սրանից հետո միշտ պետք է պայծառ լինի, իր ցանկությամբ»,- ասաց բանաստեղծի դուստրը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ու հավելեց, որ մահվան տարելիցի օրը այսպիսի գիրք ծնելը, նոր խոսքով հայտնվելը աշխարհին բոլորին տրված չէ:
Բանաստեղծ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ կարծիքով` կյանքը, ընդհանրապես, անավարտ է, ու բոլոր մեծ գործերն անավարտ են:
«Մենք 50 տարվա ընկերներ էինք: Իմ բանաստեղծությունները և Հովհաննեսինը շատ տարբեր էին, բայց հիմքը նույնն էր, հիմքը գալիս էր պոեզիայից: Շատ էր մոտեցնում կյանքին նրա պոեզիան, երբեմն նույնիսկ վտանգավոր էր: Բայց պոետական ինտոնացիան նրա այնքան խորն էր, անձնական, որ երբեք չէր ձուլվում, կյանքի մեջ թևերը չէր վառում: Ինչքան մոտենում էր կյանքին, այնքան հեռանում էր կյանքից»:
Բանաստեղծ, թարգմանիչ ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻ կարծիքով` տարբեր բանաստեղծներ չեն լինում. եթե հիմքում լավ պոեզիա է, խորունկ պոեզիա, մեծ պոեզիա, տարբերությունը վերանում է. «Ֆոլքներն ասում է` ամեն մարդ գալիս է աշխարհ, որ ասի` այս ես եմ: Հովհաննես Գրիգորյանն ասաց, որ այդ ինքն է, ինքը գոյություն ունի պոեզիայի մեջ, բարդ պոեզիայի մեջ: Նա մեղմ էր, մարդկային, քնքշության հասնող բնավորություն ուներ: Զարմանալի համեստ էր, ես ասում էի` ո՞նց ես կարողանում վիթխարի հումորդ ու համեստությունդ համատեղել: Միանգամից անցում ենք կատարում նրա անգնահատելի հատկությանը` հումորին, որը նաև բանաստեղծությունների մեջ է արտահայտված: Բայց Հովհաննեսի նպատակը հումորը չէր: Հումորի վարագույրները եթե բացեիր, այնտեղ կտեսնեիր ողբերգություններ, դրամատիզմներ, տխրություններ»:
Գրականագետ ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ կարծիքով` Հովհաննես Գրիգորյանը նոր տողից է սկսում հայ պոեզիան, նա երբեք չդավաճանեց իր սկզբունքներին` բանաստեղծական ընկալման մեջ և ստիպեց մարդկանց փոխվել: «Փոփոխությունը զգացին նաև ավագ սերնդի մարդիկ` Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, մարդիկ, որ թվում է` այն ճամբարից էին: Եվ այդ փոփոխություների միջոցով փոխվեց մեր գրականությունը, մենք մտանք այդ նոր տողի սահմաններից ներս, դա ի՞նչն է, ո՞ւր է տանում մեզ, մենք էլի լավ չենք հասկանում»,- ասաց գրականագետը: Նա դրական գնահատեց այն, որ շնորհանդեսը կազմակերպվում է ոչ թե սրահներում, գրողների միությունում, այլ գրախանութում: «Գրողին մենք պետք է տեսնենք գրքերի մեջ»,- նկատեց նա։
Արձակագիր ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆՆ ասաց, որ դժվար է խոսել մի պոետի մասին, ում շատ է սիրում, ինչ էլ խոսի, քիչ է լինելու, ինչ սահմանումներ էլ տա, սխալ են լինելու, թերի, ու կարդաց իր սիրած բանաստեղծություներից մեկը.

Ինչ-որ մի հնար գտեք, որ ես չհեռանամ
այս փոքրիկ երկրից: Ինչ-որ սխալ գտեք
անձնագրիս մեջ և ետ դարձրեք սահմանագլխից:
Մի խելքին մոտիկ պատճառ հորինեք,
որ ես դուրս չգամ այս փոքրիկ քաղաքից.
թող առատ ձյուն տեղա և անհուսորեն փակվեն
ավտոմայրուղիները և դադարեցվեն թռիչքները
ինքնաթիռների, և գնացքները կանգնեն
անորոշ ժամանակով…


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ