Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒկրաինայի ողբերգությունը շարունակվում է, բայց սպառնում է վերածվելու զավեշտի

ՈՒկրաինայի ողբերգությունը շարունակվում է,  բայց սպառնում է վերածվելու զավեշտի
07.03.2014 | 11:46

Փետրվարի 28-ից մինչև մարտի 3-ն ընկած ժամանակամիջոցը թե՛ սպասված, թե՛ անսպասելի զարգացումներ բերեց ուկրաինական ողբերգության սցենարում։ Սպասվածը ռուս և ռուսախոս բնակչության ապստամբությունն էր այն մարզերում, ուր նրանք ճնշող մեծամասնություն են կազմում։ Այժմ Չերկասիից մինչև Զապորոժիե համատարած իշխանափոխություն է։ Մարդիկ քշում են այն նույն օլիգարխներին, ովքեր, ով բացահայտորեն, ով էլ գաղտնի, փող են տվել Կիևի «մեյդանին»։ Ղրիմի թեման առհասարակ առանձին հարց է։ Բայց այնտեղ էլ խայտառակ ձևով վռնդեցին «մեյդանական» օլիգարխ Պորոշենկոյին։ Ի դեպ, «ռուսական մարզերում» «ժամանակավոր ղեկավարների» կողմից նոր նահանգապետերի նշանակումը ցույց տվեց, որ իրականում ոչ մի «ժողովրդական հեղափոխություն» էլ չի կատարվել։ Նոր «ախպերներն» ու նացիստները շնորհակալություն հայտնեցին իրենց ֆինանսիստներին և ուղարկեցին տեղերում կաշառելու կամ ահաբեկելու ռուսներին։ Իսկ ահա հիմա, իրոք, ժողովրդական հեղափոխություն է տեղի ունենում։ Առայժմ` խաղաղ։ Ռուսներն առայժմ չեն կրակել, բայց նրանց վրա կրակել են և կրակում են...
Անսպասելին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումն էր երկրի խորհրդարանին, որով նա խնդրում էր իրեն իրավունք ընձեռել Ռուսաստանի զինված ուժերն օգտագործելու ՌԴ սահմաններից դուրս։ Անսպասելի էր նաև Դաշնության խորհրդի արագ որոշումը, որով ՌԴ նախագահին իրավունք է վերապահվում զինված ուժերն օգտագործելու երկրի սահմաններից դուրս։ Բնականաբար, բոլորի մտքում անմիջապես ծնվեց այն ահավոր պատկերը, որ դա նշանակում է ռուսական զորքեր մտցնել ՈՒկրաինա։ Է՛լ ավելի անսպասելի էր այն, որ իրականում ոչինչ պետք չէ մտցնել ՈՒկրաինա։ Ռուսական զորքերն առանց այդ էլ այդ երկրում են։ Թե՞ որևէ մեկը մոռացել է, որ Ռուսաստանի խոշորագույն ռազմածովային բազան գտնվում է Սևաստոպոլում։ Այնպես որ, ոչ ոքի որևէ տեղ մտցնել պետք չէ։ Պարզապես հարկավոր է ուշադիր կարդալ (եթե ձեռքներդ ընկնի) Վ. Պուտինի դիմումն իր խորհրդարանականներին ու, համապատասխանաբար, Դաշնության խորհրդի որոշումը. այնտեղ խոսք չկա զորք մտցնելու մասին։ Այնտեղ խոսվում է արտասահմանում զորքերն օգտագործելու իրավունքի մասին։ Այսինքն, կոնկրետ Ղրիմի թերակղզում։ Բայց ինչպես վերևում արդեն ասացի, Ղրիմն առանձին խոսակցության թեմա է։
Եվ այսպես, իրավիճակը հանգեցրել է նրան, որ պատերազմի մասին վերստին առաջինը խոսեցին «մեյդանականները»։ Դիմումներ ուղղվեցին ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, ամբողջ Արևմուտքին (ինչը նշանակում է` ամերիկացի տերերին), համաշխարհային հանրությանը։ Դյուրահավատ մարդիկ արդեն լրջորեն մտածում են, թե Ռուսաստանը համարյա հարձակվել է ՈՒկրաինայի վրա։ Սակայն իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանի ամբողջ երկայնքով ավելի քան հանգիստ է. միայն մարդիկ շտապ այստեղ-այնտեղ են մեկնում։ Աշխատում են գնացքները, ավտոբուսները, ծովային լաստանավերը։ Սահմանի երկու կողմերի շարքային քաղաքացիներին հասկանալ ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է։ Տեղ-տեղ կան այնպիսի բնակավայրեր, որոնց մի մասը մնացել է Ռուսաստանում, մյուս մասը «դարձել է ՈՒկրաինա»։ Ինչպե՞ս ապրեն այս կարգի մարդիկ։ Ոչ ոք Կիևում այս նրբությունների մասին ո՛չ մտածել է, ո՛չ էլ միտք ունի մտածելու։ Առավել ևս, ուկրանացիզմի բնօրրանում` Արևմտյան ՈՒկրաինայում։ Բայց «մեյդանականների» խուճապալից օգնության դիմումներն Արևմուտքին անհետևանք չեն անցել, Ռուսաստանի նախագահին զանգում, հետը խորհրդակցում են։ Իհարկե, ոչ ոք չգիտի, թե այդ հեռախոսազրույցների ժամանակ կոնկրետ ինչ են խոսում։ ՈՒստի հարկ է որպես օրինակ նկատի ունենալ Վ. Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսակցությունը։ Այն, ինչ հայտնի է։
ՈՒկրաինայի առնչությամբ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը լիովին համարժեք են ստեղծված հույժ լարված իրավիճակին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հենց այդպես է Ռուսաստանի նախագահը պատասխանել Գերմանիայի կառավարության ղեկավարին։ Խոսակցությունը տեղի է ունեցել կողմերի նախնական պայմանավորվածությամբ։ Ղրիմում և ամբողջ ՈՒկրաինայում իրադարձությունների զարգացման առթիվ Ա. Մերկելի արտահայտած մտահոգության կապակցությամբ ռուսական պետության ղեկավարը ուշադրություն է հրավիրել «ծայրահեղ ազգայնական ուժերի բռնի գործողությունների չթուլացող սպառնալիքի վրա, որոնք վտանգի են ենթարկում ռուս քաղաքացիների և ամբողջ ռուսախոս բնակչության կյանքն ու օրինական շահերը»։ Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները «պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները ինչպես երկկողմ ձևաչափով` արտքաղաքական գերատեսչությունների գծով, այնպես էլ բազմակողմ` ՈՒկրաինայում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորմանը նպաստելու նպատակով»։ Դրանից շատ չանցած Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն էլ ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում կոշտ հայտարարում է` ԱՄՆ-ի և այլ երկրների հակառուսական հայտարարությունները կառուցողական չեն։ Էլ ավելի կառուցողական չեն Ռուսաստանն «ՈՒթի խմբից» հեռացնելու սպառնալիքները։ Իսկ նման սպառնալիքներ բարձրաձայնել են ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Այսինքն, փաստորեն հասկացրել են, որ այդ պետությունների ղեկավարները ամռանը չեն մասնակցի G8-ի շրջանակներում Ռուսաստանի նախագահությամբ Սոչիում կայանալիք հերթական հանդիպմանը։
Թե հետագայում ինչպես կզարգանան Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, որոնք խաթարվել են հենց ուկրաինական ողբերգության հողի վրա, կապրենք, կտեսնենք։ Թեև պարզ է, և դա արդեն խոստովանել են Արևմուտքի, փաստորեն, բոլոր առաջատար երկրները, նրանց համար աննպատակահարմար է խաթարել փոխգործակցությունն ու փլուզել ՌԴ-ի հետ համագործակցության սովոր ձևաչափերը այնպիսի հարցերում, ինչպիսիք են Իրանի «միջուկային գործը», Սիրիայի քիմիական զենքի վերացումը և այլն։ Այսպիսով, «Արևմուտքի օգնության» վրա ուկրանացիստների հույս դնելը նույնպես նույնքան սուտ դուրս եկավ, որքան և Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլու 2008 թ. այն հույսերը, թե հանուն Վրաստանի ՆԱՏՕ-ն «պատերազմ կսկսի» Ռուսաստանի դեմ։ Միգուցե «մեյդանականները» հույս ունեին, թե իրենց ամենաառաջին, հույժ հակառուսական «օրինագծերը» աննկատ կմնան հենց ռուսների կողմից, ասենք այն կաշառքների շնորհիվ, որ կբաժանեին Դոնի կազակների մարզում ու նաև Ղրիմում նորերս նահանգապետ կարգված «իրենց» օլիգարխները։ Իսկ «հանուն Եվրամիության Կիևում բարձրացված ժողովրդական ապստամբության» մասին «հեքիաթները» կշարունակեին տարածել նույն «օլիգարխասուն» լրատվամիջոցներն ու նրանց եվրոպական «դամքաշները»։ Բայց խաբեության հերթական սցենարը չանցավ։ Դե լավ, գրողի ծոցը գնան իրենք էլ, Լենինի արձաններն էլ։ Թեև ռուսների համար դա, անշուշտ, մի տեսակ քող է, որի ներքո նրանք քիչ թե շատ ապահով թաքնվում էին այն բանից, որ տարեցտարի ՈՒկրաինան անցնում էր հենց նացիստների ձեռքը։ Գոնե մեկ հիշատակում լիներ, թե մի ժամանակ միասնական երկիր է եղել... Բայց երբ անմիջապես հետո Ռովնոյում պղծեցին ֆաշիստական Գերմանիայի հետ պատերազմում զոհված զինվորների ու սպաների հուշարձանը, երբ անմիջապես Լվովի կողմերում քանդեցին Կուտուզովի արձանը, ռուսները ամեն ինչ շատ արագ հասկացան։ Մի բան է Լենինը, միանգամայն այլ` ռուսական պետության պատմության ու զգացմունքների դեմ կատարված ոտնձգությունը, որի բաղկացուցիչ մասն է միշտ եղել ՈՒկրաինան, ինչ էլ որ բարբաջեն ուկրանացիստները։
Այսպիսով, Ամերիկայի «ձագերը» փորձեցին «իրենց» ռուսների ու Ռուսաստանի վրա «տղա բերել», այսպես ասած, «հարևան բակից»։ Պարզվեց, որ այդ «դուխով տղերքն» իրենք էլ առանձնապես չեն ուզում «պաշտպանել յուրայիններին». այն, ինչի հասան «մեյդանականները», Վ. Պուտինին ուղղված «խնդրանքն» էր` «ուղիղ բանակցության մեջ մտնել ՈՒկրաինայի հետ»։ Իսկ Ռուսաստանը առանց այդ էլ ուղիղ բանակցությունների մեջ է ՈՒկրաինայի հետ։ Պարզապես ո՛չ այն ՈՒկրաինայի, որին հովանավորում էին Կիևում ԱՄՆ-ի դեսպանն ու տիկին Վիկտորյա Նուլանդը։ Ռուսաստանն ուղիղ բանակցությունների մեջ է Դոնի կազակների զորքի մարզի ապստամբ տարածաշրջանների հետ, Բեսարաբիայի ու Մալոռուսիայի այն քաղաքների հետ, որոնք, Խարկովի ու Դոնբասի նման, այժմ հանդես են գալիս Կիևի ուկրանացիստների դեմ։ Վերջապես, Ղրիմի օրինական իշխանությունների դեմ։ Հատկանշական է այն մեկնաբանությունը, որն օրերս տեղ է գտել նաև Euronews-ում. ավելի ապաքաղաքական քաղաք, քան Օդեսան է, երևի ժամանակակից ՈՒկրաինայում չգտնես։ Եվ ահա Օդեսայի քաղաքային ռադայի պատգամավորն ասում է` մե՞նք ինչ պիտի անենք։ Կիևում «ցարի պաշտոնակատարի» նման բան է նստած, ինքը ցարը «փախուստի մեջ է», և ստացվում է, որ այստեղ իրական օրինական իշխանությունը Օդեսայի մարզային ու քաղաքային խորհուրդներն են։ Դե, քանի որ այդպես է, մենք ուզում ենք այս ու այս, այդ թվում` փախուստի մեջ գտնվող Վիկտոր Յանուկովիչի կողմից վաղուց խոստացված, բայց այդպես էլ չիրացված խոստումը ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ։ Իհարկե, ոչ հոդվածի շրջանակներում, առավել ևս քաղաքական բանավեճի շրջանակներից դուրս, բայց, այդուամենայնիվ. իսկ ի՞նչ էինք մենք հեռավոր մանկության տարիներին իրար մեջ անվանում նրանց, ովքեր իրենց հարցերը լուծելու համար վազում, հարևան «ուրիշ տղաներ ու քեռիներ» էին կանչում։ Այ, եթե մեր ընթերցողները հիշեն, թե սովորաբար ինչ անուն են տալիս նման թափթփուկներին, ապա հիանալի կհասկանան, թե ովքեր են այսօր Կիևում ներկայանում իբրև իշխանություն։
Եվ մինչ երկրի հարավ-արևելքում, Օդեսայում ու Մալոռուսիայում վերականգնվում են ժողովրդական դրուժինաները, Ղրիմում վերականգնվում են կազակական դրուժինաներն ու հարյուրյակները, ձգտում են օգնել կազմակերպելու պաշտպանությունը ուկրանացիստների «բարեկամության գնացքների» ներխուժման դեպքում, պահպանելու կարգուկանոնը։ Ղրիմում ստեղծվում են նաև զինված ուժեր, ուժային այլ կառույցներ։ ՈՒկրաինայի ռազմածովային նավատորմն ու ռազմաօդային ուժերի մի մասն արդեն անցել են Ղրիմի և նրա բազմազգ ժողովրդի կողմը։ Արևելքում և հարավ-արևելքում ամենուրեք տեղի վարչակազմերը մաքրվում են «մեյդանականներից», ՈՒկրաինայի դրոշի կողքին Եվրամիության պաստառի փոխարեն բարձրացվում են Ռուսաստանի դրոշները և այլն։ Իրենց հերթին, կիևյան խռովարարները (իսկ նրանք խռովարարներ են, քանի որ օլիգարխների մի խմբի փոխարեն հիմա օգտագործում են ուրիշներին... իսկ ժողովուրդը` դե, չէ՞ որ «մեյդանում» կային թե՛ պարզապես ռոմանտիկներ, թե՛ ուղղակի կարճամիտներ, հերթական անգամ խաբված է) սպառնում են «պետական դավաճանության», հազար ու մի այլ հոդվածներով։ Վերամբարձորեն «ընդհանուր զորահավաք» են հայտարարում և սպառնում են «արտակարգ դրություն» մտցնել։ Սրանից ավելի՞, ՈՒկրաինայում առանց այդ էլ այս բոլոր ամիսների ընթացքում ծայրաստիճան արտակարգ դրություն է։
Հատկանշական են նաև, այսպես կոչված, «друже» Օլյաքսանդր Մուզիչկոյի և Դմիտրի Յարոշի «հայտարարությունները»։ Առաջինը ստաժավոր վարձկան է ու ֆաշիստ։ Մականունը` Սաշկո Բիլի, մի ժամանակ տխրահռչակ (արդեն վաղուց սպանված) Ջոհար Դուդաևի աջ ձեռքն ու թիկնապահը։ Անձամբ սպանել է զինվորական համազգեստով 18-ամյա մի ռուս պատանու։ Տեսախցիկների առջև հաճույքով խոստանում է` հենց Կիև հասնի, «կկախի Ավագովին», թե ինչի՞ համար, մեր գործը չէ, թող երկու «մեյդանականները» պարզեն։ Նույն տեսախցիկների առջև սպառնում է պատերազմով մտնելու Ռուսաստան, իբր, իր «հավատամքն» է` «սպանել մոսկալներին», և գլխավորը` Պուտինին, և այսպես շարունակ։ Երկրորդ խելոքը, ոչ այն է մեռած, ոչ այն է փախուստի մեջ գտնվող չեչեն ահաբեկիչ Դոկու ՈՒմարովին կոչ է անում վերսկսելու ահաբեկչական պատերազմը Ռուսաստանի ներսում։ Դրան արդեն կայծակնային արձագանքեցին Ինգուշիայի ու Չեչնիայի ղեկավարները. նախ հստակորեն նշեցին, որ Կիևում իշխանության գլուխ են անցել նույնպիսի ահաբեկիչներ, որոնց նմաններին արմատախիլ են անում Ինգուշիայում ու Չեչնիայում, երկրորդ` Ռամզան Կադիրովը խոստացավ անձամբ տասնյակ հազարավոր չեչեններ ուղարկել ուկրաինական ժողովրդին օգնության, նպատակ ունենալով ազատել ահաբեկիչների իշխանությունից։ Իսկ անձամբ Յարոշին խոստացավ դժոխք ուղարկել` ՈՒմարովի հետ մեկտեղ, որը, Չեչնիայի ղեկավարի ասելով, «վաղուց է սատկել»։ Բայց հատկանշական է նաև այն, որ Արևմուտքում ոչ ոք չի շտապում Մուզիչկոյին ու Յարոշին (ինչպես և Տյագնիբոկին, Պորուբիին և մյուսներին) ճանաչել իբրև միջազգային ահաբեկչական «ինտերնացիոնալի» բաղկացուցիչ մաս։ Թեև ժամանակին Արևմուտքն էլ չէր կարող չհամաձայնել, որ չեչենական բանդընդհատակը, որի անդամ էր վերոնշյալ Սաշկո Բելին, հենց «Ալ Քաիդայի» կարգի ահաբեկիչներից է բաղկացած։ Հետաքրքիր է, թե ինչն է ԱՄՆ-ին ու Եվրոպային խանգարում վերջապես տեսնելու, որ «բարեփոխումների համար պայքարի» դրոշով ՈՒկրաինայում իշխանության են եկել ոչ թե նույնիսկ «մեյդանականներ» Յացենյուկը, Կլիչկոն` յուրայինների հետ, այլ հենց ահաբեկչական «աջ հատվածը»։ Չէ՞ որ Մուզիչկոն և Յարոշը Կիևի փետրվարյան «մեյդանյան հեղափոխության» իդեալների վառ մարմնավորումն են։
Էս էլ ձեր ՈՒկրաինան։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ուղղակի սպառնալիքներից անցել է ավելի լղոզված արտահայտությունների։ Բայց հարցնող լինի` Քերրի և մյուսներ, հիմա դուք կաղկանձում եք ՈՒկրաինայի ինքնիշխանության խախտման մասին, իսկ ես ուզում եմ հարցնել. պարոն Քերրի, իսկ Դուք երբևէ բախտ ունեցե՞լ եք գոնե մեկ ժամ շփվելու պարոն Տուրչինովի հետ։ Եթե այո, ապա չե՞ք նկատել, որ նա ծանր հոգեկան հիվանդ է։ Ամբողջ ՈՒկրաինան գիտե, որ Տուրչինովն առհասարակ անկայուն հայացքների տեր մարդ է, ինչպես հայտնի է` բապտիստ է` խարիզմատների կողմն անցած։ Յացենյուկն առհասարակ սայենտոլոգ է, թեև, իհարկե, այդ աղանդի կենտրոնակայանը հենց ԱՄՆ-ում է։ Կլիչկոն, դե, բռնցքամարտիկ է, բռնցքամարտիկ էլ մնում է։ Տիմոշենկոյի հոգեկան վիճակը նույնպես հարցեր է առաջացնում։ ՈՒղղակի ծիծաղելի եմ համարում քննարկել Յարոշի ու Տյագինբոկի համարժեքության հարցը, էլ չեմ խոսում Սաշկո Բիլի մասին։ Պարոն Քերրի, և այդ ցուցմունքների խաթեր Դուք ուզում եք «համաշխարհային պատերա՞զմ» սկսել։ Եվ այն էլ միջուկային տերության հե՞տ։ Դուք համարձակվում եք սպառնալ մի երկրի, որին մարտի 3-ին ուկրաինական հարցում հրապարակավ պաշտպանեց Չինաստա՞նը։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտ և նրա ղեկավար, դուք ձեր խելքը թռցնո՞ւմ եք...
Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարարությունում անընդունելի են համարում Ռուսաստանին հասցեագրված սպառնալիքները, որոնք հնչեցին ՈՒկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ Ջոն Քերիի արած հրապարակային մի շարք հայտարարություններում։ Բերեմ մեկ հատված ՌԴ արտգործնախարարության հայտարարությունից. «Նեղություն չկրելով խորամուխ լինելու ուկրաինական հասարակության շրջանում տեղի ունեցող բարդ գործընթացներում և անաչառորեն գնահատելու իրավիճակը, որը ծայրահեղ արմատականների կողմից Կիևում իշխանության ուժային զավթումից հետո շարունակում է վատթարանալ, պետքարտուղարը խոսում է «սառը պատերազմի» շտամպներով, առաջարկելով «պատժել» ոչ թե նրանց, ովքեր պետական հեղաշրջում են արել, այլ Ռուսաստանի Դաշնությանը։ Ընդ որում, լռության է մատնվում, որ հենց ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն են աչք փակել մեյդանի գրոհայինների վայրագությունների, քաղաքական հակառակորդների ու շարքային քաղաքացիների նկատմամբ նրանց ծաղրուծանակի վրա, մարտնչող ռուսատյացության և հակասեմիտիզմի դրսևորումների, հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի անարգման վրա։ Վաշինգտոնում անտեսեցին նաև այն, որ կիևյան նորահայտ վարչակազմը կոխկրտել է փետրվարի 21-ի համաձայնագիրը, որի տակ իրենց ստորագրություններն էին դրել Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի արտգործնախարարները, և կազմել «հաղթողների կառավարություն», փաստորեն պատերազմ հայտարարելով ռուսաց լեզվին ու այն ամենին, ինչը հիշեցնում է Ռուսաստանը։ Այժմ Արևմուտքի դաշնակիցներն են դառնում բացահայտ նեոնացիստները, որոնք ավերում են տաճարներն ու սինագոգները»։
Ահա այսպես։ Եվ իզուր պիտի որևէ մեկը զարմանա, որ սկսած մարտի 3-ից, իսրայելական «Jerusalem Post» թերթի մատուցմամբ, Արևմուտքում սկսել է ծավալվել ինֆո-քարոզչության շատ քիչ սպասված ալիք։ Կարծում եմ, դա շատ անհաճո անակնկալ դարձավ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Կիևում ու Արևմտյան ՈՒկրաինայում եղած ուկրանացիստների, թե՛ ԵՄ-ի ներկայացուցիչ տիկին Քեթրին Էշթոնի ու նաև մեր Հայաստանի «եվրամետների» համար։ Պարզվում է, Իսրայելի հրեաների խորհրդով, Արևմուտքը բնավ չպետք է պաշտպանի տարածքային ամբողջականությունը մի երկրի, որը բոլշևիկների օրոք «հավաքվել» է լրիվ վոլյունտարիստական սկզբունքով։ «Jerusalem Post»-ը և նրան կրկնող եվրոպական լրատվամիջոցները շեշտը, իհարկե, դնում են այն բանի վրա, որ Ղրիմը ապօրինաբար հանվել է Ռուսաստանի կազմից և անձամբ Նիկիտա Խրուշչովի կողմից «նվիրվել» իր հայրենի ՈՒկրաինային։ Իսկ մենք, որպես ավելի անկանխակալ կողմ, կարող ենք նաև հարց տալ` իսկ ի՞նչ օրինական բան կար նրանում, որ ցեղասպանության ենթարկված Դոնի կազակների տարածքները պոկեցին Դոնի կազակների զորքի մարզից ¥դրանով իսկ ոչնչացնելով այդ վարչական միավորը¤ և նույնպես «նվիրեցին» ՈՒկրաինային։ Այդ մենք` հայերս չե՞նք, արդյոք, անդուլ կերպով պնդում, թե Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը հիմք չէ, որ աշխարհը լռության մատնի և լռելյայն օրինականացնի թուրքերի կողմից մեր հողերի զավթումը։ Հավատացեք, թանկագին հայրենակիցներ, ինչպես Հայոց ցեղասպանությունն է երիտթուրքերի պետական քաղաքականության հետևանք, այնպես էլ Դոնի կազակների ցեղասպանությունն է բոլշևիկների քաղաքականության հետևանք։ Ավաղ, սա ճշմարտություն է։ Սակայն փաստն այն է, որ Իսրայելի մատուցմամբ Արևմուտքում, այնուամենայնիվ, սկսում են Կիևում տեղի ունեցող որոշ բաների այլ հայացքով նայել։ Սակայն մինչև ուկրաինական ողբերգության հանգուցալուծում դեռ շատ ճանապարհ կա անցնելու։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ