Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատմական հարմար պահը մենք չպետք է բաց թողնենք

Պատմական հարմար պահը մենք չպետք է բաց թողնենք
11.03.2014 | 00:40

Հին ասացվածք է, թե հեշտ է դժոխքից կանչել սատանաներին, բայց նրանց հետագա կառավարելն է դժվար: Ճիշտ այդպիսի բան կատարվեց ուկրաինական Մայդանում: Ժողովրդի համընդհանուր դժգոհությունն օգտագործելով, արևմտյան ուժերը ուկրաինական առողջ ուժերի հետ մեկտեղ Մայդան նետեցին նաև ծայրահեղ ազգայնականների, ֆաշիստական գաղափարախոսության ջատագովների, ամեն կարգի քրեականների, որոնք կարողացան անփորձ քաղաքական ուժերին թելադրել իրենց կամքը: Եվ այդ թելադրանքը բերեց նրան, որ անփորձ գործիչները մեկը մյուսի հետևից սխալներ էին թույլ տալիս, հատկապես ազգային հարցում: ՈՒկրաինական հեղափոխությունը տարանջատեց ուկրաինացուն ՈՒկրաինայում ապրող մնացած բոլոր ազգերից, հատկապես` ռուսներից: Վերջերս «Եվրանյուզով» ելույթ ունեցող ոչ ուկրաինացին բառացիորեն ասաց, թե «այդ հեղափոխությամբ ոչ ուկրաինացիները ոչ թե հայրենիք ունեցան, այլ բնակության տեղ»: Եվ բնական է, որ դարեր շարունակ այդ հողի վրա ապրող ոչ ուկրաինացին պիտի ոտքի ելներ իր իրավունքը պաշտպանելու համար: Եվ զարմանալին այն է, որ ուկրաինական «հեղափոխական ուժերը» ոչ թե փորձում էին մեղմել վիճակը, այլ օր օրի ավելի սպառնալից էին դարձնում ռուսների հասցեին հնչող սպառնալիքները: Իրոք, այլևս հնարավոր չէր կառավարել դժոխքից դուրս թողնված սատանաներին: Եվ այդ բոլորը հանգեցին նրան, որ Ղրիմի իշխանությունները գնացին ոչ թե հապճեպ, այլ շտապ կազմակերպված և գիտակցված քայլերի: Եթե սկզբում հանրաքվեն նախատեսել էին մայիսի 25-ին, ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների օրը և բոլորովին այլ հարցադրմամբ լայն ինքնավարություն ՈՒկրաինայի կազմում, ապա հետագա դեպքերը ստիպեցին փոխել հանրաքվեի օրը սկզբում մարտի 30-ին, իսկ հետո վիճակի սրացման պատճառով` մարտի 16-ին, և արդեն բոլորովին այլ հարցադրմամբ. «Ցանկանո՞ւմ եք վերամիավորվել Ռուսաստանի հետ, թե՞ ոչ»: Ղրիմի օրինակին հետևեց նաև Սևաստոպոլ քաղաքը: Այդ հանրաքվեն չի նշանակում, թե ռուսախոս մյուս շրջանները թողնվելու են բախտի քմահաճույքին, նրանք կմիավորվեն հետագա հարցադրմամբ` ֆեդերատիվ սկզբունքով ՈՒկրաինայի կազմում: Անշուշտ, նույն հարցադրմամբ կարող էր հանրաքվեն անցկացնել նաև Ղրիմը, բայց նման հիանալի հնարավորություն ստացած ՌԴ-ն չէր կարող առիթը բաց թողնել և կենսական նշանակություն ունեցող ռազմածովային բազան չմիացնել Ռուսաստանին: Բանական ոչ մի մարդ, քաղաքական գործիչ չէին կարող դատապարտել Ռուսաստանին: Եթե ռուսներն այդ հարցում լռեին` կնշանակեր իրենք իրենց ձեռքով սեփական տապանաքարի վրա պիտի գրեին. «Այստեղ հանգչում է ռուսական կայսրությունը»: Որ մարտի 16-ի հանրաքվեի արդյունքներն արդեն իսկ կանխորոշված են, ոչ ոք չի կասկածում, սակայն թող ոչ ոք չմտածի, թե այն կանխորոշված է կեղծիքների միջոցով: Բացարձակապես: Հանրաքվեն լինելու է իսկական ժողովրդական կամարտահայտություն: Ղրիմի բնակչության 13 % կազմող թաթարները ոչինչ չեն կարող անել, սակայն մեկ անգամ ևս կհաստատեն, որ դավաճանությունը չի ներվելու: Ռուսները, որպեսզի քաղաքականապես հիմնավորեն իրենց դիրքորոշման ճշմարտացիությունը, փոքր-ինչ պատմական էքսկուրս են կատարում մինչև 1954 թվականը, երբ Խրուշչովը կամայականորեն, հիմնականում ռուսներով բնակեցված Ղրիմը, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, տվեց ՈՒկրաինային: Ռուսաստանի հետ ՈՒկրաինայի միավորման 300-ամյակը, անշուշտ, հիմք չէր նման նվիրատվության համար: Ասում են` ՈՒկրաինայում կատարած իր ոճրագործությունները մեղմելու համար դա արեց, մեկ էլ` իր երերացող դիրքերը ԽՄԿԿ կենտկոմում ամրապնդելու նպատակով: ՈՒկրաինայում շատ էին մարզերը, հետևաբար մարզային կուսակցական կազմակերպությունների կենտկոմները: Այսօր ռուսական հեռուստաալիքները թմբկահարում են Խրուշչովի կատարած անօրինականությունները: Թեպետ հանուն ճշմարտության պետք է ասել, որ այդ ապօրինությունը Խրուշչովը գոնե կատարել է հարցը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունում քննարկելուց հետո, նախապես այն համաձայնեցնելով ՈՒկրաինայի և Ռուսաստանի Գերագույն խորհուրդների հետ: Ինչ-որ ձևով, թեկուզ կիսատ-պռատ, կա հարցի իրավական լուծում: Իսկ ի՞նչ ասենք մեր ռուս բարեկամներին Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ, երբ Ստալինի կամքով, կուսակցական մարմնի որոշմամբ (կավբյուրոյի որոշմամբ), Ղարաբաղը տրվեց Կովկասի թաթարներին: Ճիշտ է, ռուսական հեռուստաալիքներով ռուսական «փայլուն» գլուխներն այս օրերին խոսում են ամեն մեծ ու փոքր տարածքների ինքնորոշման մասին և նշում են կոնկրետ օրինակներով` Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, Կոսովո և այլն, բայց չարամիտ դիտավորությամբ լռում են Ղարաբաղի մասին:
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ տիկին Մատվիենկոն բառացիորեն ասել է հետևյալը. «Ազգերի ինքնորոշման իրավունքը ոչ ոք չի վերացրել, և ցանկացած ազգ ունի դրա իրավունքը»: Ավելին, Հելսինկյան տարածքային ամբողջականության սկզբունքը արդեն իսկ խախտվել է բազմիցս` Գերմանիայի վերամիավորումը, Հարավսլավիայի մասնատումը, Կոսովոյի ինքնորոշումը և այլն: Կոնկրետ մեզ` հայերիս ձեռնտու է Ղրիմի հանրաքվեն, և մենք պաշտպանում ենք ազգերի ինքնորոշման սրբազան իրավունքը: Այդ սրբազան իրավունքով է ԱՄՆ-ը հռչակել իր անկախությունը: Ղրիմի օրինակը ոչ թե հուշում, այլ մի տեսակ պարտադրում է մեզ հենց մարտի 16-ին, երբ կհայտարարվեն հանրաքվեի արդյունքները, և այն կմիացվի Ռուսաստանին, Ղարաբաղի իշխանությունները պետք է որոշում կայացնեն, որը պետք է կայացվի մինչև այդ օրը, դրա համար պետք է շտապ կշռադատված որոշումներ ընդունեն Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները, մարտի 16-ին Ղարաբաղը կամովին (նոր հանրաքվեն անիմաստ է, որովհետև այդ հանրաքվեն արդեն իսկ կայացել է 1988-ին, և այդ հանրաքվեով Հայաստանի Գերագույն խորհուրդը 1988-ի դեկտեմբերի 14-ին Ղարաբաղի մարզն ընդգրկել է ՀԽՍՀ կազմի մեջ, իսկ հետագա հանրաքվեով էլ այն հռչակվել է անկախ պետություն) հայտարարում է Հայաստանի հետ միավորման մասին: Պատմական հարմար պահը մենք չպետք է բաց թողնենք: Մինսկի խումբն այլևս անելիք չունի: Այդ հայտարարությունից հետո Ռուսաստանը որևէ կերպ չի կարող խոչընդոտել մեր միավորմանը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Եթե Ռուսաստանը գնում է օրինական ճանապարհով և չի վախենում Արևմուտքի, ԱՄՆ-ի ճնշումներից և հնարավոր ծանր հետևանքներից, ապա Հայաստանն ինչո՞ւ պետք է ընկրկի Ադրբեջանի առաջ և չկատարի իր պատմական առաքելությունը Ղարաբաղի նկատմամբ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Վրաստանի օրինակը դաս չեղավ ՈՒկրաինայի համար: ՈՒկրաինայի օրինակը պետք է դաս լինի մեզ համար: Արևմուտքի պարանով հորն իջած ՈՒկրաինան կանգնած է այդ հորից դուրս գալու ծանր կացության առաջ: Որքան էլ Տիմոշենկոն Դուբլինում կոչ անի ուժ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, միևնույն է, Արևմուտքը հանուն ՈՒկրաինայի շահերի որևէ ռազմական միջամտության չի գնա, որքան էլ ԱՄՆ-ի-Բուլղարիայի-Ռումինիայի ռազմական նավերը զորավարժություններ անցկացնեն Սև ծովում, միևնույն է, հարցը ուժի ցուցադրումից այն կողմ չի անցնելու, կամ էլ ծայրահեղ դեպքում այդ երկրների նավերը կխրվեն Սև ծովի ծանծաղուտները:

Դիտվել է՝ 1946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ