USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Կոմունիստներն աներեր են՝ հեռացնելու են Տաճատ Սարգսյանին

Կոմունիստներն աներեր են՝  հեռացնելու են Տաճատ Սարգսյանին
11.03.2014 | 00:49

Վերջերս Հայաստանի կոմկուսում տեղի ունեցած ներքին խնդիրները խախտել են կուսակցականների անդորրը: ՀԿԿ առաջին քարտուղարի ընտրությունը դժգոհությունների ալիք է բարձրացրել և կուսակցությունը բաժանել երկու մասի՝ Տաճատ Սարգսյանի կողմնակիցների և նրանց հակառակորդների: «Իրատես de facto»-ի խմբագրություն այցելած կոմունիստները` Աշոտ Պապյանը և Իշխան Թովմասյանը, ներկայացրին, թե ինչպիսի խմորումներ կան կուսակցությունում:
Տաճատ Սարգսյանի՝ ՀԿԿ առաջնորդ ընտրվելու գործընթացը հակաօրինական է եղել և կանոնադրական խախտումներով: Այս առթիվ մամուլում հրապարակված տեղեկությունները լիովին իրականությանը համապատասխանում են: Սա վկայեցին երկու կոմունիստներն էլ: «Ժամանակավոր պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը, փետրվարի 23-ին պլենում անցկացնելով, խախտել է կանոնադրական կետերը և առանց օրակարգը հաստատելու, կազմակերպչական հարցեր ներկայացրել: Երբ վերջացան օրակարգի հարցերը, Տաճատ Սարգսյանը վերցրեց միկրոֆոնը և ինքն իրեն առաջարկեց առաջին քարտուղար: ՈՒ միանգամից գոռաց` անցավ միաձայն: Դա խայտառակություն է, այդպիսի բան չի կարելի անել»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Պապյանը` հավելելով, որ եթե կուսակցության առաջին դեմքը խախտում է կանոնադրությունը, իրավունք չունի ղեկավար լինելու: Այս իրավիճակը տեսնելով՝ «փակ» պլենումի մասնակիցներից շատերը լքել են դահլիճը` հայտարարելով, որ Տաճատ Սարգսյանին առաջին քարտուղար չեն ճանաչում: Սակայն վերջինս կողմնակիցների պակաս չունի, իսկ դրա լավագույն «օգնականը», ըստ կոմունիստի, գումարն է: «Նման արարքը վայել չէ ո՛չ կոմունիստին, ո՛չ էլ նրան պաշտպանողին: Տաճատ Սարգսյանն այսօր չորս պաշտոն է վարում, մեկից չազատված անցել է մյուսին: Սա կանոնադրական կոպիտ խախտում է: Այսօր էլ ինքն իրեն հռչակել է ՀԿԿ առաջին քարտուղար»,- վստահեցրեց Աշոտ Պապյանը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Տաճատ Սարգսյանը հայտարարել է, թե ՀԿԿ-ն Մոսկվայից ֆինանսավորում է ստանալու, և դա իրեն անձամբ ասել է Զյուգանովը, կոմունիստն անհեթեթություն է համարում: «Ես չեմ հավատում դրան, դա կարող է ասել քաղաքականությունից հեռու մարդը: Մեր կուսակցությունների մասին օրենքով քաղաքական ոչ մի կառույց իրավունք չունի ֆինանսավորվելու դրսից: Նա ինչքան կարճատես պիտի լինի և օրենքները չիմանա, որ այդպիսի բան հայտարարի: Չեմ հավատում, որ Գենադի Անդրեևիչը նրան այդպիսի բան խոստանա: Դրանով ուզում է իր հեղինակությունը բարձրացնել կուսակցության ակտիվի առջև»,- վստահ է մեր զրուցակիցը և հիշում է որոշ մանրամասներ Տաճատ Սարգսյանի անցյալից: 1991-ին Գյումրիում ՀՀՇ-ի հանրահավաքի ժամանակ Սարգսյանն իր կուսակցական տոմսը պատռել է։ Սա մի մարդ է, որը քվեարկել է աղետի վերականգնման աշխատանքների, աշխատատեղեր ստեղծելու, սեփականաշնորհումը դադարեցնելու դեմ: Ավելին, ըստ Աշոտ Պապյանի, Տաճատ Սարգսյանը ներդրված է կուսակցությունում, որպեսզի քանդի, ոչնչացնի, լուծարի այն:
Իշխան Թովմասյանն էլ, շարունակելով գործընկերոջ խոսքը, նախ նշեց, որ ինքը պլենումի անդամ չէ, բայց հետևելով զարգացումներին, վստահ է՝ կատարվել է անօրինականություն: Նրան ավելի շատ զայրացրել է, որ պլենումը «փակ» է եղել, քանի որ նման բան շատ հազվադեպ է պատահում, այն էլ հույժ գաղտնի հարցեր քննարկելու նպատակով: «Սա կուլ տալու բան չէ: Առանց այն էլ ՀԿԿ-ն քաղաքական դաշտից տասը տարի է, ինչ մեխանիկորեն դուրս է մնացել, չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, մասնակցության դեպքում էլ վատ արդյունք է ցույց տալիս: Լրանում է արդեն չորրորդ տարին, ինչ կոմկուսը համագումար չի արել»,- դժգոհեց կոմունիստը` առաջարկելով, որ Տաճատ Սարգսյանը, Աշոտ Պապյանը, Բորիս Գյուրջյանը լրատվամիջոցների հետ հանդիպեն և այս թնջուկի շուրջ իրենց պարզաբանումները ներկայացնեն: «Մինչ այս Տաճատ Սարգսյանի կողմից ոչ մի հիմնավոր ու համոզիչ հերքում չտալը նշանակում է, որ եթե լռում է, ուրեմն հնչած մեղադրանքների հետ համաձայն է։ Տաճատ Սարգսյանի առջև պիտի հարց բարձրացնել՝ եթե փակ պլենում եք արել, այդ ի՞նչ հարց եք քննարկել, ի՞նչ կարևոր որոշումներ են եղել: Ինչի՞ մասին եք խոսել, որ չեք ուզում լուսաբանվի: Ես այսքան տարվա կոմունիստ եմ ու առաջին անգամ եմ տեսնում, որ մի մարդը կարող է համատեղել չորս պաշտոն: Սա կանոնադրական խախտում է»,- նկատեց Իշխան Թովմասյանը` նեղսրտելով, որ առաջին անգամ է, որ իր կուսակցության ներքին խնդիրների մասին հրապարակային խոսում է: Այս իրավիճակն Իշխան Թովմասյանին հիշեցնում է 90-95 թվականները, երբ նրանց մշտապես հարց էր տրվում. «Լավ, Գորբաչովն էր դավաճան, բա որտե՞ղ էին բյուրոյի և պլենումի անդամները, հարյուր հազարավոր կոմունիստները, որ ժամանակին չկանխեցին դա»։ Ի դեպ, մեր զրուցակցի վստահեցմամբ, այս իրավիճակից դժգոհ է նաև կուսակցության ճնշող մեծամասնությունը, և մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է առաջիկայում կազմակերպվելիք համագումարում նույն իրավիճակը ստեղծվի։ «Թույլ չենք տա, անկախ դեմքից ու դիրքից, որևէ մեկին, որը փորձում է ոտնահարել կանոնադրական կետերը, բռնազավթել ՀՀԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։ Չեն ներվի նաև այն կոմունիստները, ովքեր առանց հիմնավոր փաստաթղթի փորձում են հեղինակազրկել կուսակցությունը»,- հավաստիացնում է կոմունիստը։
Չնայած ստեղծված իրավիճակին, մեր զրուցակիցները համոզված են, որ ելք կգտնեն և կստիպեն Տաճատ Սարգսյանին հրաժարական տալ։ Հավանաբար մայիսի վերջին համագումար կհրավիրեն և պլենումով կհեռացնեն ինքնակոչ քարտուղարին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ