Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Իշխանությանը ձեռնտու է ունենալ ԲՀԿ-ի նման «այլընտրանք-ընդդիմություն»

Իշխանությանը ձեռնտու է ունենալ ԲՀԿ-ի նման «այլընտրանք-ընդդիմություն»
17.02.2014 | 22:47

Փետրվարի 15-ի ԲՀԿ համագումարը առաջ է բերել քաղաքական նոր իրողություն: Ըստ էության, Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես ամրագրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը ընդդիմադիր դաշտ չի անցնելու, սակայն համաձայն չէ նաև գործող իշխանության քաղաքականության հետ և փորձելու է իշխանության հասնել: Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ն բացահայտորեն դիմում է քաղաքագիտական հասկացությունների խեղաթյուրման՝ իր առջև խնդիր դնելով 1-2 տարվա ընթացքում կազմակերպել իշխանության թուլացումն ու դրանով իսկ յուր կուսակցության համար նախադրյալներ ստեղծելով 2017 թ. խորհրդարանական ընտրությունների համար: Խնդիրն այն է, որ քաղաքագիտական և ոչ մի տեսություն «այլընտրանք» հասկացությունը չի մեկնաբանում: Եթե կա իշխանություն, ապա նրա միակ այլընտրանքը ընդդիմությունն է: Իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի ցանկանում իրեն ընդդիմություն հայտարարել՝ հավանաբար վախենալով, որ իշխանությունը կսկսի լրջորեն զբաղվել թույլատրելիի գիծն անցած ծառուկյանականների գործերով:
Հնարավոր է, իշխանությանը ձեռնտու է ունենալ ԲՀԿ-ի նման «այլընտրանք-ընդդիմություն», որը կհանդիսանա Ծառուկյանի ասած «ժողովրդի խոսափողը», սակայն մշտապես կմնա վերահսկողության ներքո և չի համարձակվի իրական ընդդիմադիր քայլերի դիմել: Մյուս կողմից, սեփական կապիտալի ապագայով խիստ մտահոգված Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը փորձում են թույլատրելիի սահմաններում ստիպել նախագահ Սարգսյանին սակարկության գնալ իրենց հետ, ինչը, ճիշտ է, առայժմ չի ստացվում, սակայն հետագայում կարող է դրական արդյունքի հանգեցնել: ԲՀԿ «այլընտրանքային» վարքագծի հեռանկարը չափազանց մշուշոտ է, հատկապես երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ հայաստանյան ընտրազանգվածը չափազանց զգայուն է այն ուժերի հանդեպ, որոնք չեն կարողանում հասնել իրենց նախանշած նպատակին:
Այդպես եղել է 1996-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին: Իսկ հասարակության հոգեբանությունը, կարծես, բավականին դանդաղ տեմպերով է փոխվում, ուստի և Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածի կորուստն ընդամենը ժամանակի հարց է: Հենց այս է պատճառը, որ ԲՀԿ ղեկավարության հիմնական մարտավարությունը շարունակում է մնալ ամբոխավարությունը, որը ոչ մի կապ չունի իրական քաղաքական գործընթացների ու Ծառուկյանի վարքագծի հետ: «Այլընտրանքային» ԲՀԿ-ն փորձում է իր առանցքի շուրջը միավորել խորհրդարանական ընդդիմությանը և նախաձեռնել կառավարության հրաժարականի քվեարկությունը՝ փայլուն գիտակցելով, որ իշխող հանրապետականն ԱԺ-ում ունի բավարար ձայներ, որպեսզի կասեցնի նման նախաձեռնությունները:
Ստացվում է, որ, մի կողմից, Ծառուկյանը փորձում է հարաբերությունները չփչացնել նախագահի հետ, մյուս կողմից՝ վարկանիշը պահելու նպատակով փորձում է ընտրազանգվածին ցույց տալ, որ ձգտում է իշխանափոխության և երկրի առջև ծառացած արմատական խնդիրների լուծման: Սա չափազանց բարդ խնդիր է, որի լուծումը կախված չէ միայն Ծառուկյանի ցանկություններից և մտադրություններից: Նախկին նախագահներ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը գնալով ավելի են մեծացնում ճնշումը նրա նկատմամբ, իսկ իշխանությունը ոչ մի կերպ չի ցանկանում տեղի տալ: Ամեն դեպքում, 2014-ը լինելու է լարված քաղաքական գործընթացների տարի, իսկ փետրվարի 15-ին ամրագրված «այլընտրանքը» դեռևս պետք է դիմանա պատմական փորձությանը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ