Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՈՒկրաինան սեփական «կազմաքանդման» ուղի է բռնել

ՈՒկրաինան սեփական  «կազմաքանդման» ուղի է բռնել
28.02.2014 | 11:06

Սոչիում 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացումը զարմանալիորեն զուգադիպեց ՈՒկրաինայի հայտնի իրադարձությունների ողբերգական, բայց տարօրինակ միջանկյալ ելքին։ Արևմուտքի լրատվամիջոցների մի շարք հրապարակումներ հստակորեն ցույց են տալիս` ոմանց համար ՈՒկրաինայի պետական հեղաշրջումը 2008 թ. օգոստոսի վրաստանյան պատերազմի «ռևանշն» է։ Ավելին, բացահայտվել է նաև բոլորին հիմարացնելու փորձի մեխանիզմը. այն է` ուկրաինացիների խորհրդային ժամանակներից հայտնի «գեղցիական» շահամոլ խորամանկությունը։ Հայրենիքի պաշտպանի օրը` փետրվարի 23-ին, Եվրամիությունն շտապեց հայտարարել, թե պատրաստ է ուկրաինական նոր կառավարությանը 20 մլրդ եվրո տրամադրել` դեֆոլտից խուսափելու համար։ Այսինքն, փրկելու հանրապետությունը սնանկ և «failed state»` կործանված պետություն, համարվելուց։ Հիշենք, Ռուսաստանը Նոր տարուց առաջ 15 մլրդ դոլարի երաշխիք էր տալիս։ Այսպիսով, ամբողջ այս իրարանցման գինը ծիծաղելի (ՈՒկրաինայի համար) գումար է` 9 մլրդ 085 մլն եվրո (1 USD=0,7277 EUR մոտավոր փոխարժեքով)։ Հիշեցնենք, որ նոյեմբերին ՈՒկրաինայի իշխանությունները ԵՄ-ից (առանց այլևայլության իրենց արտադրական կարողությունների փակումը թույլ տալու համար) մոտ 160 մլրդ եվրո էին խնդրել, ինչն Արևմուտքը վճռեց «չճարել» Կիևի համար։ Իսկ ներկա իրավիճակում, ՈՒկրաինայի արևմտամետ ուժերը, ծպտուն անգամ չեն հանել Արևմուտքի առատաձեռնության մասին։ Բայց, իբրև տիպիկ խամաճիկներ, հազիվ թե առարկեն։
Ահա արդեն «մեյդանում» ¥թող ներեն ուկրաինական խոսվածքի երկրպագուները, ավաղ, այդ բառը հենց «մեյդան» է, ոչ թե «մայդան»¤ երևացել են թե՛ Խարկովի բանտից հապշտապ ազատ արձակված Յուլյա Տիմոշենկոն, թե՛ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Իսկ «աջ սեկտորը», այսինքն` հենց նրանք, ովքեր հրաձգություն ու սպանություններ էին հրահրել Կիևում, անտարբեր լսում էր «խորամանկ աղվեսների» բարբաջանքներն այն մասին, թե, իբր, «ժամանակն է մեյդանից ցրվելու տները», իսկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախել է, և այն, ինչի համար «մարտնչում էին» «ոչդոնեցկյան կլանների» ներկայացուցիչները, ձեռք է բերված։ «Սեկտորը» Կիևից ոչ մի տեղ էլ չի գնացել, իսկ ինչո՞ւ գնա։ Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովը վճռականորեն է տրամադրված. նա «մեյդանի» մարդասպաններին ու այլ «գրոհայինների» ներդնում է իրավապահ մարմինների համակարգում, դրանով իսկ կանխավ ապահովելով նրանց լեգիտիմությունն ու, համապատասխանաբար, անընդդատությունը։ Անգամ նրանց ֆաշիզմի ամենաակնբախ դրվագների համար, օրինակ, Կիևի սինագոգի հրեա հոգևորականների ծեծի։ Կամ Կիև-Պեչորյան ուղղափառ վանք կատարած ներխուժման։ Իսկ կիևյան «մեյդանի» մասնաճյուղը` այսպես կոչված, «Ավտո-մեյդանը» (երևի գրոհայինների ամենաարմատական մասը), արդեն իր ընդդիմությունն է հայտնել ինքնակոչների իշխանությանը։ Ինքնակոչների, որովհետև Կիևում կատարված սպանություններից հետո ուկրաինական Գերագույն ռադայի ոչ մի պատգամավոր, էլ չենք խոսում դավաճան Յանուկովիչի մասին, ո՛չ բարոյական, ո՛չ իրավաբանական իրավունք չունի իշխանություն կոչվելու։ ՈՒկրաինայում իշխանություն չկա։ Իսկ Յանուկովիչը դավաճան է միանգամից երկու, նույնիսկ երեք առումով։ Ինչպես ասում են, ամեն տեսակի իշխանություն կարող է լինել` նաև լավ կամ վատ, բայց ոչ մի իշխանություն չի կարող և չպետք է լինի թույլ ու երկչոտ։
Իսկ Յանուկովիչը դավաճանել է, նախ և առաջ, իր շարքային ընտրողներին` ՈՒկրաինայի բոլոր շրջաններում։ Նա դավաճանել է իր ուժայիններին` լինելով գերագույն գլխավոր հրամանատար։ Դավաճանել է վերջապես, նույնիսկ իր «դոնեցկյան կլանին»։ Այնպես որ, փախուստը, ասես հենց Արևմուտքի երաշխիքով, օրինաչափ ելք է։ Հարցն այն է, որ Կիևում իշխանափոխությունը պլանավորած է եղել հենց ԱՄՆ-ը, խնդիր ունենալով առնվազն թույլ չտալ, որ ՈՒկրաինայում հերթական ընտրություններ տեղի ունենան 2015-ին։ Եվ սցենարը, կարծես, գործեց. «հեղափոխականները» վերելք են ապրում, «թշնամին փախուստի է դիմել»։ Ոմանք սկսել են եռանդուն կերպով «փնտրել» Յանուկովիչին, իբր` դատի պիտի տանք։ Բայց ահա մարդիկ էլ կան, որ Յանուկովիչի փախուստից մեկ-երկու օր առաջ մեկնել էին Մոսկվա` համոզելու Ռուսաստանին, որ պետք է, իբր, «ազատ արձակել Տիմոշենկոյին»։ Եթե ուշադրություն դարձրել եք, կիևցի մի երկու-երեք մտավորական` գրող Օլես Բուզինայի գլխավորությամբ, օրերս Վլադիմիր Սոլովյովի «Կիրակնամուտ. հատուկ թողարկում» հեռուստահաղորդման շրջանակներում բացահայտորեն քարոզում էին, թե ազատության մեջ գտնվող Յուլյա Վլադիմիրովնան երաշխիք կդառնա այն բանի, որ ֆաշիզմը ՈՒկրաինայում կկասեցվի։ «Միայն կինը» ամեն ինչ կկասեցնի։ Բայց ահա այդ օրերն անցան, և աշխարհը տեսնում է` ոչ։ Հաղթանակած ֆաշիստները փորձեցին «կաշառել» Տիմոշենկոյին` նրան խոստանալով վարչապետի աթոռը։ «Բատկիվշչինա» կուսակցության հիմնադիր ծայրը կտրուկ հրաժարվեց. նա շատ տհաճ անակնկալ մատուցեց Արևմտյան ՈՒկրաինայի նեոնացիստներին, հայտարարելով, որ կմասնակցի հայտարարված արտահերթ նախագահական ընտրություններին։ Եվ արդեն տեղին է հետևյալ հարցը. իսկ նա կապրի՞, արդյոք, մինչև 2014-ի մայիս։ «Հանկարծ» ու սրվեն նրա «բանտային հիվանդությունները», որոնց մասին վերջին մի քանի տարում նա շարունակ Խարկովից ազդարարում էր մեկ Գերմանիայի իր բարեկամների, մեկ իր դստեր միջոցով։
Իսկ ահա նացիստների ծրագրերն ակնհայտ են։ Դրանք չի թաքցնում կիևյան «մեյդանի» վերջին շրջանի մեկ այլ առաջնորդ` նացիստների հետ սերտորեն կապված Օլեգ Տյագնիբոկը։ Ռուսաց լեզվի արգելում` ընդհուպ մինչև քրեական հետապնդում, և դա մի երկրում, ուր 10-15 միլիոնը միայն ռուսներ են, էլ չենք խոսում բնակչության ռուսախոս մյուս մասի մասին։ Ազգային փոքրամասնությունների` բուլղարների, ռումինների, մոլդովների, հունգարների, գնչուների, ղրիմցի թաթարների, ինչու չէ` նաև հայերի, ադրբեջանցիների, հրեաների... լեզուների զարգացման արգելում։ Երրորդ ռայխի` նորից ազգային հերոսների պատվանդանին բարձրացված աջակիցների մեծարում` ի դեմս բենդերների, շուխևիչների ու նրանց նմանների։ Ռուսաստանի, Բելառուսի հանդեպ տարածքային պահանջների ներկայացում։ Ինչպես ասում են, սա միայն սկիզբն է։ Կարճ ասած, տիպիկ ֆաշիստական «դրանգ նախ Օստեն», բայց միայն արևմտաուկրաինական նացիստների ձեռքերով (ուղեղ նրանք հաստատ չունեն, համենայն դեպս` սեփական), նրանց ժառանգների ձեռքերով, ովքեր բելառուսական Խատին գյուղն այրեցին 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, նրանց, ովքեր հրեաների զանգվածային սպանդ սարքեցին Բաբի-Յարում նույն տարիներին, նրանց, ովքեր լեհերին ու ռուսներին ցեղասպանության ենթարկեցին Վոլինի մարզում և այլն, և այլն։
Հակահարվածներ նացիստներին, նաև նրանց, ում կարծիքով` նացիստների հետ գործակցությունը չի աղտոտի իրենց, քանի որ «իրենք սուրբ նպատակ են հետապնդում», այն է` տապալել Յանուկովիչին և, այնուամենայնիվ, ՈՒկրաինան ասոցացնել ԵՄ-ի հետ, մինչև նախագահի փախուստն էլ կային։ Այսօր-վաղը կմիավորվեն այն տարածքները` իրենց բնակչությամբ, ուր բենդերականների հոգևոր ու գենային ժառանգները հակահարված են ստացել և ստանում։ Ղրիմի, Մալոռուսի, Դոնի կազակների զորքի մարզի (որ ժամանակին բոլշևիկները անօրինաբար խցկեցին ՈՒկրաինայի կազմի մեջ, ընդ որում` կազակների ցեղասպանությունից հետո) քաղաքներում և այլ վայրերում ինքնաբերաբար ռուսական դրոշներ են բարձրացվում։ Խարկովում, Դոնեցկում, այլ քաղաքներում, Ղրիմում բնակչությունը ժողովրդական և կազակական դրուժինաներ է կազմավորում, որպեսզի ամենամոտ ժամանակներս դիմակայի մինչև ատամները զինված արևմտաուկրաինական նացիստներին։ Այսինքն, Կիևի «մեյդանի հաղթողներին»։ Կիևը ոչ միայն արյան մեջ խեղդեցին. այդ քաղաքը բռնաբարված է, պղծված։ Հիմա դա մի վարժահրապարակ է, ուր նացիստներն անում են` ինչ ուզում են, ուզում են` սպանում են, ուզում են` աչքերն են միայն հանում, ուզում են` ծեծում-ջարդում են, բայց գոնե ողջ են թողնում։ Զինաթափվելու միտք չունեն` դրա համար չեն զինվել, որ հիմա զինաթափվեն։ Իսկ պատկերացրեք վաղվա պատկերը. Ավագովի լեգալացրած և իրավապահ մարմինների մեջ ներդրած այդ բանդիտները վաղը, իբր, «կարգուկանոնին պիտի հետևեն»։ Թե նրանք Կիևում ինչ կարգուկանոնի պիտի «հետևեն», կասկած չկա։ Իրադարձությունները ցույց են տվել, որ Կիևում չկա բնակչություն, չկան քաղաքացիներ։ Գրեթե 5-միլիոնանոց քաղաքն այդպես էլ իր խոսքը չասաց։ Կիևը լռում է նաև հիմա. մի հավատացեք այդ ուրախ «դեմքերին» ու դրանց բարբաջանքներին։ Մարդիկ, որ հովանավորում ու արդարացնում են սպանությունները, «աջ սեկտորի» գրոհայիններին, բացահայտ բենդերականներին, չեն կարող դեմք ունենալ, դրանք մարդիկ չեն` ինչ տականք էլ որ լիներ «արանքը ճղած» նախագահը։ Իսկ Կիևը, որպես քաղաքացիների քաղաք, այլևս չկա, գոյություն չունի։ Եվ զուր էր Տիմոշենկոն կոկորդիլոսի արցունքներ թափում «մեյդանում», թե, իբր, «այստեղ գալու ճանապարհին» Կիևը չէր ճանաչում, սիրտը կտոր-կտոր էր լինում... Բայց չէ՞ որ այդ նա էր Խարկովի բանտից հրահանգում` ամո՛ւր կանգնեք։ Արյո՛ւն հեղեք։ Հասե՛ք ձեր ուզածին։ Հասան, Յուլյա Վլադիմիրովնա։ Ո՛չ իրենց, այլ Ձե՛ր։ Իսկ ահա նրանք, ովքեր արյուն էին հեղում, պատրաստ են հեղելու նաև ձերը։ Նրանց պետք չէ արևելյան խորամանկ օլիգարխուհին, դուք նրանց պետք էիք սոսկ որպես Կիևում կայացած դիմակահանդեսի կեղծ դրոշ։ Իսկ հիմա դիմակահանդեսն արդեն առաջին պտուղներն է տվել։ Տիմոշենկոն «աջերին» այլևս պետք չէ։ Եվ նա «մեյդանյան հեղափոխության» Մոլոքին մատուցված առաջին մատաղն է։
Եվ այսպես, Կիևում խաղարկված դրամայի առաջին արարն արդեն հետևում է։ Շրջակա աշխարհի գնահատականները որոշ իմաստով «հընթացս սառչում են»։ Մեծ հաշվով լռում են Ռուսաստանն ու ԱՊՀ մնացած երկրները։ Լռում է նաև Վրաստանը, թեև նրա նախկին նախագահը արդեն ՈՒկրաինայում է և սովորության համաձայն ահաբեկում է Ռուսաստանով ու Պուտինով։ Այն, ինչ հնչում է տարբեր մայրաքաղաքներից, հեչ բան է։ Ամենահետաքրքիրն Արևմուտքի այսօրվա արձագանքն է, որը և Կիևում տեղի ունեցած սպանությունների հիմնական հրձիգն է (սա չի նշանակում, թե ես հանում եմ պատասխանատվությունը Յանուկովիչի վրայից` իր հիմար վարքագծի համար, ինչը և արյունահեղության հանգեցրեց)։ Արևմուտքում, վերջին շաբաթների բարձրագոչ հռետորաբանությունից հետո, որոշել են դադար վերցնել։ Ամերիկյան Սպիտակ տան և ԵՄ մարմինների հայտարարությունները կարճառոտ են և բաղկացած են, ավելի շուտ, ընդհանուր խոսքերից, թե, իբր, ՈՒկրաինայի քաղաքական գործընթացներին սևեռուն հետևում են։ Բայց ի՞նչ հետևություններ են անում, չեն ասում։ Որոշ իրադարձություններ առհասարակ առանց մեկնաբանության են մնացել. օրինակ, Յանուկովիչի փախուստը Կիևից։ Թերևս միայն ԱՄՆ-ն է արձանագրել, որ այսուհետ փախածին ՈՒկրաինայի նախագահ չի համարում։ Երբ ՈՒկրաինայում դրամատիկ իրադարձություններ էին տեղի ունենում, Վաշինգտոնը լռություն էր պահպանում, և ահա միայն փետրվարի 23-ի օրվա վերջում Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարություն հրապարակեց։ Փոքր, ընդամենը մեկէջանոց ու բավական լղոզված հայտարարություն։ Այստեղ ասված է, թե ԱՄՆ-ը սևեռուն հետևում է ՈՒկրաինայի իրադարձություններին, հետևողականորեն հանդես է գալիս բռնությունների դադարեցման օգտին, ողջունում է բանտային հիվանդանոցից նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դուրս գալը և շուտափույթ ապաքինում մաղթում նրան։ Ընդդիմության առաջնորդների կամ չինովնիկների այլևս ոչ մի անուն ու կոչում հայտարարության մեջ չեն նշվում։ Եվ, իհարկե, աչքի է զարնում Յանուկովիչի մասին հիշատակության բացակայությունը։
Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են, որ Վաշինգտոնում ՈՒկրաինայի դեսպանատանը մինչև ուշ գիշեր լույսը վառված է, թեև արտաքուստ աշխատակիցների ոչ մի ակտիվություն և դիվանագետների ավտոմեքենաների ելումուտ չեն նկատվում։ Ներկայացուցչության մուտքի փակ դռան մոտ ՈՒկրաինայից տարագրված ակտիվիստները մոմեր են վառել ի հիշատակ «Մայդանում» զոհված ընդդիմադիրների։ Սպանված միլիցիոներների լուսանկարները չկան։ Մուտքի մոտի ճաղավանդակին Յանուկովիչի մեծադիր լուսանկարն է։ «ՈՒկրաինայում տեղի ունեցած փոփոխությունները կարող են արագացնել ազգային միասնության կառավարության ձևավորումը,- հայտարարում են Սպիտակ տանը,- և Վաշինգտոնն ուզում է այնտեղ «տեխնոկրատների» տեսնել»։ Այսինքն, պրոֆեսիոնալների, որոնց սովորաբար ընտրում են, անկախ քաղաքական հակումներից։ Արդյոք հնարավո՞ր է դա հիմա ՈՒկրաինայում, հայտնի չէ։ Պաշտոնաթող Ազարովը հենց «տեխնոկրատներից» էր։ Բայց բոլորը հասկանում են, որ նրան հիմա նույնիսկ գերկաշառքով էլ չես հրապուրի։ Կարծում եք` վաղը գնդակահարված լինելու ցանկություն ունեցո՞ղ կա։ ՈՒկրաինայի արևմուտքը մինչև ատամները զինված է, Կիևում թրև են գալիս զինված ֆաշիստներ։ ՈՒ ճորտագրվել սրա՞նց։ Մինչդեռ տնտեսական դրությունն ավելի ու ավելի է վատանում։ Հասկանալի չէ, ԱՄՆ-ը և ԵՄ երկրները ուզո՞ւմ են ֆինանսական օգնություն ցուցաբերել, թե՞ ոչ, դատողություն է անում ամերիկյան ազդեցիկ «Նյու Յորք թայմս» թերթը և մեջբերում է Եվրոպայի մի առաջատար հետազոտական կենտրոնի տնօրենի պերճախոս մտքերը։ «Ոչ ոք, ի վերջո, չի ուզում խրվել այն խնդիրների ճահիճը, որ հիմա ունի ՈՒկրաինան,- հաղորդում է Եվրոպայի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Մարկ Լեոնարդը։- Երկիրը սնանկ է։ Կառավարման զարհուրելի, փլուզված համակարգ և կոռուպցիայի` սահման չճանաչող մակարդակ»։ Առայժմ Եվրամիությունում սահմանափակվում են «համակողմանի քաղաքական գործընթացի լիակատար պաշտպանության» մասին հայտարարություններով. այս մեջբերումը Քեթրին Էշթոնից է։ Եվ «ճգնաժամի կարգավորման համաձայնագրերի պահպանման եվրոպական հսկողության» մասին. սա էլ ասել է Բելգիայի արտգործնախարարը։ Փոքր-ինչ կոնկրետ է եղել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը. «Ես միշտ ասել եմ` այն, ինչ մենք կարող ենք տրամադրել, կմախքն է, կառուցվածքը։ Իսկ դրան միս ու արյուն հաղորդելու գործով ՈՒկրաինայում պետք է զբաղվեն քաղաքական առաջնորդներն ու ընդդիմությունը»։
Խոստացած 20 մլրդ եվրոն, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը չի տրամադրի. այդ փողը հատկացնող չկա։ Թերևս միայն, եթե Գերմանիան բարեհաճ գտնվի։ Սակայն կանցլեր Անգելա Մերկելն այս օրերին անընդհատ աշխուժորեն քննարկել և քննարկում է ՈՒկրաինայի հարցը Վլադիմիր Պուտինի հետ։ Եվ ո՛չ Գերմանիայում, ո՛չ Ռուսաստանում ոչ ոք չի կարող ասել, թե ինչ են նրանք խոսել։ Ռուսաստանը կասեցրեց փողի հատկացումը ՈՒկրաինային հենց որ ծայրահեղական նացիստները մարտեր սկսեցին Կիևում։ Իսկ ո՞ւմ և հանուն ինչի՞ վճարի։ Ազարովը հեռացել է, իսկ պայմանավորվածությունները հենց Ազարովի հետ էին եղել։ Նացիստներն ուզում են ՈՒկրաինան ագրեսիայի նախապատրաստել ընդդեմ Ռուսաստանի և «Մոսկվայում հեղափոխություն անելու»։ Դե հա, վրացիներին` իրենց փախած պատգամավոր Գիվի Թարգամաձեով, չհաջողվեց, հիմա, ուրեմն, Բանդերայի ու Շուխևիչի ժառանգներն են ուզում իրենց ուժերը փորձարկել։ Ընդ որում, ռուսական իշխանությունները ճիշտ են. չէ՞ որ այդ ՈՒկրաինայի նախկին կառավարությունը չի կատարել երկկողմ համաձայնագրերի այն կետը, համաձայն որի, Կիևը պարտավոր էր ամենակարճ ժամկետներում թողարկել և Դուբլինի բորսայում տեղակայել իր, այսպես կոչված, «եվրաբոնդերը»։ Բայց դա չի արվել։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` փետրվարի 24-ի հայտարարության այն խոսքերը, թե «այսօր ՈՒկրաինայում չկա մեկը, որի հետ շփվես, բայց Մոսկվան պատրաստ է վերականգնելու համագործակցությունը Կիևի հետ, երբ ՈՒկրաինայում ձևավորվի սահմանադրության վրա հիմնված ժամանակակից իշխանություն» բավական հստակ ուղերձ է Արևմուտքում և Կիևում բոլորի համար, որ Ռուսաստանը չի ճանաչում մի իշխանություն, որը դժվար է անվանել սահմանադրական։ Իսկ չէ՞ որ հաղթանակած նացիստները հայտարարել են սահմանադրության պատրաստվող վերանայման մասին։ Բայց նկատելի է Արևմուտքի հերթական շտապողականությունը։ «Հենց որ ՈՒկրաինայում ձևավորվի նոր իշխանություն, մենք կկարողանանք սկսել Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, ՈՒկրաինայում պետք է օրինական կառավարություն լինի»,- փետրվարի 24-ին հայտարարեց Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բաին։ Իսկ այնպիսի «մանրուքներ», ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների իրավունքների արդեն հայտարարված սահմանափակումները, ահաբեկչության շարունակումը նրանց նկատմամբ, ովքեր դեմ են ԵՄ-ի հետ ՈՒկրաինայի ասոցացմանը, ինչպես ասում են, կարևոր չեն։ Կյանքի մանրուքներ` «աջ սեկտորի» ուկրաինացի տականքների և, իհարկե, Արևմուտքի համար։
ՈՒստի կանխատեսումներ չենք անի։ Նացիստների ռևանշ ՈՒկրաինայում, այո, կա, բայց առայժմ մասնակի։ Ամբողջ ՈՒկրաինան չի տենչում, օրինակ, Հունգարիայի նման միանգամից աղքատանալ, հայտնվել լուսանցքում, որ մի 15-20 տարի հետո աղքատ և հեռանկար չտեսնող մարդկանց արդեն նոր սերունդները զանգվածաբար սկսեն ԵՄ-ի դրոշները դուրս նետել ազգային խորհրդարանից։ Բայց արձանագրենք մի հանգամանք. Կիևից Յանուկովիչի փախուստի և «աջ սեկտորի» գրոհայինների լեգիտիմացման (ազատելով սպանությունների, ջարդերի, դիակապտության և այլ հանցանքների համար քրեական պատասխանատվությունից) պահից ՈՒկրաինան այլևս անկախ պետության նույնիսկ երևութականություն չունի։ Մեկ անգամ ևս հիշեցնենք Բելգիայի արտգործնախարարի խոսքերը. «Ճգնաժամի կարգավորման համաձայնագրերի պահպանման եվրոպական հսկողություն»։ Եվրամիությունը ՈՒկրաինայի նկատմամբ սահմանում է իր արտաքին կառավարումը։ Նման վարքագծի փորձը Հունաստանում, օրինակ, հանգեցրեց սոցիալական բողոքների պայթյունի, անհնազանդության գործողությունների և, իհարկե, բնակչության դեմ ուղղված պատժիչ միջոցառումների։ Բայց Հունաստանը փոքր երկիր է և փոքրաթիվ բնակչություն ունի։ Դա հաստատ ՈՒկրաինա չէ։ Այնպես որ, երևի, պետք է սպասել, որ ՈՒկրաինայում կլինեն մարդկային ողբերգության թե՛ երկրորդ, թե՛ երրորդ, և թե՛ հետագա արարներ։ Իսկ թե Կիևում և այդ հանրապետության մյուս քաղաքներում դեռ քանի-քանի «մեյդաններ» կլինեն, ավելի լավ է չմտածենք։

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ