Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դիվանագիտական պատերազմը փոխում է հասցեն

Դիվանագիտական պատերազմը փոխում է հասցեն
20.03.2014 | 23:50

«ՆԱՏՕ և Հարավային Կովկաս. ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանային անվտանգությանը» թեմայով խորհրդաժողովի ընթացքում, որ տեղի է ունենում Երևանում ՆԱՏՕ-ի աջակցությամբ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը ափսոսանք է հայտնել Ղրիմի վերաբերյալ Հայաստանի հայտարարության կապակցությամբ: Եթե ԱՄՆ-ի դեսպանը մանրամասներ, թե հատկապես ինչն է իր համար ցավալի, նրա ափսոսանքը գուցե ավելի հասկանալի լիներ, բայց նա դիվանագիտական անորոշության մեջ է պահել իր զգացումները: Իսկ դա նշանակում է, առաջին՝ կան ուրիշ պատճառներ էլ, որ նրա ափսոսանքն են հարուցում, բայց նա չի ուզում բարձրաձայնել, երկրորդ՝ դեսպանն ափսոսում է բարձրաձայն՝ կանխելու համար ինչ-որ գործընթաց, որ կարող է կայանալ, բայց դեռ չի կայացել: Իսկ ընդհանրապես՝ Ջոն Հեֆեռնի պես հմուտ դիվանագետի դեպքում նվազագույնը տարօրինակ է նման թերասացությունը, ավելի քան տարօրինակ է, որ դեսպանն իրեն թույլ է տալիս ափսոսանք հայտնել Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերաբերյալ, որը արտահայտել են ՀՀ նախագահը կամ արտաքին գործերի նախարարությունը: Իսկ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լռությունն ավելի տարօրինակ չե՞ն համարի ԱՄՆ-ը կամ ԱՄՆ-ի դեսպանը: Իհարկե, ամեն ինչ այսքան պարզ լինել չի կարող, ակներևաբար դեսպանի ատամի տակ կան փաստեր, որ նա չի ուզում հրապարակել: Թերևս այդ փաստերը վերաբերում են ոչ այնքան ՈՒկրաինային, որքան Լեռնային Ղարաբաղին: Այս շրջագծում Ջոն Հեֆեռնի հայտարարությունները համադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի թվիթերյան գրառումների հետ, պատկերը կարծես հստակություն է ստանում: Բոլորովին վերջերս նա առաջարկել էր դասեր առնել ուկրաինական իրադարձություններից՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության համար: ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի գործողությունների լեգիտիմությունն ՈՒկրաինայում, բայց ասպարեզներ կան, որտեղ կարող են միասին աշխատել, օրինակ, Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման գործընթացում: Իրավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբում կարող է փոխվել՝ ՌԴ-ն բացահայտորեն փորձում է Ղարաբաղում ինքնուրույն գործողությունների մանդատ ստանալ: Այս կտրվածքով ՈՒկրաինայից հետո Ղարաբաղն է դառնում ԱՄՆ-ՌԴ առճակատման հաջորդ հասցեն: Ջեյմս ՈՒոռլիքն այդ մասին չի գրել, բայց միշտ չէ, որ չասվածն ակնհայտ չէ: Իսկ դա բավարար հիմք է, որ դեսպան Ջոն Հեֆեռնը ափսոսանք հայտնի նվազագույնը: Բոլոր դեպքերում, դիվանագիտական պատերազմն ակնհայտորեն տեղաշարժվում է դեպի Հարավային Կովկաս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Այս համատեքստում առավել հետաքրքիր է դառնում այն փաստը, որ Կիևը որոշել է Հայաստանից ու Ղազախստանից հետ կանչել իր դեսպաններին: Հուսանք, որ սա ընդամենը խորհրդակցական հետկանչ է կամ դեսպանի փոփոխություն: Անդրանիկ Մանուկյանը, համենայն դեպս, դեռ պաշտոնավարում է ՈՒկրաինայում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ