Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ավելի եղկելի բան, քան արվեստի մարդու քծնանքն ու հանդուրժողականությունն է առ իշխանություն, դժվարանում եմ պատկերացնել»

«Ավելի եղկելի բան, քան արվեստի մարդու  քծնանքն ու հանդուրժողականությունն է առ  իշխանություն, դժվարանում եմ պատկերացնել»
11.02.2014 | 11:54

Հասարակական-քաղաքական լարվածությունը կարծես մոտենում է վերջնափուլին։ Նման իրավիճակում կտրուկ մեծանում է մտավորականության դերը։ Առայժմ մտավորականության ընդհանրական ձայնը լսելի չէ, լսելի են առանձին գործիչների տագնապները, հիասթափություններն ու հիացումները։ Այսպիսով հասարակությունը ¥այլ ձևաչափով` ժողովուրդը¤ փորձության շեմին է։ Եվ դարձյալ նրա սերուցքը կարծես անհաղորդ է այս ամենին։ Վերոնշյալի շուրջ է մեր զրույցը գեղանկարիչ, ՀՆՄ քարտուղար, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ:

-Հայկական արդի միջավայրը ¥մասնավորապես հեռուստաեթերը¤ շնչասպառ ռաբիսանում-քրեականացվում է։ Ե՞լքը։
-Ելքը կա, ելքը գեղարվեստական խորհուրդներն են։ Ո՞վ է թույլ տալիս, որ տվյալ հեռուստասերիալը ցուցադրվի հայկական հեռուստաէկրանին ընդհանրապես և Հանրային հեռուստաեթերում մասնավորապես։ Խնդիրը մշակութային երևույթի գաղափարագեղարվեստական հայեցակարգերի սահմանումն է։ Դու նշում ես հեռուստաեթերը, հավանաբար, նկատի ունենալով սերիալայի՞ն աղետը։
-Միանգամայն, սակայն սերիալային աղետը խորքային ենթատեքստ ունի։ Պետությունը թատրոնի աշխատավորության սոցիալական խնդրի լուծումը գտավ, նրանց մղելով հանրային ճաշակ և բարոյականության բռնախեղող սերիալները։ Շեքսպիր և Պրուստ խաղացող, հաճախ տաղանդավոր դերասանները մեծ բավականությամբ են տրվել սերիալներին, բավականին լավ վաստակում են, բնավ չմտահոգվելով, որ նպաստում են սերունդ կրտող համաճարակի տարածմանը։
-Համամիտ եմ և ավելացնեմ, որ նույնն է արձանային համաճարակի դեպքում. ոմն մեծահարուստ գումար է հատկացնում և սրտի ուզած քանդակը տեղադրում, առանց գեղխորհրդի մասնակցության։ Եվ, խնդրեմ, ողջ հանրապետությունը աղբով է լցվել` քանդակային, հեռուստասերիալային և այլ աղբով։ Եվ, որպես արդարացում, պետական ատյաններից լսվում է անհասկանալի բացատրությունը` հասարակության պահանջն է այդպիսին։ Ո՛չ, դա բռնի ուժով փաթաթվում է հանրության, ժողովրդի պարանոցին։ Չէ՞ որ մշակույթն է ժողովրդի ֆլագմանը, ոչ թե ժողովուրդը մշակույթի։ Այն էլ Հայաստանի նման մշակութամերձ երկրում։ Բնականաբար, հասարակությանը պիտի առողջ, գաղափարագեղագիտական սնունդ մատուցել։
-Այս օրերին ազատամարտիկներն են «ելել մարտի» և պետության ու իշխանությունների բացթողումներն են փորձում սեփական ձեռքերով ուղղել։ Աննախադեպ երևույթ է, և ես կամենում եմ հիշեցնել, որ հանրապետության կայացման ամենանշանակալից օրերում հենց մշակույթի ու գիտության զավակներն էին հանգուցային կետերում` Արթուր Մկրտչյանը, Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Վազգեն Սարգսյանը։
-Ելքը դժվարանում եմ մատնանշել, դա չէ իմ գործը, սակայն, անվերապահ հարգանքով եմ վերաբերվում մեր ազատամարտիկների այս նոր ազատամարտին։ Երկրի ղեկավարները ինչ-որ շատ կարևոր բան են ձեռքից բաց թողել և կարծես դարձի չեն գալիս։ Վերցնենք Հունաստանի օրինակը։ Անտիկ շրջանում հանճարեղ գործեր ծնվեցին, որոնցից անգամ մեծն Շեքսպիրն է բազմիցս օգտվել։ Սակայն այսօր Հունաստանը վերածվել է ինքնուս արվեստագետների և ռաբիս երաժշտության երկրի, որովհետև շեղվեցին իրենց ավանդույթներից, տուրք տվեցին մերկանտիլ շահին։ Իսկ ինչ է Եվրոպայում կատարվում. առաջատար երկրների մշակույթի և արվեստի որակն է ընկել, համահարթեցում է ամենուր, այլասերում է և ապականում։ Եվ այս ամենը համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության աշխարհամասում։ Սա մեզ ինչ-որ բան արդյոք չի՞ հուշում։
-Հուշում է, մենք ենք ոչ ուշիմ ունկնդիրներ։ Եվ խնդրեմ, մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաէկրանից օտարվեցին լատինաամերիկյան սերիալները, այսօր այդ մշակութային աղտեղությունը գերիշխող դիրք ունի նշյալ հեռուստաեթերում։ Բայց չէ՞ որ գոյություն ունի այս ամենը վերահսկող պատկան կառույց, ուր մշակույթում հետագիծ թողած անձինք են։ Բայց նրանք բերանները ջուր են առել, ինչ-որ հրահանգ են կատարում։ Ե՞վ։
-Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց նշեմ. կամ անբան ու հաշտվող մարդիկ են, կամ էլ ինչ-որ բան են փորձում ձեռնարկել, սակայն ուժեղ ճնշման տակ են։
-Թող հրաժարական տան, չվարկաբեկեն իրենց անունն ու անցած ճանապարհը։
-Դժվար թե, պատվերն իրականացնում են և գումար են վաստակում։ Սակայն մի՞թե նույնն ամենուր չէ, հենց թեկուզ բուհական համակարգում։ Ցավոք, այդպես է։ Ինչ-որ Բոլոնյան համակարգ են մտցրել, գնահատման նոր ձևաչափ և բառացիորեն ավերում են փայլուն ճանապարհ անցած կրթական համակարգը։ Բայց ինչո՞ւ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան շարունակում է ապավինել դասական ավանդույթներին։ Պետերբուրգը և այլ քաղաքներ պահպանեցին կերպարվեստի դասավանդման դպրոցը, մենք` ոչ։
-Դե դա նորհայկական կառավարական համաճարակ է, Եվրոպան հերթական «քաղաքակրթական» ծրագիրն է մշակում ¥որն իր մոտ հաճախ չի էլ կիրառում¤, ու թանաքը դեռ չչորացած` մերոնք այն որդեգրում են։
-Այս ամենից հետո վաղը, մյուս օրը երկրում տոն կտան մանկլավիկները, երկնագույններն ու վարդագույնները։
-Այս դիվահար գործընթացները համակարգված են և ուղղորդված։ Երևանի քաղաքաշինական նկարագիրը այլակերպելով` դրան համարժեք քանդակներ են տեղակայվում, հիմնականում ժամանակավրեպ և անտաղանդ։ Բայց եկեք հիշենք, թե ինչ սկզբունքով էին գործում գեղարվեստի խորհուրդները։
-Ենթադրենք քաղաքում արձան պիտի տեղադրվեր, մրցույթ էր հայտարարվում, և կերպարվեստի վարպետներն իրենց աշխատանքների էսքիզներն էին ներկայացնում։ Մասնագիտական գեղխորհուրդը ձևավորվում էր հեղինակավոր մարդկանցով, որոնց նշանակում էր նկարիչների միությունը։ Պետությունը, մշակույթի նախարարությունը ոչ մի կերպ չէին միջամտում, պետությունը պատվերն էր իջեցնում։ Ընտրվում էր էսքիզներից մեկը, հեղինակը որոշ գումար էր ստանում աշխատանքը շարունակելու համար։ Այնուհետև ապագա արձանի կավե տարբերակներ էր ներկայացնում գեղխորհրդի քննարկմանը, գեղխորհուրդը ցանկացած պահի կարող էր մտնել ստեղծագործողի արվեստանոցն ու ծանոթանալ աշխատանքի իրականացման հետ, ամենևին չմիջամտելով հեղինակի գեղարվեստական ըմբռնումների դրսևորմանը։ Հետո գիպսե արձանն էր ներկայացվում բնօրինակի չափսերով, հետո քանդակը մարմնավորվում էր բրոնզի կամ քարի մեջ, ամբողջական և ոչ ժամանակավրեպ։ Այսօր ինչ-որ մեկը գումար է հատկացրել և իր կամքն է թելադրում, թե «Հրազդան» մարզադաշտի մոտ «Արարատ-73»-ի արձանախումբն է կամենում տեղադրել։ Այսօր երկրի նախագահի, մշակույթի նախարարի և այլ պատասխանատուների կամքով պիտի կերպարվեստի գործերի որևէ ձեռնարկ հանձնարարել պաշտոնապես Հայաստանի նկարիչների միությանը։ Հավատացեք, նախ կշահի երկրի գեղարվեստը։
-Գլխավոր խնդիրը արվեստագետի պատասխանատվությունն է իր ապրած օրվա, իր ժամանակի առաջ։ Ընդ որում, չափանիշներն այստեղ ամենախիստն են, քանզի ժամանակի, մեր խառնակ օրերի պահանջն է դա։
-Այո, յուրաքանչյուր արվեստագետի, մշակույթի գործչի մեջ պիտի հնչի նրա ներքին գեղխորհրդի ձայնը։
-Ավելի եղկելի բան, քան արվեստի մարդու քծնանքն ու հանդուրժողականությունն է առ իշխանություն, որն առանձնապես ժողովրդականություն չի վայելում, դժվարանում եմ պատկերացնել։
-Համամիտ եմ, իհարկե, բայց, հավատացնում եմ, քծնող և հանդուրժող արվեստագետները եզակի են, նրանց ներաշխարհում է պահ մտած ինչ-որ մեկին ծառայելու, հպատակվելու պահանջը։ Ի դեպ, նման արվեստագետները, զարմանալի օրինաչափությամբ, անդեմ, տաղանդազուրկ երևույթներ են։
-Հասարակությունը երես է շրջել քաղաքական գործիչներից էլ, քաղաքականությունից էլ։ Բայց ո՞վ է այս հեղհեղուկ, բազում անպատասխան հարցերի անելանելիությունից մոլորված մարդկանց առաջնորդը։ Գուցե հենց ստեղծագործական միությունները ավանգարդի դերը ստանձնեն, հանրահավաքներ և հանրային երթեր հրավիրեն։
-Նախ, չմոռանանք, որ ստեղծագործական միությունները ռազմական կառույցներ չեն և անհնար է ստեղծագործողներին հանրահավաքի բերել։ Անշուշտ, կգան շատերը, սակայն ոչ բոլորը, արվեստի մարդը, առհասարակ հակված չէ հանրային լուրջ գործողությունների։ Չնայած ընդվզումը բնորոշ է մասնավորապես նկարիչներին։ Չմոռանանք, որ ազգային միացյալ կուսակցության ակունքներում կանգնած էր նշանավոր այլախոհ, Հայաստանի նկարիչների միության անդամ Հայկազ Խաչատրյանը, Արցախյան ազատամարտին տասնյակ նկարիչներ են մասնակցել և այլն։ Այնուամենայնիվ, ստեղծագործողների կուռ շարքեր ինչ-որ, թեկուզ և շատ օրախնդիր, հարցերի շուրջ դժվարանում եմ պատկերացնել։
-Ի՞նչ անել, սպասել և հուսալ, որ ինչ-որ մեկը կելնի հրապարա՞կ։
-Ոչ, ամենևին։ Ես այլ ելք եմ տեսնում, մենք` մշակույթի և արվեստի գործիչներս, պետք է դիմենք ՀՀ նախագահին, մի մեծ խմբով այցելենք Բաղրամյան-26 և ընդունելություն խնդրենք, խնդրենք պահանջելով և ներկայացնենք երկրի փրկության մեր կողմից մանրամասն մշակված ծրագիրը, գուցե նա ընդառաջ կգնա։ Կարծում եմ` այո։
-Ո՞րն է գրավականը։
-Նախ, Սերժ Սարգսյանը հայտնի է որևէ կարծիք, տեսակետ, գաղափար ընկալելու և ուշի ուշով քննարկելու իր ունակությամբ։ Բացի սա, նա, համոզված եմ, քաջ գիտե իրավիճակը, բայց գուցե ինչ-ինչ հարցերի բերմամբ կաշկանդված է արտաքին և ներքին բարդ ու մեզ համար անտես հանգամանքներով, և ինչպես Ստալինգրադի ճակատամարտից առաջ հնչեց հզոր ու սթափեցնող կոչը` «Նահանջելու տեղ չկա, հետևում Վոլգան է», այսօր մենք կհնչեցնենք. «Նահանջելու տեղ չկա, հետևում Արաքսն է` Մայր Արաքսը»։ Այսօր Սևանի մակարդակն է իջեցվում պետական որոշմամբ, երբ Սևանի վերականգնման համալիր ծրագիրը նոր-նոր էր կյանքի կոչվում, երեկ Փակ շուկան այլակերպվեց, երկրում մոլեգնում են աղանդավորների և այլասերվածների սամումները և այլն։ Այսօր հստակեցնել է պետք, քաղաքականությունը իր ողջ ներուժով, ըստ էության, դեմ է հասարակությանն ու պետությանը, հասարակական կազմակերպությունների անունը կա, ամանում չկա։ ՈՒրեմն դաշտը մեզ է մնում, չէ՞ որ մշակույթի և արվեստի մարդիկ, որքան էլ առանձնացված են հանրային և քաղաքական կյանքից, ժամանակն ու ժամանակի խնդիրները տեսնում են խորքից, մի այնպիսի դիտանկյունից, որը հասու չէ շատերին։

Զրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ