Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայոց պատմության թեմաներով կարելի է նկարահանել «Գլադիատորից» ոչ պակաս հետաքրքիր ֆիլմեր»

«Հայոց պատմության թեմաներով կարելի է նկարահանել «Գլադիատորից» ոչ պակաս հետաքրքիր ֆիլմեր»
14.03.2014 | 12:51

Հայոց պատմության մեջ իրենց կենդանության օրոք երեք արքա է աստվածացվել` Տիգրան Մեծը, Արտավազդ 2-րդը և Նեմրութի սրբավայրը կառուցող Անտիոքոս 1-ին Երվանդականը: ԵՊՀ դասախոս, հայոց պատմության ամբիոնի դոցենտ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հեղինակած ֆիլմաշարը նվիրված է այս արքաներին:
«Արտավազդ Բ. Պատիվը՝ կյանքից վեր» գիտահանրամատչելի ֆիլմի պրեմիերան (ռեժիսոր` Վահե Սուքիասյան) կայացավ բոլորովին վերջերս` «Մոսկվա» կինոթատրոնում: Հանդիսատեսների քանակից դատելով՝ մեզանում հայագիտական ֆիլմերի մեծ պահանջարկ կա: Շատերը ոտքի վրա էին դիտում ֆիլմը: Նախորդ ֆիլմերը նույնպես լեփ-լեցուն դահլիճներում են անցել: Արտավազդ 2-րդի մասին պատմող ֆիլմի նկարահանմանը աջակցել է ամերիկահայ բարերար Նունե Սերոբյանը: Ֆիլմը նվիրվում է նրա ամուսնու` Ջո Յարալյանի հիշատակին:

-Որտե՞ղ է նկարահանվել ֆիլմը, ի՞նչ նպատակի է այն ծառայելու:
-Նկարահանումները կատարվել են Արտաշատի և Արմավիրի հնավայրերում, Մատենադարանում, Արևմտյան Հայաստանում, Պարսկաստանում: Այս և մեր մյուս գիտահանրամատչելի ֆիլմերի նպատակը ճանաչողական է և քարոզչական: Մեր այս ֆիլմերը կարելի է օգտագործել նաև բուհերում և դպրոցներում՝ իբրև ուսումնաօժանդակ միջոցներ: Ցավալի, բայց հայտնի փաստ է, որ մեր ուսումնական հաստատությունները հարուստ չեն նյութատեխնիկական առումով: Իմ փորձից ելնելով՝ ասեմ. դասախոսի դիմաց նստած է 80-100-հոգանոց լսարան, իսկ պատից, լավագույն դեպքում, մի քարտեզ է կախված, վերջում նստածներն արդեն քարտեզը չեն տեսնում: Մինչդեռ ֆիլմում ընդգծվում են քարտեզի համապատասխան շրջանները, ցուցադրվում են հնավայրերը, հնագիտական նյութերը: Ի վերջո, ֆիլմն ուղեկցվում է երաժշտությամբ, ինչն էլ իր հերթին ավելի տպավորիչ ու ներգործող է դարձնում նյութը: Հետագայում, եթե հնարավորություն ունենանք, կավելացնենք նաև բեմականացված խաղարկային տեսարանները, որոնք կարող են ավելի գրավիչ դարձնել ֆիլմը:
-Կարելի՞ է ասել, որ աշխարհում գիտական նորություններին տեղեկանում են գիտահանրամատչելի ֆիլմերի միջոցով:
-Նա՛և գիտահանրամատչելի ֆիլմերի միջոցով: Գիտական նորություններին նախ և առաջ ծանոթանում են գիտահետազոտական հիմնարկներում, գիտական նստաշրջաններում, լայն զանգվածները, այո, հանրային հետաքրքրություն ներկայացնող նորություններին տեղեկանում են հաղորդումների և գիտահանրամատչելի ֆիլմերի միջոցով: Հաճախ է ասվում, որ մեզանում կա գիտահանրամատչելի հաղորդաշարերի պակաս, բայց, չգիտես ինչու, չի լրացվում այդ բացը: Ֆիլմերն անհամեմատ արդյունավետ են, ավելի տպավորիչ, քան հաղորդումները, բայց և ավելի մեծ ծախսեր են պահանջում:
-Նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ մեր պատմության մեջ շատ հետաքրքիր թեմաներ կան: Ըստ Ձեզ` հատկապես ո՞ր թեման կարող էր դառնալ համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող գեղարվեստական ֆիլմի սյուժե:
-Առիթ ունեցել եմ ասելու, որ առանց երկար մտածելու գոնե 100 թեմա կթվարկեմ, ընդ որում, դրանցից շատերը, եթե լավ նկարահանվեն, հետաքրքրության առումով, ասենք, «Գլադիատորից» պակաս չեն լինի: Հենց «Արտավազդ 2-րդը» բացառիկ գեղարվեստական ֆիլմ կդառնար: Տեսեք՝ արքան, որ ստեղծագործում է, և՛ պոետ է, և՛ գիտության մարդ: Երկիրը հայտնվում է ծանր վիճակում, նա իր անձը զոհաբերում է հանուն երկրի ու ժողովրդի, իսկ գերի ընկած ժամանակ հռոմեական թշնամի միջավայրն անգամ հիանում է նրա հոգու և ընտանիքի վեհանձնությամբ: Արգիշտի Առաջինն ինչո՞ւ չի դառնում գեղարվեստական ֆիլմի հերոս, վերջին հաշվով, մեր մայրաքաղաքի հիմնադիրն է, կամ Տիգրան Երվանդյանը, Արտաշես 1-ինը: Տիգրան Մեծի մասին այնքան շքեղ դրվագներ կան, որ ամեն դրվագ առանձին ֆիլմ կարող էր դառնալ: Բացառիկ հետաքրքիր սյուժեներով ֆիլմեր կարելի է ստանալ Արշակունյաց և Բագրատունյաց դարաշրջանների պատմական դրվագներից: Կիլիկյան Հայաստանն ընդհանրապես ֆանտաստիկ է, աշխարհի խաչմերուկն էր ժամանակին: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ֆիդայական շարժման, Արցախյան ազատամարտի մասին դրվագներ ունենք, հերոսապատումներ, որ կարող են հրաշալի ֆիլմեր դառնալ: Կարելի է նաև հայկական արքայական դինաստիաների պատմությունը վերածել սերիալի: Այլ հարց է, որ պետք է ճաշակով նկարահանել (հակառակ դեպքում լավ է ընդհանրապես չանդրադառնալ այդ թեմաներին, քան վատ անելով՝ փչացնել գաղափարը): Օրինակ, կորեական պատմական սերիալներն ինչքա՞ն ճաշակով են արված: Այսօր թուրքերն են նկարահանում իրենց պատմական սերիալները՝ հաճախ կեղծիքներ մատուցելով աշխարհին:
Սերիալով կարելի է ազգային ոգին բարձրացնել, բայց կարելի է նաև աղբ լցնել ժողովրդի հոգեբանության մեջ, ինչպես մեզանում հիմա անում են: Նույն ատոմային էներգիան և՛ նորմալ կյանքի ապահովման միջոց է, և՛ Հիրոսիմա-Նագասակի է դառնում։ Եթե մի օր որոշենք ազգային սերիալներ նկարահանել, պետք է նկատի ունենանք, որ դրանք միայն սկզբում են մեծ ծախս պահանջելու՝ արքունիքի տեսարան, տաճարի տեսարան, զենքեր, հագուստներ և այլն: Փոխարենը դրանց տված օգուտն անգնահատելի կլինի։
-Դուք Ձեր ֆիլմերով անդրադարձել եք արքաների, որոնք աստվածացվել են կենդանության օրոք: Մեր ժամանակներում ճիշտ հակառակն է, չկան վստահություն, ակնածանք: Ի՞նչն է փոխվել:
-Նախաքրիստոնեական շրջանում, ըստ էության, բոլոր արքաները մահվանից հետո աստվածացվել են: Եզակի էին արքաները, որոնց աստվածացնում էին կենդանության օրոք: Քրիստոնեական շրջանում կային տիտղոսներ` Արքայից արքա, Մեծագործ, Բարեպաշտ, Ողորմած, որոնցով ժամանակակիցները մեծարել, արժևորել են արքաներին: Այս առումով, իհարկե, ցավալի է այն, ինչ կատարվում է այսօր: Երբեմն ընկերներս ասում են` ներկա իրականության մեջ լավը չտեսնելով` պատմաբանի մասնագիտություն ես ընտրել, որ գոնե անցյալով մխիթարվես: Գուցե: Ամեն դեպքում, շատ կարևոր է նոր սերնդի մեջ սերմանել, որ ինքը վաղվա պետական գործիչն է, պետք է գործի այնպես, որ մնա պատվավոր հիշողությամբ: Անկախ Հայաստանը երեք նախագահ է ունեցել, ցավոք, երեքից ոչ մեկի մասին ժողովուրդը դրվատանքով չի խոսում: Հիշում եք, անեկդոտ-հարց կար մարտիմեկյան տխուր օրերին. հարցնում էին` եթե նավակի մեջ երեք հոգի լինի` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, նավակը խորտակվի, ո՞վ կփրկվի: Պատասխանում էին` կփրկվի հայ ժողովուրդը: Սա ցույց է տալիս ժողովրդի հավաքական բացասական վերաբերմունքը: Ցավով եմ սա ասում, որովհետև ես այս երկրի քաղաքացին եմ։
-«Հազվադեպ կարելի է հանդիպել, երբ արքան, փրկելու համար ժողովրդին կամ երկիրը, զոհաբերել է իր անձը: Այդպիսին էր Մեծ Հայքի բանաստեղծ արքան»,- ասվում է ֆիլմում: Ի՞նչ է կատարվում այսօր, ո՞ւր է գնում աշխարհը:
-Շատ բարդ հարց է, երևի Աստծուն պետք է դիմել այդ հարցով։ Պատմության մեջ բոլոր ժամանակներում տարատեսակ նեղ շահերի համար զոհաբերել են ժողովուրդներին: Դրա համար էլ պատմության մեջ առանձնանում են վեհանձն գործիչները: Եվ պատահական չէ, որ մեր ստեղծած և ծրագրած ֆիլմերում մենք կենտրոնանում ենք անցյալի մեծագույն գործիչների կերպարների վրա, որոնք կարող են և պետք է չափանիշ դառնան նոր սերնդի համար:
-Ասել էիք` ինչ-որ ռաբիս երգի հոլովակի նկարահանման համար ծախսվել է 10-12 հազար դոլար, նույն գումարով, հնարավոր էր պատրաստել բավականին լավ հաղորդումներ կամ գիտահանրամատչելի ֆիլմ: Կարծում եք` հովանավորվում են այդ կարգի ծրագրերը, որովհետև ռաբիսի, շոու ասվածի պահանջարկն ավելի՞ շատ է:
-Այո, անճաշակությունը շատ է եթերում: Լավ գործ անելու համար մենք շատ հաճախ կամքի պակաս ունենք: Ոմանց համար այդ 10-12 հազարը մեկ խնջույքի գումար է: Կարելի է այդ խնջույքը չանել, փոխարենը, ասենք, մուլտֆիլմ ունենալ, որ իր երեխաները, թոռները նորմալ հայկական թեմայով մուլտֆիլմեր նայեն, ոչ թե ստիպված բավարարվեն միայն օտարաստեղծ մուլտֆիլմերով՝ ճապոնական Նարուտո, իսլամական Ալադին կամ ռուսական «Մաշան և արջը» և այլն: Անկախ Հայաստանի պատմության մեջ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի նկարահանումը նախաձեռնվեց, այն էլ, հիշում եք, տարիներով ձգձգվեց ֆինանսների պատճառով, հիմա էլ զգացվում է, որ սյուժեն մուլտֆիլմի կեսից շատ արագ է զարգանում-վերջանում:
-«Երկու կրակի արանքում»՝ ֆիլմում նման խորագիր կա: Այսօր էլ մեր երկիրը երկու կրակի արանքում է: Ի՞նչ է մատնանշում ֆիլմը:
-Այս վիճակը նոր չէ, բնականաբար: Ի դեպ, Հայաստանն այդպիսի իրավիճակում հայտնվեց հենց Արտավազդ Բ-ի ժամանակաշրջանից, իսկ 1801-ից մեր պատմության մեջ ստեղծվեց ավելի բարդ իրավիճակ, երբ երկիրը բաժանվեց երեք մեծ տերությունների միջև: Այսօր մենք հայտնվել ենք ռուսական և արևմտյան բևեռների արանքում: Փոքրաթիվ բնակչությամբ երկիրը պետք է փորձի լուծումներ գտնել, ամենակարևորը, պետք է ունենա երկրի նվիրյալ առաջնորդներ, որոնք ցանկացած միջազգային իրադրության մեջ երբեք չգնան ազգային շահերի զոհաբերման ճանապարհով: Ի վերջո, Ռուսաստանի հետ էլ կարելի է լեզու գտել, Արևմուտքի հետ էլ` առանց տրորելու ազգային շահերը: Կրկնեմ՝ հայոց արքաներին նվիրված ֆիլմաշարի նպատակը հենց դա է` նոր սերնդին դաստիարակել անցյալի վեհ կերպարների օրինակով ու հոգեբանությամբ: Ամեն հայ երեխայի մեջ կուզենայի այն գաղափարը սերմանված լիներ, որ ես եմ հայոց երկրի տերն ու արքան ու նաև, եթե հարկ լինի, ես եմ այդ երկրի համար առաջին զոհաբերվողը: Ցավոք, այսօր մեր մտածողության մեջ դա գրեթե բացակայում է: Հոմո-սովետիկուսի մտածողությունը չէր կարող այդպիսին լինել, իսկ մենք այսօր խորհրդային շրջանից շատ բաներ ենք ժառանգել, ու, ցավոք, վատ բաներ:
-Դարակներում մնալու վտանգ չի՞ սպառնում Ձեր ֆիլմերին:
-Բացարձակապես՝ ոչ: Ֆիլմի շնորհանդեսից հետո ամեն օր զանգում են, հետաքրքրվում, թե հաջորդ դիտումը ե՞րբ կլինի, սկավառակներ կթողարկվե՞ն, թե՞ ոչ: Ռուսերեն և անգլերեն թարգմանություններն ավարտելուց հետո կթողարկվի եռալեզու սկավառակը՝ նաև արտերկրում լայնորեն տարածելու նպատակով: Ֆիլմերը կտեղադրվեն նաև համացանցում, և ամեն հայ երեխա իր տանը նստած ազատ կներբեռնի, կդիտի, ինչը մեզ համար շատ կարևոր է:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ