Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մենք վաճառված տոմսերի գումարով պատերին թանկ նկարներ չենք կախում, թանկ մեքենաներ չենք գնում, դերասաններին ենք վճարում»

«Մենք վաճառված տոմսերի գումարով պատերին թանկ նկարներ չենք  կախում, թանկ մեքենաներ չենք գնում, դերասաններին ենք վճարում»
11.03.2014 | 12:18

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը թատերասերների դատին կհանձնի Վիլյամ Շեքսպիրի «Համլետը»` Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ: Թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ տեղեկացրեց, որ նախատեսվում է ևս երկու առաջնախաղ: Նարինե Գրիգորյանը կբեմադրի Դանիիլ Խարմսի «Խենթերը» պայմանական վերնագրով ներկայացումը: Հավանաբար, մի կատակերգություն էլ կբեմադրի Սամսոն Ստեփանյանը` «Ծիծաղելի փողեր» պայմանական վերնագրով:
Համազգային թատրոնի ներկայացումները տեղի են ունենում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմում:

-Համազգային թատրոնի շենքի հարցը դեռևս առկախ է: Կարելի՞ է ասել, որ այն շարունակում է մնալ Համազգայինի թիվ մեկ խնդիրը:
-Իհարկե, դա համազգային թատրոնի առաջնային խնդիրն է, մեծ նպատակը: Միևնույն ժամանակ, համազգային թատրոնի կենսագործունեությունը պայմանավորված չէ շենքի լինել-չլինելու խնդրով: Պարզապես, շենք չունենալու հանգամանքը էականորեն խանգարում է մեր կենսագործունեության բնականոն ընթացքին, մենք պարտավորված ենք հարմարվելու, շարունակ զիջումների գնալու, ստիպված ենք մեր ստեղծածը, մեր անունը խառնել ուսանողական ներկայացումների հետ: Մի օրինակ եմ ուզում բերել, Բոստոնի «Railway» թատերախմբի դերասանների հետ էինք զրուցում, ասացին` 15 տարվա թատերախումբ ենք, 10 տարի պայքարեցինք, և մեր իշխանությունները մեզ շենք տվեցին: Իրենք, որպես այդպիսին, ամերիկյան թատերական համակարգում երևույթ չեն: Մենք 22 տարի, ընդ որում, Սոս Սարգսյանի գլխավորությամբ, ազնվորեն ծառայել ենք պետությանը, ժողովրդին և չենք կարողացել հասնել մեր նպատակին, ինչին հասել են մի խումբ երիտասարդներ: Ես չեմ վախենում ասելուց, որ համազգային թատրոնը բազմաթիվ ներկայացումներ է ունեցել, որոնք հայկական թատերական իրականության մեջ երևույթ են, վստահաբար ասում եմ նաև, որ համազգային թատրոնն ունի ամենատաղանդավոր երիտասարդական դերասանական կազմը և չունի ամենատարրական պայմանները:
-Ի՞նչն է հանդիսատեսին բերում թատրոն` լավ ներկայացո՞ւմը, դերասանական կա՞զմը, ռեժիսո՞րը:
-Հանդիսատես ունենալու առաջին պայմանը լավ ներկայացումն է: Կարող է հայտնի դեմք խաղալ ներկայացման մեջ, բայց ներկայացումը չապրի, հանդիսատեսը չսիրի այն: Լավ ներկայացումն էլ իր հերթին պահանջում է մաքուր, լավ աշխատանք: Մեր թատրոնը մի սկզբունք ունի, որը Սոս Սարգսյանն է մեր մեջ արմատավորել՝ երբեք ոչինչ ի միջի այլոց չանել: Ամեն բան պետք է արվի որակով, նպատակով և ճաշակով: ՈՒնեցել ենք ներկայացումներ, որ չեն ապրել: Բայց դրան զուգահեռ կան սիրված ներկայացումներ, որոնք մշտապես անցնում են լեփ-լեցուն դահլիճներում` «Մի գավաթ բարություն», «Sale», «Հացի խնդիր», «Բլեզ», «44 աստիճանի վրա» և այլն:
Թատրոնը համախմբային արվեստ է: Ինձ համար միշտ անհասկանալի են քննարկումները, թե ո՞րն է ավելի կարևոր` դրամատո՞ւրգը, դերասա՞նը, թե՞ բեմադրիչը: Բոլորն էլ կարևոր են: Պետք է դնել լավ ներկայացման խնդիր, մնացած հարցերը հանդիսատեսին չեն հետաքրքրում:
-Բայց ոչ վաղ անցյալում հանդիսատեսը թատրոն էր գնում նայելու, ասենք, Ֆրունզիկ Մկրտչյանին, Կարպ Խաչվանքյանին:
-Բացառիկ անհատների մասին չէ խոսքը, դա ուրիշ խոսակցություն է: Ստանիսլավսկին մի առիթով ասել է, որ եթե բոլոր դերասանները տաղանդավոր լինեին, ռեժիսորական հնարամտություններ կիրառելու կարիք չէր լինի: Բայց եկեք հարցին այլ տեսանկյունից նայենք՝ ինչո՞ւ Ֆրունզիկ Մկրտչյանը չխաղաց «Սիրանո դը Բերժերակը», այլ խաղաց «Պաղտասար աղբարը» ու շատ այլ ներկայացումներ: Թե՞ Կարպ Խաչվանքյանի բոլոր ներկայացումներն էին լավը: Նա շատ ավելի լուրջ, համաշխարհային մասշտաբի կերպարներ է կերտել, որոնք հայտնի չեն, բայց «Տաքսի-տաքսին» բոլորին հայտնի է, որովհետև հեշտ է, մատչելի: Մինչդեռ դա իր արվեստի շատ փոքր մասն է:
-Մեր բեմադրիչները հազվադեպ են անդրադառնում Ժամանակակից դրամատուրգների գործերին: Ձեր կարծիքով` չկա՞ն լավ գործեր, թե՞ բեմադրիչները չեն համարձակվում նոր գործի մոտենալ, որը ժամանակի քննություն դեռ չի անցել: Չնայած հայտնի դրամատուրգներ, քիչ թե շատ, ունենք:
-ՈՒնենք լավ դրամատուրգներ և անկեղծ լինելու համար ասենք, որ նրանց գործերը բեմադրվում են: Իմ կարծիքով` այստեղ մտածելակերպի խնդիր կա, ռեժիսոր-դրամատուրգ փոխվստահության խնդիր: Ռեժիսորին պետք է թույլ տաս ազատ ստեղծագործել, իսկ ժամանակակիցները շատ են կառչում իրենց ստեղծագործությունից: Դասականի դեպքում ոչ ոք չի ասի` ինչո՞ւ այսպես կամ այնպես արեցիր: Երբ Երվանդ Ղազանչյանի հետ բեմադրում էինք «Չարենցի ուղղիչ տունը», Աղասի Այվազյանն ասաց` սա քո ներկայացումն է, ես չեմ միջամտելու: Եթե դրամատուրգների մեջ գերակշռի բեմադրիչին ազատ թողնելու այս մտածելակերպը, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի: Մեծ մասամբ դրամատուրգները խանդով են վերաբերվում իրենց ամեն բառին: Հասկանում եմ, իրենք ապրել են դա, գիշերներ են լուսացրել, բայց եթե ուզում ես, որ գրականությունդ ունենա իր թատերական արտահայտությունը, պիտի որոշակի փոխզիջման գնաս:
-Քանի որ խոսեցիք Աղասի Այվազյանի մասին, հարկ է նկատել, որ նրա պիեսները քիչ են բեմադրվում: Ձեր թատրոնի խաղացանկում նույնպես չկան:
-Նախ և առաջ, ես չունեմ Այվազյան բեմադրելու առաջարկ` ռեժիսորների կողմից: Մեր քաղաքում կան ռեժիսորներ, որ ասում են` դուք ասեք, թե ինչ անենք: Արդեն ինչ-որ բան կոտրվում է իմ մեջ: Եթե ես պետք է գաղափարը տամ, ինքս էլ կբեմադրեմ: Ես կարող եմ ստեղծել դաշտ, որ իրենց գաղափարներն իրականանան:
-Մայր թատրոնի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ գնալով հանդիսատեսի պակասն ավելի է զգացվում, ու երբ ուրիշ թատրոնների 300-տեղանոց դահլիճում 200 հոգի է լինում, ասում են՝ դահլիճը լիքն է, իրենց պարագայում լիքը դահլիճը ենթադրում է 600-700 հանդիսատես, որն ապահովելը բարդ խնդիր է այսօր: Ի՞նչ կասեք այս մասին: Գիտեմ, որ հանդիսատեսի պակասից երբեք չեք դժգոհել:
-Ես հասկանում եմ ասածի տրամաբանությունը, բայց շատի-քչի հարց չենք լուծում: Մեծ թատրոնների հնարավորությունները նույնպես մեծ են, նաև այդ տեսանկյունից կարող ենք նայել: Հարցն այն չէ, որ մենք ավելի լավ ենք աշխատում, իրենք՝ ավելի վատ, կամ հակառակը: Հանդիսատեսի խնդիր մենք չունենք, ինձ համար կարևորը Հայաստանում արվեստասերների թվի շատացումն է: Թող լինեն դասական երաժշտության սիրահարներ, թանգարանի սիրահարներ, դրանով ազգն ավելի բարիանում է, ավելի մաքրվում, հարստանում: Մենք չափազանց քաղաքականացված ենք, քաղաքական որևէ նորություն այնքան արագ է տարածվում ժողովրդի մեջ, որ ուղղակի ապշում ես: Երբ հարկ է լինում որևէ մշակութային իրադարձություն տարածել, դա արդեն գումար արժե: Ես ցավով պետք է ասեմ, որ մեզնից գումար ուզեցին առավոտյան հեռուստածրագրում հյուր ընդունելու համար: Թեև Հանրային հեռուստաընկերությունը, «Երկիր մեդիան», «Արը», «Կենտրոնը» միշտ աջակցել են մեզ:
-Ներկայացումների տոմսերը մատչելի՞ են:
-Այո, մատչելի են, ավելի էժան չի կարող լինել: Մեր տոմսերը 1000-1500 դրամ են, դրանց իրական արժեքը, ըստ իս, մեկ 0-ով ավելի է: Բայց քանի որ մենք պետական թատրոն ենք, ստանում ենք պետական աջակցություն, պարտավորվում ենք մեկ «0»-ով պակաս վաճառել: Դա պետական թատրոնի առավելությունն է: Կոմերցիոն թատրոնների, թատերախմբերի ղեկավարներից հաճախ լսում ես, որ իրենց տոմսերը թանկ են, որովհետև լավն են ներկայացումները: Նման բան չկա: Մեր հանդիսատեսի թիվը տարեկան կտրվածքով ոչ միայն չի զիջում, այլև մի քանի անգամ ավելի է: Շատերը շփոթմունքի մեջ են, կարծում են` «Յոթ ու կեսն» է լավ ներկայացումը: Դե թող ապրի այդ բեմադրությունը, շաբաթը երկու անգամ թող բեմադրեն:
-Բացասաբա՞ր եք վերաբերվում, երբ թատրոնի դերասանը խաղում է սերիալում, աշխատում ակումբներում և այլն: Դա պայմանավորված է ցածր աշխատավարձո՞վ:
-Աշխարհում ամենուր դերասանները նկարահանվում են կինոյում, հեռուստասերիալներում, ձայնագրությունների են մասնակցում, կրկնօրինակումներ են անում: Իսկ ո՞վ պետք է անի: Դա իրենց աշխատանքն է: Շատ քիչ դերասաններ կան, որ միայն թատրոնում են խաղում: Պետք է դուրս գալ այդ հնացած մտածելակերպից, թե դերասանը գերբնական երևույթ է, իրեն պետք է փող տան, լավ նայեն: Այո, դերասանը կարևորագույն երևույթ է, մոգ է, բայց դերասանը պետք է աշխատի: Ասեմ նաև, որ կոնկրետ մեր թատրոնի պարագայում դերասանները յուրաքանչյուր հանդիսատեսի մուտքից հավելավճար են ստանում: Մենք վաճառված տոմսերի գումարով պատերին թանկ նկարներ չենք կախում, թանկ մեքենաներ չենք գնում, դերասաններին ենք վճարում: Ես հպարտ եմ դրանով:
-Մարզերում հյուրախաղեր ունենո՞ւմ եք:
-Հաճախ ենք ունենում, և հաճախ են լինում հիասթափությունները: Տեղական ինքնակառավարման մարմիններն առանձնապես շահագրգռված չեն: Տարին գոնե մեկ անգամ անվճար ներկայացումներ ենք ունենում Արցախում, որտեղ շատ սիրված են: Բայց անցյալ տարի տոմսեր վաճառեցինք, ստացված գումարը տրամադրեցինք Ստեփանակերտում կառուցվող Սուրբ Մայր Աստվածածին եկեղեցու շինարարությանը: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչքան գումար է հավաքվել, անկեղծ ասած, հետաքրքիր էլ չէ: Կարևորը՝ իմ դերասանները վստահ են, որ գոնե մի քար տեղադրել են կառուցվող եկեղեցու հազարավոր քարերի մեջ:
-Դրսում հյուրախաղեր նախատեսվո՞ւմ են:
-Մենք ամեն տարի Հայաստանի սահմանները հատում ենք: Անցյալ տարի հյուրախաղեր ենք ունեցել ԱՄՆ-ում, Լիբանանում, Էստոնիայում, Գերմանիայում: Այս տարի դեռ հստակ չեմ կարող ասել` երբ և որտեղ ենք հանդես գալու:
-ՈՒսումնական հաստատություններում հնարավո՞ր է, որ վերականգնվի թատրոնի տոմսերի վաճառքի աբոնեմենտային սկզբունքը: ՈՒնե՞ք ներկայացումներ, որոնք կարող են ընդգրկվել ուսումնական ծրագրում:
-Այո, ունենք ուսումնական ծրագրային ներկայացումներ տարբեր տարիքային խմբերի համար, օրինակ` Հրանտ Մաթևոսյանի «Կայարանը», Մկրտիչ Խերանյանի «Շխոնց Միհրանը», որ, կարծում եմ, ամեն հայ մարդ պիտի նայի:
-Եվ վերջին հարցը: Թվում է, սիրում ենք մեր արվեստագետներին, արտիստներին, բայց Վարդան Պետրոսյանի օրինակով տեսանք, որ մեր հասարակության վերաբերմունքը շատ հակասական է, ծայրահեղ բևեռացված: Մի մասը պաշտպանում էր դերասանին, մյուս մասը, այսպես ասած, նրա դեմ էր:
-Ախր պետք է հասկանալ բոլոր կողմերին: Այն, ինչ կատարվեց, այնքան ողբերգական է, որ գնահատական տալու իրավունք չունենք, միայն Աստված կարող է դատել: Նախախնամություն կար, ճակատագիր: Կարծում եմ` լավագույն պատասխանը Վարդանը տվեց, ասաց` ես ինքս եմ ինձ դատապարտել մինչև կյանքիս վերջ: Այստեղ ճիշտ ու սխալ ման գալը, իմ կարծիքով, բարոյական չէ:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ