Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ոչ մի կրկնություն ինքն իրեն չի կրկնում

Ոչ մի կրկնություն ինքն իրեն չի կրկնում
21.03.2014 | 00:17

Ղրիմի հանրաքվեի ռուսական էյֆորիան իր գագաթնակետին հասավ մարտի 18-ին, երբ Կրեմլի Գեորգիևյան շքասրահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմեց խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին, կառավարությանը, Ղրիմի Հանրապետության պատվիրակներին ու համայն աշխարհին: Վերջին հասցեատիրոջ պարագայում Պուտինն իրեն զգում էր Պետրոս Մեծ, որ կայսրության տարածքները մեծացրեց, նույնիսկ ավելին. եթե թագավորը պատերազմում էր, նախագահը առանց կրակոցի վերցրեց Ղրիմը: Վերադարձրեց՝ ըստ իր ուղերձի: Պատմական վերադարձ, որ տոնում է ռուս ժողովուրդը՝ ըստ ռուսական լրատվամիջոցների: Ընդհանրապես, ուկրաինական իրադարձությունների լուսաբանումը ռուսական կենտրոնական լրատվամիջոցներով նոստալգիկ դեժավյու էր՝ նրանք բնավ չեն փոխվել անկախության տարիներին: Նրանց համար ամենահեշտն ու ամենաճիշտը աշխարհը երկու մասի բաժանելն է՝ ռուսների և մյուսների: Ռուսները ճիշտ են միշտ, մյուսները թշնամի են միշտ: Այս բաժանումը առավել հասկանալի ու հոգեմոտ է ռուս ժողովրդին, համախմբում է ռուսական աշխարհը՝ արտաքին թշնամու առկայությամբ: Էյֆորիան կարճ կտևի, ճիշտ այնքան, որքան պետք է Կրեմլին, որպեսզի երկրում դժգոհություններ չծագեն արևմտյան պատժամիջոցներից: Պատժամիջոցներ, որ պետք է ներկայացվեն ու ներկայացվում են որպես հիմնազուրկ, կամայական, բազմակի ստանդարտների հետևանք ու բումերանգ, որ ավելի ցավոտ հետհարվածելու է: Այո, բայց նախ հարվածելու է: Իսկ որ կհարվածի, ռուսները լավ գիտեն: Առայժմ պատժամիջոցները վերաբերում են պաշտոնյաներին՝ Արևմուտքը սպասում է Կրեմլի հաջորդ քայլերին: Անմիջական շփումները գրեթե դադարեցվել են, միմյանց քայլերի մասին երեկվա գործընկերները տեղեկանում են երրորդ աղբյուրից: Կսահմանափակվի Ռուսաստանը Ղրիմի թերակղզին վերադարձնելո՞վ, թե՞ քայլեր կանի ՈՒկրաինայի արևելյան տարածքներում. սա է հիմնական հարցը: Վիկտոր Յանուկովիչի Կիևից դուրս գալու օրից պարզ էր, որ Ռուսաստանը չի հեռանալու Ղրիմից: Այնքան պարզ, որ Արևմուտքը առանձնապես չպայքարեց Կրեմլի որոշման դեմ, իսկ Ղրիմի հանրաքվեն դատապարտող հայտարարություններն ու սահմանված պատժամիջոցները ինքնին հասկանալի էին. իմիջի հարց կա որքան Ռուսաստանի համար, նույնքան Արևմուտքի: Եթե Պուտինը որոշի խորանալ ՈՒկրաինայի տարածքում, հետևելու են տնտեսական պատժամիջոցներ, որ խնդրահարույց իրավիճակ են ստեղծելու համաշխարհային տնտեսության մեջ: Արդեն իսկ, առանց պատժամիջոցների, ռուսական տնտեսությունը իր լավագույն ժամանակները չի ապրում. տնտեսական աճը նվազել է, ֆինանսական ներդրումները պակասել են, մինչդեռ ֆինանսական ներդրումների կարիքը մեծացել է՝ Ղրիմի Հանրապետության կենսապահովման խնդրով: Այս պայմաններում Արևմուտքը կարող է ոչ միայն փլուզել ռուսական ռուբլին, այլև հարվածել Ռուսաստանի տնտեսության ամենազգայուն կետին՝ նավթի ու գազի գնին: Հակառակ գործող պայմանագրերի՝ կարող են նվազել գազի գնման ծավալները, որ անմիջապես կանդրադառնա ռուսական տնտեսության վրա: Անկախության տարիներին Ռուսաստանն այդպես էլ չդիվերսիֆիկացրեց իր տնտեսությունը և մնաց հումք արտահանող երկիր: Այսօր են դեռ ռուս բարձրաստիճան պաշտոնատարները խրոխտանում, որ պատժամիջոցներից իրենց քունը չի փախչում: Այսօր նրանք ճիշտ են, որովհետև առանձնապես մեծ կորուստ չեն վիզային սահմանափակումները, գուցե նաև բանկային հաշիվների սառեցումը, երբ պատժամիջոցները սկսեն խփել միջին խավին, փոխեն արտահանման ու ներմուծման պայմաններն ու ծավալները, ներգործեն աշխատավարձերի, նպաստների ու կենսաթոշակների վճարման վրա, նրանց քունը չի տանի հաստատ:

Իսկ դա նշանակում է, որ բացահայտ քաղաքականության հարթության մեջ Ռուսաստանը կանգ կառնի Ղրիմի թերակղզում և չի խորանա ՈՒկրաինայի տարածքում: Իհարկե, կշարունակվեն ռուսների ու ռուսերենի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության բարձրաձայնումները, ուկրաինացի ազգայնականներն ու նեոֆաշիստները կնշավակվեն ու ամեն օր կդատափետվեն ռուսական լրատվամիջոցներով. հաղորդում առ հաղորդում կբացահայտվի նրանց անմարդկային կերպարը, կարձանագրվեն փաստեր նրանց հակառուսական գործողությունների մասին, բայց՝ այդքանը: Զորքերի տեղաշարժ չի լինի: Ավելին Ռուսաստանին իր տնտեսական վիճակով դեռ պետք չէ: Ռուսաստանն ամենայն հավանականությամբ կսպասի, որ իրեն շատ խնդրեն ուկրաինաբնակ ռուսները: Նաև կսպասի, որ ուկրաինական տնտեսության վիճակը ավելի վատանա: Եթե Ռուսաստանն ավելիի նպատակներ ունենար, արդեն քայլեր ձեռնարկած պետք է լիներ: Բոլոր դեպքերում, Ղրիմը դեռ պետք է մարսել: Թե Արևմուտքում, թե Ռուսաստանում, թե Ղրիմում:
Մեծ ությակին հարկադիր հրաժեշտ տված Ռուսաստանը փորձելու է ընդլայնել իր արևելյան ներգործությունը՝ փոխելով Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի ոչ միայն աշխարհագրությունը, այլև քաղաքական ու տնտեսական հայեցակարգը: 20 տարի առաջ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկած Մաքսային միությունը այլ կառույց էր: Ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը քաղաքական իշխանության կորստի պատրաստ չեն, նրանց հետաքրքրում են միայն տնտեսական խնդիրները: Վերազգային որևէ մարմնի ձևավորման նրանք պատրաստ չեն, որքան էլ բխի տնտեսական նպատակահարմարությունից: Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը: Այս կտրվածքով հնարավոր է Ռուսաստանի արևելյան քաղաքականության վերագնահատում: Կրեմլը փորձելու է հարաբերությունները խորացնել այն երկրների հետ, որ խնդիրներ են ունեցել և ունեն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ: Արաբական գարնան ու Սիրիայի հարցով Մերձավոր Արևելքում եղել են որոշակի տեղաշարժեր, որոնք Ռուսաստանը օգտագործելու է տնտեսական կապերն ամրապնդելու համար: Առաջին երկիրն այդ հարթության մեջ Եգիպտոսն է, նախագահական ընտրությունները Եգիպտոսում Ռուսաստանի համար հատուկ կարևորություն են ստանում: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները որոշակիորեն սառեցրած Սաուդյան Արաբիան ևս մեկ հասցե է՝ ռուսական կապիտալի տեղաշարժի համար: Հավասարապես խորացման կամ նվազման են ենթակա ռուս-իրանական հարաբերությունները. որքանով Իրանն ազատվում է պատժամիջոցներից, այնքանով մեծացնում է կշիռը տարածաշրջանում ու աշխարհում: Եթե Թեհրանը չզգուշանա Արևմուտքից (պատժամիջոցների ներգործության մասին Իրանին պատմել պետք չէ), կապող օղակ կարող է դառնալ Ռուսաստանի համար Պարսից ծոցի երկրների հետ: Սա մեզ համար հատկապես կարևոր հարց է, որովհետև Հայաստանն անխուսափելի կրելու է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ներգործությունը, և բացառված չէ, որ Թեհրանը նորից կյանքի ճանապարհ է բացելու մեր առաջ: Բացի այդ, ռուս-իրանական փոխհարաբերությունների որոշակի ուղղությամբ զարգացման դեպքում չի բացառվում Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա գազատարի կառուցումը, որը միանշանակ շահեկան է Հայաստանի համար: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների փոփոխությունը ևս մեզ համար կենսական նշանակություն ունի: Անկարան չի ընդունում Ղրիմի հանրաքվեն, բայց Մոսկվան հայտարարել է Ղրիմում թաթարական ինքնավարություն ստեղծելու պատրաստակամության մասին, որ հանում է ռուս-թուրքական լարումը: Եթե, իհարկե, Անկարան միայն ղրիմաբնակ թաթարների համար էր մտահոգ: Նախագահական ընտրությունների նախօրեն Թուրքիայում լավագույն ժամանակը չէ կտրուկ քայլերի համար: Իշխող կուսակցությունը Թուրքիայում գուցե կզիջի, բայց դիրքերը չի կորցնի՝ չունենալով ազդեցիկ հակակշիռ ընդդիմության մեջ: Աբդուլլահ Գյուլը սահմանադրական իրավունք ունի երրորդ անգամ առաջադրվելու նախագահ ու թերևս Գյուլ-Էրդողան տանդեմը ևս մեկ հնգամյակ կորոշի Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունը: Վարչապետ Ռեջեփ Էրդողանը բավականաչափ խնդիրներ ունեցավ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի պատճառով, որ չփորձի ռուսների հետ հարաբերությունների խորացմամբ պատասխանել ԱՄՆ-ին: Եթե «եղբայրությունը» խորանա, Ռուսաստանը կփորձի Եվրասիական տնտեսական տարածք բերել թե Թուրքիային, թե նրանից հետո, բնականաբար, Ադրբեջանին: ՈՒ բոլորովին չի բացառվում, որ Հայաստանում նոր ազգային-ազատագրական շարժում սկսվի՝ հանուն Ղարաբաղի ու անկախության: Համենայն դեպս, մինչև հիմա պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետեր լինելո՞ւ են, թե՞ ոչ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո, ընդհանրապես Ղարաբաղը ի՞նչ հարաբերություն է ունենալու ՄՄ-ի հետ: Բոլորովին շահեկան չի լինի այս իրավիճակում, եթե ՌԴ-ն ճանաչի ԼՂՀ-ն: Դա, Ղրիմի պատճառով գործող պատժամիջոցների առկայությամբ, ինքնաբերաբար նշանակելու է, որ ԼՂՀ-ի ճանաչումն ավարտվելու է ՌԴ-ով: Չեն փրկի ոչ Շոտլանդիան, ոչ Կատալոնիան, եթե անգամ նրանց հաջողվի առաջիկայում անկախանալ Մեծ Բրիտանիայից ու Իսպանիայից: Որևէ ինքնորոշված տարածքի ճանաչումը, բավականաչափ ժամանակ ունեցել ենք համոզվելու, կախված չէ նախադեպերից, ամեն ինչ որոշում են տվյալ երկրի աշխարհաքաղաքական դիրքն ու կշիռը և գերտերությունների շահերը: Որ Ռուսաստանը հանուն իր խնդիրների լուծման Հայաստանի հետ հաշվի չի նստի, ապացույցներ վաղուց պետք չեն: Ղարաբաղին չի փրկի անգամ հարկադրական ռուսամետությունը: Ճապոնիան ինքն է պատժամիջոցներ սահմանել, Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններ Մոսկվան գրեթե չունի, որովհետև արդեն շահերի բախում է ի հայտ գալու՝ Չինաստանի հետ տնտեսական մրցակցությանը Ռուսաստանը երկար չի դիմակայի: Փրկօղակ դառնալ Հնդկաստանը չի ցանկանա՝ չվտանգելու համար իր առևտրատնտեսական հարաբերությունները Արևմուտքի հետ: Հենց այդ նկատառումով, թերևս, Ռուսաստանը կենտրոնանալու է Մերձավոր Արևելքի վրա: Պատահական չէ, որ Մաքսային միությունը և Իսրայելը համատեղ աշխատանքային խումբ են ձևավորել՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարներն ուսումնասիրելու նպատակով: Եթե ԵՏՀ-ի, ՄՄ-ի և Իսրայելի փորձագետները ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները բավարար գնահատեն, ՄՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ կսկսվեն: Այստեղ, թերևս, պետք է դադար տալ ու հարցնել՝ իսկ Արևմո՞ւտքը: Բոլոր այս մտահանգումները կառուցված են ստատիկ ելակետի վրա՝ Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների ներկա վիճակի: Բայց քաղաքականությունը ստատիկ ելակետերը հերքելու սովորություն ունի՝ լինելով դինամիկ ու ժամանակի մեջ ինքն իրեն հակասող: Արևմուտքը, ինչ էլ հայտարարի, Ղրիմն արդեն «հանձնեց» Ռուսաստանին, փոխարենը «ստացավ» ՈՒկրաինան, և դա զինադադարի փոխընդունելի տարբերակ է: Պատժամիջոցները հայտարարված են կես տարով, աշնանը կարող են փոփոխություններ լինել, իսկ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո հաջորդ նախագահը (թե դեմոկրատ, թե հանրապետական) Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների «վերաբեռնման» նոր քաղաքականություն կարող է հռչակել: Եվրամիությունը առանձնապես չի առարկի՝ ՌԴ-ի հետ ավելի մեծ ինտեգրվածության իր պարագայում: Ամեն ինչ շատ պարզ ու շատ բարդ է միաժամանակ, որովհետև շահերի բախումը հավերժական է, իսկ լուծումները միշտ ժամանակավոր են: Ռուսաստանն առայժմ խորացնում է իր հայրենասիրական էյֆորիան, բայց Ռոմանովների դինաստիայի 400-ամյակը նշած երկիրը պետք է դեռ մոռացած չլինի, թե ինչ հանգամանքներում ու ինչպես 300-ամյա դինաստիան կորցրեց կայսրությունը: Պետրոս Մեծը՝ Պետրոս Մեծ, բայց Նիկոլայ Երկրորդով ավարտվեց պատմությունը: Արևմուտքն էլ դեռ մոռացած չի լինի՝ ինչով են ավարտվում դեպի Ռուսաստան իր կայսրերի արշավանքները՝ Նապոլեոնից Հիտլեր, նույնիսկ եթե նրանց ժամանակներում են եղել Թալեյրանն ու Չերչիլը: Պատմությունը սիրում է կրկնություններ, բայց ոչ մի կրկնություն ինքն իրեն չի կրկնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Եթե իսկապես Հայաստանն Արևմուտքի հետ ունի իր հայտարարած համագործակցությունը, եթե Հայաստանը դեռ ունի սուբյեկտի կարգավիճակ, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում միջնորդի դերն ուղղակի ինքն իրեն է ի հայտ գալիս: Չօգտագործելը ոչ միայն խելամիտ չէ, այլև վտանգավոր է:

Դիտվել է՝ 1531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ