Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տալվորիկցի Մըյրոն

Տալվորիկցի Մըյրոն
21.02.2014 | 10:30

Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Տալվորիկի քուրդ աղաները կեսօրին հասան Հոսնուտ գյուղ։ Անակնկալ եկան, որ Տալվորիկի ամենահեղինակավոր զինագործ Համզեի հետ ավելի համարձակ ու վճռական խոսեն: Ներս մտան։ Տեսածին դժվար էր հավատալ։ Թախտին Համզեի և նրա եղբայր Մանուկի կողքին թիկնել էր Գևորգ Չավուշը` մոսին հրացանը ձեռքի տակ: Քրդերը ձգվեցին, բայց վարպետորեն թաքցնելով երկյուղը` ջերմորեն բարևեցին: Համզեն կարգադրեց շտապ մի ուլ մորթել, սեղան գցեցին։ Գինու տիկը աննկատ դատարկվեց։ Քուրդ աղաներից մեկը կամեցավ ջղարան կպցնել:
-Հա՛յկ ջան, գնա օջախից մի լավ կրակ բեր աղեն իր ջղարան վառի,- Համզեի թոռանը դիմեց Գևորգ Չավուշը: Նա վաղուց գիտեր, որ տասը տարեկան Հայկը կրակի հետ խաղալու համարձակություն ուներ, մատներն արդեն վարժվել էին:
Հայկը փորփրեց օջախի կրակը, ձեռքով հանեց կաղնեփայտի մի վառվող կտոր և մոտեցավ քուրդ աղին:
-Չէ՛, Հայկ ջան, չեղավ, էդ կրակը ոնց որ թուլացավ, մի ավելի ուժեղ կրակ բեր աղին,-դիտմամբ շեշտեց Գևորգ Չավուշը` պահը երկարաձգելու նպատակով:
-Չէ՛, չէ՛, Գևորգ ջան, կվառվի էրեխի ձեռքը,- հուզված վրա բերեց քուրդ աղան:
Հայկը մատներով մի ավելի ուժեղ կրակ մոտեցրեց քրդի տագնապահար աչքերին: Քուրդ աղաները սարսուռով իրար նայեցին և լավ հասկացան, թե Գևորգ Չավուշը դրանով ինչ է ակնարկում իրենց։
Այդ պահին ներս մտավ Համզեի քույրը` Մըյրոն, և թան առաջարկեց հյուրերին: Տալվորիկի սարերում մեծացած Մըյրոն ահռելի ուժի տեր էր, պղնձե ամենամեծ ղազանը, ջրով լիքը, մենակ դնում էր օջախին, կաղնու գերանը անտառից գյուղ հասցնում։
-Համզե, ի՞նչ կասես, արի ես ու դու կոխ բռնենք,- լռությունը խախտում է քուրդ երիտասարդ աղաներից մեկը` մտածելով, որ դեպի մայրամուտ գնացող Համզեին հաղթելով` արժանի պատասխան կտա Գևորգ Չավուշի խորամանկ ու խորհրդավոր քայլին: Համզեն զարմանքով նայեց ոգևորված քրդին:
«Հանկարծ էս քուրդ պատահաբար իմ ախպեր Համզեի մեջք գետին զարկի, վաղը Տալվորիկն ու ամբողջ Սասնո աշխարհ կլսի, որ զինագործ Համզեին քուրդը հաղթել է»,- ամոթի սարսուռն անցավ Մըյրոյի մարմնով:
-Էդ ի՞նչ էր լսեցի, դու ուզում ես իմ ախպոր հետ կո՞խ բռնել,- դեպի քուրդը շարժվեց Մըյրոն:
-Հա, ինչ կա որ,- գոտեպնդվեց քուրդը` հպարտորեն նայելով մյուս աղաներին:
-Դե սպասի՛ր,- ասաց Մըյրոն, գոտու տակից հանեց ոսկու քսակը և, իբրև մարտահրավեր, դրեց սեղանին:
-Քուրո, ես քո մեծ ախպոր հետ եմ ուզում կռվել,- համառեց քուրդը` աչքի պոչով հետևելով Գևորգ Չավուշի ծանրացող հայացքին:
-Չէ՛, ես պիտի կռվեմ: Հաղթեցիր, ոսկին էլ, պատիվն էլ քեզ հալալ են: Միայն խնդրում եմ, որ իմ մեծ ախպերը` Մանուկը, սենյակից դուրս գա,- կարճ կապեց Մըյրոն:
Քրդերը տարակուսած իրար նայեցին` ո՞նց կլինի, տղամարդն ու կինը, նամուսի հարց է։ Չավուշն ու Համզեն հասկացան, որ անզոր են Մըյրոյի համառությունը կոտրելու։ Քուրդն էլ իր հերթին գոտուց հանեց ոսկու քսակն ու դրեց սեղանին. մարտահրավերն ընդունված է։
«Ինչ լավ եղավ, որ աժդահա Համզեի փոխարեն Մըյրոն է, զարկեմ գետնին ու, իբր միամիտ ստացվեց, պառկեմ վրեն»,- մտքում ուրախացավ քուրդն ու փառք տվեց Աստծուն հաճելի առիթի համար:
«Յա Մարաթուկ, քզի մեռնիմ»,- մտքում շշնջաց Մըյրոն ու մոտեցավ քրդին: Մըյրոյի աչքերից քուրդը սարսռաց: Մըյրոյին մի պահ թվաց, թե դեմի քուրդը մարդ չէ, մի ղազան ջուր է։ Մինչ քուրդը երանության մեջ մտածում էր, թե ինչ հնարք կատարի չքնաղ սասնուհու մարմնի ջերմությունը զգալու համար, Մըյրոն մի ձեռքով բռնեց նրա օձիքից, մյուսով` գոտկատեղից, և երկու-երեք վայրկյան անց քուրդն օդի մեջ էր: Մըյրոն ջահել աղին այնպես զարկեց գետնին, որ մի քանի վայրկյան քուրդը շփոթահար դեմքն էր ծածկում։
-Առյուծն առյուծ է, էգ թե որձ,- ուրախությունից աչքերը սրբեց Համզեն:
-Թո՜ւ, եղանք խայտառակ, գնացինք,- ոտքի կանգնեցին քուրդ աղաներն ու գլխարկները զարկին գետնին. «Թո՜ւ, մեր նամուս գետնով արեց»:
-Ոչինչ, ոչինչ, կանգնենք, մի կտոր հաց ուտենք,- տեղից հանգիստ վեր կացավ Չավուշը: Նրա արծվենի աչքերում քուրդ աղաները ամեն ինչ տեսան ու հասկացան:
-Չէ՛, չէ՛, շանորդին մեզ խայտառակ արեց,- հրաժեշտ տվեցին քրդերն ու, ոսկու քսակը թողնելով սեղանին, քոռ ու փոշման հեռացան:
Մըյրոն մոտեցավ սեղանին, վերցրեց քսակն ու մեկնեց Չավուշին` «Մոսին հրացան կառնես ֆիդայիներուն»։
Մըյրոն տարին երկու անգամ` գարնանը և աշնանը, եղբոր հետ Տալվորիկի արծվաբույն լեռներից իջնում էր Մշո դաշտ, խոփ ու խաչերկաթ էին տանում, փոխում շոր ու ոտնամանի հետ, ջահելների համար էլ նշանի ու հարսանիքի զարդ էին առնում։ Վերջում Համզեն հարգանքի համար մի-մի խոփ էր նվիրում իր ծանոթ մշեցիներին, մի գավաթ գինով աշխարհին խաղաղություն էին մաղթում` չմոռանալով մահին թանկությունն ու խաղաղություն ամենեցունը:
-Համզե, իմ ախպեր, էս մշեցիք էս դաշտի մեջ, էս դուրան տեղ, առանց սար ու ձորի իմա՞լ կաբրին,- միշտ նույն հարցն է տվել Մըյրոն` ստանալով նույն պատասխանը. «Իրենք էլ մեր սար ու ձորի վրա կզարմանան` մարդ սարի գլխին, ժայռին ու քարափի մեջ իմա՞լ կաբրի»։
-Գևորգ, դե հիմի արի տես, թե Մըյրոն իմալ երկաթ կհալեցնի,- հայդուկապետին դուրս կանչեց Համզեն:
Սասունում ամենահարուստ երկաթահանքերը Տալվորիկում էին, Հոսնուտից քիչ վերև: Ամռանը անտառում կտրում էին կաղնու հսկա ծառերը, բակում մանրում և մի քանի ամիս արևի տակ թողնում, որ լիարժեք չորանա: Հետո մետաղի հումքը բերում լցնում են փոսի մեջ, վրան մեծ խարույկ սարքում և անընդհատ բորբոքում կրակը: Շիկացած կաղնեփայտը բավականին ժամանակ անց հալեցնում և հողից առանձնացնում է մետաղը: Կրակը հանդարտվելուց հետո մոխրակույտերի միջից հանում են մետաղի հսկա ձուլակտորները, կտրտում և դարբնոցում մշակում:
-Համզե, ինչքա՞ն զենք, խոփ ու խաչերկաթ ես շինել,- երկաթի մի ձուլակտոր շուռումուռ տալով` հարցրեց Գևորգը:
-Չգիտեմ` ինչքան, Գևորգ, բայց մի բան հաստատ գիտեմ. եթե ավելի շատ զենք շինած լինեինք, թուրքն ու քուրդը մեր գլխին աղա չէին լինի,- պատասխան չակնկալելով` Չավուշի աչքերին նայեց Համզեն:
-Գևորգ, Մըյրոյին խնդրի, թող պատմի, թե անտառում կաղնու գերանը բերելու ժամանակ ոնց է արջին հանդիպել,- զրույցին խառնվեց Համզեի մեծ եղբայր Մանուկը: ՈՒ Մըյրոն Գևորգին հաճույքով պատմեց գլխին եկածը։
Անտառում վաղուց կտրած կաղնիները չորացել էին: Մըյրոն թոկը կապեց նրանցից մեկի ծայրից ու սկսեց քաշել: Մի պահ թվաց, թե ուժերը միանգամից սպառվեցին, գերանը այլևս տեղից չէր շարժվում: Շրջվեց գերանի կողմը: Մի հսկա արջ բռնել էր գերանի ծայրից: Մըյրոն մի վայրկյանում հրացանը ուսից հանեց և ուղղեց արջի կողմը. «Արջ, դու թո՞ւրք ես, թե՞ քուրդ, թող գերանս տանեմ»: Արջը համառորեն գրկել էր գերանի ծայրը: Հրացանի առաջին գնդակը ցնցեց արջի մարմինը, վիրավոր գազանը գերանի ծայրը բաց թողեց և ուր որ է` պիտի ոստյուն կատարեր, բայց երկրորդ գնդակից թավալվեց փրփրած կենդանին:
-Տղերք, երկու կրակոց լսվեց անտառից, երևի արջ է հանդիպել: Էրեկ իրիկուն արջերը տակնուվրա են արել գլգիլի արտը, հասեք Մըյրոյին,-գոռաց Համզեն` թախտի տակից դուրս քաշելով հրացանը:
Երբ տղաները հասան` Մըյրոն սպանված արջի հետ էր խոսում. «Արջ, դու թո՞ւրք ես, թե՞ քուրդ...»: Արջի միսը եփում ուտում են, իսկ ճարպը Համզեն լցնում է կճուճն ու պահում: Երբ ոսկրացավով կամ վնասված ողնաշարով հիվանդ են բերում Համզեի մոտ, նա արջի յուղով մշակում է մաշկն ու ոսկորը և անցավ բուժում:
-Թախտի էն փոստն էլ, որ նստել էիր վրան, Մըյրոյի խփած արջինն է,- Չավուշին ցույց տվեց Համզեն...
Մայրամուտի վերջին շողերը կախվել էին Տալվորիկի ձորերն ի վար: Սատանի կամրջի տակ փրփրում էր գետը, գալարվում ցավից ու անզորությունից խուլ ոռնում: Կամրջի ծայրին` ֆիդայիների նշանաքարին, նստել էր միայնակ Գևորգ Չավուշը։ Միտքն անընդհատ կրկնում էր Մըյրոյի հարցական խոսքը. «Արջ, դու թո՞ւրք ես, թե՞ քուրդ...»:

Դիտվել է՝ 150351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ