USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Մի՞թե փոքր բիզնեսով զբաղվողները ոչ մեկին պետք չեն»

«Մի՞թե փոքր բիզնեսով զբաղվողները ոչ մեկին պետք չեն»
20.02.2014 | 23:58

Նորություն չէ, որ Հայաստանում փոքր բիզնեսի վրա հարկային ճնշումները բավականին մեծ են, ինչի հետևանքով շատերը չեն համարձակվում անգամ նման գործունեություն ծավալել կամ էլ ընտրում են երկիրը լքելու և դրսում բիզնես դնելու ճանապարհը:
Ընդամենը հինգ ամիս փոքր բիզնեսով զբաղվող գործարար ԱՐՏԱԿ ՏՈՆԱՊԵՊՅԱՆԸ երեկ «Իրատես de facto» ակումբում ներկայացրեց, թե ինչպես է փոքր բիզնեսը հարկային տեռորի ենթարկվում: Այս կարճ ժամանակահատվածում հրուշակեղենի փոքր կրպակ ունեցող գործարարին հասցրել են արդեն երկու անգամ տուգանել, ինչը հունից հանել է Տոնապետյանին և ստիպել դիմելու դատական մարմիններին, որպեսզի խնդիրն օրենքի տառին համապատասխան լուծում ստանա: Նա համոզված է, որ դատարանը հօգուտ իրեն է որոշում կայացնելու, քանի որ հակափաստարկները շատ են:
«Բոլորս էլ գիտենք, որ այսօր Հայաստանում փոքր բիզնեսով զբաղվելը բավականին ծանր է: Չնայած այդ հանգամանքին, դրսում իմ բիզնեսները վաճառեցի ու այստեղ բիզնես ձեռնարկեցի: Սկսեցի մանրածախ առևտրից»,- պատմեց ակումբի հյուրը` շարունակելով, որ այս տարվա հունվարի վերջին հարկային տեսուչ Արմեն Քեքեջյանը մտնում է խանութ և, առանց որևէ հիմնավոր փաստաթուղթ ներկայացնելու, պահանջում «զեթ» հաշվետվությունը ներկայացնել: Երկար նայելուց հետո տեսուչը նշել է, թե 550 դրամը հաշվետվությունում բացակայում է։ Երբ վաճառողը հարցրել է, թե ով է այդ գնումը կատարել, և ինչ 550 դրամի մասին է խոսքը, հարկայինի ներկայացուցիչը նշել է, թե իրենց աշխատակցուհին է այդ գնումն արել, և նրան կտրոն չեն տվել: Կրպակի սեփականատիրոջ հարցին՝ ո՞ւր է այդ կինը, ի՞նչ ապրանք է գնել, տեսուչը չի պատասխանել և լքել է խանութը: Հետո ներկայացել է մեկ այլ տեսուչի հետ, արձանագրություն կազմել ու հեռացել, տուգանքի չափը սահմանելով 300 հազար դրամ: «Դրանից հետո գնում եմ հարկային տեսչություն, և այնպիսի տպավորություն է, թե դա թյուրիմացության արդյունք է և շտկվելու է: Մի քանի օր հետո արդեն արձանագրությունը ստանում եմ, որ տուգանվել եմ 300 հազար դրամով: Մենք չենք հասկանում, լավ, որ տուգանվել ենք, ո՞ւմ չենք տրամադրել էդ կտրոնը: Այսօր դեռ մեր բիզնեսը չի հասցրել անգամ հաճախորդ հավաքել, բայց երկու անգամ տուգանվել ենք, հարկայինը լարված է պահում: Եթե այսպես շարունակվի, կսնանկանանք: Լավ, եթե էդ տեսուչներն այդ օրենքը սարքել են իրենց համար գործիք, ու ոնց ուզում՝ օգտագործում են, ուրեմն փոքր բիզնեսի մասին խոսելն անիմա՞ստ է: Եթե մեզ չեն օգնում, որ փոքր բիզնեսը զարգացնենք, գոնե չխանգարեն»: Ի դեպ, ավելի ուշ պարզվել է, որ ոչ թե կին է եղել գնորդը, այլ հենց հարկային տեսուչը, և կրպակատերը համոզված է, որ եթե այս անգամ էլ տուգանքը վճարի, ոչ մի երաշխիք չկա, որ կարճ ժամանակ հետո նորից հարկայինը չի «չոքի» իր դռանը:
Արտակ Տոնապետյանը վստահեցրեց, որ այսօր փոքր բիզնեսի համար հարկայինը կամայական տուգանքներ է սահմանում: Այսպիսի վիճակում, ըստ նրա, միայն ինքը չէ, այլ փոքր բիզնեսով զբաղվող շատ քաղաքացիներ: «Մի՞թե փոքր բիզնեսով զբաղվողները ոչ մեկին պետք չեն: Այս անօրինական գործողությունների արդյունքում մեր բիզնեսը վտանգված է: Խանութը բացվելու առաջին իսկ օրից հարկայինի հետ խնդիրներ են առաջացել: Սա Շենգավիթի հարկային տեսուչների գործողությունների հետևանք է, եթե այսպես գնա, ես չեմ կարողանա շարունակել իմ գործունեությունը: Ի՞նչ անենք, նորից վաճառենք ամեն ինչ, թողնենք գնա՞նք: Այդպիսի բան չի լինելու, պիտի այստեղ ապրենք ու մեր իրավունքները պաշտպանենք: Խնդիրն այդ 300 հազարը չէ, այլ սկզբունքը, եթե ես աշխատում եմ օրենքի դաշտում, իրենք էլ համապատասխան օրենքով պիտի առաջնորդվեն»,- ընդգծեց ակումբի հյուրը, հավաստիացնելով, որ փոքր բիզնեսով զբաղվողներից շատերը կցանկանային խոսել այս վիճակից, բայց հասկանալի պատճառներով լռում են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao