Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Հոգով ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը»

«Հոգով ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում,  իսկ հոգին` մարմնի հակառակը»
28.02.2014 | 11:03

Առտնին հոգսերը թոթափելու և հանգիստ շունչ քաշելու օրեր են գալիս. սկսվում է Մեծ պահք կոչվող քառասնօրյա զատկական ժամանակաշրջանը, որի առաջին օրը կոչում են Բարեկենդան: Այդ օրը մեր ժողովուրդը շատ է սիրել, նույնիսկ հեքիաթներ ու զվարճալի պատմություններ են հնարել կապված Բարեկենդանի հետ: Իսկ այդ բառի անունը առաջացել է Բարի կենդանություն իմաստից, այսինքն՝ մինչ Ադամի ու Եվայի մեղանչում Աստծո դրախտում գտնվելու ժամանակաշրջանը:
Այս տարի Մեծ պահքը սկսվում է մարտի 2-ին ու ավարտվում սուրբ Զատկի տոնին՝ ապրիլի 20-ին:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՆՔ ԶԱՏԿԱԿԱՆ ՊԱՀՔԻ ՆԱԽՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
4-րդ դարից առաջ քրիստոնեական հին գրականության մեջ գրեթե ոչ մի հիշատակություն չկա քառասնօրյա պահեցողության որևէ շրջանի մասին: 2-րդ դարի վերջերին և 3-րդ դարի սկզբներին ապրող Տերտուղիանոս մատենագիրը հիշատակում է, որ Մոնտանական կոչվող, խիստ հոգևոր հակումներ ունեցող աղանդը, որին հարում էր նաև ինքը` Տերտուղիանոսը, Զատկից առաջ երկու շաբաթ պահեցողություն էր անում, մինչդեռ ուղղափառ քրիստոնյաները Զատկից առաջ մեկ, առավել երկու օր էին պահք պահում: ՈՒրիշները նախքան Զատիկը 40 ժամ խիստ պահեցողություն անելու սովորություն են ունեցել: Այդ խիստ պահեցողությունը եկեղեցական տերմինով կոչվում է Անսվաղ պահք, երբ մարդը բացարձակապես ոչնչով չի «սվաղում» կոկորդը, այսինքն, այդ ժամանակաշրջանում ոչ ուտում է, ոչ խմում:
«Քառասնորդաց» պահքի բացատրությունն առաջին անգամ հիշվում է Նիկիայի ժողովի (325 թ.) Ե (5-րդ) կանոնում` հավանաբար ակնարկելով Մեծ պահքի 40 օրերի շրջանը, որից առաջ հարկավոր էր անցկացնել եպիսկոպոսական տարեկան երեք ժողովներից մեկը: Ալեքսանդրիայի հայրապետներից ս. Աթանասն է, որ 330-ական թվականներին իր հոտին բացահայտորեն թելադրում է նախքան Ավագ շաբաթը 40 օր պահեցողություն անել: Ըստ արդի բանասերների և կանոնագետների` 4-րդ դարի երկրորդ կեսերին սրբագրված «Առաքելական կանոններ» կոչվող կանոնագրքի 8-րդ հոդվածում ասված է. «Առաքյալները տնօրինեցին, որ 40 օր պահք նշանակվի` հրաժարվելու համար ամեն չարությունից, մեղքից և կերակրից` նախքան Փրկչի չարչարանքների օրը, և ապա կատարեն չարչարանքների օրը` Տիրոջ Պասեքը, և Փրկչի Հարության տոնը.... Քանզի Նույն Ինքը` Տերը մեր Քրիստոս, Տերը տոների և տարեկան հիշատակությունների, 40 օր և 40 գիշեր պահք պահեց» (Կանոնագիրք հայոց, էջ 32):
Առաջին չորս դարերի պահեցողության կերպերն էլ դեռ հստակ չեն: 5-րդ դարի հույն պատմիչներից Սոկրատն ասում է, որ Մեծ պահքի ընթացքում ոմանք հրաժարվում են կենդանական մսերից, ուրիշներն էլ ձուկ են ուտում, ոմանք ձկանն ընկերակցում են նաև հավեղեն, կան, որ հրաժարվում են վերոհիշյալներից և հավկիթեղենից ու կարծր կեղև ունեցող պտուղներից` ընկույզ, նուշ և այլն, ոմանք էլ լոկ չոր հացով են գոհանում: Պահեցողության առօրյա տևողության մասին էլ հստակ գրեթե ոչինչ չկա հիշված: Ոմանք պահել են մինչև երեկոյան ժամը երեքը, որից հետո ամեն տեսակի կերակուր թույլատրվել է ուտել, իսկ խստապահներն այն աստիճանի են առաջ գնացել, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ են ճաշել: Ամենից սովորականը, սակայն, օրական մեկ անգամ ուտելն է եղել` լոկ մսից և գինուց հրաժարումով: Կաթնեղենի և հավկիթեղենի օրինական խիստ արգելք, ըստ երևույթին, տակավին չկար:
Մինչև իսկ 9-րդ դարում Արևմուտքում Մեծ պահքի ընթացքում հավկիթից, պանրից և ձկից հրաժարվելը նկատվել է բացառիկ առաքինություն:
Առաջին անգամ Հռոմի Գրիգոր Մեծ պապն է, որ 7-րդ դարի սկզբներին, գրելով Անգլիայի առաջին եպիսկոպոսին` Օգոստինոսին, ասում է, որ Մեծ պահքի ընթացքում «մենք հրաժարվում ենք մսից և կենդանական կերակուրից, այսինքն` կաթից, պանրից, հավկիթից և նմաններից»: Սա էր վաղ միջնադարում համայն քրիստոնեության ընդհանուր օրենքը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում:
Սակայն աստիճանաբար Արևմտյան եկեղեցում թույլտվություններ մտան նախ ձկնեղենի, կաթնեղենի ու հավկիթեղենի վերաբերյալ և ապա օրական գլխավոր ճաշին զուգահեռ առավոտյան ու երեկոյան ևս արտոնվեցին թեթև ուտելիքներ, մինչև Արևմտյան եկեղեցուց ողջօրյա ծոմապահությունը գրեթե իսպառ վերացավ, և պահեցողության օրենքը լոկ մսի համար մնաց:
Այս ամենի մասին առավել ըմբռնելի գրել է Կոստանդնուպոլսի պատրիարք երջանկահիշատակ Շնորհք Գալուստյանը իր «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքում. «Պահքից անբաժան էր աղոթքը: Սուրբ գրքում որտեղ էլ պահքի մասին հրահանգ է տրվում, միաժամանակ հանձնարարվում է աղոթքը: Ի դեպ, պահքի ներկա ձևին, այսինքն` համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեական գրքում, ուր ասված է. «Այդ օրերին ես` Դանիելս, երեք շաբաթ սգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. 10. 2-3):
Երբ մտնում ենք Նոր կտակարանի ավելի լուսավոր շրջանը, տեսնում ենք, որ պահքի սովորությունը շարունակվում է նաև այստեղ: Նոր ՈՒխտի առաջին պահեցողը նույնիսկ զատկական շրջանում պահքից անբաժան էին լացն ու կոծը և սրանց արտահայտման արտաքին ձևերը` հագուստ պատռելը, քուրձ հագնելը, մոխրի վրա նստելը և այլն:
Պահքի մասին մեր այս ընդհանուր խորհրդածությունները ցանկանում ենք իրենց եզրակացությանը բերել ու կնքել Եսայի մարգարեի գրքից սքանչելի մի հատվածով, ուր Աստված մարգարեի բերանով հայտնում է, թե ինչպիսին է Իր ուզած պահքը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդը գանգատի ձևով հարց է տալիս Աստծուն.
«Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար»:
Աստված պատասխանում է.
«Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և արհամարհում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի պահքը չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք և ընդունելի օր. այդպիսի պահքը չէ, որ Ես ընտրեցի,- ասում է Տերը:- Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունները ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր անիրավ մուրհակները: Քաղցածներին բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր: Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»: Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի: Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրաբեր պարտեզ, որից ջուրը չի պակասի» (Հմմտ. Եսայի 58. 3-11):

ՊԱՀՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունի մեր պահեցողության իրական արժեքը։
Հայտնի է, որ բժիշկները շատ հիվանդությունների բուժման համար հիվանդին պահեցողության դիետա են նշանակում: Այդպես էլ, ինչ որ հիվանդությունն է մարմնի համար, նույնն էլ մեղքն է հոգու համար: Կարող ենք մինչև իսկ ասել` մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է:
Մեղքերի կարևոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության արդյունք է, որի գլխավոր դարպասը որկրամոլությունն է, ուտելու ախորժակի սանձարձակությունն է, ոչ միայն ֆիզիկական ու բարոյական բազում ախտերի մայրն է, այլ նաև պատճառ` կյանքի այլասերման:
ՈՒստի պահքը կարևոր դեր ունի ցանկությունների անչափավորության առաջն առնելու տեսակետից: Սա է իմաստը Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղած այս խոսքի. «Բայց ասում եմ ձեզ. Հոգով ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը» (Գաղ. 5.17):
Իսկ սուրբ Օգոստինոսն ասել է. «Պահեցողությունը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի և հակակշռի ներքևում պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում է ժուժկալությունը և վառում ճշմարտության լույսը»:
Բայց այս պահքի օրերին հիշենք նաև, որ մարդու զգայարանները միայն ուտել-չուտելով չեն վերջանում, քանզի միայն որովայնը փակ պահելով, եթե անձը շարունակի չարախոսել, բամբասել, լպիրշ ու դաժանածին հեռուստահաղորդումներով զվարճանալ, դա կնմանվի նրան, որ մարդիկ փորձեն պաշարված քաղաքի մի դուռը ամուր փակել, իսկ մնացած դռները անպաշտպան ու բաց թողնեն: Այս մասին են զգուշացրել նաև մեր սուրբ հայրերը. «Ոմանք չափազանց պահանջկոտ են ուտելիքի հանդեպ և թույլ չեն տալիս, որ իրենց բերանները վատ կերակուր մտնի, բայց այնքան էլ զգույշ չեն այն խոսքերի նկատմամբ, որ դուրս են գալիս իրենց շրթունքներից» (Երանելի Հերոնիմոս):
Հովհան Մանդակունի. «Պահքը միայն կերակուր ուտել-չուտելը չէ, այլ մեղքերի խափանումը»:
Սուրբ գրքի մեջբերված հատվածներից ու եկեղեցու հայրերի այս խրատներից կարող ենք այս վերջին եզրակացությունն անել. պահքը ոչ միայն ուտել-չուտելու մրցասպարեզ է, այլև սրտի և հոգու ախտավոր խորհուրդներից ապաշխարությամբ մաքրվելու կենարար միջոց:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ