Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թերևս ժամանակն է երկրորդ գալստյան Նրա, Ով արդեն մեկ անգամ չարչիներին քշել է Աստծո Տաճարից

Թերևս ժամանակն է երկրորդ գալստյան  Նրա, Ով արդեն մեկ անգամ չարչիներին  քշել է Աստծո Տաճարից
04.03.2014 | 00:09

Եվ այսպես, Սոչիի 2014 թ. ձմեռային օլիմպիադան հետևում է մնացել։ Նրա մարզական արդյունքները, իհարկե, դատողությունների ու վերլուծությունների բավականաչափ նյութ են տալիս։ Բայց հիմա ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես էին փորձում «Օլիմպիադա-2014»-ն օգտագործել Ռուսաստանն ու նրա նախագահին վարկաբեկելու համար, սակայն չհաջողվեց։ Հարց. ինչո՞ւ էր ինչ-որ մեկին պետք, որ Սոչիի խաղերն ինչ-որ բանով մռայլվեին։ Ի վերջո, նման խոշոր միջազգային մարզական միջոցառումների անցկացման օրերը դեռ Հին Հունաստանի ժամանակներից հիանալի առիթ են համարվել ամեն կարգի պատերազմների դադարեցման և հակամարտությունների պատճառների ու հետևանքների ըմբռնման համար։ Սակայն 20-րդ դարը և 21-րդ դարի սկիզբը, ինչպես կարելի է նկատել, վաղուց արդեն առիթ են տվել պնդելու, որ ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտիենի սկզբունքը` «Սպորտը քաղաքականությունից դուրս է», հիմնովին մոռացության է մատնվել և անգամ թաղվել է նրանց կողմից, ովքեր իրենց կյանքը վերածել են հակաքրիստոնեության և Ոսկե հորթի օրինականացված պաշտամունքի։
Արևմուտքի մի շարք քաղգործիչների հրահրիչ հայտարարությունների «պաշտոնական» առիթը ՈՒկրաինայի ողբերգական իրադարձություններն էին, որոնք հանգեցրին արյունահեղության և նեոնացիստների հաղթարշավի, ովքեր ներկայանում էին իբրև «մեյդանի բարենորոգիչ հեղափոխականներ»։ Հիմա հարցն այն չէ, թե իրականում ինչ էր այնտեղ կատարվում և ում բողոքներն էին հիմնավորված, ումը` ոչ։ Հիշեցնեմ դեռ 2013 թ. նոյեմբերին «մեյդանի» լիդերներից միայն մեկի` կուսառաջնորդ Կլիչկոյի արած հայտարարություններից մեկը. «Մենք մի քանի ամիս պատրաստվում էինք»։ Եվ ամեն ինչ պարզ կդառնա. Կիևում ոչ մի բան «տարերայնորեն չի եղել ու հանկարծակի չի բռնկել»։ Եվ ահա Արևմուտքի արձագանքը Օլիմպիադա-2014-ի առնչությամբ, որի պատճառը, իբր, ուկրաինական իշխանությունների գործողություններին (որոնք հրաժարվեցին Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը, օբյեկտիվորեն ասած` Վիլնյուսի պետական կապիտուլյացիան ստորագրելուց) Ռուսաստանի «միջամտությունն» էր։ Նախ սկսեցին «խմբովին» հայտարարություններ անել, թե Արևմուտքի մի շարք պետությունների ղեկավարներ մտադիր են «բոյկոտելու» Սոչիի օլիմպիադան։ Երևի դա առանձին տպավորություն չունեցավ։ Այդ ժամանակ արևմտյան քաղգործիչներն սկսեցին ամենալպիրշ կոչերն ուղղել իրենց մարզիկներին. Արևմուտքի մարզիկները ևս պետք է «բոյկոտեն» ռուսական ձմեռային օլիմպիական խաղերը։ Դիմումներ ու կոչեր եղան նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հասցեին։
Արևմուտքի առավել ռուսատյաց շրջանների շամանական ոռնոցների այդ մասն անմիջապես հիշեցրեց 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակները։ Իհարկե, խոսքը Հարավային Օսիայի դեմ Վրաստանի` չհրահրված ագրեսիայի և դրան հետևած ռուսական ռազմական գործողության` խաղաղության հարկադրման մասին է։ Չափն անցած ագրեսորների ջախջախումից հետո, ԱՄՆ-ում Սաակաշվիլու կողմնակիցների հրահրմամբ, սկսած տխրահռչակ սենատոր Մակքեյնից, Արևմուտքից քարոզչության ալիք բարձրացավ Սոչիի 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերի բոյկոտի օգտին։ ՄՕԿ-ի նախորդ ղեկավարությունն անտեսեց այդ շիզոֆրենիկ ծղրտոցը։ Դրանք անտեսեց նաև ՄՕԿ-ի ներկա ղեկավարությունը։ Անտեսեցին նաև առանձին ձմեռային մարզաձևերի առավել խոշոր ֆեդերացիաները։ Մնացածները ճիշտ համարեցին պարզապես լռություն պահպանելը։ Այդուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Արևմուտքի մտքում եղածի մի մասը հաջողվեց. Սոչիի ավարտված ձմեռային օլիմպիական խաղերին զուգընթաց ՈՒկրաինայում ծայր առած ճգնաժամը հասավ անզսպելի չափերի, և արյուն թափվեց։ Խորհրդանշակա՞ն է, արդյոք, դա, ունի՞, արդյոք, իր միստիցիզմը, դժվար է ասել։ Փաստը հետևյալն է. թե՛ Պեկինի 2008 թ. ամռան խաղերի նախօրեին, թե՛ Սոչիի 2014 թ. ձմեռային խաղերի նախօրեին հենց Ռուսաստանն էր, որ հանդես եկավ հատուկ հայտարարություններով` աշխարհի բոլոր ծագերում բոլոր հակամարտող կողմերին կոչ անելով գոնե օլիմպիադաների ժամանակ դադարեցնել զինված և այլ բախումները։ Տվյալ դեպքում, իհարկե, Մոսկվայի կոչը ավելի շատ վերաբերում էր Սիրիայում տեղի ունեցող զինված բախումների մասնակիցներին, քան ՈՒկրաինայի «մայդանախփնված» նացիստներին։ Բայց թե՛ 2008-ին, թե՛ 2014-ին Ռուսաստանի` գոնե ժամանակավոր խաղաղության կոչերը չլսվեցին, համապատասխանորեն նաև չկատարվեցին։ Եվ պատճառն էլ է հայտնի։ Հարավային Օսիայի դեմ պատերազմին Սաակաշվիլու հանցավոր վարչակազմին դրդել էր ԱՄՆ-ը։ Հետո՞ ինչ, որ հետագայում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը գանգատվում էր, թե, իբր, Վրաստանի իշխանությունները «ճիշտ չեն հասկացել Վաշինգտոնի մեսիջը»։ Ամեն մեկը արտաքին «մեսիջների» նկատմամբ իր ընկալունակության չափով է հասկանում։ Եվ 2013-ի նոյեմբերից մինչև 2014-ի փետրվար ընկած ժամանակամիջոցում ՈՒկրաինայում նեոնացիստական ռևանշիզմի հիմնական կուլիսային ղեկավարը ԱՄՆ-ն էր. բավական է հիշել Վիկտորյա Նուլանդին, որը վշտահար ժպիտով էժանագին «պեչենի» էր բաժանում «մայդանախփնվածներին»։ Էլ չենք խոսում այն բազմաթիվ ապացույցների մասին, որ Կիևում ԱՄՆ-ի դեսպանն էլ հենց եղել է «մեյդանի» գլխավոր դիրիժորը։
Այսպիսով, ամերիկացիներին չհաջողվեց հասնել Սոչի-2014-ի միջազգային լայն բոյկոտին։ Այն ժամանակ ասպարեզ նետվեց այն կեղծ թեզիսը, թե խաղերի օրերին ահաբեկչական վտանգը կմեծանա։ Եվ մի ամբողջ շարք երկրներ, այդ թվում` ոչարևմտյան, սկսեցին Վլադիմիր Պուտինին «օգնություն» առաջարկել օլիմպիադայի անցկացման օրերին անվտանգության միջոցառումների կազմակերպման գործում։ Ինչպես հայտնի է, ռուսական իշխանությունները բարեհամբույր մերժեցին ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի այդ առաջարկությունները. բարեբախտաբար, այս անգամ եվրոպացիները հեռատեսորեն որոշեցին «չցցվել դուրս» և լռեցին։ Այդուամենայնիվ, ԱՄՆ-ի երկու ռազմանավ, համենայն դեպս, մտավ Սև ծով և սկսեց շարժվել դեպի Սոչիի նավահանգիստ։ Լրատվամիջոցները նշեցին, թե դա արվում է «ի դեպս, եթե կարիք լինի պաշտպանելու և տարհանելու ԱՄՆ-ի օլիմպիականներին»։ Տարօրինակ է, թե ոչ, սակայն ամերիկյան ռազմանավերից մեկի «խելքին փչեց» խրվել ծանծաղուտը։ Ինձ մինչ օրս էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է միջազգային ջրերում կամ նույնիսկ Թուրքիայի սևծովյան առափնյա ջրերում ծանծաղուտ ճարել և խրվել մեջը։ Այսպես թե այնպես, դրանից հետո ամերիկյան զինվորականները դադարեցրին ընթացքը դեպի ռուսական ափերը։ Եվս մեկ ձախողված քայլ, այդ թվում` ագիտացիոն-քարոզչական դաշտում. իբր` ինչ են իրենցից ներկայացնում ռուսները, նրանք անկարող են ապահովելու խաղերի անվտանգությունը և այլն, և այլն... Բայց կարողացան։ Ես հիմա չեմ նկարագրի, թե ինչի հաշվին կարողացան։ ՈՒղղակի հիշեցնեմ, որ մի շարք երկրների (այդ թվում` սաակաշվիլիական Վրաստանի) հատուկ ծառայությունների գործակալների կանխիչ ձերբակալություններն սկսվել էին դեռ 2006 թ. հայտնի իրադարձություններից հետո։ ԱՄՆ-ի և Թուրքիայի հատուկ ծառայությունների անմիջական կամ քողարկված վերահսկողության տակ գտնվող, այսպես կոչված, «Չերքեզական շարժման» առավել խորշելի գործիչների չեզոքացումը` անցած տարվա ամռանը։ Վերջապես, արդեն վերջին 2-3 տարվա ընթացքում Ռուսաստանի հատուկ ծառայություններն ու իրավապահները Սոչիում անվտանգության ապահովման նկատառումով սերտորեն համագործակցում էին մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի իրենց գործընկերների հետ։ Ինչպես տեսնում ենք, Արևմուտքն ու անվտանգությունը անհամատեղելի հասկացություններ են։ Իսկ ահա առանց Արևմուտքի էլ անվտանգությունը ոչ միայն պարզապես ապահովվեց, այլև ոչ մեկին և ո՛չ մի վայրկյան դույզն-ինչ կասկածի տեղիք չտվեց` ո՛չ մարզիկներին, ո՛չ էլ հանդիսականներին ու հեռուստադիտողներին։
ՈՒ գործի դրվեցին այլ «մեթոդներ»։ Եվ ահա մի խելապակաս աղջիկ համացանցում տեղադրում է «ուշագրավ» սյուժե այն մասին, թե Սոչիի հյուրանոցի գիշերային միջանցքում, ուր մարզիկներն են ապրում, հանգիստ պտտվում է... գայլը։ Մեկ այլ սյուժեում` ոչ ավելի, ոչ պակաս` արջը։ Իսկ թե ում համար է դա նախատեսված, հասկանալի չէ, պարզապես բթամիտների՞, թե՞ ձեռնասուն շնիկների այն ոհմակի համար, որոնք տարբեր մայրաքաղաքներում սպասում են կոնկրետ երկրի ամերիկյան դեսպանների «հրահանգներին», որպեսզի սկսեն «լուսնահաչը»։ Չէ՞ որ միայն բթամիտները չեն հասկանում, որ Սոչիի օլիմպիական օբյեկտների շրջակա սարերի լանջերին 5-6 տարվա անընդհատ աշխատանքների ընթացքում, այսպես ասած, նորմալ վայրի գազանները վաղուց բարձր սարերն են քաշվել. ի՞նչ կարող ես անել, դե չեն սիրում, էլի, էս կենդանական աշխարհում շինարարներին։ Եվ ոչինչ չես կարող անել։ Ինչպես ասում են, լավ է, որ գոնե գայլերն ու արջերը հանուն դոլարի չեն ոռնում ամերիկերեն, գոնե մեկ պարկեշտ «հանրություն» մեր մոլորակում կա, որին խորթ է ԱՄՆ-ի հանդեպ ստորաքարշության զգացումը։ Ավելի ուշ, Սոչիի խաղերի փակման արարողությունից մի երկու-երեք օր առաջ, այդ տխմար մարզուհին, վերջապես, խոստովանեց. ինքն ու իր ընկերը որոշել են այդ կերպ կատակել, կադրերն արված են իր ընկերոջ ագարակում, որը հատուկ «Գայլերը Սոչիում» սյուժերի նկարահանման համար ձեռք էր բերել Սոչիի հյուրանոցի պատերի երեսպատման նյութերից։ Հապա ցանցառներ չե՞ն սրանք, եթե, իհարկե, ինչ-որ մեկի պատվերը չեն կատարել «Օլիմպիադա-2014-ի» վարկաբեկման միանգամայն կոնկրետ սցենարի շրջանակներում։
Տարբեր երկրների օլիմպիականներն արդեն տուն են վերադարձել։ Մարզական ոլորտի ինչ-որ պաշտոնյաներ հիմա հաշվարկ են անում, թե որ մարզաձևերում ինչ թերացումներ են ունեցել, ինչ եկամուտներ են ծրագրում եղել, ինչ են ձեռք բերել և այլն։ Հիմա բորբոքվում է ևս մեկ ռուսատյաց արշավ` կապված «Օլիմպիադա-2014»-ի հետ. ամերիկացիներն անպայման ուզում են խլել ոսկե մեդալը Ադելինա Սոտնիկովայից։ Մեղադրանքները ստանդարտ են. չմշկավազքի ու գեղասահքի միջազգային միության (ISU) մրցավարները, իբր, «չդիմանալով ռուսների ճնշմանը», արհեստականորեն բարձրացված գնահատականներ են նշանակել տաղանդավորագույն գեղասահորդուհուն։ Ես չէ, որ պիտի դատեմ, սակայն Սոտնիկովայի հիմնական մրցակցուհին` հարավկորեացի գեղասահորդուհին, իր ելույթից հետո դիմախաղով մատնեց, որ հասկանում է, որ ինքը պարտվել է։ Կարող է թվալ. օյ, էս ի՜նչ վեհ են ամերիկացիները։ Կռիվ են տալիս ոչ թե իրենց հայրենակցուհու, այլ կորեուհու համար։ Ամեն ինչ այնպես չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Եթե Հարավային Կորեայի համապատասխան ֆեդերացիան իրոք կասկածեր Սոտնիկովայի ստացած գնահատականի անաչառությանը, ապա, ISU-ի կանոններով, բողոքը պետք է հարուցվեր գեղասահորդուհիների ելույթների ավարտից հետո առաջին կես ժամվա ընթացքում։ Սակայն Հարավային Կորեայի իբր հարուցած բողոքի մասին լրատվամիջոցների հաղորդումները ի հայտ եկան... «Օլիմպիադա-2014»-ի փակումից հետո միայն։ Եվ, ի դեպ, ISU-ի ղեկավարությունը արդեն կտրականապես հերքել է այդ ապատեղեկատվությունը։ Հատկանշական է, որ կորեացիների բողոքի մասին առաջինը շտապեցին աշխարհին իրազեկել, իհարկե, արևմտյան երկրների լրատվության ոլորտի առաջատար կեղծարարները` ամերիկյան լրատվամիջոցները։ Այժմ նույն ամերիկացիները ծավալում են «Հակասոտնիկովա գործողության» երկրորդ արարը, իբր` ավելի քան «մեկ միլիոն» մարդ ստորագրություններ է հավաքել, պահանջելով հետ վերցնել ռուսաստանցի մարզուհու ոսկե մեդալը։ Դա հենց ցույց է տալիս, որ թեև Սոչի-2014-ը արդեն հետևում է մնացել, օլիմպիադայի դեմ Արևմուտքի ռուսատյաց շրջանակների ագիտացիոն-քարոզչական պատերազմը, այդուամենայնիվ, շարունակվում է։ Բայց, հարց է առաջանում` ո՞րն է իմաստը։ Արևմուտքին չհաջողվեց ո՛չ ձախողել, ո՛չ էլ այլ եղանակներով բոյկոտել Սոչի-2014-ը։ Արևմուտքին չհաջողվեց այն շանտաժը, թե առանց Արևմուտքի աջակցության Ռուսաստանը Սոչիում կբախվի ահաբեկչության մոլեգնության։ Դե հիմա ի՞նչ։ «Սպանել» Ռուսաստանը չհաջողվեց, հիմա փորձում եք «մուռնե՞րդ հանել» 18-ամյա աղջնակից։ Համարյա երեխայի՞ց...
Իսկական տղամարդը կնոջ վրա երբեք ձեռք չի բարձրացնի, առավել ևս` երեխայի։ Այսպես լռելյայն ընդունված է, և ոչ միայն Կովկասում կամ, ասենք, նույն Ռուսաստանում։ Դա համամարդկային բարոյական արժեք է։ Բայց եթե մենք արևմտյան քարոզիչ ակտիվիստների կատարմամբ աղջկան «ծեծելու» (թող որ բարոյական առումով) տիպական օրինակ ենք տեսնում, ապա ի՞նչ է դա։ Ազատ մտածողության դրսևորո՞ւմ, թե՞ բարոյազրկության ցուցանիշ։ Ո՛չ, մեզ չի հետաքրքրում Սոտնիկովայի ու նրա ոսկե մեդալի հետ կապված քաշքշուկը։ Մեզ այլ բան է հետաքրքրում. դեռ որքա՞ն պիտի շարունակվի Արևմուտքի փարիսեցիական երկերեսանիությունը։ Թերևս ժամանակն է երկրորդ գալստյան Նրա, Ով արդեն մեկ անգամ չարչիներին քշել է Աստծո Տաճարից։ Կարծես վերստին նման ժամանակ է եկել...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ