«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հայտնի և անհայտ հայեր. Տիգրան Միգելե Շիրինյան

Հայտնի և անհայտ հայեր. Տիգրան Միգելե Շիրինյան
21.02.2014 | 10:34

Տասը տարի առաջ՝ 2003 թ. դեկտեմբերի 11-ին, մահկանացուն կնքեց իտալական ռազմական օդուժի և տիեզերագիտության խոշորագույն մասնագետ, 80-ամյա գեներալ, պրոֆեսոր ՏԻԳՐԱՆ ՄԻԳԵԼԵ ՇԻՐԻՆՅԱՆԸ (ՍԻՐԻՆՅԱՆ):
Ռազմական ոլորտի գաղտնի գործունեությունը և համեստ ու ժուժկալ բնավորությունը պատճառ են դարձել, որ նա գրեթե անծանոթ է մնացել սփյուռքահայության լայն շրջանակներին, թեև անձնական և նյութական մասնակցություն էր բերել իտալահայության ազգանպաստ բազմաթիվ ձեռնարկներին:
1995 թ. տիկնոջ` Նաձարենա Մոսկատելիի և դուստրերի հետ առաջին անգամ այցելել է հայրենիք, հյուրընկալվել Վեհափառ հայրապետ Գարեգին Առաջինին:
Մեծ ջանքերի շնորհիվ, Եվրամիության նյութական և բարոյական աջակցությամբ, նա Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում իրականացրել է Pregetto Tempus Tacis-ի տիեզերագիտական նորագույն ծրագիրը, որի շրջանակներում ներառվել էին ուսանողական դասընթացներն ու դասախոսների վերապատրաստումը:
Տիգրան Շիրինյանը ծնվել է 1923 թ. մարտի 12-ին` Պոլսում, ցեղասպանությունը վերապրած կեսարացի կաթոլիկ Միհրան և Եղիսաբեթ Շիրինյանների ընտանիքում:
1942 թ. Պոլսի (Ստամբուլ) պապական նվիրակ Անջելո Ռոնալդիի (հետագայում՝ Հռոմի պապ Հովհաննես 18-րդ) միջնորդությամբ տեղափոխվում է Միլան` ապաստանելով հորաքրոջ՝ Քեհյանների ընտանիքում:
Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարագիտական ֆակուլտետն ավարտելուց հետո գործուղվում է Հռոմ, որտեղ և ստանում է գիտական նախնական մկրտությունը:
Շնորհիվ բացառիկ ձիրքի և աշխատասիրության, նա կարճ ժամանակում գիտական լուրջ ձեռքբերումներ է ունենում և՛ տիեզերական ճարտարագիտության, և՛ իտալական ռազմական օդուժի բնագավառում արդեն որպես բարձրաստիճան սպա: Տակավին երիտասարդ, դառնում է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի տիեզերագիտական ճարտարագիտության պրոֆեսոր, միևնույն ժամանակ` ռազմաօդային ուժերի վերահսկիչ զորավար:
Մեծ է Միգելե Շիրինյանի ներդրումն իտալական «Սան Մարկո» տիեզերական ծրագրի իրականացման գործում:
Ըստ նրա հեղինակած վերոհիշյալ ծրագրի՝ Քենիայում (Աֆրիկա)՝ Հնդկական օվկիանոսի ափամերձ տիեզերակայանից տիեզերք է ուղարկվում իտալական առաջին «Սան Մարկո» արբանյակը:
Փաստորեն, շնորհիվ Լուիջի Պրոլիոյի և Տիգրան Շիրինյանի, ինչպես նշում էին տեղական գրեթե բոլոր և օտար լրատվամիջոցները, Իտալիան այդ ժամանակ կանգնեց տիեզերքը նվաճող ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողքին:
Այնուհետև, նկատի ունենալով փորձառությունը, նրան հրավիրում են ԱՄՆ (ՆԱՍԱ), որտեղ ամերիկացի գործընկերների հետ Տեխասում թռիչքի է պատրաստում Scout փոխադրող տիեզերանավը:
Թեև հայրենասիրությունը նրա մարդկային կերպարի հիմնական հատկանիշն էր, բայց այն առանձնապես ընդգծվեց Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, որի դրսևորումներից էին իտալացիների կառուցած «Վիլլաջիո Իտալիա» բնակավայրի շենքերի տանիքներին անհրաժեշտ շինանյութի ձեռքբերումն ու առաքումը՝ նրա նախաձեռնությամբ: Բացի այդ, Բերգամո քաղաքի եկեղեցական Frati Camilliani հաստատության՝ ցայսօր Աշոցքում գործող հիվանդանոցներում ստեղծել է լաբորատորիաներ՝ անհրաժեշտ սարքավորումներով:
Տիգրան Շիրինյանի հետագա ծրագրերը ծավալվել են Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում և իրականացվել դեռևս 1999-2001 թթ., սակայն թոշակառու լինելու հանգամանքը և վերահաս հիվանդությունը կասեցրին նրա հայրենանպաստ եռանդուն գործունեությունը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ տրանսպորտային համակարգի մասնագիտացված սրահը 2005 թ. հուլիսին անվանակոչվել է Իտալիայի ռազմական ավիացիայի գեներալ, պրոֆեսոր Տիգրան Միգելե Շիրինյանի (Սիրինյան) անվամբ՝ որպես օդային տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման լսարան:
Հարկ է նշել, որ դուստրերից Իզաբելան ժառանգել է հոր` գիտության ու տեխնիկայի նկատմամբ ունեցած ձիրքը, իսկ Աննան՝ հայագիտության, և դա պատահական չէ, քանզի ընտանիքի անդամներին նրա ուղղած վերջին պատգամն էր. «Մի թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները և այն սերը, որ ես մշտապես տածել եմ հայրենիքիս հանդեպ»:


Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 9850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ