Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քեսապից տարհանված ընտանիքներին օգնություն է ցուցաբերվում. նրանցից շատերն անգամ չեն հասցրել վերցնել իրենց անձնագրերը

Քեսապից տարհանված ընտանիքներին օգնություն է ցուցաբերվում. նրանցից շատերն անգամ չեն հասցրել վերցնել իրենց անձնագրերը
24.03.2014 | 23:23

«Քեսապի վերաբերեալ նախ կը տեղեկացնեմ, որ մարդկային վնաս չկայ` փարատելով ձեր մտահոգութիւնները: Բնակչութիւնը լրիւ տեղափոխուեցաւ Լաթաքիա: Մեծամասնութիունը տեղաւորուեցան տուներուն մէջ, որովհետև մեծամասնութիւնը կամ հարազատ ունի կամ բարեկամ կամ տուն: Իսկ մօտ 250 անձ տեղաւորուեցան եկեղեցուոյ զոյգ սրահներուն մէջ»: Սա Վրեժ Գարամարտյանի գրառումն է «Հալեպ» լրատվական կայքում, որի մասին տեղեկացնում է yerakouyn.com-ը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի հայաբնակ Քեսապում ծայրահեղականների ահաբեկչական գործողությունները կասեցնելու նպատակով օդ բարձրացած սիրիական ռազմական երկու օդանավերից մեկին: Թուրքական կողմն այն պատճառաբանում է օդանավի` սահմանի խախտմամբ, թեև Սիրիայից հակառակ պնդումները կան, որ սիրիական օդանավերը սահման չեն խախտել: Հայության շրջանում լուրերը մեկնաբանվում են որպես Թուրքիայի կողմից հատուկ արված քայլ, որպեսզի Սիրիայի կառավարությունը չկարողանար օգնության հասնել հայերին: Հայկական Քեսապն այսօր ամայի է, այնտեղ որևէ մեկը չկա այլևս, բոլոր հայերը տեղափոխվել են Լաթաքիա: Նախնական տեղեկութուններով այսօր Լաթաքիայում Քեսապից 670 ընտանիք կա: Տարհանվածներից շատերը չեն հասցրել անգամ իրենց անձնագրերը և այլ փաստաթղթեր վերցնել, քանի որ Քեսապը լքել են հենց առաջին հարձակումների ժամանակ:
Ֆեյսբուքյան «Հալեպահայեր» էջում գրառում կա, ըստ որի` Լաթաքիայում «Տեղահանուած բնակիչներուն կ՛օժանդակեն Սուրիական Կարմիր Մահիկ կազմակերպութիւնը, Սուրիահայ Օգնութեան Խաչը, Յոյն Օրթոտոքս եկեղեցական կազմակերպութիւնը, Քեսապի երեք համայնքներու հովիւները ևս Լաթաքիոյ եկեղեցին են: Շրջանի նահանգապետն ու առողջապահական պետական գրասենեակի տնօրէնը ևս այցելած են տեղահանուած ժողովուրդը: Լաթաքիոյ և Քեսապի Շտապ Օգնութեան մարմինները միացուցած են իրենց ճիգերն ու կը փութան ժողովուրդի օգնութեան և կենցաղային էական կարիքներու ապահովման»:
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե Հայաստանը չի կարող միջամտել այլ պետությունների ներքին գործերին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Քեսապի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ` բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»: Սերժ Սարգսյանը նշել է, թե հանձնարարել է «ՄԱԿ-ի` Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին` հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսապի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայի կողմից զինված խմբավորումները հարձակվել են Քեսապի և շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան արդեն բնակչությունը տարհանվել էր: Միջազգային պաշտոնական աղբյուրները հաստատում են Քեսապի վրա հարձակման մեջ Թուրքիայի մասնակցությունը: Թուրքական կողմը նաև ոչնչացրել է քեսապահայերին օգնելու և ազգայնականների հարձակումները կանխելու նպատակով Քեսապի շրջան ուղևորված սիրիական երկու օդանավերից մեկը: Օդաչուն հասցրել է փրկվել պարաշյուտով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ