USD484.29
EUR551.32
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

21-րդ դարի «Չարի վերջը»

21-րդ դարի «Չարի վերջը»
14.02.2014 | 01:56

Երեկ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալվել էին «ՀԱՍԱՌ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և հասարակական-քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ։ Եղիազարյանն ինքը ներկայացրեց Սամվել Հարությունյանի խնդիրը, ասելով, որ վերջինս ՀՀ մի քաղաքացի է, ով փորձում է Հայաստանի Հանրապետությունում շարունակել իր բիզնես գործունեությունը, սակայն նրան ստիպում են դադարեցնել գործունեությունը և հեռանալ երկրից։ Սամվել Հարությունյանը ներկայացրեց իր ոդիսականը։ Ըստ նրա` լիարժեք գործունեություն է ծավալել այնքան ժամանակ, քանի դեռ առանց հիմնավոր պատճառաբանության, «ՀայՌուսգազարդը» չէր զոդել նրա ջերմոցային տնտեսության գազամատակարարման խողովակները և զրկել գործարարին լիարժեք գործելու հնարավորությունից։ Ըստ նրա գնահատման, այս գործընթացը 21-րդ դարի «Չարի վերջի» կրկնությունն է, երբ կացինն առած գազամատակարար ձեռնարկությունը, առանց որևէ քիչ թե շատ լուրջ հիմնավորման, դադարեցնում է գազամատակարարումը, մեծ վնաս պատճառելով «ՀԱՍԱՌ»-ին, քանի որ առանց ջերմության ջերմոցային տնտեսությունում մշակվող լոլիկը, վարունգը և մնացած մշակաբույսերը ենթակա են ոչնչացման։ Ըստ գործարարի` 2011-ին նա դիմել է Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարան, շահել է դատը, որից հետո «ՀայՌուսգազարդը» ակնհայտ կեղծիքի է դիմել և դատարան է ներկայացրել կողմերի միջև կնքված պայմանագրի պատճենը` կեղծված ցուցանիշներով։ Գուրգեն Եղիազարյանը երևույթին քաղաքական գնահատական տվեց. «Մեկուկես տարի առաջ հանրապետության վարչապետը բացահայտ ասաց, որ եթե արտագաղթը կանխվի, այդ մարդիկ կմնան և հեղափոխություն կանեն, այսինքն` տնտեսության վարման ներկա պետական քաղաքականությունը միտված է գործարարության, այս դեպքում` գյուղմթերքների արտադրության ոչնչացմանը` Թուրքիայից բանջարեղեն ներկրելու հեռանկարով»։ Սամվել Հարությունյանը նշեց, որ այժմ Հայաստանում սպիտակ ցեղասպանություն է իրականացվում, և որ սա միայն իր խնդիրը չէ, սա ողջ գործարար աշխարհի խնդիրն է։ Ըստ նրա, ինքը պայքարելու է մինչև իր գործի հաղթական ավարտը, և եթե հանրապետության դատարանները իրենց բարձունքի վրա չգտնվեն, ստիպված կլինի դիմելու միջազգային դատական ատյաններին։
Այս պահին Սամվել Հարությունյանի` ընդդեմ «ՀայՌուսգազարդի» հայցերից մեկը` վնասի հատուցման վերաբերյալ, գտնվում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարանում, երկրորդ հայցը` «ՀայՌուսգազարդի» կողմից 2006-ի սեպտեմբերի 1-ին կողմերի միջև կնքված պայմանագիրը կեղծվելու վերաբերյալ գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao