«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան

Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան
28.02.2014 | 12:23

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով: Սերժ Սարգսյանը ողջունել է Վրաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում և հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը, հայ և վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: ՀՀ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Բանակցությունների շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, կողմերի համոզմամբ, երկու երկրների տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարևոր են:
Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի և նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են ջերմ հիշողություններ, բացի այդ, ըստ Մարգվելաշվիլիի, այս տարածաշրջանում գոյություն ունի նաև երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի նախագահը նշել է, որ, իր կարծիքով, երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները և սրբորեն պահպանում են մշակույթը, լեզուն, ակնհայտորեն հարստացնում է նաև վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության և մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:
Վրաստանի նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երևան կարևոր է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ և վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:
Հայաստանի և Վրաստանի նախագահները նեղ, ապա ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի առջև հայտարարությամբ:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Ողջունում եմ բարեկամ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:
Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Վրաստանի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել Ձեզ հետ բարեկամության և ներդաշնակության ոգով աշխատելու մեր պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք Ձեր այցը Հայաստան, որի շրջանակներում ունեցանք գործնական և արդյունավետ բանակցություններ, քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը:
Մենք ավանդաբար մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի զարգացմանը: Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են և տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին: Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է:
Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում: Նկատելիորեն ակտիվացել են փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն են: Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013 թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով մեկ և 15 նախարարական այցելություններ: Կարծում եմ, որ սա լավ քանակ է և խոսում է մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Իսկ ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթան է տնտեսական համագործակցության աշխուժացման համար:
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ Երևանում գումարվելիք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական` տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները: Մենք պարոն նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները` կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք, Հայաստանի Հանրապետության որոշումը` միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը` ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը, այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարևորում եմ անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014 թ. մարտի 21-ին, Երևանում:
Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրաց գործընկերներին ներկայացրի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը` միանալու Մաքսային միությանը:
Անդրադարձանք Հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին, որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման կարևոր բաղադրիչի:
Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կատարեցինք նաև միջազգային հարթակներում համագործակցության վերլուծություն և կարևորեցինք այդ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումն ու զարգացումը:
Վրաստանի նախագահի հետ միակարծիք էինք, որ, բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Անշուշտ քննարկեցինք նաև կրթամշակութային համագործակցության հարցեր և արձանագրեցինք, որ այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ և վրաց ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել և ամրապնդել:
Ես խնդրեցի պարոն նախագահին, որ իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին. նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար:
Ամփոփելով խոսքս` թույլ տվեք վստահություն հայտնել, որ այս այցը որակական լիցք կհաղորդի Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և, ինչու ոչ, եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք իրացմանը:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ