«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Հավկիթի գինը անմիջականորեն պայմանավորված էր էներգակիրների և կերերի թանկացմամբ»

«Հավկիթի  գինը անմիջականորեն պայմանավորված էր էներգակիրների և կերերի թանկացմամբ»
07.03.2014 | 12:08

ՀՀ թռչնաբույծների միությունը, որին անդամակցում են ավելի քան 2000 ֆիզիկական և իրավաբանական անձինք, 15 խոշոր և 28 միջին մասնագիտացված թռչնաֆաբրիկաներ, կազմակերպություններ, ինչպես նաև թռչնամթերքի և ձվի արտադրությամբ զբաղվող ֆերմերային փոքր տնտեսություններ, հիմնվել է 2009 թվականին: ՈՒնենալով իր կանոնադրությունը, միությունն անդամ կազմակերպություններին օգնում է արտադրության կազմակերպման, համակարգման, ոլորտի ռազմավարական ծրագրերի մշակման և խորհրդատվական աշխատանքներում` զուգահեռաբար պաշտպանելով նրանց շահերը օրենսդրական դաշտում:
Միությունը մշակել և առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացնի «Թռչնամսի զարգացման 2014-2020 թթ. ռազմավարական հայեցակարգ-ծրագիրը»: Դրանով նախատեսվել է առաջիկա 5 տարիներին հանրապետությունում ապահովել թռչնամթերքի կայուն արտադրությունը` մեկ շնչի հաշվով այն հասցնելով տարեկան 18-20 կգ-ի: Միությունը հայեցակարգով առաջարկել է, որ թռչնաբուծության ոլորտում պետությունը նույնպես ունենա իր մասնաբաժինը, ինչի արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետորեն վերահսկել գնային քաղաքականությունը: «Ներկայումս քանի՞ թռչնաֆաբրիկա կա Հայաստանում»,- հարցով սկսեցինք մեր զրույցը ՀՀ թռչնաբույծների միության նախագահ ՍԵՐԳԵՅ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

-Կա ավելի քան 15 խոշոր մասնագիտացված թռչնաֆաբրիկա: Ամենախոշորը «Արաքսն» է, որը, հավկիթից բացի, արտադրում է նաև թռչնամիս: Ձվի արտադրման գծով հիմնական առաջատարները «Լուսակերտ» ու «Արզնի» ֆաբրիկաներն են, թռչնամսինը`«Բաղրամյանը»:
-Հանրապետության յուրաքանչյուր բնակիչ տարեկան քանի՞ հավկիթ է սպառում:
-Մասնագիտական հաշվարկներով՝ հանրապետության յուրաքանչյուր բնակիչ տարեկան սպառում է 180-187 հատ հավկիթ, որը կենսաբանորեն նորմայի սահմանում է:
-Հայաստանի թռչնաֆաբրիկաներում ստացվող հավկիթը բավարարո՞ւմ է եղած պահանջարկը, և տվյալ պարենամթերքից որևէ քանակ չի՞ ներկրվում:
-Անկասկած: 2013 թվականին Հայաստանում օրական արտադրվել է 750-800 հազար հատ ձու: Նշված քանակը մեր սպառողների ամենօրյա պահանջի համար գրեթե բավարար ցուցանիշ է:
10 կազմակերպությունների կողմից հավկիթ (15 մլն հատ) ներկրվել է 2013-ի հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 10-ը, քանի որ այդ ժամանակահատվածում հանրապետությունում նվազել էին տեղական ձվի արտադրության ծավալները: Սակայն ամանորյան տոներին պահանջարկը բավարարվել է միայն տեղի ձեռնարկությունների արտադրանքի հաշվին:
-Զատկին ձվի դեֆիցիտ չի՞ սպասվում:
-Այդ նպատակով արդեն ուսումնասիրել ենք թռչնաֆաբրիկաների արտադրական հնարավորություններն ու ծավալները և համոզվել, որ արտադրված ու պահեստավորված հումքը նշված օրերին լիովին կբավարարի սպառողներին անհրաժեշտ պահանջարկը: Ներկայումս ոլորտում այդ ուղղությամբ տարվում են նաև նախապատրաստական աշխատանքներ:
Սերնդափոխության և ձվի արտադրության հետագա ծավալներն ու թռչունների կենսաբանական ակտիվությունը ապահովելու նպատակով անցած աշնանը հանրապետություն է ներկրվել վառեկների նոր խմբաքանակ (373 հազար հատ): Ներկայումս դրանք արդեն ածան հավեր են:
Այս տարվա եղանակային պայմանները նույնպես նպաստավոր են հավերի ակտիվության և ձվատվության ավելացման համար, և այդ գործոնը, հատկապես մասնավոր ֆերմերային տնտեսություններում, որտեղ սեզոնին պահվում է մինչև 260 հազար գլուխ թռչուն, արդեն ակնհայտ է:
-Անցած տարեվերջին հավկիթի թանկացումը ինչի՞ հետ էր կապված:
-Հավկիթի գինը, որի բարձրացումը սկսվեց 2013-ի դեկտեմբերին-2014-ի հունվարին, անմիջականորեն պայմանավորված էր էներգակիրների և կերերի թանկացմամբ։
-Հայաստանում տարեկան քանի՞ տոննա թռչնամիս է արտադրվում, և ինչքա՞ն է ներկրվում դրսից:
-Արտադրվում է շուրջ 10 հազար տոննա թռչնամիս, այսինքն՝ եղած պահանջարկի 27-28 տոկոսը: Մնացածը (28-30 հազար տոննա) ներկրվում է Բրազիլիայից, Արգենտինայից, Կանադայից, ԱՄՆ-ից, մասամբ էլ՝ ՈՒկրաինայից:
Մեր հաշվարկներով, միայն 2012 թվականին, վերոնշյալ երկրների ֆերմաներից 40-42 մլն դոլարի թռչնամիս ենք ներկրել Հայաստան: Ներկրվածի գերակշիռ մասը թռչնի ազդր է, որը սպառողներն անվանում են «Բուշի տոտիկներ»:
Վերջին 3-4 տարվա միջինացված տվյալներով, տարեկան մոտ 35-40 հազար տոննա թռչնամիս է սպառվում Հայաստանում, որի մեջ նախապատվությունը տրվում է տեղական արտադրության հումքին:
Համեմատական կարգով նշեմ նաև, որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայի արևելյան երկրներում և Ռուսաստանում, թռչնամսի օգտագործման տարեկան սպառման աճը 10-15 տոկոս է, դա միակ մսատեսակն է, որն այդքան բարձր աճ է ապահովում:
Թռչնամսի պահանջարկ ամբողջ աշխարհում միշտ կա և տարեցտարի ավելանում է, քանի որ այն խոլեստերին համարյա չի պարունակում, դյուրամարս է և օժտված բարձր կալորիականությամբ:
-Հնարավո՞ր է այսօր ընդլայնել հատկապես մսատու թռչնաֆաբրիկաների թիվը` կանխելով ներկրման գործընթացը:
-Իհարկե: Մեր ունեցած արտադրական կարողությունների, հնարավորությունների և ֆինանսական ռեսուրսների համաձայն, հանրապետությունում հնարավոր է ստեղծել մսատու ուղղությամբ մասնագիտացված թռչնաբուծարաններ: Այդ հեռանկարի մասին նշել ենք նաև հայեցակարգ-ծրագրում` մատնանշելով տարբեր տարածաշրջաններում եղած նախկին 80-85 թռչնանոցները: Վերանորոգումից և նոր տեխնոլոգիաներով վերազինվելուց հետո, ավելի քան 135 հազար քմ օգտակար աշխատանքային մակերեսով այդ կառույցները կդառնան արտադրական նոր ռեզերվներ` հնարավորություն ստանալով արտադրելու տարեկան 10-15 հազար տոննա լրացուցիչ թռչնամիս:
Դեռ ավելին, ծրագրի իրականացումից հետո, մասնագիտական հաշվարկներով, մինչև 2020 թվականը հնարավոր կլինի արտադրել հանրապետությունում օգտագործվող ամբողջ թռչնամսի ավելի քան 50 տոկոսը:
-Ինչքա՞ն թռչնակեր է օգտագործվում տարեկան:
-Տարեկան օգտագործվող 150-160 հազար տոննա թռչնակերի մեջ տեղական արտադրության բաժինը 20-22 տոկոս է: Թռչնակերի գերակշիռ մասը կազմող ցորենը ներկրվում է հիմնականում Ղազախստանից և ՌԴ-ից, իսկ սոյայի շրոտն ու եգիպտացորենը` ՈՒկրաինայից, Հնդկաստանից, Բրազիլիայից:
Այն ծրագիրը, որով նախատեսել ենք տեղական կերի բազան հնարավորության սահմաններում ընդլայնել, որպեսզի թռչնաֆաբրիկաները կարողանան տարեկան գոնե 30-35 տոկոսով դրանից օգտվել, դեռևս չի հաջողվում կյանքի կոչել, քանի որ տեղական արտադրությունն ամբողջությամբ կախված է դրսի շուկայական գներից:
-Հնարավո՞ր է այսօրվա չօգտագործվող հողերի հաշվին հանրապետությունում մշակել կերային կուլտուրաներ` դրա հիման վրա ստեղծելով սեփական կերարտադրության բազա: Այս հարցի վերաբերյալ ունե՞ք մշակված նախագիծ:
-Իհարկե: Կերարտադրության բազայի ստեղծման համար հանրապետությունում կան բոլոր նախապայմանները: Եթե կառավարությունը համալիր մոտեցում ցուցաբերի, ապա ջրովի և անջրդի հողատարածքների հաշվին կարող ենք առաջիկա հինգ-վեց տարում ավելացնել և ամրապնդել տեղական կերարտադրության բազան:
Վերոնշյալ ծրագրի նախադեպն արդեն կա ԼՂՀ-ում, որտեղ վերջին 4-5 տարիներին ձեռնարկված միջոցառումները տվել են դրական արդյունքներ: Շնորհիվ այդ ծրագրի, 2012 թվականին ԼՂՀ-ի ֆերմերներից Հայաստանի թռչնաբույծներն ու խոզաբույծները գնել են 4 հազար, իսկ 2013-ին` 13 հազար տոննա եգիպտացորեն: Նպատակ ունենք այս տարի գնման ծավալներն ավելացնել:
Սեփակաշնորհումից հետո դեռևս պահպանվել են համակցված կերեր արտադրող նախկին 9 խոշոր գործարաններն ու մթերման կայանները: Դրանց մեջ միակ գործողը Եղվարդի ձեռնարկությունն է, որը պահանջարկ ունեցող կերեր է արտադրում:
Ակնկալում ենք, որ տարածաշրջանների մյուս գործարարները նույնպես ժամանակի հետ կաշխատեն: Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում այդ կառույցներն իրենց տարածքին հարող գյուղացիական տնտեսություններին կօժանդակեն նաև չօգտագործվող հողերը կերային մշակաբույսերի ցանքերի տակ դնելու գործում: Ծրագրի իրականացումը, Հայաստանում կերի բազա ստեղծելուց բացի, հնարավորություն կտա ապահովելու նաև թռչնամսի տարեկան ավելացող պահանջարկը:
Նշեմ նաև, որ թռչնաբուծությամբ զբաղվողը իր ձեռքի տակ առնվազն 3-4 ամսվա պաշար պետք է ունենա, ինչը շահավետ է և՛ կերի որակի, և՛ սննդի անվտանգության տեսակետից:
-Հայաստանում ունե՞նք ընտանի թռչունների և թռչնացեղերի բուծարան:
-Դեռևս ոչ: «Փյունիկ» թռչնաբուծարանը, որտեղ նախկինում բուծվում, մշտապես բազմացվում և աճեցվում էին նոր հիբրիդներ և ցեղեր, ներկայումս չի աշխատում: Այսօր ստիպված ենք տոհմային նոր տեսակները բավականին բարդ գնով ներմուծել Պարսկաստանից, ՌԴ-ից, ՈՒկրաինայից, Գերմանիայից:
«Փյունիկի» գործարկումը, նշված գործընթացը տեղում կազմակերպելուց բացի, կկանխի նաև հանրապետությունից այդ նպատակով դուրս եկող գումարները:
-Առկա պայմաններում արտադրական ծավալները ինչ-որ չափով ավելացնելու և այն պահպանելու համար թռչնաֆաբրիկաներին այսօր առաջին հերթին ի՞նչ է անհրաժեշտ:
-Թռչնաֆաբրիկաներում արտադրական ծավալները ավելացնելու և այն պահպանելու այսօրվա առաջնային խնդիրը շուկայում հատիկաֆուրաժի և համակցված կերերի արժեքների կայունացումն է, քանի որ թռչնաբուծությամբ զբաղվող սուբյեկտներն ամենից շատ տուժում են դրանց անկախատեսելի թռիչքային գներից: Եթե 2006-2007 թվականներին թռչնակերի արժեքը տարվա մեջ երկու անգամ էր փոփոխվում, հիմա այդ գործընթացը կատարվում է երկու ամիսը մեկ` բացասաբար անդրադառնալով արտադրության հետագա աճի, աշխատանքների ճիշտ պլանավորման և ստացված ինքնարժեքի հաշվարկների վրա: Եթե դրանց գումարենք նաև էներգակիրների անընդհատ փոփոխվող գները, ապա պատկերացրեք տնտեսավարող սուբյեկտների վիճակը:
Իրավիճակը մեղմացնելու նպատակով միությունն առաջարկ է ներկայացրել կառավարություն` թռչնամթերք արտադրողներից սահմանին գանձվող ավելացրած արժեքի հարկը (ԱԱՀ) մեկ տարով կամ առնվազն վեց ամսով հետաձգելու վերաբերյալ: Առաջարկվել է, որպես մաքսային արտոնություն, զրոյական դարձնել նաև արտերկրի տոհմային տնտեսություններից ներկրված համապատասխան սերտիֆիկատ ունեցող տոհմանյութի (ճտահանման ենթակա ձվերի), կամ մեկ օրական ճտերի դիմաց գանձվող տոկոսադրույքը:
Մինչև մեր արտադրական պրոցեսի լիարժեք կայանալը, այսինքն՝ մինչև ճտի հավ դառնալը, որը տևում է 1,5 տարի, մենք մեր եկամտի 20 տոկոսը, որպես փոխառություն, տալիս ենք պետությանը, իսկ ստացված շրջանառու միջոցները համալրելու նպատակով բանկերից վերցնում ենք 16-տոկոսանոց վարկեր` անընդհատ մնալով պարտապանի վիճակում:
Տնտեսաճգնաժամային այս իրավիճակում վերոնշյալ հարկային և մաքսային ժամանակավոր արտոնությունը, թռչնարտադրության զարգացմանը նպաստելուց բացի, ոլորտի ընկերություններին կօժանդակի համալրելու շրջանառու միջոցները:
-ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ի՞նչ ձևով է աջակցում թռչնաբույծներին:
-Տարբեր մասնագիտացված տնտեսություններում հակահամաճարակային հիվանդությունների կանխարգելման դեմ հիմնականում ժամանակին կատարվող պատվաստումների ձևով:
Բացի դրանից, նախարարության միջոցով մենք կառավարության քննարկմանն ենք ներկայացնում ոլորտի, ինչպես օրենսդրական բարեփոխման-կարգավորման, այնպես էլ թռչնաբուծությամբ զբաղվող սուբյեկտների, թռչնամիս ներկրողների և տեղի արտադրողների միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծման վերաբերյալ հարցեր:
-Ո՞րն է թռչնաբույծների միության այսօրվա առաջնահերթ խնդիրը:
-Միության առաջնային նպատակը ինչպես համաշխարհային լավագույն փորձն ու ժամանակակից տեխնոլոգիաները, այնպես էլ կատարելագործված արտադրագիտությունը թռչնաֆաբրիկաներում արագ ներդնել-տեղայնացնելն է: Այսօր մեր տեսադաշտում են ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներն ու կերային պատրաստուկները, որոնց վերաբերյալ տեղեկությունը ձգտում ենք առաջինը ձեռք բերել և այն ժամանակին հաղորդել թռչնաֆաբրիկաներին:
Բացի դրանից, միությունն անդամ կազմակերպություններին աջակցում է ինչպես ցուցահանդեսների կազմակերպման, այնպես էլ այդ միջոցառումներին մասնակից լինելու գործում: Միությունը երիտասարդ կադրերին օժանդակում է նաև վերաորակավորում ձեռք բերելու Սանկտ Պետերբուրգում, Իսրայելում:
Չնայած առկա բոլոր դժվարություններին, ոլորտում շարունակական ընթացքի մեջ են արտադրական կարողությունների վերազինման աշխատանքները:
-Այսօր քանի՞ մարդ է աշխատում թռչնաֆաբրիկաներում:
-Ոլորտի միայն խոշոր ընկերություններում ընդգրկված է ավելի քան 3000 աշխատող: Ավելի քան 600 աշխատող էլ ունեն ֆերմերային փոքր և միջին տնտեսությունները, որոնցից յուրաքանչյուրում խնամվում է 300-500 գլուխ թռչուն:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 3082

Մեկնաբանություններ