Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ժնև-2» բանակցությունների երկրորդ փուլն ավարտվեց ձախողմամբ, բայց միայն` Արևմուտքի

«Ժնև-2» բանակցությունների  երկրորդ փուլն  ավարտվեց ձախողմամբ, բայց  միայն` Արևմուտքի
14.03.2014 | 00:43

Տարօրինակ տպավորություն են գործում հայկական լրատվամիջոցները։ Երբեմն զարմանում ես՝ մի՞թե նրանց Արևմուտքից են կառավարում։ Բավական է մի նոր թեմա ի հայտ գա, և մերոնք գրեթե դադարեցնում են այն թեմաների լուսաբանումը, որոնք այս կամ այն ելքով նաև մեր շահագրգռության տարր են պարունակում։ Հասկանալի է, ՈՒկրաինայի և Ղրիմի իրադարձություններն ասես երկրորդ-երրորդ տեղեր մղեցին մնացած ամեն ինչ։ Բայց մի՞թե ուկրաինական նացիստների ու այդ երկրի բնակչության վեճերը մեզ՝ հայերիս, պետք է ավելի շատ հուզեն, քան, ասենք, սիրիահայերի վիճակը։ Բայց չէ՞ որ պատերազմը Սիրիայում դեռ չի ավարտվել... Եվ միջազգային հանրությունը դեռևս որևէ փոքրիշատե ընդունելի լուծում չի գտել։ Բաղձալի «Ժնև-2» բանակցությունները, որոնք սկսվեցին հունվարին և շարունակվում էին նաև փետրվարին, ոչ մի արդյունք չտվեցին։ Ինչ տեղի է ունենում Սիրիայում և Սիրիայի շուրջ՝ առայժմ միայն Սիրիայի քիմիական զենքի առնչությամբ անցած տարվա աշնան ռուս-ամերիկյան համաձայնագրի արդյունքներն են։ Եվ ուրիշ ոչինչ։
ՈՒրեմն ի՞նչ միջանկյալ արդյունքի են, այնուամենայնիվ, հասել հակամարտող կողմերն ու միջազգային միջնորդները։ Մենք արդեն նշել ենք. հունվարին «Ժնև-2» բանակցությունները «սիրիական ընդդիմության» ապակառուցողականության և ընդդիմադիրների շարքերում պառակտման հերթական ալիքի պատճառով, փաստորեն, չկայացան։ Նախնական խորհրդակցական հանդիպումներ տեղի ունեցան շվեյցարական Մոնտրյո քաղաքավանում։ Բայց դրանք էլ լիովին մերկացրին Արևմուտքի անզորությունը և առաջին հերթին այն փակուղային վիճակը, որում Արևմուտքը հայտնվեց Սիրիայի առթիվ ԱՄՆ-ի որդեգրած հիմար դիրքորոշման պատճառով։ Հատկապես այն հարցում, որ վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, և առհասարակ այդ երկրի ալավիական համայնքի ու քրիստոնյաների (այդ թվում հայերի) հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքին։ Մերկացումներն ավելի քան համոզիչ են. ԱՄՆ-ը Սիրիան ալավիներից ու քրիստոնյաներից (այդ թվում` հայերից) «մաքրելու» տակտիկայի նախաձեռնողն ու գաղափարական «հայրն» է։ Չէ՞ որ հենց այդպես են գործում Վաշինգտոնի հովանավորությունը վայելող «սիրիական ընդդիմադիրներն» ու օտարերկրյա վարձկանները, որոնք ամեն տեսակի օգնություն են ստանում ԱՄՆ-ից, այդ թվում` ռազմական ու ռազմատեխնիկական, էլ չենք խոսում ֆինանսական, ինչպես նաև քաղաքական աջակցության մասին։
Այնպես չթվա, թե մենք անմեղ տեղն ենք մեղադրում ԱՄՆ-ին։ Մենք արդեն ասել ենք, որ Սիրիայի քրիստոնեական պատվիրակության փետրվարյան այցը Ամերիկա (դամասկոսցի եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի մասնակցությամբ), փաստորեն, ավարտվեց նրանով, որ Վաշինգտոնը հրաժարվեց քրիստոնյաներին աջակցություն ցուցաբերելուց ու նրանց պաշտպանելուց։ Եվ ահա Սիրիայի քրիստոնյաներին ԱՄՆ-ի դավաճանության ևս մեկ ակնբախ օրինակ. ինչպես մարտի 6-ին հաղորդել է համաարաբական Al Arabiya հեռուստաալիքը, «ընդդիմությունը ևս մեկ արյունալի ակտ է կատարել ընդդեմ Հոմս քաղաքի սիրիահայերի»։ «Մոտ 15 մարդ սպանվել է և 12-ը վիրավորվել հայկական թաղամասում, որտեղ հիմնականում քրիստոնյաներ ու ալավիներ են ապրում»,- հաղորդել է «Syrian Observatory for Human Rights» մոնիթորինգային խմբի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը։ Աննախադեպ բան։ Արդեն նույնիսկ ընդդիմությունն է խոստովանում, որի ներկայացուցիչն է Ռամի Աբդել Ռահմանը, որ նրա արմատական գրոհայինների գործողություններն ուղղված են ոչ թե Սիրիայի կառավարական զորքերի դեմ, այլ խաղաղ քաղաքացի քրիստոնյաների ու ալավիների դեմ։ Բայց Արևմուտքը, իհարկե, լռում է, չի դատապարտում։ Տարօրինակ է, լռում են նաև Հայաստանի լրատվամիջոցները, Հայաստանի իրավապաշտպանները, Հայաստանի իշխանությունները... Մեր երկրի շատ լրատվամիջոցներ ու իրավապաշտպաններ սնվում են Արևմուտքի կերակրատաշտից։ ՈՒստի մեզ չի զարմացնում նրանց լռությունը. ով նրանց վճարում է, նա էլ «պատվիրում է երաժշտությունը», այսինքն` նրանց լռությունը։ Իսկ ինչո՞ւ են լռում Հայաստանի իշխանությունները, մասնավորապես մեր արտգործնախարարությունը։ Միգուցե այստեղ էլ է հարցը հանգում նրան, թե ով է նրանց վճարում։ Թե՞ ուղղակի Հայաստանի իշխանությունը հակահայ է, հակազգային...
Որպեսզի ոչ ոքի չթվա, թե իբր ինձ անհանգստացնում է միայն քրիստոնյաների ու ալավիների դրությունը, նշեմ. փետրվարի 15-16-ին, «Ժնև-2»-ի երկրորդ ռաունդի ավարտից հետո, Արևմուտքի հովանավորության ներքո գործող ռազմահանցագործները մի շարք այլ աղաղակող հանցանքներ ևս գործեցին։ Այսպես, Al Alam հեռուստաալիքի հաղորդման համաձայն, «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ISIL) խմբավորման գրոհայինները հարձակվել են Էլ Ղամըշլի քաղաքից ոչ հեռու գտնվող Թել Մարուֆ գյուղի վրա և հրկիզել տները, ոչնչացրել են սուֆիական շեյխերից մեկի` այնտեղ գտնվող դամբարանը։ Թել Մարուֆ գյուղում հիմնականում քրդեր են ապրում, բայց կան նաև հայեր։ Գրոհայինները առևանգել են նաև գյուղի մոտ 50 բնակիչների, այդ թվում` կանանց ու երեխաների։
Փետրվարի 2-ից ի վեր, այսինքն` Մոնտրյոյի կոնսուլտացիաների ավարտից հետո, չեն դադարում մարտերը պաղեստինցի փախստականների` Դամասկոսի մոտակայքում գտնվող Յարմուղ ճամբարում, ուր մոտավորապես 20 հազար մարդ է պատսպարվում։ Ընդհարումները հանգեցրել են ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բաշխման դադարեցմանը սիրիական «ընդդիմադիր» գրոհայինների կողմից պաշարված փախստականների ճամբարում։ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ (ՊԱԺՃ) խմբավորումը ճամբարի վրա հարձակման համար մեղադրել է «Ալ Քաիդայի» սիրիական մասնաճյուղին` «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը։ Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը` վկայակոչելով պաղեստինյան խմբավորման հայտարարությունը, այն բանից հետո, երբ ՊԱԺՃ-ն և մյուս պաղեստինյան կազմակերպությունները սիրիական կառավարության հետ համագործակցած սկսեցին իրացնել խաղաղ նախաձեռնությունը, նպատակ ունենալով վերջ դնել Յարմուղ ճամբարի բնակիչների տառապանքներին, մարդասիրական օգնություն հասցնել նրանց ու դուրս բերել բուժօգնության կարիք ունեցող ավելի քան երեք հազար քաղաքացիներին, տակֆիրիստ ահաբեկիչների «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորումները վերստին թափանցել են ճամբարի տարածք, գրավելով Ալ-Յարմուղի խաչմերուկն ու Տլյատին փողոցը։ Ինձ համար միատեսակ ցավալի է և այն, որ «սիրիական ընդդիմությունը» հրկիզել կամ պղծել է Սիրիայի հայկական եկեղեցին, և այն, որ նոր ալիքի ֆաշիստները ոչնչացնում են սուֆիական սրբավայրը, այսինքն` ալավիների ու շիաների պաշտամունքի վայրը։
«Ժնև-2»-ի ձախողման այլ ապացույցներ պե՞տք են։ Մեր կարծիքով` ոչ։ Եվ ինչն է հետաքրքիր. Արևմուտքը տրտմորեն արձանագրեց, որ չի հաջողվում ո՛չ հեռացնել ալավիներին ու անձամբ Բաշար ալ-Ասադին Սիրիայի ապագա քաղաքական կյանքից, ո՛չ էլ ինչ-որ կերպ վերստին միավորել գլխովին պառակտված «սիրիական ընդդիմությունը»։ Ըստ էության, Արևմուտքը հենց դրա համար էլ հանգեց միարժեք հետևության` «Ժնև-2»-ը ձախողվել է։ Այո, ձախողվեց հաշտության բանակցությունների արևմտյան սցենարը։ «Սիրիական ընդդիմությունը» Շվեյցարիայում, փաստորեն, փախուստ տվեց այդ բանակցություններից։ Առաջին հերթին փախավ իր զինված կազմավորումների ցուցաբերած ֆաշիզմի համար պատասխանատվությունից և, համապատասխանաբար, այն բանի համար պատասխանատվությունից, որ «ընդդիմությունը», ըստ էության, չի վերահսկում իր գրոհայիններին։ Այստեղ, ահա, նկատվում է հստակ զուգահեռը «սիրիական ընդդիմության» և ՈՒկրաինայի կիևյան խռովարարների ղեկավարների միջև. թե՛ մեկը, թե՛ մյուսը սոսկ ծխածածկույթ են ֆաշիստների համար։ Արդյունքում ահա արդեն երկու շաբաթ Վաշինգտոնը սպառնում է, թե, իբր, այնուամենայնիվ, չի բացառվում ռազմական գործողությունն ընդդեմ Սիրիայի ու նրա ժողովրդի (ի դեպ, արդյոք նպատակ չի՞ հետապնդվում ստեղծված իրավիճակից սիրիամետ ուժերի ուշադրությունը շեղելու հենց ՈՒկրաինայում «քաղաքական հրդեհի» բորբոքմամբ. չէ՞ որ և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը, օրինակ, ամբողջովին կլանված են ՈՒկրաինայի իրադրությամբ)։
Բայց տարօրինակն այն է, որ Սիրիայի, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի իշխանությունների համար, որոնք «Ժնև-2»-ում աջակցում էին պաշտոնական Դամասկոսին, բանակցությունների ներկա միջանկյալ արդյունքը ձախողում չէ, այլ ոչ մեծ հաղթանակ Արևմուտքի և ծայրահեղականների նկատմամբ։ Զուր չէ, որ փետրվարի 19-ին Քուվեյթի արտգործնախարար, փոխվարչապետ շեյխ Սաբահ Խալիդ աս-Սաբահի հետ համատեղ ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձնակի նշեց, որ սիրիական հարցի կարգավորման նպատակով Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնած միջազգային խորհրդաժողովը իբրև ձախողում և Սիրիայի հարցի ուժային լուծման սցենարի տարբերակի մշակում ներկայացնելու փորձերն անընդունելի են։ «Բոլորն ասում են, թե ռազմական լուծում չկա, և «Ժնև-2»-ը որպես ձախողում ներկայացնելու սաստկացող փորձերի ֆոնի վրա էլ, իմ կարծիքով, ոմանք ուժային սցենարի տարբերակ են մտմտում։ Դա կտրականապես անընդունելի է»,- ասաց նա, նշելով, որ ռուսական դիրքորոշումն անփոփոխ է. անհրաժեշտ է լիովին կատարել Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման Ժնևի 2012 թ. հունիսի 30-ի կոմյունիկեն, որը նախատեսում է դադարեցնել բռնություններն ու երկխոսություն սկսել Սիրիայի կառավարության և սիրիական ընդդիմության միջև, ինչն առայժմ չկա։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիին կոչ արեց անաչառ լինել Սիրիային նվիրված բանակցություններում, դրանով իսկ ակնարկելով այն հանգամանքը, որ Բրահիմին փորձել էր հրապարակել հաշտության բանակցությունների ապագայի վերաբերյալ ԱՄՆ-ի տեսակետը միայն։
«Ժնև-2» բանակցությունների երկրորդ ռաունդի մանրամասների թվարկմամբ ընթերցողներին չհոգնեցնելու համար պարզապես նշենք. դրանցում էական ու շոշափելի առաջադիմությունն անհնար էր հենց այնպես։ «Սիրիական ընդդիմությունը» փետրվարին գրեթե ամբողջ զինվորական ղեկավարության փոխման (ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից պարտադրված) շրջան էր ապրում։ Եվ այդ փոփոխությունը բուն Սիրիայում ընթանում էր շատ ցավագին։ Այսպես, հայտնի են «Ալ-Քաիդայի» և «Ջեբհաթ ալ-Նուսրայի» պարագլուխների վերջնագրերը մնացած դաշտային հրամանատարներին. կա՛մ ենթարկվեք ահաբեկիչներին, կա՛մ ձեր դեմ էլ է պատերազմ։ Փետրվարի 26-ին բրիտանական Reuters գործակալությունը ոչ առանց սարսափի հաղորդեց, թե հենց սիրիական ապստամբ խմբավորումների միջև տեղի ունեցած պառակտչական մարտերի հետևանքով միայն փետրվարի ընթացքում մոտ 3300 մարդ է սպանվել։ Բախումները տեղի են ունեցել, ասենք նաև տեղի են ունենում գլխավորապես «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» և մի շարք այլ խմբավորումների միջև, այդ թվում` «Ջեբհաթ ալ-Նուսրայի» սիրիական մասնաճյուղի։ Հաղորդվում է, որ սպանվածներից 924-ը ISIL-ի գրոհայիններ են, մնացածները` ապստամբական այլ խմբավորումների անդամներ։ Եվ միայն մարտի 9-ին, ինչպես հաղորդում է ֆրանսիական France Presse գործակալությունը, «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զինված խմբավորումը ¥իբր ոչ «իսլամիստական»¤ հաստատեց իր նոր ղեկավար գեներալ Աբդել Իլահ ալ-Բաշիրի նշանակումը։ Խմբավորումն իր հայտարարությամբ հաստատեց նախկին ղեկավար Սալիմ Իդրիսի պաշտոնանկությունը և Աբդել ալ-Բաշիրի նշանակումը որպես բարձրագույն ռազմական խորհրդի ղեկավարի։ Հիշեցնենք, որ ալ Բաշիրը ամերիկացիների և թուրքերի կողմից «Սիրիական ազատ բանակի» ղեկավար էր նշանակվել փետրվարի կեսերին։ Սակայն Սալիմ Իդրիսը և մի շարք խոշոր հրամանատարներ հանդես եկան այդ որոշման դեմ, այն համարելով հեղաշրջում։ Դրանում նրանք մեղադրում էին ընդդիմադիր կառավարության պաշտպանության նախարար Ասադ Մուստաֆային։ Համապատասխանաբար, մարտեր էին եղել նաև «Սիրիական ազատ բանակի» տարբեր ջոկատների միջև։
Մինչդեռ, Լիբանանի AL-Manar հեռուստաալիքի տվյալներով, ընդդիմադիր ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբայի և «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) բարձրագույն խորհրդի 30 անդամների ու խոշորագույն դաշտային հրամանատարների միջև Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումն անցել է ծայրաստիճան լարված։ Հեռուստաալիքի տեղեկության համաձայն, բանակցությունների ընթացքում հանդիպման մասնակիցների միջև ծեծկռտոց է սկսվել։ Եվ հենց դրանից հետո, որպես ծեծկռտոցի շարունակություն, ներպառակտչական մարտեր են սկսվել ՍԱԲ-ի ջոկատների միջև։ Իսկ շուտով էլ «ընդդիմության» գրոհայինները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մի շարք արվարձաններում հանձնվել են կառավարական ուժերին, հաղորդել է AL-Alam-ը։ Գրոհայինները զենքը հանձնել են Դամասկոսի նահանգի Բարիլյա, Բեյթ Սահմ և Աքրաբա բնակավայրերում։ Այդ քայլն արվել է այն բանից հետո, երբ գրոհայիններն ու կառավարությունը հաշտության համաձայնության են եկել։ Համաձայնության առաջին փուլով նախատեսված է դադարեցնել կրակը, այնուհետև զենքի հանձնումից հետո գրոհայիններին դուրս բերել նրանց գրաված շրջաններից։ Իր հերթին Սիրիայի կառավարությունը խոստացել է ազատ արձակել մի շարք կալանավորների։ Միայն փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ ՍԱԲ-ի ջոկատներից հանձնվել են նրանք, որոնք համաձայն չեն եղել «ամերիկացիների նշանակած» գեներալ ալ-Բաշիրի հետ։
Հասկանալի է, որ «սիրիական ընդդիմության» պառակտումը նրա անձնական պարտությունը չէ։ Դա ԱՄՆ-ի, Թուրքիայի և բոլոր այն ուժերի աշխարհաքաղաքական խոշոր պարտությունն է, որոնք կանգնած էին և կանգնած են «սիրիական ընդդիմության» թիկունքին։ Խոսքը Եվրամիության, հատկապես արտաքին գործերի եվրահանձնակատար Քեթրին Էշտոնի, Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների մասին է։ ՈՒստի զարմանալի չէր, որ «Ժնև-2»-ի երկրորդ ռաունդի ընթացքում «ընդդիմության» ներկայացուցիչները փորձեցին խոսակցությունը տանել միայն մեկ ուղղությամբ. բանավեճերի ընթացքում «ընդդիմությունը» պահանջում էր քննարկել միայն նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկության և Սիրիայում անցումային կառավարման մարմնի ստեղծման հարցերը։ Իսկ Սիրիայի կառավարությունը պահանջում էր առաջնահերթ կարգով քննարկել ահաբեկչության դեմ պայքարի և օտարերկրյա վարձկաններին երկրից արտաքսելու հարցերը։ Ընդ որում, կոշտ ընդգծելով, որ նախագահ Ասադի պաշտոնանկության մասին խոսք անգամ լինել չի կարող, և, բացի այդ, նա կամ Սիրիայի ալավիական համայնքից մեկ ուրիշը անպայման կմասնակցի գալիք նախագահական ընտրություններին։
Պարտված կողմը չի կարող իր կամքը թելադրել, անգամ եթե նրա թիկունքում երևում են ԱՄՆ-ի ու Թուրքիայի ականջները։ Իրավիճակը փոխվել է։ ՈՒստի և «Ժնև-2»-ում հարկ եղավ նորից ամեն ինչ հետաձգել։ Պայմանավորվածություն կա այդ հարցերը քննության առնելու բանակցությունների երրորդ ռաունդի ընթացքում միայն, որի ժամկետները դեռ հայտնի չեն։
Մինչդեռ Սիրիայի բանակը և աշխարհազորայինները (և թող չհերքեն հայ արևմտամետները, սիրիահայերը ազգային մյուս փոքրամասնությունների հետ համատեղ կռվում են զավթիչների դեմ) մարտեր են մղում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Յաբրուդ քաղաքի և լեռնային Կալմունի շրջանի (գտնվում է Լիբանանի սահմանագլխին) ազատագրման համար։ Մարտի 2-ին սիրիական բանակը իր հսկողության տակ վերցրեց Յաբրուդի վրա գերիշխող ռազմավարական բարձունքը։ Իսլամականներն ու օտարերկրյա վարձկանները դեռ փետրվարի 28-ին` շատ խոշոր կորուստներից հետո, հարկադրված էին իրենց ուժերը դուրս բերել սիրիական Ազազ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու, հաղորդում է Reuters գործակալությունը։ Դրանից առաջ` փետրվարի 22-ին էլ քուրդ աշխարհազորայինները իսլամականներից ազատագրել էին Թալ-Բրաք քաղաքը։ Դամասկոսի նահանգում Սիրիայի բանակային ստորաբաժանումները և աշխարհազորը, Լիբանանի ու Իրաքի շիադավանների աջակցությամբ, հետախուզական տվյալների հիման վրա ծուղակ էին սարքել գրոհայինների խմբավորումների դեմ, որի արդյունքում, տարբեր գնահատումների համաձայն, ոչնչացվել է մինչև 300 գրոհային, այդ թվում 170-ը` օտարերկրյա վարձկան, հիմնականում Սաուդյան Արաբիայից, Քաթարից, Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասի ռուսաստանյան հանրապետություններից (գլխավորապես չեչեններ)։ Որ ԱՊՀ երկրներից Սիրիայում քիչ չեն չեչենները, թաթարները, անգամ ղրիմցի թաթարները «Հիզբ-ուտ-Թահրիր» արգելված ահաբեկչական կազմակերպությունից, վաղուց գաղտնիք չէ։ Բայց որ Սիրիայում կռվում ու մեռնում են ադրբեջանցիներ, 2014 թ. փետրվարին բավական լուրջ անակնկալ դարձավ։ Համենայն դեպս, Բաքվին սպառնում է մի խոշոր սկանդալ, ենթադրաբար, իբրև ոչ միայն Սիրիայի, այլև Ռուսաստանի և Իրանի կողմից համապատասխան հարցապնդումների հետևանք։ Ադրբեջանը խոստանում է «խիստ պատժել» Սիրիայի դեմ պատերազմին մասնակցած իր քաղաքացիներին։ Բայց ո՞վ է դրան հավատում։
Սիաժամանակ «սիրիական ընդդիմության» դաշնակիցների ճամբարում ևս պառակտումը խորանում է։ Ոչ, խոսքը ԱՄՆ-ի ու Եվրոպայի կամ Իսրայելի ու Թուրքիայի մասին չէ։ Այդ «դերակատարներն» այնքան խոր են խրվել Սիրիայում, որ եթե հրապարակավ ընդունեն իրենց ձախողումը, ապա դա նրանց լիակատար կործանման կդատապարտի միջազգային ասպարեզում։ Տարաձայնություն ու պառակտում են ծավալվում արաբական այն երկրներում, որոնք Սիրիայում հանդես էին գալիս որպես Արևմուտքի ու Իսրայելի գործողությունների գործիքներ ու ֆինանսավորողներ։ Առաջինը ցնցվեց Քաթարը, ինչը և հասկանալի է։ Խորամանկ էմիրները հոտն առան, ինչպես ասում են, սեփական թումբաններից։ Եվ ահա փետրվարի 17-ին, այսինքն` «Ժնև-2»-ի երկրորդ ռաունդի ավարտից մեկ օր անց, Քաթարի արտգործնախարար Խալիդ բին Մոհամմադ ալ-Ատթիան պաշտոնական այցով Քաթարում գտնվող Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ պաշտպանություն հայտնեց Իրանի խաղաղ միջուկային ծրագրին։ Թեհրանի ներկայացուցիչը, ի պատասխան, տարածաշրջանը ճարակած ծայրահեղականությանն անվանեց խոչընդոտ առաջադիմության և հավաքական անվտանգության ճանապարհին, Թեհրանի ու Դոհայի հարաբերությունների հետագա ամրապնդման հույս հայտնեց։ Երեք օր հետո էլ Սաուդյան Արաբիայի շիական նահանգներում ապստամբություն բռնկեց, դա էլ Էլ-Քաթիֆ քաղաքի կողմերում է, ուր ընդհարումները մինչ օրս շարունակվում են։ Եվ ահա մարտի 5-ին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մասնակից երկրների արտքաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական նիստի արդյունքում Էր-Ռիադում ընդունվեց մի աներևակայելի որոշում։ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և ԱՄԷ-ն որոշել են իրենց դեսպաններին հետ կանչել Քաթարից։ Դեմարշի մասնակիցները չեն հրապարակել իրենց քայլի պատճառները։ Սակայն բացառված չէ, որ ԱՄՆ-ին ու Իսրայելին հավատարիմ մնացած Ծոցի արաբները պատժում են Քաթարին` նրա «հապճեպ ուրացության» և Իրանի հետ անջատ համաձայնությունների գալու համար։
Մի խոսքով, պատերազմը Սիրիայում, այդ թվում` սիրիահայերի պատերազմը հանուն իրենց կյանքի ու անվտանգության, շարունակվում է։ ՈՒ հազիվ թե արդարացված է Հայաստանի այն լրատվամիջոցների վարքագիծը, որոնք ձևացնում են, թե «դա մեր պատերազմը չէ»։ Մերն է, ամենաիսկական մերը։ ՈՒ եթե նույն Ս. Լավրովը փետրվարի 25-ին ամենաբարձր մակարդակում հրապարակավ հայտարարում է, որ քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում սպառնալիքի տակ է և որ «նկատվում է Մերձավոր Արևելքից քրիստոնյաների զանգվածային արտահոսք», ինչը «հրահրվում է» մի շարք միջազգային ուժերի կողմից, հավատացեք, իրավիճակն առայժմ լուրջ է։ Սակայն այս իրավիճակում ևս կան «լուսավոր բծեր». արամեական բազմաչարչար մաալյուլացի քրիստոնյա միանձնուհիների ազատումը։ Ի դեպ, այդ պատճառով կարող էին «զայրանալ» սաուդներն ու Քաթարի նրանց վասալները. տեղեկություններ կան, որ հենց Քաթարն է միջնորդել մաալյուլացի միանձնուհիների ազատման հարցում, ինչպես որ ավելի վաղ` Իրանից շիական ուխտագնացների ազատման հարցում։ Իհարկե, Սիրիայում «ամերիկյան ժողովրդավարության» ճշմարիտ ու անսասան մարտիկները «նման բաներ չեն ներում»։ Մնում է միայն ենթադրել, թե Քաթարն ինչ «պատիժ» կստանա հենց ամերիկացիներից։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ