USD478.23
EUR574.40
RUB8.26
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Գութան
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 22-ին:               
 

Նանեն գնաց Էրգիր

Նանեն գնաց Էրգիր
11.03.2014 | 12:16

Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

-Նանե՛, նանե՛, արի կինո նայենք, «Ձորի Միրոն» են ցույց տալիս,- տատի թևը բռնեց թոռներից Տարոնը:
-Լաո՛, ես տեղով կինո եմ, վազն արի,- հրաժարվեց տատը՝ շոյելով թոռան գլուխը, որ սրտին բան չմնա:
-Չէ՛, պիտի՛ նայես, Էրգրի մասին է,- համառեց թոռը՝ տատին տեղավորելով բազկաթոռին:
-Որ էրգրի մասին է, հալբաթ գնայիմ,- ժպտաց տատն ու աչքերը սևեռեց հեռուստացույցի էկրանին։
Իշխնձորցի Հարութ պապը հող էր վարում։
-Իա՛, Տարոն լաո՛, Միրոն ու իր Հարութ պապ Իշխնձորի՞ց են: Իշխնձոր իմ մոր գյուղն է, մեր գյուղից՝ Հլողանքից, մի քանի ժամվա ոտքի ճամփա էր, ինչ անուշ հող ու ջուր ուներ,- թոռանը արագ-արագ բացատրեց տալվորիկցի Մարիամը՝ հայացքը չկտրելով հեռուստացույցից:
Էկրանին հայտնվում է Մուշ քաղաքի հայտնի շուկան: Հարութ պապի հետ գնումներ անող Միրոն Մշո խորոտ հարսնացուների մեջ հանկարծ նկատում է Խանդութին...
-Է՛, Տարոն, լաո, ես էլ Խանդութի նման խորոտ էի։ Ամռան աստղկա մի գիշեր տանիքին էի պառկել ու էրգնքին իմ աստղն էի փնտրում, հանկարծ ձորի կողմից մի անուշ երգ լսեցի։
Ախ Մարիա՜մ , Մարիա՜մ, Մարիա՜մ,
Իմ ջան քու ջանին հեյրան...
Լաո՛, էդ երգի ձենն իմ ականջն ընկավ ու ինձ կկանչեր: Իմ սիրտ ճողփաց ու երկնքի աստղեր խառնվան իմ աչվու դեմ: Հետո... Մեկ շաբաթ հետո եկան ինձի նշան դրին, մեկ ամիս հետո պսակվա էդ երգող տղի՝ տալվորիկցի Ադամի հետ, ու ինն ամիս հետո ծնվավ իմ տղան,- Մարիամը արագ սրբեց աչքերը, որ հանկարծ կինոյից պատկեր բաց չթողնի։
Քիչ անց էկրանին երևացին եղեռնի կադրերը: Հանկարծ ասկյարի հրացանի խզակոթը թրքավարի իջավ Հարութ պապի գլխին, հողը ներկվեց արյունով…
-Վա՛խ, քոռցա՛, իմ հորն էլ էդպես զարկին, իմ ախպորն էլ կապին սելից, լաո՛, Ադամին էլ սպանին ու իմ երկու տարեկան տղին էլ... Անդոկ սարի գլխին մեր զմանուկ կուրաներ, թուրքի թնդանոթի գնդակներից ինչքա՜ն էրեխա սպանվավ, քանի՜-քանի հարս ու աղջիկ Անդոկ սարի ժայռերից ցած գլորվան: Ինչ որ ողջ մնացինք, լցվանք ձորեր ու քարանձավներ, գազաններ փախան բներից, ու մենք գազան դարձանք: 1916 թվի գարուն իջանք Մշու դաշտ, միացանք ռուսի զորքին... Լաո՛, էս կինոն կարո՞ղ է մեր ընտանիքի մասին է,- մղկտաց Մարիամը, դողալով թաշկինակը հանեց և սրբեց... գլուխը: Մարիամին թվաց, թե իր գլխից էլ է արյուն գալիս: Նա ձեռքը ակամա պահեց ցավոտ տեղին. «Իմ գլուխ վերք է, լաո՛, իմ գլուխ հազար տարվա վերք է»:
-Նանե՛, ջուր տա՛մ,- տատին փորձեց հանգստացնել Տարոնը:
-Չէ՛, չէ՛, մի՛ խանգարեք,- աչքերը սրբեց Մարիամն ու հայացքն ավելի մոտեցրեց էկրանին: Միրոն սարի գլխից մոսին հրացանի մի քանի գնդակ ուղարկեց ասկյարների կողմը. «Օսմա՛ն,՝ ես քու հավատը...»:
-Միրո՛, մեռնիմ քու ձեռքերուն, շա՜տ ու շա՜տ զարկ, որ իմ վառվուգ սիրտ հովնա: Իմ ախպե՜ր, զգույշ գնա, որ թիկունքից չզարգվիս, գնա հասի Գևորգ Չավուշի ֆիդայիներուն,- արդեն հեռուստացույցի հետ էր խոսում Մարիամը։ Նա ձեռքով փորձեց էկրանին Միրոյի գլուխը շոյել։ Միրոն հասավ գաղթականների խմբին:
-Իշխնձորից մի մանչ չե՞ք տեսել, անուն Հարութ է,- գաղթականներին է հարցնում Ձորի Միրոն:
-Լաո՛, մեր ու մանուկ կորցրին զիրար, զուլում էր ու փախեփախ... Ճափին մի անուշ աղբրի մոտ նստանք շունչ առնելու: Քանի օր ու գիշեր մեր աչք չէր կպել: Ես ու իմ մեր քնանք աղբրի մոտ,- առանց տնեցիներին նայելու՝ պատմում էր Մարիամը։
Մի քանի ժամ անց գաղթականները նկատում են, որ Հլողանք գյուղի Թամեն ու իր աղջիկ Մարիամը չկան: Հետ դառնալ՝ նշանակում է գնալ մահվան երախը: Քանի՜-քանիսներն այդպես մնացին գաղթի ճամփեքին...
-Ես հե՛տ կերթամ իրենց գտնելու, մեր ու աղջիկ իմա՞լ թողենք թուրքի բերան,- ասում է Քարվանք գյուղից Դոնեն, հրացանը վերցնում և նույն ճամփով հետ դառնում: Գալիս է հասնում նույն աղբյուրին: Մեր ու աղջիկ դեռ քնած էին։ Մի քանի ժամ հետո երեքով միացան գաղթականներին:
-Դոնե՛ ախպեր, դու կին ու էրեխա ես կորցրել, ես էլ՝ մարդ ու երեխա, երկուսս էլ նույն ցավի տեր ենք: Դու որ ասկյարներուց չվախեցար, եկար ինձ ու իմ մորը փրկիր, Աստծու կամոք՝ իմ սիրտ քզի կպատկանի, հալա՛լ է,- Դոնեին է իր վերքոտ սիրտը բացում Մարիամը: Քարանձավում էլ ամուսնանում են։
Այդ պահին կինոն ու Մարիամի կյանքը զարմանալիորեն նույնն էին։ Ընտանիք կորցրած Միրոն գաղթի ճամփին գտնում է ընտանիքը կորցրած խութեցի հարս Նարեին, ու ամուսնանում են։
-Տե՛ր Աստված, էս իմ կյանքն է որ կա,– հաստատ վճռեց, ավելի շուտ ինքն իրեն մխիթարեց Մարիամը՝ դեմքն ավելի մոտեցնելով էկրանին... Ամեն կադր ցավ էր բերում Մարիամին: Մեկ գլուխն էր բռնում, մեկ բռունցքն էր սեղմում՝ մատները ցավեցնելու չափ։
-Ես ու ձեր ողորմածիկ պապ Դոնեն,- աչքի պոչով թոռներին մի ակնթարթ նայեց Մարիամը,- գաղթի ճամփին որ հարմար պահ էր լինում, հիշում էինք մեր առաջին ընտանիքները ու մեկ-մեկ իրար հոգու հետ խաղում: Դոնեն ասում էր. «Իմ առաջին կինը՝ Փարիշանն ուրի՜շ էր»: Ես էլ պատասխանում էի. «Իմ առաջին մարդը՝ Ադամն ուրի՜շ էր»: Հետո երկուսով փառք էինք տալիս Աստծուն, գոհանում մեր բաժին բախտից, որ ողջ ենք մնացել։
Էկրանին գաղթականների խումբը հասավ վարարած Արաքսին։
Միրոն մոլեգնած գետն էր մտել, գաղթականներին էր օգնում անցնելու մյուս ափը: Պղտոր հորձանքի միջից Միրոն գոռաց: Մարիամը սթափվեց, իրեն թվաց, թե ինքն էլ գետը մտավ, շորերը թաց են... Բազկաթոռին գամված Մարիամը հանկարծ ձեռքերը երկարեց՝ Արաքսի պղտոր ալիքների միջից փրկելու իշխնձորցի որբուկին։ Նրա ձեռքերը գրկեցին հեռուստացույցի սառը արկղը... Երեխան կորավ ալիքների մեջ՝ իր հետ տանելով Մարիամի ցավոտ աչքերը։
Հետո Դոնեն ու Մարիամը, մի քանի տարի աշխարհի ու ճակատագրի դեմ կռիվ տալուց հետո, տուն ու տեղ դրեցին Թալինի Ներքին Սասնաշեն գյուղում։
Կինոն շարունակվում էր: Միրոն ու Նարեն նոր տուն ու տեղ դրեցին, Հարութ անունով զավակ ունեցան: Այդ կադրերը դիտելիս՝ Մարիամի աչքերին առաջին անգամ մի թեթև ժպիտ երևաց: Քիչ հետո Ձորի Միրոն Հարութին ռազմաճակատ էր ուղարկում՝ մի քանի բուռ փամփուշտ լցնելով պայուսակը. «Իմ նվերն էս է, Հարո՛ւթ, էսքան ու հազար էսքան պարտք եմ մնացե թշնամուն։ Հարութ, ամեն մեկ ֆիդայի իր գլխու մազերի համրանքով ասկյար զարկեց, հըմը ֆիդայիներից ո՛չ մեկ, ո՛չ մեկ մարդասպան չէ՛ր, մարդասպան չէ՛ր»:
Մարիամը որքան էլ փորձեց շուրթերը սեղմած պահել, այնուամենայնիվ ատամների արանքից մի քանի բառ թռան. «Ափսո՛ս, մերոնք քիչ զարկեցին: Միրո՛ ախպեր, թշնամուն շա՜տ ու շա՜տ պարտք մնացինք փամփուշտ, մեր հոգու պարտքն է, պիտի փակինք, որ հանգիստ քնինք»:
«Վիճակ կպատահի, Հարո՛ւթ,- որդուն գրկեց Միրոն,- որ քո աչքին բոլոր ճամփեք փակ կերևան, հըմը էդ ժամանակ մտածե, թե մեկ հատիկ ճամփա էլ կա, բա՛ց է»:
-Միրո՛, իշխնձորցի իմ անո՛ւշ ախպեր, հըբը ո՞ւր է էդ մեկ ճամփան, ե՞րբ կբացվի,- Միրոյին նեղացկոտ հարցրեց Մարիամն ու սպասեց պատասխանի։
Քիչ հետո ֆիլմն ավարտվեց, ոչ ոք տեղից չէր շարժվում, սպասում էին Մարիամ տատի կարծիքին...
-Նանե՛, կինոն քեզ դուր եկա՞վ,- լռությունը խախտեց թոռը՝ գրկելով տատի գլուխը: Տատը ձայն չհանեց:
-Նանե՛, կինոն ո՞նց էր,- տատի ականջին գրեթե գոռաց Տարոնը: Տատը չշարժվեց:
-Ժողովո՛ւրդ, նանեն մեռա՛վ,- գոռաց Տարոնը տնեցիներին:
Մարիամի որդին՝ Ազիզը, հանգիստ մոտեցավ մորը, ձեռքով փակեց բաց մնացած աչքերը. «Նանեն չմեռա՛վ, նանեն գնա՜ց Էրգի՛ր»:

Դիտվել է՝ 55981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ