Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես ունեցվածք կամ դղյակներ չեմ ժառանգում իմ զավակներին»

«Ես ունեցվածք կամ դղյակներ  չեմ ժառանգում իմ զավակներին»
06.03.2014 | 23:40

Հայրենական արտադրող «Գրանդ հոլդինգը», արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, օրերս ներկայացրեց իր տարեկան հաշվետվությունը, արձանագրելով, որ 2013-ին ընկերությունն ունեցել է տնտեսական աճ։ Ասվածը վերաբերում է և՛ «Գրանդ տոբակոյին», և՛ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակին», և՛ «Գրանդ քենդիին»։ Եթե առաջին երկու ընկերությունները 2012-ին արտահանել են 377903 արկղ սիգարետ, 40 մլն 209 հազար 729 ԱՄՆ դոլարի արժեքով, 2013-ին զգալի առաջընթաց են գրանցել. 601920 արկղ սիգարետ, 67 մլն 929 հազար 699 ԱՄՆ դոլարի արժեքով։ Այսինքն, 59,3 % աճ է արձանագրվել։ Արտահանված ծխախոտի քանակը ավելի քան երկու անգամ գերազանցում է ներմուծված ծխախոտի քանակը։ «Եթե հաշվի առնենք, որ, Հայաստանից բացի, տարբեր երկրներում ևս երեք գործարան ունենք, կարող ենք հպարտանալ մեր կոլեկտիվի աշխատանքով, բիզնեսով, մեր երկրի համար կատարած ծառայություններով,- ասաց «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, հընթացս նկատելով, որ «գլուխ գովելու» խնդիր չկա:- Իրականում ուրախանում եմ, որ մեր կոլեկտիվով կարողացել ենք այս հաջողություններին հասնել մեր երկրում»։
Ընկերության արտադրանքն արտահանվում է 23 երկիր, այդ թվում՝ Ճապոնիա և Սինգապուր։ Որոշ տեսականիներ հասցրել են արտերկրում հայկական բրենդ դառնալ («Ախթամար», «Արարատ», MT, VIP)։
Կարևորելով արտահանման ցուցանիշները, Հրանտ Վարդանյանը փաստեց. «Մեր ներքին շուկան շատ փոքր է, և ինչ կարելի էր տեղավորել, արդեն տեղավորվել է, այժմ պետք է աշխատենք արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ»։ Գործարարը հետաքրքիր առաջարկ ներկայացրեց կառավարությանը՝ հրապարակել արտահանող ընկերությունների ցուցակը՝ «սպորտային հետաքրքրություն և յուրօրինակ մրցակցություն ձևավորելու համար»։ Նկատենք, որ «Գրանդ տոբակոն» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» խոշոր արտահանողների ցանկում 7-րդն են, իսկ «Գրանդ քենդին» 3-րդ տասնյակում է, և 2012-ի համեմատ 2013-ին 33 % աճ է գրանցել։ Նախորդ տարի ընկերությունն արտահանել է 826926 կիլոգրամ արտադրանք, 2 մլն 255 հազար 81 ԱՄՆ դոլարի արժեքով։ Մեր երկրի «ամենաքաղցր» ձեռնարկության արտադրանքի մեծ պահանջարկ կա նաև հարևան Վրաստանում. վրացիներն առաջարկել են անգամ ամբողջ տեսականին արտահանել։
Աճել են նաև «Գրանդ հոլդինգի» ներդրումները։ 2013-ին 12 մլն 325 հազար դոլարին համարժեք ներդրում է կատարվել։ Հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, ստացված միջոցներն ընկերությունը նպատակաուղղել է ձեռնարկությունների վերազինմանը։
Գյուղատնտեսության ոլորտում ևս ընկերությունը հաջողություններ է գրանցել։ 2013-ին մթերվել է 23 հազար տոննա ծխախոտի հումք, սակայն Հրանտ Վարդանյանն այս ոլորտում որոշակի խնդիրներ է տեսնում։ Խոսքը ծխախոտի մշակման ոռոգելի հողատարածքների մասին է։ Այս տարածքներում պետք է 3-5 տարին մեկ հացահատիկային մշակաբույսեր աճեցնել, որպեսզի հողն իր որակները պահպանի։ Սակայն այսօր բավարար հողատարածքներ չկան, չնայած գործարարը կարծում է, որ սա ընդամենը ժամանակավոր խնդիր է։ Ի դեպ, ընկերության ղեկավարն անդրադարձավ նաև տեղական ծխախոտի գնի աճին, նկատելով, որ իրենք շահագրգռված չեն ծխախոտի թանկացմամբ, պարզապես որքան պետությունն ավելացնում է հարկային դրույքաչափը, այնքան ընկերությունը բարձրացնում է գինը։
Անցնելով հարկատվությանը, պիտի արձանագրել, որ այստեղ էլ «Գրանդ հոլդինգ» ընկերությունը առաջընթաց է գրանցել։ Ընկերության բոլոր ձեռնարկությունները միասին 2013-ին պետբյուջե են վճարել 21 մլրդ 267 մլն 672 հազար դրամ, այսինքն՝ 16,9 %-ով ավելի, քան 2012-ին։ «Մեր ծառայությունները պետության հանդեպ ավելացել են ու ամեն տարի ավելանալու են»,- հավաստիացրեց գործարարը։
Նկատենք, որ ընկերությունը նաև իր աշխատողների թիվն է ավելացրել։ Եթե 2012-ին 6300 մարդ էր աշխատում ձեռնարկություններում, այսօր աշխատողների թիվը հասել է 6750-ի։ Իսկ միջին աշխատավարձը 180 հազար դրամ է։
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, գործարարը կարևորում է գործընկեր պետությունների հետ ճիշտ աշխատանքը, որպեսզի արտադրական, արդյունաբերական խնդիրները փոխշահավետության սկզբունքով լուծվեն։ Նա կողմ է այս որոշմանը, սակայն վստահեցնում է նաև, որ իրենց համար ՄՄ-ին անդամակցել-չանդամակցելը, մեծ հաշվով, որևէ նշանակություն չունի։
Որպես հայրենական ծխախոտի ամենախոշոր ընկերության ղեկավար, նա դիմեց բոլոր քաղաքացիներին չծխելու կոչով. «Մի՛ ծխեք, ծխելուց վնասակար բան աշխարհը չի հնարել։ Մենք ձգտում ենք հնարավորինս քիչ վնասակար դարձնել սիգարետները, սակայն, միևնույն է, ծխելը վնասակար է»։
Ի դեպ, սեփական ընկերության տարեկան հաշվետվությունը Հրանտ Վարդանյանը վերջին անգամ էր ներկայացնում, քանի որ էստաֆետը հանձնում է որդիներին և կրտսեր աշխատակիցներին: Իսկ մինչ այդ նա իր պատգամը փոխանցեց բոլորին. «Ես ունեցվածք կամ դղյակներ չեմ ժառանգում իմ զավակներին: Ես ժառանգություն եմ թողնում իմ աշխատանքը, այն աշխատաոճը, որով աշխատել եմ, և իրենք էլ նույն կերպ շարունակելու են: Չկասկածեք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ