USD483.66
EUR567.24
RUB8.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Որևէ հասարակական կազմակերպություն, ակումբ, մարդկանց խումբ ի զորու չեն լինի իրավիճակ փոխել, եթե հասարակությունը շարունակի խրված մնալ իր անտարբերության պատյանի մեջ

Որևէ հասարակական կազմակերպություն, ակումբ,  մարդկանց խումբ ի զորու չեն լինի իրավիճակ  փոխել, եթե հասարակությունը շարունակի խրված  մնալ իր անտարբերության պատյանի մեջ
14.02.2014 | 11:41

Փետրվարի 6-ին «Իրատես de facto»-ի «Կլոր սեղանի» հյուրերն էին բժշկական գիտությունների դոկտոր, կենսաֆիզիոլոգ, ռեաբիլիտոլոգ, կենսաբանական գիտությունների թեկնածու ԳԱՐԵԳԻՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, կենսաֆիզիկոս ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, «Անվտանգ ապրելակերպ» ՀԿ-ի նախագահ ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, «Անվտանգ ապրելակերպ» ՀԿ-ի հիմնադիր և գլխավոր փորձագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ: Քննարկման թեման առողջ և անվտանգ ապրելակերպն էր՝ իր տարբեր բաղկացուցիչներով:

«ԵՐԲ ԽԱԽՏՎԱԾ Է ՄԱՐԴՈՒ ՆԵՐՔԻՆ ԷԿՈԼՈԳԻԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԷԿՈԼՈԳԻԱՆ ՈՐՔԱՆ ԷԼ ՓՐԿԵՍ, ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ»


ԼՐԱԳՐՈՂ- Սկսենք սահմանումից. ի՞նչ է նշանակում անվտանգ ապրելակերպ:
ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ- «Անվտանգ ապրելակերպի» սահմանման մեջ տեղավորվում են բոլոր այն երևույթները, որ խանգարում են կյանքի բնականոն ընթացքին՝ սկսած սննդից, փաթեթավորումից մինչև աղմուկը և այլ դրսևորումներ, հավելեք բնապահպանական խնդիրները: Անվտանգ ապրելակերպի արմատավորման նախաձեռնությունները մամուլի, հանրային իրազեկումների միջոցով մնում են օդում կախված, ուստի անհրաժեշտություն կար հասարակական կազմակերպություն ստեղծել և այդ ձևաչափով աշխատել: Հիմա մենք փորձում ենք հասարակական հնչողություն տալ այդ խնդիրներին, ներգրավել շահագրգիռ մասնագետներին, որ իրենց ոլորտներում փորձ ու գիտելիք ունեն, և նրանց աջակցությամբ խնդիրը լուծման բերել: Այդ նպատակով նաև ակումբ ենք ստեղծելու: Մեր ՀԿ-ի խնդիրը նախ և առաջ հանրային իրազեկումն է, ապա լուծումը: Երևանում հրավառությունների աղմուկի վերացման հարցով իմ քառամյա հրապարակումներից հետո կառավարությանն ուղղված հարցադրումները, որպես կանոն, մնում են անհետևանք: Մշտապես պատասխանվում է, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, միջպետական կառավարական կոմիտե, 7 օրենքներում ծավալուն փոփոխություններ պետք է կատարվեն և այլն: Դա անհեթեթություն է: Ամբողջ աշխարհում այդ խնդիրը վաղուց լուծված է: Ընդամենը կառավարության որոշմամբ կարելի է արգելել քաղաքի խլացման այդ գործընթացը, իսկ հրթիռարձակման սիրահարներին հատկացնել վայրեր, որտեղ որոշակի պայմաններով կարող են սրտի ուզածի չափ միմյանց հետ մրցել: Ինչ-որ մեկի կյանքում մի իրադարձություն է լինում և 20-30000 մարդու գիշերվա կեսին դիվադադար են անում՝ քնից արթնացնելով, խլացնելով, հասցնելով նյարդային խանգարումների: Եթե կառավարությունը շարունակի այս քաղաքականությունը, մեր հաջորդ քայլն արդեն դատական ատյաններին դիմելն է լինելու՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Անվտանգ ապրելակերպը սահմանելիս պետք է սկսել բարոյական նորմերից: Եթե բարոյական նորմերը խախտված են, եթե մարդն ի վիճակի չէ դիմացինին գնահատել որպես իրեն հավասար անձ, գործում է շահը՝ քիչ աշխատանքով շատ վաստակելու նպատակադրումը: Ես դեռ 70-ական թթ. բնապահպանական շարժման հիմնադիրներից եմ եղել և լավ հասկանում եմ՝ երբ խախտված է մարդու ներքին էկոլոգիան, արտաքին էկոլոգիան որքան էլ փրկես, արդյունք չի տալիս: Հենց այդ պատճառով ես հիմնականում զբաղվում եմ Ավետարանի քարոզչությամբ, դասախոսություններով՝ փորձելով վերականգնել մարդկանց ներքին էկոլոգիան: Երբ մարդու մեջ վերականգնվեն Աստծո պատվիրանները, գիշերը հրավառություն չի անի, նորմալ հաց կթխի, չի գողանա ու չի ստի: Այսօր հնարավոր է թթվասեր ստանալ, որի մեջ կաթի բաղադրությունը երկու տոկոսից ցածր է, թեպետ հոտը, համը, գույնը, տեսքը թթվասերի է: Առողջության համար ի՞նչ հետևանքներ կունենա այդ թթվասերն ուտողը, խիղճն ուրացած մարդու համար կարևոր չէ: Այսօր հացաթխման մեջ օգտագործում են բարելավիչ կամ փխրեցուցիչ, որ ընդհանուր անունով ընդունված է որպես վիտամին, բայց վիտամինի հետ ոչ մի կապ չունի: Բարելավիչի մեջ երեք-չորս կոնսերվանտներ են՝ գենախախտ սոյայի ալյուր, ֆոսֆորական աղեր: Կիրառում են, որպեսզի հացը ութ ժամում հասունանալու փոխարեն մեկ ժամում թխեն: Պարզ է, որ փողի խնդիր է լուծվում: Այդ հացի ծակոտկենությունը կրախմալի քայքայումից չի առաջանում, դրոժն էլ բարելավիչ կոչված քիմիական տարրերի համակցումից չի աշխատում, պատենավորվում է, թխելուց հետո էլ մնում հացի մեջ, և այդ հացն ուտողը ծանր հետևանքների առաջ է կանգնում: ԱՄՆ-ի գիտնականների ուսումնասիրությամբ՝ հաց ուտող յուրաքանչյուր քաղաքացի տարեկան կես կիլոգրամ թունաքիմիկատներ է հավաքում օրգանիզմում: Հայերս ավելի հացակեր ենք ու եթե հաշվենք՝ թունաքիմիկատները մեր օրգանիզմում ավելի շատ կլինեն: Պահածոների մեջ, մսին ավելացված կոնսերվանտները տարեկան մարդուն հրամցնում են չորս-հինգ կիլոգրամ քիմիական նյութ: Այդ ամենը կանխելու համար տարիներ առաջ մշակեցինք մրցակից բարելավիչ՝ բնական ծագում ունեցող: Մենք ցորենի ածիկից, հատուկ մերած մածունի շիճուկից թեփի վրա ստեղծեցինք հացաթան, որը փոխարինում է քիմիական բարելավիչին, այդ հացատեսակը առողջարար է:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ- Հայաստանում մարդիկ կորցրել են իրենց արժեքները: Ամեն ինչի մասին մտածում են՝ իրենց առողջությունից բացի: Ես խնդիրը համարում եմ քաղաքական, որովհետև առանց քաղաքականության չի կարող լուծվել: Բիզնեսը, որ գերշահույթներ է բերում, առանց իշխանության միջամտության չի կարող ինքնակարգավորվել: Սպառողը չգիտի՝ ի՞նչ է ինքն օգտագործում որպես սնունդ և ի՞նչ պետք է օգտագործի անվտանգ կենսակերպի համար: Դա դարձել է երրորդական խնդիր, որ մարդկանց արդեն չի էլ հետաքրքրում, կորցրել են կյանքի համը, հոտը, մարդկային այն արժեքները, որ պիտի լինեն նորմալ կենսակերպի հիմքում: Ինչպե՞ս վիճակը շտկել: Դժվար հարց է: Սպառողը պիտի հրաժարվի վնասակար սննդատեսակներից: Իսկ դրա համար պետք է տեղեկացված լինի: Տեղեկատվությունը պիտի ապահովի հասարակության առավել գիտակից ու մտահոգված մասը, հատկապես լրագրողները: Մարդիկ հիվանդանում են, բայց չգիտեն, որ պատճառը էժանագին, ուրեմն և անորակ սնունդն է: Հայաստանը գտնվում է այն վիճակում, որ հաղթահարել է Ռուսաստանը անցյալ դարի 90-ական թվականներին, բայց Հայաստանը դեպի վատն է գնում: Պատճառն այն է, որ ոչ մի պետական կառույց իր գործառույթները չի կատարում սննդի, մարդկանց առողջության պահպանման առումով: Սպառողների միությունը այդ խնդիրը չի լուծում, մենք չունենք այն կառույցները, որ վերահսկեն ընդունված օրենքների կատարումը: Պետությունն ինքն իր օրենքները արհամարհում է՝ հանուն շահույթի, իսկ մարդիկ, սոցիալական պայմաններից ելնելով, ձգտում են գնել առավել էժանը, առանց մտածելու, թե այդ էժանն ինչ է իրենից ներկայացնում որպես սնունդ և ժամանակի մեջ ինչ հետևանքներ է ունենալու:
ԳԱՐԵԳԻՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ- Մենք այսօր մեր նախնիներից տարբերվում ենք նրանով, որ ստիպված ենք ապրել աղտոտված միջավայրում: Մենք շնչում ենք աղտոտված օդ, խմում ենք ջուր, որ արդյունաբերական գործունեության պատճառով աղտոտված է, ուտում ենք սնունդ, որ հագեցած է թունաքիմիկատներով: Այդ ամենը ներգործում է օրգանիզմի ներքին միջավայրի վրա, էնդոէկոլոգիկ աղետների հանգեցնում: Այսօր կա էնդոէկոլոգիկ վերականգնում հասկացությունը՝ բժշկության մեջ աշխարհում արդեն ընդունված ուղղություն, որի նպատակը օրգանիզմի բջջային համակարգի վրա ազդելն է, որպեսզի բջիջը կարողանա նորմալ պայմաններում գործել՝ առանց ներսի ու դրսի տոքսինների ազդեցության: Օրգանիզմում ամեն ինչ կատարվում է արյան միջոցով, նաև սննդի օրգանական քայքայման արդյունքներն են տեղաշարժվում արյան միջոցով: Բայց բջիջներն անմիջական շփում արյան հետ չունեն: Հյուսվածքներում միջբջջային մեծ տարածություններ կան, որ պարունակում են ջուր և տարբեր նյութեր, հենց այնտեղ հավաքվում են տոքսինները: Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տոքսինների 7 տոկոսը այդ տարածություններում է, 7 տոկոսը` բջիջների մեջ, 3 տոկոսը` գեղձերում, և 83 տոկոսը` միջբջջային տարածքներում: Պատկերացրեք, թե ինչ միջոցներ են պետք այդ տարածքներից տոքսինները դեպի արյուն բերելու, հետո էլ արյունը մաքրելու համար: Առողջ սննդի հայեցակարգն աշխարհում սահմանել է որոշակի սննդաչափ, որը բավարար է օրգանիզմի ֆունկցիոնալ պարտականությունների կատարման համար, ունի մակրո և միկրո նուկլեիդների ¥սնուցիչներ¤ հավասարակշռված չափ, համապատասխանում է որակական ու անվտանգության ստանդարտներին: Ամեն ազգ ունի իր ավանդական սնունդը, որի հիման վրա է կայացել օրգանիզմի համակարգը: Օրինակ, ճապոնացիները կարող են տոննաներով բրինձ ուտել, և դա իրենց համար նորմալ է, որովհետև բրնձի տրոհման ֆերմենտները լավ են տարածվում և նորմալ մարսողություն է կատարվում: Հայերին միայն բրնձով չես կարող կերակրել, որովհետև մեր ավանդական սնունդը տարբերվում է ճապոնականից: Կարևորագույն հարց է նաև սննդատեսակի չափը:

«ԱՅՍՕՐ ՈՉ ԹԵ ՈՒԺԵՂՆ Է ՀԱՂԹՈՒՄ ԹՈՒՅԼԻՆ ԿԱՄ ԽԵԼՈՔԸ` ԱՆԽԵԼՔԻՆ, ԱՅԼ ԱՐԱԳԸ` ԴԱՆԴԱՂԻՆ»


ԼՐԱԳՐՈՂ- Հին հռոմեացիներն ասում էին՝ մենք այն ենք, ինչ ուտում ենք: Հայաստանում կա՞ն սննդի որոշակի ստանդարտներ, որոնք անհրաժեշտ են անվտանգ ապրելակերպի համար, որոնց գերազանցումը կամ թերսնումը վտանգում է մարդու առողջությունը:
ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ- Կարծում եմ՝ սննդի մասին կխոսեն մյուսները, ես անդրադառնամ աղմուկին: Հայաստանում աղմուկի թույլատրված սահմանը 50-55 դեցիբելն է, որ խախտվում է պարբերաբար: Առողջապահության նախարարությունն ունի «Ակուստիկա» ԲԲԸ՝ պետական ընկերություն, որ առողջ ապրելակերպի նորմատիվներ ունի, բայց որևէ ազդեցություն մեր աղմկոտ միջավայրի վրա չի գործում: Ընկերության անդամները պարբերաբար ելույթներ են ունենում, բնորոշում վտանգավոր իրավիճակը, բայց փոխել չեն կարողանում: Ի՞նչ պետք է անել: Կառավարության որոշմամբ արգելքներ պետք է սահմանվեն, բայց փոխարենը կառավարությունը խնդիրը դեպի փակուղի է տարել: Անիմաստ է նաև իրավապահ մարմիններին դիմելը, որովհետև իրավապահ մարմինները լավ թաքնվում են օրենքների չգոյության թիկունքում: Ոչ պաշտոնապես ինձ բազմիցս ասվել է, որ արգելանքը կգնահատվի իբրև մարդու ազատ ինքնադրսևորման խոչընդոտ: Իրավապահն ասում է՝ օրենքը բերեք, արգելեմ: Ես հրավառությանը դեմ չեմ, բայց եթե մի մարդ ունի ազատ ինքնադրսևորման իրավունք, այդ իրավունքը չպետք է հակասի մյուս մարդկանց ազատ ինքնադրսևորման հնարավորություններին: Սովորաբար հրավառությունը բերում են Դուբայից, բայց չինական արտադրության է և մեծ մասամբ անորակ, ինչն էլ առաջացնում է մեծ աղմուկ, քիչ չեն և վնասվածքների դեպքերը: Եթե կառավարության դիրքը մնա անփոփոխ, մի խումբ մարդիկ շարունակելու են խոշոր գումարներ աշխատել ժողովրդի առողջության հաշվին:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Հայաստանում սննդի ստանդարտներ կան թղթի վրա, բայց իրականում չկան: Եթե նայեք պետստանդարտի փաստաթղթերը, հացաթխման պայմանների մասին գրված է՝ ալյուր, աղ, ջուր, թթխմոր, կապտաթթվային միացություններ, ուրիշ ոչինչ, բայց այսօր հացի մեջ լցնում են բազում քիմիական նյութեր: Այս հարցով ես հանդիպեցի գյուղատնտեսության փոխնախարարի հետ և խնդրեցի դադարեցնել ժողովրդին թունավորելը, ստանդարտին համապատասխանություն պահպանելուն կոչ արեցի: Գիտե՞ք, որ տարեկան 8000 տոննա քիմիական նյութ է խառնվում հացին՝ մաքսատնից վերցրած տվյալներով: Փոխնախարարն ինձ ասաց՝ օրենքով այդպես է, բայց մենք վերահսկողական ծառայություն չունենք: Ավետարանում Հիսուսն ասաց՝ մարդը ապրում է ոչ միայն հացով, այլ նաև Աստծո խոսքով: Եթե մեկին կերակրեք բարձրակարգ սննդով, բայց նա հոգեկան խաղաղություն չունենա, իր կերածն իր համար թույնի է վերածվելու: Մենք մի հետաքրքիր փորձ ենք արել՝ խոզերի սովորական սննդով արտաթորանքի մեջ կալիֆոռնիական որդը 7 ժամից սատկում է, երբ կերաթանով ենք կերակրում, որդը սատկում է 3 ժամից, այսինքն` մեր ստացած միջոցը օրգանիզմից հավաքում ու հեռացնում է տոքսինները: Իսկ փորձի 32-րդ օրը կալիֆոռնիական որդը քայքայվում ու բիոհումուսի է վերածվում: Կարդացեք որևէ քիմիական դեղամիջոցի հակացուցումները, մի քանի անգամ ավելի են ցուցումներից, դա էլ պատահական չէ: Այսօր Ֆրանսիայում արգելված է դեղաբույսերով բժշկությունը, որովհետև համաեվրոպական դեղագործական կոմիտեն քիմիական դեղամիջոցների վրա է հիմնվում: Ֆրանսիայի Սենատն ուզում է դեղաբույսերը մտցնել գյուղնախարարության ցանկի մեջ և կոչել սննդային բուժում՝ շրջանցելու արգելքը: Բուժման համար տրվող քիմիական դեղամիջոցներն ավելի վտանգավոր են իրենց հետևանքների մեջ, քան մարդկանց անդեղ թողնելն է: Սա էլ ծրագիր է: Մենք պետք է կարողանանք ազգային առանձնահատկություններն օգտագործել: Օրինակ՝ ճապոնացիները մի բաժակից հարբում են, որովհետև ալկոհոլիդեգիդրոնատային ֆերմենտ չունեն: Հայաստանում հիմնական սնունդը եղել է հացը և կաթնամթերքը: Մենք տարվա 365 օրերի 50 տոկոսը պահոց շրջանում ենք եղել, այսինքն՝ տարվա կեսը կենդանական սննդից զատված, իսկ այսօր օգտագործում ենք հիմնականում կենդանական ծագում ունեցող սնունդ, օրգանիզմը չի հասցնում տոքսիններից մաքրվել ու ինքնավերականգնվել: Պետք է վերականգնել հին սննդակարգը, որովհետև և կաթնամթերքը, և հացը շատ օգտակար են: Ճգնավորները ցամաք հացով էին ապրում, որովհետև ցորենը պարունակում է այն բոլոր նյութերը, որ մարդու օրգանիզմին անհրաժեշտ են:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ- Այսօր գործող ստանդարտներին չի բավարարում ոչ միայն սնունդը, այլև սննդի փաթեթավորումը: Չկա պետական որևէ կառույց, որ այդ մասին մտածի: Հայաստանի բիզնես միջավայրում տարածված է փող աշխատելու մի ճանապարհ միայն՝ էժանությունը: Որակյալ ապրանք արտադրելու, անվտանգ փաթեթավորման, դիզայնի մասին ոչ ոք չի էլ մտածում: Հայաստանի բնակչության մեծամասնությունը չքավոր է և նրա համար նշանակություն չունի՝ ինչ է ուտում, առավել ևս` ինչի մեջ է պահվում կամ վաճառվում իր ուտելիքը: Իսկ բիզնեսն աշխատում է պահանջարկի հիման վրա՝ վատից դեպի ավելի վատը գնալով, որ շահույթը մեծանա: Ամեն արտադրող իր ապրանքը արտադրում է պետական ստանդարտով և չի կարող ինքնարժեքից իջնել, բայց չկա կառույց, որ ստուգի այդ ստանդարտների պահպանումը, վերահսկողություն ընդհանրապես չկա, բարձիթողի վիճակ է: Մենք նախ և առաջ պետք է փոխենք մեր մտածելակերպը: Սարից գլորվող քարը չի կանգնում՝ մինչև ձորին չի հասնում: Մենք առայժմ գլորվում ենք, երբ ենք ձորին հասնելու՝ չգիտեմ:
ԳԱՐԵԳԻՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ- Մեր ժամանակներում շատացել են գործոնները, որ բերում են տարատեսակ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների և պաթոլոգիաների առաջացման: Բժշկությունը դա բացատրում է հիմնականում սննդի ոչ ճիշտ կառուցվածքով, օգտագործմամբ ու բաղադրությամբ, որակով ու քանակով, քիմիական կամ սինթետիկ հավելումների օգտագործմամբ: Այդ հավելումները վնասում են բջջի գենետիկ ապարատը, որը պետք է ադապտացվի նոր միջավայրին, արտադրի համապատասխան նյութեր՝ իր ֆունկցիան պաշտպանելու համար: Միջբջջային տարածության մեջ բջջի արտադրած տոքսինները և դրսից ստացած տոքսինները խառնվում են իրար, դառնում ահավոր կոնգլոմերատ, որի վրա ազդում են արհեստական դեղամիջոցները և մեծամասնորեն չեն կատարում իրենց բուժական ֆունկցիան: Ժամանակին ասկոֆենի մեկ հաբով մեր գլխացավն անցնում էր, տոքսինների ազդեցությամբ դեղամիջոցների ներգործությունն 90 տոկոսով չի գործում, որովհետև թույներն աղավաղում են բուժական ազդեցությունը: Հոգնությունը, ծանրությունը, որ բոլորս պարբերաբար զգում ենք, նաև միջավայրի աղտոտվածության պատճառով է, որ էնդոէկոլոգիական հիվանդությունների շարք են բերում: Հայաստանում կան առողջությունը վերականգնող առողջարաններ ¥օրինակ, Արզնիում¤, ուր հետևում են առողջ սննդի պահանջներին: Տարբեր պաթոլոգիաներ ունեցող հիվանդներին ¥սրտանոթային, աղեստամոքսային տրակտի, նեյրոտիկ¤ դիետիկ սննդով են բուժում՝ ելնելով ազգային խոհանոցից: Մենք ունենք, իհարկե, պետական ստանդարտներ, բայց դրանք պետք է ոչ միայն պահպանվեն, այլև պարբերաբար վերանայվեն: Այսօր ոչ թե ուժեղն է հաղթում թույլին կամ խելոքը՝ անխելքին, այլ արագը՝ դանդաղին: Դարի գաղտնիքն է դա՝ արագությունն ամեն ինչում է թելադրող, նաև գործողության մեջ, մտածողության, որոշում ընդունելու և կատարելու: ՈՒնենք պատմական օրինակ՝ Դավիթն ու Գողիաթը. մինչև դանդաղաշարժ հսկա Գողիաթը տեղից կշարժվեր՝ արագաշարժ պատանի Դավիթը պարսատիկից նետված քարով սպանեց նրան: Արագ լուծումը վերացնում է խնդիրը: Այսօր Հայաստանի սոցիալական, տնտեսական, բարոյական ծանր պայմաններում շատ դժվար է առողջ սնունդ հասկացությունը մարդկանց հասցնել, որովհետև նրանք դատում են մատչելիության տեսակետով՝ կարող են գնել, թե ոչ, փող ունեն, թե ոչ: Իհարկե, պետք է լինեն քննարկումներ՝ հասարակական կազմակերպությունների, ակումբների նախաձեռնությամբ և պետական կառույցների ընդգրկումով, որ մենք կարողանանք ստեղծել մեր ազգային կերակրատեսակների ստանդարտներին համապատասխանող ուղղվածություն, որը կբավարարի և՛ առողջներին (համեմատաբար), և՛ հիվանդներին, որ բուժվում են բուժհաստատություններում: Ես շատ կարևոր եմ համարում պարոն Ստամբոլցյանի մշակած հացատեսակի օգտագործումը և մեծ տարածումը, որ կնպաստի էնդոէկոլոգիկ հիվանդությունների առողջացմանը, կարագացնի բջջային մետաբոլիզմը, որպեսզի օրգանիզմն ինքն ազատվի տոքսիններից:

«ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ՏԱ՞ՆՆ Է, ԹԵ՞ ԴՐՍՈՒՄ Է, ՍԱ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ՞ՔՆ Է, ԹԵ՞ ՈՉ»


ԼՐԱԳՐՈՂ- Ձեր բարձրացրած խնդիրներն ի՞նչ լուծումներ ունեն և ի՞նչ լուծումներ կարող են ունենալ:
ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ- Ցանկացած դեպքում հասարակական կազմակերպությունների համագործակցությունը պետական ատյանների հետ պարտադիր է, բայց մենք այդ պարտադրանքից հարկադրված ենք հրաժարվել. պարոն Ստեփանյանը փորձել է որպես փորձագետ մի քանի անգամ սննդի անվտանգության պետական կառույցի հետ աշխատել, բայց նրանք մերժել են մեր համագործակցությունը: Այդ կառույցը գյուղատնտեսության նախարարության կազմում է և ի զորու չէ իր վերահսկողական ֆունկցիան իրականացնել: Այդօրինակ կառույցները հիմնականում ձևական են և խնդիրը կառույցը կամ իր ղեկավարը չեն, խնդիրը համակարգային է, պետական կառավարմանն է վերաբերում: Օրինակ, Ամանորից առաջ մենք լրիվ հիմնավորված նյութ հրապարակեցինք, որը վերաբերում էր «Մոյա սեմյա» ապրանքանիշով վաճառվող նրբերշիկի խայտառակ որակին: Բայց որևէ արդյունք վերոնշյալ կառույցից չեղավ:
ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ- Երբեմն Աստված թույլ է տալիս, որ մարդկանց վրա զանգվածային փորձեր անեն: Օրինակ, Աֆրիկայում սովի տարիներին ՄԱԿ-ի գրասենյակը մի պետության իբրև մարդասիրական օգնություն տվեց գենախախտ սոյա: Մի տարի հետո պարզվեց, որ այդ ժողովրդի վրա բացարձակապես չեն ազդում հակաբիոտիկները: Այն, ինչ բնական է, բանական է, բայց այն ինչ բանական է, դեռ բնական չէ: Ձեթը շատ օգտակար է, բայց ձեթից ստացվող մարգարինը տոքսիկ է, գենախախտ կարտոֆիլը կոլորադյան բզեզը չի վնասում, բայց չի վնասում, որովհետև ուտի՝ կսատկի: 60-ական թվականներին անգլիական դեղագործական մի ընկերություն արտադրում էր «Տալիթա» անունով դեղամիջոց, որը խմած հղի կանայք ծննդաբերում էին առանց երկունքի ցավերի: Առաջին սերունդը նորմալ էր, երկրորդ սերունդը սկսեց լույսաշխարհ գալ առանց վերջույթների և այդ սերունդը դեղագործական ընկերության դեմ հսկայական դատ բացեց ու շահեց՝ ընկերությունը պարտադրվեց խնամել անոտք-անձեռք մարդկանց, ում ծնողների ծնողները «Տալիթա» էին խմել: Շպիցբերգենի նախկին ածխավայրերից մեկում այսօր աշխարհի բոլոր կողմերից հավաքում են բոլոր բույսերի սերմերը և տեղավորում են հավերժական սառույցների մեջ, որ պահպանվեն: Մյուս կողմից` բազմացնում են գենախախտ սնունդը, վերջերս նաև Ռուսաստանը թույլատրեց դրա օգտագործումը: Եվրոպայում գենախախտ սնունդը փորձարկում են վեց ամիս, եթե վեց ամիս հետո առնետները չեն սատկում, թույլ են տալիս մարդկանց կերակրել: Ֆրանսիացիները գաղտնի երկու տարի առնետներին կերակրեցին գենախախտ սննդով, երկու տարի անց առնետների վրա պինգպոնգի գնդակի չափով ուռուցքներ հայտնվեցին: Այսօր, սակայն, գենախախտ սնունդը ոչ միայն չի արգելվում, այլև մեծացնում է սպառման աշխարհագրությունը: Դա դիվերսիոն ծրագիր է մարդկության դեմ, բերում է տարատեսակ հիվանդություններ և բնակչության աճի կանգ: Աստված ասում է՝ պատժվում են ոչ միայն նրանք, որ չար գործեր են անում, այլև նրանք, ովքեր համաձայնություն են տալիս: Եթե լուռ ես, ուրեմն համաձայն ես: Եթե մենք այսօր լռում ենք, վաղը հատուցելու ենք: Մենք պետք է կարողանանք բացատրական աշխատանքով շտկել վիճակը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ- Հայաստանում չպետք է շահավետ լինի առողջության համար վտանգավոր սննդատեսակների արտադրությունը, դրա միակ ճանապարհը մարդկանց գիտակցության մեջ անհրաժեշտ փոփոխություններին հասնելն է: Ես հույսս պետական կառույցների վրա չեմ դնում՝ այդ կառույցների աշխատողները նույն բիզնեսի մեջ են: Պարտադրել գայլին, որ գառը չուտի, անիմաստ է: Մենք պետք է կարողանանք սպառողներին բացատրել՝ ինչն է վտանգավոր, ինչը՝ անհրաժեշտ, իսկ բիզնեսմենների համար պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ շահավետ չլինի վնասակար սննդատեսակների արտադրությունը: Հայաստանում պետք է ձևավորվի համապատասխան մթնոլորտ: Ի վերջո, տեղեկատվական, սոցիալական, քաղաքական, տնտեսական խնդիրները փոխշաղկապված են, հետևանքները կրում ենք ազգովի, ես կնշեմ միայն արտագաղթը: Մենք սնունդը ստանում ենք գյուղից, Հայաստանում գյուղերը դատարկվում են, որովհետև գյուղացին իր արտադրանքը չի կարողանում վաճառել գների պատճառով, ուրեմն և չի կարողանում ապրել ու արտադրել, ներմուծված գենախախտ սննդի գերակայությունը գյուղացուն ստիպում է ունեցած-չունեցածով արտագաղթել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ արվում է Հայաստանը դատարկելու համար, ոչ մի նորմալ երկրում սննդային անվտանգությունն այսպիսի բարձիթողի վիճակում չէ: Մենք Շվեյցարիա չենք, մեր ազգային խնդիրների բերումով մշտապես պետք է որոշակի սննդային պաշարներ ունենանք, մարդկային ռեսուրսներին ամենամեծ ուշադրությունը դարձնենք: Իսկ մենք դատարկում ենք գյուղերը, որ գենետիկ մաքրությունն են պահպանում: Հիմա հարցնենք՝ մեր թշնամին տա՞նն է, թե՞ դրսում է: Մենք գնում ենք ինքնաոչնչացման, ինչքա՞ն ժամանակ դեռ կգոյատևենք այս տեմպերով: Սա մեր հայրենի՞քն է, թե՞ ոչ:
ԳԱՐԵԳԻՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ- Քննարկված խնդրի լուծումները տարբեր հարթություններում են՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, կենսաբանական, բժշկական և այլ: Մեր պետության զարգացման այս փուլում այդ հարցերին չենք կարող համալիր լուծում տալ: Նախ՝ կա բնակչության իմացության պակաս, առողջ ապրելակերպի, անվտանգ սննդի պատկերացումները շատ աղոտ են: Երկրորդ՝ մենք չենք կարող արգելել, ստիպել անորակ սնունդ արտադրողներին, որովհետև թելադրողը շուկան է: Ինչպե՞ս է մարդը սնունդ ընտրում՝ ելնելով իր ֆինանսական հնարավորություններից: Ոչ մի ծնող չի ուզում, որ իր երեխան վատառողջ լինի, ամբողջ խնդիրը մասնավոր կյանքի պաշտպանությունն է: Բայց աշխարհում չկան մարդու մասնավոր կյանքը պաշտպանող օրենքներ: Սա զուտ ազգային գաղափարախոսության մեջ է տեղավորվում՝ ի տարբերություն մասնավոր սեփականության պաշտպանության: Մենք փոքր ազգ ենք և պիտի ապահովենք մեր ազգային անվտանգությունը: Այսօր արտադրողն առանձին պահանջներ ունի, գյուղնախարարության սննդի անվտանգության պահպանման կառույցը հումքի մասով է, առողջապահության նախարարությունը ապրանքի մասով է՝ սանէպիդկայաններ, սննդատեսակների նորմատիվային ակտեր, սպառումը որոշում է շուկան, որտեղ թելադրողը մատչելիությունն է: Ֆինանսական սակավության մեջ մենք պետք է գերակայությունը տանք ավանդական սննդատեսակներին: Մենք հիմա ապրում ենք արագ դարում և խնդիրները չպետք է կուտակենք՝ երբևէ լուծելու համար: Այդ հնարավորությունը կարող ենք չունենալ: Համամիտ եմ ակումբի գաղափարին, որը կունենա իր կայքը և քայլ առ քայլ կստեղծի իր բրենդը, որի առկայությունը կնշանակի առողջ և անվտանգ սննդատեսակ: Այդ գործով պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր ունեն ոչ միայն ուղեղ, այլև սիրտ, և սրտի աչքերով են նայում խնդրին: Բնակչության մասնավոր կյանքի պաշտպանության և այդ կյանքի որակական բարելավման խնդիրը հնարավոր է լուծել սրտի ու մտքի համադրումով:

«Կլոր սեղանը» վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Հ. Գ.- Հին հռոմեացիները, իհարկե, չէին սխալվում, երբ կարծում էին, որ մարդն այն է, ինչ ուտում է, բայց մեր ժամանակներում վաղուց հակառակն է: Կյանքի որակի բարելավումը մարդու մասնավոր կյանքի խնդիր չէ, դա պետության այն խնդիրն է, որի լուծումն ընդհանրական բարեկեցություն ու կենսամակարդակի բարձրացում է ապահովում, ազգային անվտանգություն՝ նախ և առաջ կախված լինելով գիտակցության որակից ու մակարդակից: Անբավարար տեղեկացվածությունը, անորակ սննդի գերակայությունը, սննդամթերքի որակի վերահսկողության անբավարար մակարդակը, սեփական գրպանի պակասող դրամները մարդուն օր առ օր մոտեցնում են հիվանդանոցի դռներին, որտեղ երբեք ու երբեք հարյուր տոկոսով առողջությունը չի վերականգնվում: Այս դեպքում ոչ բժիշկների մեղքով, ի վերջո՝ բուժումն էլ կազմակերպվում է քիմիական ծագում ունեցող դեղամիջոցներով, որոնց բուժական էֆեկտի նկատմամբ սննդային, բնապահպանական տոքսիններով գերկուշտ մեր օրգանիզմը կորցնում է ընկալունակությունը: Թեպետ բժիշկներն էլ սխալ ախտորոշումով ու առավել սխալ բուժումով խորացնում են հիվանդությունը, և դա նույնպես անվտանգ ապրելակերպի հարց է: Մեր ժամանակներում իրապես արագ որոշումներ ընդունողն ու իրականացնողը հաղթում է հապաղողին, նույնիսկ եթե ինքը թույլ է, իսկ հապաղողը՝ ուժեղ: Անվտանգ ապրելակերպը ենթադրում է նաև պաշտպանվածություն սթրեսներից ու դեպրեսիաներից, որ մեր կյանքի անբաժան մասն են և համարյա անհնար են դարձնում հոգու խաղաղությունը, այնպես որ մասնավոր կյանքի պաշտպանության խնդիրները ունեն և կարող են ունենալ միայն ընդհանրական լուծումներ՝ պետական կառավարման համակարգում: Մնաց՝ գտնենք այն պետությունը, որ այս խնդիրները գիտակցում է, որոնում լուծումներ ու այդ լուծումների մեխանիզմները մշտապես ունի իր առաջնահերթությունների օրակարգում, Հայաստանի Հանրապետությունն առայժմ դրան պատրաստ չէ: Անվտանգ ապրելակերպի խնդիրներով զբաղվող որևէ հասարակական կազմակերպություն, ակումբ, մարդկանց խումբ ի զորու չեն լինի իրավիճակ փոխել, եթե հասարակությունը շարունակի խրված մնալ իր անտարբերության պատյանի մեջ ու բոլոր խնդիրների լուծում-չլուծումը հանգեցնի սոցիալական պատճառներին, ամեն ինչ սկսվում է խնդրի գիտակցումից ու ձևակերպումից:

Դիտվել է՝ 58838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ