Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Միայնակ պատուհաններ

Միայնակ պատուհաններ
14.03.2014 | 12:53

Մելանյա

ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Իմ աշխարհը փոքրիկ-փոքրիկ է, լուռ ու խաղաղ: Ես նստում եմ իմ աշխարհի միակ պատուհանի մոտ ու վարագույրի ճեղքից հետևում հարևան աշխարհների պատուհաններին: Հենց դիմացիս աշխարհում տատիկ է ապրում: Ողջ օրը իր միակ պատուհանի մոտ նստած տխրում է: Նրան երբեք ժպտալիս չեմ տեսել, բայց զգում եմ, որ շատ բարի է, երիտասարդ տարիքում հավանաբար նույնիսկ բանաստեղծություններ գրած կլինի: Կողքի աշխարհից երբեմն նրան հյուր է գալիս մի հաստափոր պապիկ: Երկուսով նստում են պատուհանի մոտ, բայց թվում է, խոսում է միայն պապիկը: Տատիկը միշտ լուռ լսում է, և այդ պահերին ինձ թվում է, որ տատիկը չի էլ լսում նրան, ավելի շատ մտածում է, թե երբ է գնալու պապիկը: Ես արդեն սկսում եմ զայրանալ, ինչու պապիկը ծաղիկներ չի բերում նրան, թեկուզ և ծաղիկներն անգույն ու անհոտ են: Գուցե այդ ժամանակ տատիկը ժպտա ու նրանից էլ չձանձրանա: Իսկ երեկ տատիկին այցելության եկավ մի պարոն` իր չորուցամաք տիկնոջ հետ: Գլխի ընկա` որդին էր: Խեղճ տատիկն այնպես էր ուզում, որ նա առաջ անցնի, սենյակ մտնի, նստի իր հետ: Ես այդ զգում էի: Բայց պարոնը շուտ-շուտ հետ էր նայում` դռների մեջ կանգնած-մնացած կնոջը, այդպես էլ առաջ չգնաց: Տատիկին ինչ-որ տոպրակներ տվեց, իր չորուցամաքի հետ հեռացավ: Տատիկը երկար նայում էր նրանց հետևից, ու ես տեսա նրա աչքերից գլորվող արցունքները: Իսկ աջից` կողքի աշխարհում, երիտասարդ կին է ապրում: Իր միակ պատուհանի մոտ նստած նա անընդհատ ծխում է: Սիրում է երկար նայել օղակաձև բարձրացող ծխին: Երբեմն թվում է, որ նա ծխախոտի ծխի հետ զրուցում է, բաներ հարցնում, նույնիսկ բարկանում: Շատ անտարբեր, ոչինչ չասող հայացք ունի: Երեկ ես իմ պատուհանից ողջունեցի նրան, ձեռքով արեցի, իսկ նա սառը հայացքն այնպես սահեցրեց վրայովս, կարծես չկայի էլ: Նրան երբեք ոչ ոք հյուր չի գալիս: Ինքն է ու իր պատուհանը: Քիչ այն կողմի աշխարհում արդեն սպիտակող մազերով տղամարդ է ապրում: Նա օրերով չի հեռանում իր միակ պատուհանից: Նայո՜ւմ է, նայում, հետո օրերով սկսում է գրել: Գրասեղանը տեղավորված է հենց պատուհանի մոտ: Գրելիս երբեք գլուխը չի բարձրացնում, ու ես չեմ կարողանում որոշել` տխո՞ւր, թե՞ ուրախ բաների մասին է գրում: Հավանաբար գրող է, վեպ է գրում, բայց գուցե ուղղակի օրագիր է գրում: Այ, այդ մասին կիմանա ձախում գտնվող աշխարհի չաղլիկ տիկինը: Օ՜, նա այնքան հետաքրքրասերն է, գիտի բոլոր պատուհանները: Ինձ թվում է, նա տառապում է հարևան աշխարհներին հյուր գնալու ցանկությունից, դրա համար էլ այդքան գիրացել է: Բայց համառորեն ոչ ոք նրան չի հրավիրում, նրա աշխարհի կողմն անգամ չեն նայում: Բայց մի քանի օր առաջ հեռու աշխարհներից երիտասարդ զույգ էր այստեղ եկել: Հենց պատուհանների տակ նրանք բարձրաձայն խոսում, ծիծաղում էին: Մի քանիսը զայրացած փակեցին իրենց պատուհանները, վարագույրներն էլ փակեցին, մի քանիսն էլ բացեցին պատուհանները, գլուխները դուրս հանեցին, հետաքրքրությամբ նայում ու լսում էին նրանց: Շատ հետաքրքիր զույգ էր` պայծառ-գունավոր հագուստներով: Ես նրանց շատ սիրեցի: Ասում էին, որ շրջագայելիս, պատահաբար են հայտնվել այստեղ, որ իրենց աշխարհը շատ հեռու է այստեղից, հազարավոր աստղերի մեջ ցույց տվեցին իրենց աշխարհը: Ես մոտավորապես հասկացա, թե ինչպես կարող եմ գտնել նրանց աշխարհը: Պատմում էին, որ իրենց աշխարհներում մարդիկ ժամանակ չունեն պատուհանների մոտ նստելու, միշտ շատ զբաղված են: Ասացին նաև, որ իրենց աշխարհներում մարդիկ ժպտալը չեն մոռացել, իսկ ծաղիկներն էլ գույն ու հոտ ունեն: Գույներ ունեն նաև մարդկանց աչքերը: Ես հավատացի նրանց, որովհետև աղջկա աչքերը, ինչպես տղան ասաց, կապույտ էին, և այդ իրենց ծովի գույնն է: Ես լսել էի, չգիտեմ երբ, ումից, որ ծովը գույն ունի: Նրանք հրավիրեցին մեզ իրենց աշխարհ, բայց ոչ ոք չցանկացավ ընդունել հրավերը: Իսկ ես այդ պահին վախեցա: Բայց ահա հիմա վերջին անգամ եմ նստած իմ միակ պատուհանի մոտ, ճամպրուկս հավաքել եմ արդեն: Գնում եմ ծովի կապույտը գտնելու:

Դիտվել է՝ 153126

Մեկնաբանություններ