Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խաչագող-բարեգործներ

Խաչագող-բարեգործներ
21.02.2014 | 10:53

Ա. ՍԵԹՅԱՆ
«Տարազ», 1894 թ.

Բարեգործությունը հայի դարավոր գեղեցիկ հատկանիշներից մեկն է: Մեր դպրոցների, եկեղեցիների, ընկերությունների գոյությունը դրա շոշափելի ապացույցն է: Սակայն վերջին ժամանակներս երևան է եկել բարեգործների մի նոր տիպար, որ հերքում-ոչնչացնում է այն գեղեցիկ մարդասիրական սկզբունքը, որ կազմում է բուն բարեգործության հիմքը: Դա խաչագող կամ կեղծ բարերարների տիպարն է: Մեր հասարակական կյանքի բոլոր շրջաններում խաչագողի տիպարն արդեն հայտնի է: Գրականության մեջ նա կա, մամուլի մեջ վաղուց գոյություն ունի, իսկ դպրոցական ու եկեղեցական խաչագողերի տիպարների դիմակը արդեն մասամբ պատռված է:
Բարեգործական ասպարեզի խաչագողերը ավելի թարմ երևույթ են, և նրանց կատարյալ տիպարը նոր-նոր է սկսել կազմվել: Փորձենք համառոտ նկարագրել այդ նոր երևան եկող տիպարի ճշգրիտ պատկերը:
Նա հարուստ է, և շատ ժամանակ չէ, որ հարստացել է: Նրա անցյալը պատած է մի թանձր խավարով, և ոչ ոքի համար հետաքրքրական չէ փարատել այդ խավարը: Եվ ո՞ւմ ինչ փույթ, որ նա անցյալում եղել է կամ մի հասարակ գյուղացի, կամ խոհարար, կամ նույնիսկ մի բեռնակիր: Կարևորն այն է, որ մի օր նրա բախտի անիվը շուռ է եկել: Մութ անձնավորությունն ընկել է մի շրջան, ուր գտել է փող վաստակելու դյուրին միջոցը: Թող այդ շրջանը լինի Բաքվի նավթարդյունաբերությունը կամ մի որևէ կապալառություն, առևտուր, միջնորդական գործունեություն կամ, թեկուզ, վաշխառություն. այդ չէ կարևորը, այլ այն, որ այսպես կամ այնպես նա հարստացել է և այսօր անուն ունի հասարակության մեջ: Մի ճգնեք ապացուցել, որ այսօրվա հերոսը իր ոսկիները դիզել է իր նման մշակների արդար քրտինքով, որ նա եղել է կապալառության մեջ խարդախ, առևտրի մեջ՝ նենգ, որ նա զրկել է, կողոպտել է, հարստահարել է հազարավոր մարդկանց դառը քրտնքի վաստակը: Կրկնում ենք, մի ձգտեք այդ բոլորը ապացուցել. նախ, որովհետև ոչ ոքի վրա չեն ազդի ձեր ապացույցները, երկրորդ, ձեզ կհամարեն չարամիտ, նախանձոտ, մանավանդ եթե ձեր գրպանից ոսկիների ձայն չի լսվում: Նայեք միայն ներկային: Տեսեք այժմ, թե ինչպես նախկին հարստահարիչը, վաշխառուն, քծնողը, շողոքորթը, պնակալեզը այժմ ինքն է շրջապատվել շողոքորթներով ու քծնողներով: Եվ ովքե՞ր են նրան շրջապատողները: Դուք կարծում եք` գռեհիկ ամբո՞խը: Ոչ, այդպիսիների երկրպագության կարիք էլ չունի մեր այժմյան հերոսը: Նա այժմ արհամարհում է իր նախկին շրջանը, նրա վրայից վաղուց արդեն թոթափվել է «հնության փոշին», ինչպես ջուրը՝ սագի փետուրներից: Նա այժմ ապահով է, իր գանձարանը լցրել է, նա այլևս չի ուզում հարստահարել, փորը կուշտ է: Նա այժմ միայն մի ձգտում ունի՝ փառք վաստակել, վասնզի հարստությունն առանց հռչակի, առանց փառքի նրա աչքում այժմ մեծ հրապույր չունի: Մամուլ՝ ահա այն առաջին միջոցը, որ պետք է հռչակի նրա անունը: Տեսեք, նա իրեն շրջապատել է այդ մամուլի «արժանավոր ներկայացուցիչներով», հասարակական շահերի այդ «անկաշառ պաշտպաններով»: Առաջին պայման՝ պետք է այդ ղռղռացող ագռավների բերանը մի բան ձգել: Մեր հերոսը գիտե, որ դա անհրաժեշտ է իր «փառքի» ճանապարհը բանալու համար: Նա գիտե նաև, որ շատ էժան է ագռավներին կաշառելը, և կաշառում է: Հաջորդ օրը ագռավները նրան հռչակում են «մամուլի պաշտպան», «բարերար», «մեկենաս»։ Մեր հերոսը կարդում է իր մասին և հրճվում, հրճվում է և իր հոգու խորքում ծիծաղում շողոքորթների վրա: Նա իրավունք ունի ծաղրելու, որովհետև տեսնում է, թե որքան դյուրին և էժան է կաշառելը «անկաշառ հասարակական գործիչներին»:
Բայց լոկ «բարերարի» անունով չի բավարարվում մեր հերոսը: Դա դեռ քիչ է. նա ձգտում է նաև հասարակական կյանքի ասպարեզում դեր կատարել, «գործչի» անուն վաստակել: Ես չեմ խոսում այնպիսիների մասին, որոնք մի դպրոցի մի քանի շահի են նվիրում, որպեսզի հոգաբարձու ընտրվեն կամ խոսքավաճառ լրագրական միմոսներին մի քանի բաժանորդագին են նվիրում, որպեսզի իրենց անունը տարվա վերջում կամ սկզբում տպագրվի լրագրի էջերում: Այդպիսիների պատկերը բավական հայտնի է հասարակությանը: Դրանք, այսպես ասած, մեր առօրյա մանր-մունր հերոսներն են: Ես խոսում եմ այն ավելի խոշոր, հետևաբար և ավելի զազրելի խաչագող-բարեգործների մասին, որոնք, փող ունենալով, այն համոզմանն են, թե իրավունք ունեն և կարող են նույնիսկ արմատական գաղափարների պարագլուխ ու թարգման հանդիսանալ: Դրանց արարքները ներկայացնում են մի կատարյալ տրագիկոմիկական տեսարան: Դրանք արդեն աշխատում են իրենց շրջապատել բուն գաղափարական մարդկանցով, մտավորականության այն դասով, որի ձգտումները ոչ մի առնչություն չունեն լրագրական գաճաճների մանր-մունր շահերի ու ձգտումների հետ, և որոնց անկեղծությանը և օգտակարությանը միայն իրավունք ունեն հավատալու: Եվ ահա տեսնում ես՝ ճարպիկ խաչագող-բարեգործը, օգտվելով այդ գաղափարական մարդկանց անկեղծությունից և հավատից, սկսում է նրանց հետ անպատկառ կատակներ անել: Կատակներ, որոնցում դեր են կատարում մի ամբողջ ժողովրդի վիճակը, մի թշվառ ազգի ճակատագիրը: Մարդիկ խաբվում են այդ նախկին խոհարարի կամ վաշխառուի և այժմյան խաչագող-բարեգործի զանազան սուտ ու պատիր խոստումներից ու երդումներից: Այդ սուտ երդումների հիման վրա նրանք սկսում են օդային ամրոցներ կառուցել: Եվ հանկարծ մի օր պարզվում է, որ իրենք մոլորված են, որ խաչագողը մի ձգտում է ունեցել միայն՝ մոտենալ գաղափարականներին, դեր խաղալ նրանց մեջ իր անունը փայլեցնելու համար: Միամիտ մարդիկ նոր միայն հասկանում են, թե ինչ տեսակի նորագույն բարոյական ավազակի հետ են գործ ունեցել:
Այս բոլոր մեր ասածները տեսական դատողություններ չեն, այլ փաստերի վրա հիմնված դառը ճշմարտություն: Քանիցս ես վկա և ականատես եմ եղել այդ տեսակի փաստերի: Ես տեսել եմ ոսկիների մի շրջուն տոպրակ, որի վերնահարկը այնքան դատարկ էր, որքան լիքն էր նրա գրպանը, ով չգիտե երկու խոսք մեկմեկու կապել և մի միտք արտահայտել, և որի սիրտը սակայն լի է սնոտի փառամոլության զգացումներով: Եվ հանկարծ մի օր այդ մարդը, որ ազգերի կյանքի ու ճգնաժամի մասին այն գաղափարն ունի, ինչ ունեցել է բազազխանի արշինի մասին, կրկնում եմ, հանկարծ մի օր այդ մարդը՝ գրպանը ոսկիներով լի, ասպարեզ է ընկնում և հանդգնում ազգային առաքյալի դեր կատարել: Եղել են միամիտներ, ովքեր հավատացել են այդ մարդկանց ու հետո խաբվել: Բայց կարծում եք, որ մի անգամ խաբվելը խելոքացրե՞լ է նրանց: Ո՛չ, նրանք պատրաստ են այսօր էլ, վաղն էլ խաբվելու: Ինչո՞ւ: Որովհետև նախ խաբվողները շատ միամիտ են և անփորձ, երկրորդ, որ ամենագլխավորն է, ազգային առաքյալի դեր կատարողն է շատ ճարպիկ ու խորամանկ, չնայած արտաքուստ ձևանում է համեստ, միամիտ և անկեղծ: Ես տեսել եմ այդպիսի խաչագողերի և ուրիշ մի քանի տիպարների՝ կոլոլակ մսի գնդեր, որոնք, բացի իրենց որովայնի լայնությունից և պարանոցի հաստությունից, ոչ մի արժանիք չունեին, սակայն, այդուամենայնիվ, աշխատում էին ձևացնել, թե, իբր, ընդունակ են բարձր գաղափարներով ոգևորվելու: Ամենացավալին այն է, որ ստրկահոգի, երկչոտ մտավորականությունը ոչ միայն հավատում է այդպիսիներին, այլև շատերն իրենց համար պատիվ են համարում նրանց հետ միևնույն սեղանի շուրջը նստելը: Վա՜յ այն հասարակությանը, որտեղ խաչագողերը կարողանում են գաղափարական դեր կատարել, և վա՜յ այն մտավորականությանը, որ այդպիսիների հետ է միևնույն սայլին լծվում:


Հրապարակման պատրաստեց
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԸ

Դիտվել է՝ 2368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ