Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շքանշանների սպասումով պատվերը կատարվում է

Շքանշանների սպասումով պատվերը կատարվում է
25.03.2014 | 00:26

Ձեզ չի՞ թվում, որ ռուսական էյֆորիան ուկրաինական թեմաներով դուրս է գալիս ռուս-ուկրաինական շրջանակներից ու սկսում է տարածվել հետխորհրդային տարածքի վրա: Իհարկե, պատճառներ կան: Եվ առաջին պատճառը Արևմուտքի հետ չհարթվող հակասությունների ու ընդլայնվող պատժամիջոցների համապատկերում իբրև գերպետություն վերահաստատվելու ենթագիտակցական ու խիստ քաղաքական ձգտումն է: Երկրորդ պատճառը ագրեսիան այլևս չթաքցնելն է` քաղաքական ագրեսիան, քարոզչական ագրեսիան, կայսերապաշտական: Երրորդ պատճառը` մենք ենք սկսել ավելի հասկացող դառնալ, նրանք միշտ էլ նույնն են եղել, բայց հիմա, երբ համոզված են, որ կարող են ասածն անել, ասում են այն, ինչ մտածում են:
«Առաջին լրատվական»-ի հարցազրույցում «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը որևէ դիմադրության չհանդիպելով` հայտարարել է. «Ռուսաստանի դեպքում ամեն ինչ պարզ է, Ռուսաստանը բարեկամաբար է տրամադրված, աջակցելու է և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով այնպիսի Հայաստանի, որը ՌԴ-ի նկատմամբ բարեկամաբար տրամադրված կլինի: ՌԴ-ն կլինի բարեկամ Հայաստանի համար, եթե Հայաստանը լինի ՌԴ-ի բարեկամը: Այդ պարագայում մեր զորքերը կմնան ԼՂ-ում, մեր ռազմաբազաները ևս, ամեն ինչ կլինի լավ ու բարեկամական: Ռուսաստանում ավելի քիչ, բայց ձեռնտու կլինի չեզոք Հայաստանը, Հայաստան, որը կգործի ՀՀ շահերի համաձայն, որը կդնի պահանջներ, բայց տրամաբանության սահմաններում: Եթե Հայաստանը սկանդալներ սարքի, պահանջի արտոնություններ, ՌԴ-ն կկոռեկտացնի այդ պահանջներն ու «կապրիզները» որոշակի քայլերով` ուղղված այլ երկրների: Եթե ՀՀ իշխանության գլխին գան պրոարևմտյան ուժեր և տեղի ունենա հայկական գունավոր հեղափոխություն, ուրեմն Հայաստանը գոյություն չի ունենա, որովհետև այն հետսովետական երկրները, որոնք չեն կարողանում համաձայնության գալ ՌԴ-ի հետ, տապալվում են: Կարելի է մոռանալ Հայաստանի և ԼՂ-ի մասին, ՌԴ-ն շատ մեթոդներ ունի իրավիճակը կարգի բերելու համար»: Դուգինը, սակայն, չի բավարարվել այսքանով և շարունակել է անկեղծանալ. «Հայաստանը սուվերեն պետություն չէ միջազգային հարաբերությունների տեսության առումով, կախյալ պետություն է, ուստի պետք է ընտրի` ումից կախված լինել ավելի մեծ չափով, եթե ավելի շատ է կախվածությունը ՌԴ-ից, ամեն ինչ լավ է, եթե փորձում է խաղալ հակադրությունների վրա, դա վտանգավոր է, եթե ՀՀ-ն դառնա պրոամերիկյան, Հայաստանն իր ներկայիս սահմաններով գոյություն ունենալ չի կարող, Ղարաբաղին էլ կարող են հաջողություն ասել, հավաքել իրերն ու գնալ: Հայերը մեր ընկերներն են, քրիստոնյա ընկերները, բայց բարեկամությունը միակողմանի չի լինում, եթե մենք բարեկամություն ենք անում, պետք է հայերն էլ նույնն անեն: Եթե Հայաստանում ձևավորվեն ռուսաֆոբ, պրոամերիկյան քաղաքական խմբեր, Հայաստանը ստիպված կլինի հատուցել ամենավատ ձևով: Ամփոփելով նշեմ, որ ՌԴ-ին ՀՀ-ում ձեռնտու են բարեկամական, քիչ ձեռնտու են` չեզոք, իսկ ձեռնտու չեն պրոամերիկյան ուժեր: Այդ օրենքն իրենց վրա զգացել են վրացիները, մոլդովացիները, ուկրաինացիները: Ցանկացած հետսովետական երկրի տարածքային ամբողջականություն կախված է առաջին հերթին այդ երկրի հարաբերություններից Մոսկվայի հետ»: Իհարկե, շատ ճիշտ կարելի է ասել` ո՞վ է Դուգինը, ու փակել խոսակցությունը: Բայց այս պարագայում Դուգինն ընդամենը բարձրաձայնում է քաղաքականությունը, որ վարել, վարում ու վարելու է իր երկիրը: Առավել ևս հիմա, երբ արդեն կարիք չկա դիվանագիտության ու Արևմուտքի հետ հարաբերություններում առերևույթ չեզոքության: Սա այն Ռուսաստանն է, որ երբեք չի փոխվել` սկսած Բրեստի դաշնագրից մինչև Կարսի պայմանագիր: Բրեժնևի, Ելցինի, Պուտինի` ոչ մի նշանակություն չունի, թե ում ղեկավարությամբ: «Ցանկացած հետսովետական երկրի տարածքային ամբողջականություն կախված է առաջին հերթին այդ երկրի հարաբերություններից Մոսկվայի հետ» ասելու համար երկրի ղեկավարի անձը կարևոր չէ:

Այսօր Պուտինն է մարմնավորում Ռուսաստանի կայսերապաշտական դեմքը, նրա խամաճիկներն են բարձրաձայնում քաղաքական գերակայությունները:
Հարցը ինչ-որ Դուգինի, ոչ ինչ-որ Կոլերովի, ոչ ինչ-որ Կիսիլյովի մեջ չէ, հարցը մեր մեջ է: Ի՞նչ ենք մենք հակադարձում և հակադարձո՞ւմ ենք արդյոք: Թե՞ հաճույքով ներգրավվում ենք նրանց խաղում` հույս ունենալով կորցրածը փոխհատուցել:
Առաջիկայում Հայաստան կգա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին: Մեր շահերից ելնելով` մենք պիտի գնայինք, բայց պայմաններից ելնելով` նա է գալիս: Հասան Ռուհանին գալու է նախագահի մակարդակով պատասխաններ ստանալու երկու երկրների փոխհարաբերությունների համար կարևորագույն հարցերի` Հայաստանը միջազգային հարաբերություններում հանդես է գալիս իբրև սուբյե՞կտ, թե՞ այլևս իր ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման պատիվն ու պատասխանատվությունը հանձնել է Մոսկվային: Հասան Ռուհանին գալու է պարզելու Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի շինարարության հեռանկարը` մեկ: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման Երևանի պատկերացումները` երկու: Մաքսային ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետևանքները հայ-իրանական հարաբերություններում` երեք: Հայ-թուրքական հարաբերությունների իրական պատկերը` չորս: Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Եվրամիություն իրական փոխհարաբերությունների մակարդակը` հինգ: Իրանի հետ հարաբերություններից Հայաստանի ակնկալիքները` վեց: Հայաստանի տնտեսական ներուժի ու քաղաքական կամքի դրսևորման սահմանները` յոթ: Իհարկե, ութն ու տասն էլ կան, բայց պետք չէ բանակցությունների գաղտնիությունը խախտել:
Մայիսին նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան: Օլանդին Հայաստանում հետաքրքրելու են համարյա նույն խնդիրները` հավելած եվրոպական վեկտորը` ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան: Իրական ապագան, ոչ այն, որ արտահայտված է տարբեր բանաձև-համաձայնագրերով` ստորագրված ու չստորագրված: Օլանդը, որքան էլ ֆրանսիացիները նրան համարեն Հինգերորդ Հանրապետության ամենավատ նախագահը, եղել և մնում է հզոր պետության ղեկավար, որ Եվրամիության մեջ միշտ ունեցել է իր հատուկ տեսակետը և Հայաստանի հետ իր հատուկ հարաբերությունները: Նրա այցը Հայաստան (նկատե՞լ եք, որ եվրոպացիների բարձր մակարդակով` նախագահական, վարչապետական, այցերը Հայաստան համարյա դադարել են) նախ և առաջ ճշտելու է Եվրամիության հետագա վերաբերմունքը` տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները համարե՞լ հեռանկարային, թե՞ փակել թեման: Իսկ այս հարցը խիստ կարևոր է երկուստեք, որովհետև Ֆրանսուա Օլանդը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ ունեցող երկիր է և հանձնառու է լուծել այն հակամարտությունը, որի լուծման հարցը Ռուսաստանը հանգիստ կարող է դարձնել խաղաքարտ` իր միջազգային մեկուսացումը իր ցանկացած ձևով օգտագործելու համար: Վլադիմիր Ժիրինովսկին, Ալեքսանդր Դուգինը, Մոդեստ Կոլերովը, Վիտալի Տրետյակովը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, Զորի Բալայանը` ապացույց: Երկու այցերից առաջ Հայաստանը պետք է ունենա հստակ ու համոզիչ պատասխանները բոլոր հարցերի, որոնք չեն կարող անորոշության մեջ դեգերել մինչև իրավիճակ փոխվի: Իրավիճակ է ու չի փոխվում: Կամ փոխվում է` վատից դեպի ավելի վատը:
Առավել ևս, որ ժամանակը սովորաբար աշխատում է նրանց դեմ, ովքեր գործում են երկրորդ ալիքի քաղաքականության շրջանակներում` առաջին ալիքի նախաձեռնությունը թողնելով դիմացինին, իրենց վերապահելով միայն պատասխան քայլի իրավունք: Մենք պատասխանների հնարավորությունները զրոյացնում ենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:
Աշնանը, եթե Հայաստան գա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, խուսանավելու կամ հետաձգումների ժամանակ ու տարածք մնացած չեն լինի: Նա, իհարկե, տարբեր է Հիլարի Քլինթոնից, բայց ԱՄՆ-ն այն պետությունն է, որ իր արտաքին քաղաքականությունը պետության ղեկավարների փոփոխությամբ չի փոխում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ի սկզբանե ուզում էի գրել ոչիշխանական ուժերի մասին, նկատե՞լ եք, որ նրանք և ռուսական քարոզչական ագրեսիան հայկական թեմաներով միաժամանակ են ակտիվանում: Որոշ ժամանակ առաջ պաշտոնական Երևանը վերահաստատել էր իր պատրաստակամությունը` ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Մինչ ԵՄ-ն մտմտում էր, բարկացած ՌԴ-ն նույնիսկ սկսեց կասկածել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությանը` «մոռացած», որ ինքն էր պարտադրում և արդեն ութ ամիս զբաղված է քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ: Քարոզչության նպատակը Մաքսային ու Եվրասիական տարածքի դրախտն է, որտեղ բարգավաճում են բոլոր բարիքները: Հակաքարոզչության նպատակը` Եվրամիության դժոխքը, որտեղ կուտակված են մարդկության բոլոր չարիքները, և, ուրեմն ամենավտանգավորը նրանց արժեհամակարգն է, որ ռուսների համար նույնն է, ինչ արգելված պտուղը: ՈՒ պատկերացրեք, թե ինչպես են նրանք զայրանում «երախտամոռ» Հայաստանի վրա, որ հակառակ մաքսային պրոկրուստյան չափանիշների` արգելված պտղի մասին չի մոռանում: Ահա թե հույժ ոչիշխանական չորս ուժերի` կառավարության հրաժարականի հարցը ապրիլի 28-ին ԱԺ օրակարգ մտցնելու որոշումը ինչ է նշանակում իրականում (ժամկետն էլ պայմանավորված է ոչ թե ներքին հարցերը պարզելով, այլ պատվիրատուի կամքով): Քաղաքականությունից Երկիր-Լուսին հեռավորության վրա գտնվողին էլ պարզ է, որ ոչ այս չորս ուժերը առանձին-առանձին, ոչ էլ առավել ևս միասին երբեք նման որոշում չէին կայացնի առանց ուղղորդման: ՈՒղղորդողը և պատվիրատուն նույնն է` Ռուսաստանը: Ընդունեք, որ իրենց ռուսական սերն ու նվիրումը նրանք առանձնապես չեն էլ թաքցնում: Թերևս միայն «Ժառանգությունը» ունի վերապահումներ, բայց վճռական պահին Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է Մոսկվա գնում: Երբ Լևոն Զուրաբյանը խոսում է «համաժողովրդական մոբիլիզացիայից», հույս ունենալով, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, լավ կլինի հասկանա, որ Յանուկովիչի երկվորյակը Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանն է: Իհարկե, Բորիս Ելցինի կամքով հրաժարական տված Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ է հասկանում Ռուսաստանի դերն ու ուժը, բայց իրավիճակ է փոխվել` նա այլևս նախագահ չէ և բնավ պարտադիր չէ, որ նորից Ռուսաստանի կամքը կատարի: Ի վերջո պարզվելու է, որ Հայաստանի իշխանություններն էլ նույն գործին են և ուրեմն ոչիշխանությունները հերթական ֆիասկոն են ապրելու: Մինչ այդ մեծացնելու են Հայաստանի տարածքում ռուսական քաղաքական ու ռազմական զորաշարժի հնարավորությունները: Գերհայրենասիրական քայլ` ժողովրդի շահերից բխող: Շահում են բոլորը` նրանք, որ քաղաքական դեմք են փրկում, պատվիրատուն, որ փակում է եվրաինտեգրման ճեղքերը, նույնիսկ ՀՀԿ-ն, որ վերահաստատում է իր ռուսական հանձնառությունները, և, ուրեմն, հանգիստ կառավարելու հնարավորությունը: Ակնհայտ է, որ Կրեմլը Հայաստանում ապակայունացման չի գնա. Կիևը դառը դեղահաբ էր, ինչ իմանաս ինչ կլինի: Իսկ դա ընդամենը ուժեղացնելու է «ավազակապետությանը», որի վերացման վերաբերյալ ոչիշխանականները հուզիչ ելույթներ են ունենում, երբեմն էլ սպառնալից, բայց քայլում են իրենց ելույթների հակառակ երթուղով: ՈՒ համառորեն սպասում են, որ ժողովուրդը վեր է կենալու և կապույտ եզրաշերտերով ափսեի մեջ իրենց է մատուցելու իշխանության ոսկե բանալիները` ոչիշխանականի «ոչ»-ը հավերժ ջնջած: Բայց դրա համար գոնե ընդդիմություն լինելու շիտակություն է պետք: Մի՞թե միայն Կրեմլից ստացած ցուցումով են հասկանալու, որ իշխանությանը առերես քննադատելը, բայց իշխանության հաշվին ապրելը չէ ընդդիմություն: Ընդդիմություն լինել նշանակում է իշխանության ծրագրի ու քաղաքականության մակարդակը գերազանցող ծրագիր ու քաղաքականություն առաջարկել: Եթե դա իրենց ուժերից վեր է, գոնե անկախության արտաքին հայտանիշները պաշտպանեն` կհամարձակվե՞ն մի կեսբերան դուգին-մուգիններին առարկել, թե՞ ավելի հեշտ է կառավարության հրաժարական պահանջելը` վստահ, որ անպատիժ կմնա: Ավելին` կխրախուսվի էլ, Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իր ընդդիմախոսներին սիրում էր ասել. «Պատվերը կատարված է, սպասեք շքանշանների»:

Դիտվել է՝ 1336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ