Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հռոմից հին մայրաքաղաքը»

«Հռոմից հին մայրաքաղաքը»
10.03.2014 | 15:50

Նկարահանվում է ֆիլմ Երևանի պատմության մասին: Նկարահանումներն իրականացվել են Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Մոսկվայում, Իրանում, Արևմտյան Հայաստանում և այլուր: Ֆիլմի հեղինակը պատմաբան Արտակ Մովսիսյանն է, ռեժիսորը` Արտակ Ավդալյանը: Ֆիլմը ներկայացվելու է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

«Իրատես de facto»-ի հետ զրույցում ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ նշեց, որ վերջին շրջանում Ադրբեջանն իր հակահայկական քարոզչությամբ բոլոր սահմաններն անցել է: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են որպես Արևմտյան Ադրբեջան, Երևանը Էրիվան է, որ իբր 500 տարի առաջ հիմնել է ոմն Ռևան Գյուլի խան, Էջմիածինը քրիստոնյա ադրբեջանցիներն են կառուցել և այլն: «Ֆիլմը պատասխանում է նաև այս հարցերին,- ասաց նա,- բայց կեղծարարությանը վերաբերող հատվածն այնքան մեծ էր, որ բուն նյութից հեռանում էինք, ստացվում էր ֆիլմ` ֆիլմի մեջ»:
Արդյունքում երկու ֆիլմ է ստեղծվում: Երևանին նվիրված 50-րոպեանոց ֆիլմը կոչվում է «Հռոմից հին մայրաքաղաքը»: Երկրորդ` «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմն ունի 25 րոպե տևողություն: Ընդ որում՝ 2-րդ ֆիլմից կառանձնացվեն 4-5-րոպեանոց տեսանյութեր ու կտեղադրվեն Youtube սոցցանցում, որտեղ կարճ տեսանյութերն ավելի շատ պահանջարկ ունեն: Նպատակը աշխարհով մեկ ազգային քաղաքական քարոզչություն իրականացնելն է: Անդրադառնալով մեր հարևանների կեղծարարությանը՝ զրուցակիցս ասաց, որ, վերջին հաշվով, քարոզչական կռիվ է, իսկ կռվի մեջ միջոցների խտրություն չեն դնում: Այս ամենն այնքան անլուրջ է, որ հայ գիտնականները հարկ չեն համարում անգամ պատասխանել, կամ էլ թողնում են ժամանակի դատաստանին` հետևելով «ստի ոտքերը կարճ են» ժողովրդական հայտնի ասացվածքին: «Բայց քանակը, ի վերջո, որակ է տալիս: Եթե ֆրանսիացի մի ուսանող համացանցում Խոջալուի կամ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին նյութեր որոնի, չի բացառվում, որ կհանդիպի ավելի շատ ադրբեջանական նյութերի, քանի որ դրանք մի քանի անգամ գերազանցում են հայագիտական նյութերը: Իսկ դա, ի վերջո, հասարակական կարծիք է ձևավորում»,- նկատեց ֆիլմի հեղինակը:
Հավելենք, որ նախագծի հովանավորը սփյուռքահայ մի գործարար է: Պրոդյուսերական աշխատանքներն իրականացնում է «Շարմ հոլդինգ» ընկերությունը:
Արտակ Մովսիսյանը վերջերս հանդիսատեսի դատին հանձնեց «Արտավազդ Բ. Պատիվը՝ կյանքից վեր» գիտահանրամատչելի ֆիլմը: Հեղինակ է նաև «Տիգրան Մեծ՝ Հայրենապաշտ տիրակալը», «Նեմրութ. Արև արքայի մեծ սրբավայրը» և «Ժայռապատկերներից մինչև այբուբեն» ֆիլմերի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Արտակ Մովսիսյանի հետ` զրույցը «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 4920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ