ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ստալինի ճիվաղությունը միտված չէր անձնական բարեկեցությանը

Ստալինի ճիվաղությունը  միտված չէր անձնական բարեկեցությանը
11.03.2014 | 00:33

«ОТ ГОЛОДА НЕ УМРEШЬ, ТЕРПИ!»


Հարգելի անծանոթ բարեկամ Աբրահամ Ծատուրյան, ասեմ, որ ես գիտակցական ողջ կյանքում մարդու մեջ գնահատել եմ շիտակությունը, ճշմարտախոսությունը, հայրենասիրությունը, գաղափարախոսությունը և գաղափարին անմնացորդ նվիրումը: 1965-ի ապրիլի 24-ին Ձեզ ատելի Լենինի հրապարակում, մարդկային ձեռքերի վրա ճառ եմ արտասանել և ձեռքս մեկնելով Լենինի արձանին բառացիորեն ասել եմ` ով դո՛ւ, հանճարեղ մարդ, որ փրկեցիր աշխարհի մեկ վեցերորդը, ինչո՞ւ այդքան ստոր գտնվեցիր մեր ազգի նկատմամբ, Ղարաբաղն ու Նախիջևանը տվեցիր թուրքին: Ես այդ ժամանակ ընդամենը 23 տարեկան էի: Ասածս խոսքերն էլ մտքի ստեղծագործության հետագա ոլորտից չեն, և խոսքերս կարող են հաստատել նրանք, ում ձեռքերի վրա ճառ եմ արտասանել: Ավելին ասեմ, անծանոթ բարեկամ, այդ նույն տարիքում գրել եմ մեկ գործողությամբ պիես` «Իմ Համլետը», որտեղ բառացիորեն կրկնել եմ Լենինի խոսքերը, որ բոլոր ազգերը կգան դեպի սոցիալիզմ, ավելացնելով` վա՜յ քեզ, մարդկություն, եթե սոցիալիզմն այն է, ինչ Ռուսաստանն է կառուցել: Հետագայում, առավել ևս հիմա, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվել և կատարվում աշխարհում, առավել ևս հետխորհրդային տարածքներում, բայց ամեն ինչ հերթով:
Այն բոլոր օրինակները, որ նշում եք Ձեր ընդարձակ անդրադարձում, հիշելով Սոլժենիցինին, «Գուլագը» և ուրիշ շատ շատերին, կարող եմ ասել, որ դրանից ավելի վատը ինձ պատմել է 17 տարի Գուլագի ճամբարներում երիտասարդ կյանքն «անցկացրած» հայրս` Արիս Հովսեփյանը: Ընդամենը մեկ օրինակ: Բաքվից շոգենավը կալանավորներով բեռնված (թող ինձ ներեն հանգուցյալները այդ բառն օգտագործելու համար), ասում եմ բեռնված, որովհետև ընդամենը մի քանի հարյուրի կամ հազարի համար նախատեսված շոգենավը լցվել էր քառապատիկ, գուցե և հնգապատիկ ավելի մարդկանցով: Շոգենավը հազիվ էր «քայլում» ծովի վրայով: «Դրսում հուլիսն էր, արևը վառում էր: Սոված էինք,- պատմում էր հայրս:- Մեզ առանց հացի սելյոդկա տվեցին: Մարդիկ ագահաբար ուտում էին։ Երբ ձեռքս գցեցի մի կտոր ձուկ վերցնելու, կողքիս տարեց մարդը (հայրս այդ ժամանակ 27 տարեկան է եղել-Ս. Հ.) կոպտորեն խփեց ձեռքիս և ռուսերեն կամաց ասաց` от голода не умрешь, терпи! Թեկուզ շատ վիրավորվեցի, բայց, անկախ ինձնից, նայեցի խելացի աչքերով այդ մարդուն և լուռ հնազանդվեցի: Չէր անցել երկու ժամ և շոգենավում բարձրացավ մարդկանց ձայնը, բոլորը խմելու ջուր էին ուզում: Որտեղի՞ց: Շոգենավը հազիվ էր «քայլում» ջրերի վրայով: Մարդիկ սկսեցին հնարավոր միջոցներով ծովից ջուր վերցնել, ինչը ոչ միայն չէր հագեցնում ծարավը, այլև արագացնում էր խմողների մահը: Ընդամենը մեկ-երկու ժամ հետո շոգենավը հանգիստ ու թեթև լողում էր ծովի ջրերով: Ես նայեցի այդ բարի մարդուն երախտագիտության խոր զգացումով, որին հետագայում այդպես էլ չտեսա, բայց միշտ օրհնել եմ նրա ողջ գերդաստանը»:
Էլի՞ պատմեմ, թե՞ բավական է: Բայց մեկ օրինակ ևս չեմ կարող չհիշել: ԿԳԲ-ի պադվալում, ձերբակալման երկրորդ օրը հարցաքննելիս, հայրս` դպրոցի նախկին տնօրենը, բնականաբար հրաժարվում է որևէ խոստովանական ցուցմունք տալուց: Քննիչներից մեկը հարվածում է հորս և գցում գետնին: Որովայնին ստացած հարվածից հայրս գրիժա է ստանում և այդպես ապրում է 17 տարի, իսկ երբ վերադարձավ, երեք անգամ կատարված վիրահատությունը չօգնեց, հին հիվանդությունը կրկնվում էր: Երբ հորս ծեծող քննիչը կատաղությունից դուրս է գալիս սենյակից, մյուս քննիչը հորս ասում է` իզուր ծեծ մի՛ կեր և առողջությունդ մի՛ քայքայիր, այն երկար ժամանակ քեզ դեռ պետք է գալու:
Հորս քրեական գործի պատմության մեջ գրված էր, ոմն Արիս Հովսեփյան, Ղամարլուի շրջանից (շրջանը դեռ Արտաշատ չէր կոչվել) ցանկացել է կազմակերպել հակախորհրդային բանդա` սովետական պետությունը տապալելու համար: Խե՜ղճ Արիս Հովսեփյան, թուրքի յաթաղանից Վանից երկու տարեկան հասակում մոր հետ հազիվ փախած որբուկը ցանկացել է տապալել խորհրդային պետությունը: Բայց ասեմ, թե հայրս լրիվ սուրբ է եղել, այդ էլ ճիշտ չէ: Նա հարել էր Ռոլանդ Լիսիցյանի ստեղծած հակասովետական խմբակին: Այդ նույն հայրս, երբ վերադարձավ աքսորից, երբեք թույն չէր տածում խորհրդային պետության հանդեպ, երբեք չէր փնովում նրան, որովհետև տեսավ, թե ինչպես էր գյուղը դուրս եկել հյուղակներից, երեխաները կրթություն են ստանում: «Հյուղակ» բառն օգտագործելիս հիշեցի Ստրաբոնին. եթե չլիներ գետնափոր տներից դուրս եկող ծուխը, երբեք չէինք մտածի, որ այդտեղ մարդիկ են ապրում:
Ի՞նչ է եղել մեր մի քանի հազարամյա պատմությունը: Եկեղեցիներից բացի, ի՞նչ ենք կառուցել: Երևանը, դաբաղխանայից բացի, ի՞նչ է ունեցել և ի՞նչ ուներ խորհրդային տարիներին, և ի՞նչ եղան այդ հսկա կառույցները անկախության տարիներին: Փոքր-ինչ առաջ անցնեմ, անդրադառնամ մտավորականությանը տված Լենինի գնահատականին` «Այդ քաքը»: Հարգելի բարեկամ, այդ «մտավորական քաքերը» չէի՞ն լռում և այն էլ անամոթաբար, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իսկական գեհեն էր ստեղծել հայ ժողովրդի համար: Այդ «մտավորական քաքերը»` պատմաբանները, փիլիսոփաները, գրողները, գրականագետները, ակադեմիկոսները ո՞ւր էին, երբ նրանց աչքի առջև ավերվում էին երկրի թող որ արյամբ ու մարդկային զոհերով ստեղծված արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Բա ինչո՞ւ նրանք հեղափոխություն չէին անում և հանուն ինչի՞ էին լռում: «Քաք» ասելով հավանաբար Լենինը նկատի է ունեցել մտավորականի քաղաքական պասիվությունը, վախկոտությունը:
Եթե անկեղծանում ենք, ուրեմն մինչև վերջ: Այսօր ի՞նչն է կապում հայ մտավորականին օլիգարխի կուսակցության հետ, կերակրատաշտա՞կը, թե՞ գաղափարախոսությունը: Եվ պատահական չէր, որ 1922 թվականի սեպտեմբերին «փիլիսոփա» նավով երկրից հեռացավ Ռուսաստանի սերուցքը` հազարավոր փիլիսոփաներ, գիտնականներ, արվեստագետներ, գրողներ: Հարգելի Ծատուրյան, Դուք Ձեր վկայակոչած օրինակով իսկ հաստատում եք մտավորականների մասին Լենինի խոսքերի ճշմարտացիությունը: Եթե տեսնում էին իրենց երկրի կործանումը, այդ մտավորականներն ո՞ւր էին փախչում: Փախուստով ապացուցում էին հավանաբար, որ մտավորականը չի կարող կազմակերպվել, նրա մորթապաշտությունը նրան միշտ հեռու է պահում անձնազոհությունից: Խոսքս եզակի անհատներին չի վերաբերում:
Քանի՞ թուրք բոլշևիկի սպանել տվեց բոլշևիկ դարձած մուսավաթիստը, իսկ հայ բոլշևիկ, ավելի ճիշտ, հայ ճիվաղ Ավիս Նուրիջանյանը Երևանի բանտում կացնահարում էր Սարդարապատի հերոսներին: Դրանում է՞լ էր ճիվաղ Լենինը մեղավոր: Ավիս Նուրիջանյանը, Աթարբեկյանը հայ ժողովրդին հասցրին 1921 թվականի փետրվարյան հեղափոխությանը, և հենց այդտեղից էլ շրջանառության մեջ դրվեց «հայկական իմպերիալիզմ» հասկացությունը: Այսօր հնարավոր չէ չհիշել Մյասնիկյանի խոսքերը, ասված այն ծանր օրերին. «Ավիսի սխալների վրա մենք դեռ շատ կսայթաքենք»: Եվ նա ճիշտ դուրս եկավ:
Ղարաբաղի և Կարսի պայմանագրերի մասին կասեմ` Լենինը հրեշ էր, թող Ծատուրյանի ասածը լինի, բայց ի՞նչ էր ասում Ելցինը Ղարաբաղի մասին: Նա ցանկացած հարցի լուծում փորձում էր տալ, իսկ երբ հարցնում էին Ղարաբաղից, իսկույն պատասխանում էր. «Դա բարդ հարց է»:
ՈՒկրաինայի դեպքերի կապակցությամբ Պուտինը խոսում էր ինքնորոշման իրավունքի մասին, մեջբերելով Կոսովոն և էլի ուրիշ օրինակներ, և թող թույլ տրվի այստեղ հարցնել, Ղարաբաղի ժողովուրդը դրա իրավունքը չունի՞: Պուտինն ասում է` Էրդողանն իմ ընկերն է: Անկեղծ, ամաչում եմ այդ հարցում նման մտածողի խոսքերից (գուցե դիվանագիտություն է), ախր մի՞թե լուսավորյալ մարդը չի տեսնում մոլեռանդ իսլամիստի բուն էությունը: Ասեմ` տեսնի, թե չտեսնի, թուրքը միշտ էլ ռուսի «բարեկամն» է: Երբ Լենինն ասում էր` թող ոչնչացվի Ռուսաստանի 90 % բնակչությունը հանուն համաշխարհային հեղափոխության, եթե Լենինն անգամ ՈՒկրաինան տվել է գերմանացիներին, քանզի ստիպված էր, ինչու պիտի հանուն մուսուլմանական արևելքի հեղափոխության չտար Հայաստանը: Այստեղ տեղին է նշել, որ ամեն կարգի թուրքերն ավելի ճկուն էին, քան հայերս: Մուսավաթիստները «օպտով» բոլշևիկ դարձան, իսկ դաշնակները արյունարբու թուրքին գերադասում էին բոլշևիկյան Ռուսաստանից: Չեմ ուզում հիշել Խատիսյանի խոսքերը:

ՏԳԵՏ ԼՅՈՒՄՊԵՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հեղափոխության սկզբնական տարիներին լյումպենն էր մեծամասնությունը բոլոր ժողովուրդների: Չանցած մի քանի տասնյակ տարի, այդ լյումպեններից դոկտորներ, ակադեմիկոսներ, իսկական հերոսներ ձուլվեցին: Պատրիկն ու պլեբեյը միշտ էլ դաժան պայքարի մեջ են եղել: Ես ամենևին չեմ պաշտպանում այն բացասականը և չեմ էլ փորձում իմ «պաշտելիների» (իմ պաշտելին միայն Քրիստոսն է) գլխին լուսապսակ դնել: Բայց խորհրդային երկրի տապալումից քսան տարի հետո աշխարհում կատարվող իրողությունները ստիպում են ներկան հասկանալու համար վերլուծականորեն և քննադատաբար մոտենալ հնին: Ճիշտ է, անցյալը դաժան, արյունոտ է եղել, բայց այդ արյունոտ էջերում կան նաև հերոսական, փառավոր և շատ լավ բաներ: Ոչ ոք չի կարող ժխտել խորհրդային պետության չափազանց մեծ դրական դերը համաշխարհային պատմության մեջ: Ճիշտ է, այսօր պարոն բուրժուաների գաղափարախոսները խորհրդային պետությունն ու նրա պատմությունն ընդհանրապես ոչնչացնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնում:
Եթե ես ասել եմ իմ հոդվածում, թե ցույց տվեք մի օրինակ, որ բոլշևիկները բունտ են կազմակերպել, նկատի եմ ունեցել և ունեմ Մայդանի օրինակը: Բոլշևիկները բանվորներին, ի տարբերություն ռևիզոնիստների, կոչ չէին անում ջարդել դազգահները, ոչնչացնել աշխատանքի գործիքները և այլն: Ի՞նչ է նշանակում լյումպենների ձեռքերով ոչնչացնել, ունեզրկել բոլորին: Մարդը լյումպեն չի ծնվում, պարոն Ծատուրյան, նրան դարձնում են այդպիսին: Ռուսաստանում մտածում էին, արդյոք արժե՞ այդ «կուխարկայի» երեխեքի վրա փող ծախսել: Նիկոլայ 2-րդին այսօր սրբացնում են: Կարծես ես եմ նրան «Նիկոլայ պալկին», կամ ՍՐՏՉՈՉօռ անվանել:
ՈՒկրաինայի դեպքերի կապակցությամբ իր օրերս տված հարցազրույցում Պուտինը, խոսելով ուկրաինացի ժողովրդի դարեր շարունակվող վիճակի մասին, ասաց, այդպես է եղել նաև «Նիկոլայ Արյունոտի» ժամանակ: Այսօր ես և Դուք բոմժ չենք և աղբանոցի հաշվին չենք պահում մեր գոյությունը, իսկ ինչո՞վ են մեղավոր նրանք, որ այդ օրին են: Մեր արյունը նրանցից կարմիր չէ: Իտալացի տաղանդավոր մտածողն է ասել բուրժուաներին` պայմաններ եք ստեղծում աղքատներին գողություն անելու համար, որպեսզի վերջում դատեք նրանց:

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Այդ հարցով թող պատասխան տա Վահան Տերյանը, որը Լենինի խոսքին, թե ինչ են ցանկանում հայերը, պատասխանել է` արևելահայերը ցանկանում են լինել Ռուսաստանի հետ, իսկ արևմտահայերը` ինքնորոշվել: Դրա համար էլ լույս աշխարհ եկավ այդ սուտ դեկրետը: Կուզենայի Կարսի, Արդահանի մասին հիշեցնել պատերազմից հետո Ստալինի խոսքերը այն հետ վերցնելու մասին, այդ են վկայում բացահայտված փաստաթղթերը, բայց արդեն ատոմային ռումբի գոյությունը ստիպեց հրաժարվել Թուրքիային պատժելու իր մտադրություններից: Իսկ Բաքվի ողբերգությո՞ւնը... Նենգամիտ ճիզվիտները չնայած օգնության մասին Շահումյանի բազում հեռագրերին, այդպես էլ դավադրաբար լքեցին նրան` հանուն թուրք-գերմանական հաղթանակի: Դահիճները գոնե մեկ նախադասությամբ չարձագանքեցին այդ ողբերգությանը: Ի դեպ, ռուս պատմաբան Վոլկոգոնովը արխիվներից հանել է Լենինի նամակը, որում իր արյունոտ խղճով կոչ է անում. «Բաքվից կարմիրների նահանջի դեպքում քաղաքը հրդեհել»: Այստեղ հարգելի Ծատուրյանը հակասում է ինքն իրեն: Եթե չի օգնել Շահումյանին, որպեսզի հաղթի թուրք-գերմանական դաշինքը, ապա ինչպես հասկանալ Լենինի հրահանգը` նահանջի դեպքում քաղաքը հրդեհել: Ինչ վերաբերում է արորով Ռուսաստանին, ապա դա ես չեմ ասում: Ռուսաստանը արորով եղել է: «Ընդունեց արորով Ռուսաստանը և հանձնեց ատոմային զենքով», ասել է Չերչիլը: Մի՞թե դա այդպես չէ: Վիճակագրության նշանավոր պրոֆեսոր Կորգանովի հաշվարկներով, 1917-1956 թթ. դահիճների արյունոտ սապոգների տակ զոհվել է 66,7 միլիոն անմեղ մարդ: Հարգելի Ծատուրյան, ես միշտ էլ հարգանք եմ տածել և տածում մտավորական մարդու տիտղոսների և կոչումների առաջ, բայց որ հիշում եմ Լիսենկոյի պես ակադեմիկոս է եղել (ինչո՞ւ միայն Լիսենկոյի, մի՞թե մեր ակադեմիայում նրա նմանը չկա) և Կորոպատկինի պես գեներալ, ակամայից դադարում եմ այդ կոչումները մեխանիկորեն հարգելուց:

ԿՈՆԿՐԵՏ ՀԱՇՎԱՐԿ
1939 թվականին, երբ Չկալովը Հյուսիսային բևեռով վայրէջք է կատարում ԱՄՆ-ում, նրան ընդունում են որպես հերոսի և հարցնում են` քանի՞ միլիոն է Ձեր կարողությունը։ Չկալովը ժպտալով պատասխանում է` 170 միլիոն: Դոլա՞ր: Հարցնում են նրան: Ոչ, 170 միլիոն մարդ, այսինքն` խորհրդային բնակչության թիվը այդ ժամանակ եղել է 170 միլիոն: Եթե 1917-1956 թթ. բոլշևիկները կերել են 66,7 միլիոն (տեսեք` ինչ ճշգրտությամբ է հաշվել այդ մարդը, 66 միլիոն և 700 հազար) և 27 միլիոն էլ, իսկ ոմանց հաշվարկով էլ` 30 միլիոն, ապա կստացվի 96 միլիոն 700 հազար մարդ, տակը կմնա 70 միլիոն 300 հազար: Եվ եթե հաշվենք, որ Հայրենական պատերազմում զոհվել էր տղամարդկանց հիմնական կորիզը, մոտ 50 %-ը, 1956 թվականի մարդահամարով ԽՍՀՄ բնակչությունն արդեն մոտ 200 միլիոն էր: Հիմա թող թույլ տրվի հարցնել` ես ինչպե՞ս հավատամ և հարգեմ այդ նշանավոր պրոֆեսորին: Այստեղ են ասել` ատելությունն էլ պիտի սահման ունենա, որից դեն այն դառնում է վտանգավոր: Հարգելի Ծատուրյան, համոզված եք, որ ԽՍՀՄ-ում չկար սոցիալական արդարություն: Միլիոնավոր աշխատավոր մարդիկ որտե՞ղ էին հանգստանում: Հազարավոր հանգստյան տներն ու սանատորիաներն ո՞ւմ էին ծառայում: Բարեկամիս տղան ամորձիների պրոբլեմ ուներ, երկու անգամ 6 ամսով բուժվել է Բաշկիրիայում գտնվող միակ մասնագիտական հիվանդանոցում և առանց որևէ կոպեկի: Հիշում եմ, երբ 1962 թվականին 20 օրով պառկել եմ հիվանդանոցում, օրական երեք անգամ ձրի սնունդ էին տալիս, եթե չեք հավատում, կարող եք հարցնել տարեց մարդկանց: Մարշալների դավադրության մասին ավելորդ եմ համարում խոսել, դա չեմ հորինել, այդ են վկայում նորագույն ուսումնասիրությունները: Ո՞վ կարող է ժխտել այդ ընթացքում իրականացված ահավոր ոճիրները, ոչ ոք: Ստեղծված մթնոլորտն այնպիսին էր, որ շատերն օգտվել են առկա վիճակից և իրենց չարությունն են թափել: Կիրովի սպանությանը Ստալինը տեղյակ չի եղել: Կիրովին սպանել է նրա քարտուղարուհի սիրուհու ամուսինը: Դա ևս հաստատում են բացահայտված արխիվային փաստաթղթերը: Ստալինն օգտվել է այդ սպանությունից իր հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Այդ հարցում Ստալինից (իհարկե մեռած վիճակում) իր ոխը հանելու և նրան ևս մեկ անգամ վարկաբեկելու համար ստել է անգամ Խրուշչովը կոմկուսի XX համագումարում: Ճիվաղ, ճիզվիտ և էլի նման ածականներ եք շպրտում Ստալինի հասցեին: Որ Ստալինը եղել է դաժան, փաստ է: Նա դաժան է եղել անգամ իր հարազատ որդու նկատմամբ: Մի՞թե Պետրոսը դաժան չեղավ իր որդու նկատմամբ: Մի՞թե դաժանորեն չճնշեց ստրելեցների բունտը: Եվ այդ ամենը հանուն ուժեղ Ռուսաստանի: Ստալինը նույնպես ամեն ինչ արել է հանուն ուժեղ և հզոր Ռուսաստանի: Ի տարբերություն հուդա Գորբաչովի և հարբեցող Ելցինի, որոնք ավերեցին կայսրությունը, Լենինը բացարձակապես (զիջեց միայն Լեհաստանին և Ֆինլանդիային) վերականգնեց կայսրությունը: Ասում եք` Ստալինը դաժան է եղել, իսկ կոմունիստների հետ ինչպե՞ս են վարվել: Ստալինը դաժան է եղել, նաև Լենինը, իրենց գաղափարների թշնամիների նկատմամբ: Նոր հասարակարգի կառուցումը, նոր մարդու ձևավորումն իրոք դաժան, անգամ չափից դուրս դաժան է եղել: Այդ դաժանությունը գուցե օգնել է նաև Փարիզի կոմունայի ողբերգական պատմությանը: Ցանկացած հեղափոխություն արյուն է, որովհետև միշտ դրված է «ով ում» հարցը: Եվ նրանք երկուսով միասին իրենց դաժանությամբ դրեցին նոր հասարակարգի հիմքը: Այստեղ տեղին է հարցնել, Ստալինի մահից հետո անցել էր մոտ 40 տարի, երկիրը հզորացել և աշխարհում դարձել էր գերհզոր կայսրություն: Արևմուտքը չէր կարողանում հերկել աշխարհն ինչպես այսօր: Ինչո՞ւ Գորբաչովը հետ դարձավ 40 տարվա առաջվա դեպքերին և զենք դարձրեց ստալինյան բռնությունները, չէ՞ որ XX համագումարը տվել էր իր գնահատականը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՇԵՂՈՒՄ
Փոքր ինչ շեղվեմ: Կրոմվելին Անգլիայում պաշտում են որպես ազգային խորհրդանիշի, փառավոր արձան կա հենց Լոնդոնում: Իսկ ո՞վ էր Կրոմվելը իռլանդացի ժողովրդի համար: Դաժան մի դահիճ, արյունարբու մի հրեշ: Իռլանդիան նվաճելու ժամանակ հազարավոր դիակներ ընկած էին փողոցներում, հազարավոր մարդիկ մեռնում էին սովից, և հազարավորներ փախչում էին երկրից: Այսօր ԱՄՆ-ում 10 միլիոնից ավելի իռլանդական ծագումով քաղաքացի կա: Ո՞վ էր Նապոլեոնը, իսկական մարդագայլ: Նրա 600-հազարանոց բանակը ցրտից ու սովից մեռավ Ռուսաստանում: Միայն Բերեզինա գետն անցնելիս Նապոլեոնը չտեսնելու տվեց 10 հազար զինվորների դիակները: Ո՞վ էր Պինոչետը, ո՞վ էր Մաո Ցզեդունը: Ովքե՞ր են անգլիացի նվաճողները, վերջապես ո՞վ էր Բուշ Կրտսերը: Շարունակե՞մ, թե՞ վերջակետ դնեմ և ասեմ. աշխարհի պատմությունն արյան պատմություն է, հետևաբար բոլշևիկների իշխանությունը նույնպես չէր կարող անարյուն լինել, բայց քանի որ բոլշևիկները ոչնչացնում էին երկրի վրա մասնավոր սեփականությունը, դա նրանց չէր ներվում: Ինչո՞ւ սկսվեց քաղաքացիական պատերազմը: Ի՞նչ է, կոմունիստները ծարավի՞ էին արյան: Ո՛չ, թալանով ստեղծված հարստությունից բուրժուան չէր կարող հրաժարվել: Կապիտալի նախնական կուտակման փուլում բուրժուան քանի՞ ժամ էր շահագործում բանվորին` 10, 12, թե՞ 14 ժամ: Ինչո՞ւ կոմունիստներն առանց արյան տվեցին իշխանությունը, անգամ 1996-ի ընտրությունների ժամանակ Զյուգանովի հաղթանակի դեպքում չգնացին քաղաքացիական պատերազմի: Այնպես որ, քաղաքացիական պատերազմի մեղքը բոլշևիկների վրա պետք չէ դնել: Նրանք նոր, այլ որակի հասարակարգ էին կառուցում, և այն առանց բիրտ բռնության չէր կարող լինել:
Վերակառուցումը միջոց էր երկիրը քանդելու համար, Ստալինին ևս մեկ անգամ հիշելով, ցանկացան մեկընդմիշտ փակել սոցիալիզմի գաղափարը, որը վերջին հաշվով անհնարին է: Կայսրության քանդումը երբեք լավ բանի չբերեց ու չի բերելու ոչ միայն Ռուսաստանին: Այսօր թե ինչ է կատարվում ՈՒկրաինայում, ասածիս լավագույն օրինակն է: Արևմուտքը, չբավարարվելով ձեռք բերածով` Գերմանիայի վերամիավորումով, շարժվեց առաջ, թեպետ այն ժամանակվա ԱՄՆ-ի պետքարտուղարը խոսք էր տվել հուդա շանը, որ ՆԱՏՕ-ն մեկ դյույմ անգամ չի մոտենա Ռուսաստանին: Թե այսօր ուր է հասել ԱՄՆ-ը, անզեն աչքով էլ տեսանելի է: Ստալինը երբեք չի ներել դավաճանությունը: Նա չներեց չեչեններին Հիտլերին սպիտակ ձի նվիրելու համար (և ճիշտ արեց), չներեց Ղրիմի թաթարներին գերմանացիներին աղ ու հացով դիմավորելու համար և ճիշտ արեց: Այսօր Ղրիմի թաթարները ևս մեկ անգամ, թեկուզ թռուցիկ ձևով, ցույց տվեցին իրենց էությունը: Չեչեններն արդեն քանդում էին Ռուսաստանը:
Չկա ավելի զարհուրելի բան, քան վատ առաջնորդի օրինակը, որը շատ վարակիչ է: Համամիտ եմ նժդեհական այս խոսքերին և դրան կավելացնեմ` ես վատագույն արարք եմ համարում կաշառքը, բոլոր հանցագործություններից ամենածանրը: Կաշառքը երկիր է քանդել, կաշառքը հանցագործին փրկում է պատժից, կաշառքն անարժան մեկին պաշտոնի է բերում, և այդ անարժանն իսկական չարիք է դառնում իր ժողովրդի համար: Կուզենայի հարցնել պարոն Ծատուրյանին` Ստալինը երբևէ կաշառք կերե՞լ է, երբևէ մտածե՞լ է իր կամ իր երեխաների, թոռների մասին, ինչպես մեր այսօրվա ջոջերը յոթ պորտի մասին: Պատասխանելիս հանկարծ խիղճդ չկորցնես: Կուզենայի նրան այս հարցում համեմատեիր հետխորհրդային ցանկացած ղեկավարի հետ:
Ստալինը անգրագետ չի եղել: Բնական տաղանդը, կարդացածությունը նրան դարձրել էին կարող: Տասնմեկ տարեկանում մայրենի լեզվին նվիրված նրա բանաստեղծությունը Ճավճավաձեն մտցրել է վրացական գրականության անթոլոգիայի մեջ: Կարդացածության մասին` դա արդեն 2003 թվականին, Շոլոխովին նվիրված հաղորդման մեջ նշվում էր «Հերկած խոպանի» երեք հատորը ձեռագիր վիճակում (պարոն Ծատուրյան, ձեռագիր վիճակում) կարդալու և դիտողություններ անելու և Շոլոխովի կողմից ընդունվելու մասին: Հիշիր երկրորդ նախագահի թերթ չկարդալու մասին խոսքերը (գրքի մասին էլ չեմ ասում): Ասեմ, որ Շոլոխովը, ինչպես և Մարիետա Շահինյանը, երբեք Ստալինից չեն քաշվել:
Համամիտ եմ Դոստոևսկու խոսքերին, բայց, ցավոք, պարոն Ծատուրյան, դրանք լոկ խոսքեր են, և ասածիս լավագույն հաստատումն է այսօրվա աշխարհում տիրող վիճակը: Չեմ ասում ռմբակոծություններից, այլ սովից օրական քանի՞ երեխա է մեռնում աշխարհում: Օբաման էլ, Օլանդն էլ, Քեմերոնն էլ, Պուտինն էլ և մյուսները կարող են ավելի գեղեցիկ բառեր ասել, քանզի ընդամենը քաղաքական գործիչներ են, ինչպես Ստալինն ու Լենինը, պակաս կամ ավելի դաժան: Մեր քննարկելիք թեման ոչ թե Դոստոևսկին է, այլ քաղաքական գործիչը, որի գնահատականը, ըստ իս, պետք է տրվի գրականության ոլորտից դուրս: «Կարելի է ժպտալ և սրիկա լինել», ասում է գերմանական ասացվածքը, որին կավելացնեի` որքա՞ն է ճիվաղության չափը, որը վերջին հաշվով պետք է ծառայի երկրի հզորացմանը և ոչ թե անձնական բարեկեցությանը: Ստալինի ճիվաղությունը միտված չէր անձնական բարեկեցությանը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ