Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ես ոչ մեկին միանալու միտք չունեմ»

«Ես ոչ մեկին միանալու միտք չունեմ»
20.03.2014 | 14:01

Irates.am-ի հարցազրույցը «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ասել է, թե լավ կլինի Ղարաբաղը հանրաքվե անցկացնի ու միանա Ռուսաստանին: Դուք` որպես Արցախյան ազատամարտում կռված մարդ, ի՞նչ եք մտածում, համաձա՞յն եք Տեր-Գրիգորյանցի հետ:

-Ես չեմ ուզում քննել Նորատ Տեր-Գրիգորյանցի ասածը, մի բան կասեմ` երբ երկու կանայք վիճում էին, թե երեխան ումն է, Սողոմոն իմաստունը ասաց` կիսեք մեջտեղից ու ամեն մեկին մի կեսը տվեք: Մայրը, ով ցավում էր իր որդու համար, ասաց` չէ, տվեք այն մյուսին, ավելի լավ է որդուս փրկեմ: Ավելի լավ է մենք մտածենք Ղարաբաղը փրկելու մասին: Ես կարծում եմ, որ ամեն ազգ, ամեն ժողովուրդ ինքնուրույն ապրելու, իր ճակատագիրը որոշելու իրավունքն ունի:

-Հիմա եթե Ղարաբաղը հանրաքվե անի և որոշի միանալ Ռուսաստանին, դա Ձեզ համար ընդունելի՞ տարբերակ կլինի:

-Ընդունեմ-չընդունեմ: Եթե մարդիկ գնում են դրան, ես չեմ կարող դեմն առնել: Ես` որպես զինվոր ուզում եմ իմ հայրենիքը տեսնել հավաքական` Արցախը, Հայաստանը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը միասին: Ես այդպիսի Հայաստանի համար եմ պայքարում, բայց որ չեն ուզում մարդիկ, մենք ի՞նչ կարող ենք փոխել: Ղրիմում էլ կային մարդիկ, որ դեմ էին Ռուսաստանի հետ միացմանը:

-Բայց Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, ոչ թե իրականում հանրաքվե տեղի ունեցավ:

-Ահա, տեսնո՞ւմ եք: Իսկ եթե Ղարաբաղում օրինական լինի` ավելի վատ մեզ համար: Ուրեմն մենք պարտավոր ենք այնպես անել, այնպիսի երկիր ունենալ, որ ղարաբաղցին ստիպված հանրաքվեով չփորձի միանալ Ռուսաստանին:

-Տեր-Գրիգորյանցը ասել է նաև, թե Հայաստանն էլ Ղարաբաղի հետ պետք է միանա Ռուսաստանին:

- Ես ասում եմ`ոչ, մենք պարտավոր ենք ինքնուրույն, ազատ ապրելու, ստեղծելու ամուր հայրենիք, իսկական Հայաստան, որ հետ վերադարձնենք այն արժեքները, որոնք հայ ժողովուրդը ունեցել է դարեր շարունակ: Ես այդպիսի Հայաստանի համար եմ պայքարել: Ես ոչ մեկին միանալու միտք չունեմ: Մենք պարտավոր ենք մեր երկիրը կարգի բերել:

-Դուք, հավանաբար, ղարաբաղցի ընկերներ ունեք, նրանք ի՞նչ կարծիքի են այս ամենի մասին:

-Իմ մարտական ընկերները հաստատուն կանգնած են, նրանք ուզում են, որ Ղարաբաղը միանա Հայաստանին, դառնա իսկական երկիր, որպեսզի մենք կարողանանք մեր հարցերը լուծել ինքնուրույն, ոչ թե մուրացկանի պես սրան-նրան խնդրենք, որ մեր հարցերը լուծեն: Դա պատիվ չի բերում մեր ժողովրդին:

-Ազատամարտիկներից խոսեցինք: Դուք քանիցս ելույթ եք ունեցել ազատամարտիկների հանրահավաքներին, ասել եք, որ Հայաստանում փոփոխություններ են անհրաժեշտ, և Դուք պայքարի առաջին գծում կլինեք: Այդ հանրահավաքներն այլևս չկան: Ու՞ր մնացին ազատամարտիկները և Դուք էլ` նրանց հետ:

-Մարտի 1-ին մենք ներկա էինք հանրահավաքին, ոչ թե ՀԱԿ-ի, այլ` հավաքին: Ներկա էինք և կարծում էինք, որ ուժեր են ձևավորվում, ուժեր են գումարվում, որոնք կարող են ավելի հստակ, սահմանադրական ճանապարհով ներկայացնելու իրավիճակը: Բայց մարտի 1-ի միտինգից հետո տարակուսած ենք, չգիտենք ով ում բարեկամն է: Կուսակցությունները չմիացան, իսկ մենք միայն ազատամարտիկներով դա չենք կարող անել: Դա մենք ասել ենք և սպասում ենք այդ օրվան, երբ բոլորը կհավաքվեն, մենք էլ կմիանանք նրանց` ժողովրդի հետ միասին:

-Դե «հրաշալի քառյակը» արդեն կա` չորս ուժեր միացել են:

-Խոսքով` այո, բայց գործով` ոչ: Ես կարծում եմ, որ մենք ընդդիմություն չունենք: Ո՞վ է ասել` հրաշալի է կամ ոչ: Մենք բոլորս ճշմարտությունը գիտենք` այս 20 տարվա մեջ ով ինչով է զբաղվել, ով իրեն ոնց է պահել, շատ լավ գիտենք:

-Քառյակն ասում է, թե երկրում փոփոխությունների հասնելու համար նախ պետք է վարչապետին փոխել, որից հետո անցնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այդ ճանապարհը իրատեսակա՞ն եք համարում:

-Ոչ , որովհետև եթե վարչապետը փոխվեց, ուրիշ մեկն է գալու: Մեզ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ:

-Արմատական ասելով նկատի ունեք ընդհուպ նախագահի փոփոխությո՞ւն:

-Այո, ընդհուպ` նախագահի: Նոր ընտրություններ են անհրաժեշտ: Ես չեմ ասում` նախագահը գնա Աֆրիկա ապրի: Ոչ, նա էլ կարող է իր թեկնածությունը դնել, փորձել, եթե ժողովուրդը ձայն կտա իրեն, թող մնա, նոր ձևով կառավարի:


Հարցազրույցը`Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 1392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ