Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՈՒղերձ՝ մեկ տարի անց

ՈՒղերձ՝ մեկ տարի անց
18.02.2014 | 15:42

Մեկ տարի առաջ կայացած ՀՀ նախագահի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կատարեց իր խոստումը և այսօր «Անի» հյուրանոցի բազմամարդ սրահում հղեց իր ուղերձը, որն ամփոփ հաշվետվություն էր ներկայացնում: «Ժառանգության» ղեկավարի այս մի ելույթը, ի տարբերություն նախորդների, առատորեն համեմված էր Ն. Մանդելայից, ՈՒ. Չերչիլից, Գ. Նժդեհից և այլ մտածողներից բերված մեջբերումներով:

«Տիար Սերժ Սարգսյանն օրեր առաջ ասաց՝ միայն զենքով կա փրկություն: Միգուցե համատեքստից դուրս էր, լեզվի սայթաքում էր, բայց մեր ժողովրդի մեծ մասը համամիտ է այդ մտքին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց, որ ժողովրդի մեջ կուտակված ատելության չափաբաժինը շատ մեծ է, և, քանի դեռ չենք մոտեցել քաղաքացիական պատերազմի շեմին, պետք է փնտրենք համապետական լուծումներ: Հետո նա հիշեցրեց, որ փետրվարի 18-ը ջրբաժան է անցյալի և ապագայի միջև, առաջարկեց հոտնկայս հարգել Հայաստանի համար զոհված բոլոր նվիրյալների, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանի հիշատակը, որի հերթական տարելիցը լրանում է այսօր:
«Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով չի ընկնում, այլ՝ նա, ով կարողանում է ոտքի կանգնել ամեն մի անկումից հետո»,- Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելայի այս խոսքերը հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ տարբեր քաղաքական միավորումների վերաբերմունքին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հաշվարկներում սխալվեցին նրանք, ովքեր դամբանականներ էին կարդում «Ժառանգության» հասցեին: Նա հիշեցրեց, որ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնն այս տարի բոլորեց իր քսանամյակը, իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամները մասնակցել են բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին՝ լինի դա տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, թե ընդդեմ Մաքսային միության դեմ կազմակերպված ակցիաների:
Անդրադարձ եղավ նաև արտաքին քաղաքականությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց իշխանության վարած քաղաքականությունը` այն համարելով վասալային: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանի նման կարևոր նշանակություն ունեցող երկրի հետ մեր հարաբերությունները կորցրել են հավասարակշռությունը և հասել այն աստիճանի, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Իսկ Հայաստանը մի գիշերվա մեջ գիծ քաշեց եվրաասոցացման հեռանկարի վրա՝ հանուն Մաքսային միության մշուշոտ հեռանկարի:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը հատուկ նշեց, որ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները այսպես շարունակվելու դեպքում չեն լինելու վերջին քաղբանտարկյալները և պահանջեց նրանց անհապաղ ազատ արձակել (դահլիճը ոգևորված ծափահարեց): Հետահայաց անդրադառնալով մեկ տարի առաջ կայացած ՀՀ նախագահի ընտրություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ մեղսակցություն ունեն և հետևողական չեն եղել ընտրողի քվեն պաշտպանելու հարցում: Նա մեղադրեց նաև արևմտյան կառույցներին, որոնք աչք էին փակում ընտրակեղծիքների վրա՝ դրանք անվանելով «մեկ քայլ առաջ», քանի որ իրենց ձեռնտու է Հայաստանում ձևավորված գրպանային իշխանությունը: Անդրադարձ եղավ նաև բանակում սպանություններին և մահվան ելքով դեպքերին: Րաֆֆի Հովհաննիսյանը հարց ուղղեց, թե ինչ են մտածում այդ մասին Գերագույն գլխավոր հրամանատարն ու պաշտպանության նախարարը: Հիշեցրեց նաև ԵԽԽՎ պատվիրակության կազմից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դուրս թողնելու ԱԺ նախագահի որոշումը:
Միով բանիվ, նա եկավ այն եզրակացության, որ մեր ժողովուրդը չի հաշտվում երկրում ստեղծված կացության հետ և պետք է պայքարել իրավիճակը փոխելու ուղղությամբ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ