Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հոգու տարածքում

Հոգու տարածքում
11.02.2014 | 11:52

Ամեն օրվա և տոն օրվա հագուստները տարբեր են, բայց ինչպես էլ հանդերձավորվես՝ դու դու ես: ՈՒ ամեն օր դու նույն անելիքն ունես ի վերջո՝ ապրել, որքան էլ տարբեր լինեն ծրագրերդ ու գործողություններդ: Իրականության ու ցանկության միջև անձեռնմխելի մի տարածք կա, որտեղ ապրում է գրականությունը, արվեստն ընդհանրապես, որ ստեղծվում-ստեղծվում ու դառնում է մշակույթ, որպեսզի փոխի քո իրականությունն ու քո երազները: Անձեռնմխելի այդ տարածքի մուտքը բաց է միայն ընտրյալների համար, նրանց ընտրում է Աստված ու միշտ աչքը բաց է պահում նրանց վրա: Նույնիսկ երբ մեռնում են: Սահմաններ այդ տարածքը չի ունեցել ու չունի, երբևէ չի էլ ունենալու, որովհետև այդ տարածքը ֆիզիկական չէ: Բայց կարող է փոքրանալ ու մեծանալ: Կարող է մի անկյունում տեղավորվել, կարող է տիեզերքն էլ մի անկյուն դարձնել: Որովհետև այդ տարածքում ապրում է մարդու հոգին: Որ նույնպես աշխարհագրություն չունի, չունի սահմաններ, բայց ֆիզիկական է այնքան, որ ծնվում ու հեռանում է այս աշխարհից:
Ի՞նչ կլիներ, եթե Հրանտ Մաթևոսյանը ծնված չլիներ, կամ էլ չգրեր: Հավատացած եղեք՝ ոչինչ: Ինչպես ապրում էինք, այնպես էլ կապրեինք՝ գրավոր խոսքը կշարունակեինք գրականություն համարել, քիչ թե շատ տպավորիչ որևէ շարադրանք՝ մեծ գրականություն, բառը մեզ համար կմնար խոսքի միջոց ու ոչինչ ավելին: Ինչպես ապրում էինք, այնպես էլ կապրեինք, պատեհ-անպատեհ մեջբերումներ կանեինք Խորենացուց ու Եղիշեից՝ նրանց համարելով պատմիչ, Նարեկացուց՝ նրան համարելով հանճար, ավելի կարճ տարածության վրա տեղին-անտեղի կհիշեինք Թումանյանին, հազվադեպ՝ Տերյանին, հաճախ՝ Չարենցին, ու մեզ կհամարեինք համաշխարհային մշակույթի կրող: Ինչպես ապրում էինք, այնպես էլ կապրեինք՝ չզգալով, որ մեր անցյալը մեր ապագան չէ, ու մեր ներկան այն ժամանակն է, որով ապրում է տիեզերքը:
Հրանտ Մաթևոսյանը գրեց: Քիչ գրեց, բայց գրեց հենց այն գիրը, որ մեզ պետք էր տեղից պոկվելու համար, որովհետև Եղիշե Չարենցից հետո մենք տեղապտույտի մեջ էինք ոչ միայն գրականության, այլև մտածողության մեջ, իսկ գրականությունը այն եզակի դեպքն է, որ և պատճառ, և հետևանք է մտածողության: Բացարձակացումի ոչ մի ցանկություն չունեմ: Ոչ էլ որևէ գրողի ուզում եմ վիրավորել: Նրանք եղել ու մնում են հրաշալի, իսկ Հրանտ Մաթևոսյանը եղավ ու մնում է միակ: ՈՒ պետք չէ հակադրել՝ անիմաստ ու անհեթեթ գործ է: Խոսքն ունի իր անկրկնելի ու անփոխարինելի ուժը: Խոսքը նյութական է, բայց մարդուն տրված չէ այդ նյութը կառավարել, որովհետև այդ դեպքում մարդկությունը ստեղծվելուց հետո ինքն իրեն ոչնչացնելու էր: Պարզապես մարդկանցից ոմանց տրվում է այդ խոսքի մեջ շատ ավելին տեղավորելու ունակությունը, քան ընդամենը այս կամ այն բառերի ընտրությունն ու կողք կողքի շարելով միտք դարձնելն է, այդպես նրանց գրած բառերն էներգիա են ստանում ու փոխանցում են մարդուն հոգու գոյության որակները: Ես, չկասկածեք, կարող եմ Հրանտ Մաթևոսյանի բոլոր գործերը թվարկել ու բնորոշել, բայց համարում եմ ապարդյուն, որովհետև դա ոչինչ է առ նրա գրականության գոյությունը: Գրականություն, որ մեզ բոլորիս տվեց մտածողության հենց այն որակը, որով հնարավորություն ենք ստանում լիաթոք շնչել ու բաց աչքով նայել մեր շուրջբոլորը, նայել՝ տեսնելով, շնչել՝ զգալով, ապրել՝ հասկանալով: Նրա բոլոր հերոսները սովորական, մեզ նման մարդիկ են, որ արտակարգ ոչինչ չեն անում, երկնքից աստղեր վար չեն բերում, ոչ էլ հասնում են երկրի կեղևին: Բայց իրենց ընդհանրության մեջ նրա սովորական, մեզ նման ու մեզնից ոչնչով չտարբերվող հերոսները դառնում են կերպար, բնորոշում են մեր տեսակը ու մղում են մեզ դեպի լավագույնը: Ամեն ինչում, ու հենց դա է այն ճանապարհը, որ ինչ-որ պահից դառնում է իդեալ: Նա մեզ հնարավորություն տվեց ինքներս մեզ տեսնել երեք չափումների մեջ միաժամանակ ու զգալ չորրորդ չափումը, որտեղ բոլորս անմահ ենք մեր անկրկնելի էությամբ ու անփոխարինելի գոյությամբ, ու սիրելի ենք մեզ, որովհետև այդպես բոլորս եզակի ենք:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Վաղը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Մեր բոլորի ծննդյան օրը, որովհետև մենք նաև այն ենք, ինչ կարդում ենք, նույնիսկ եթե չենք կարդում:

Դիտվել է՝ 893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ