Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեր հայրենիքի մեղքերը

Մեր հայրենիքի մեղքերը
25.03.2014 | 11:40

Մեղքի գիշերն անցնում է, շուտով երկնային արդարությունն է ծագելու: Ժամանակը չէ՞ արդյոք անաչառորեն լույսի երես հանելու մեր մոլորված հայրերի անաստված արարքները, որ առանց ամոթի կարողանանք մեր հետնորդների ու մեր Տեր Աստծո առջև կանգնել ու ճշմարտությունը ստով չծածկել և մեր գլուխները անմիտի պես մեղքի ավազների մեջ չթաղենք:
Դրա համար նախ հետադարձ հայացք նետենք անդունդի այն երախին, որտեղից մեզ իր ողորմությունով Աստծո Աջը հանեց: ՈՒ տեսնելով այդ մահակուլ խավարը, Տիրոջից իմաստություն խնդրենք դեռ աշխարհին գալիք փորձություններից խուսանավելու համար, քանզի գրված է. «Զգույշ մնացեք, որ ոչ ոք ձեզ չխաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և ասեն՝ ես եմ Քրիստոսը, և շատերին պիտի մոլորեցնեն: Սակայն, երբ լսեք պատերազմների ձայներ, կամ պատերազմների լուրեր, չխռովվեք, որովհետև այդ պետք է որ լինի, բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ: Քանզի ազգը ազգի դեմ պետք է ելնի, թագավորությունը` թագավորության վրա և տեղ-տեղ երկրաշարժեր պետք է լինեն, սով և համաճարակ ու խռովություններ, բայց այդ ցավերի սկիզբն է: Եղբայրն իր եղբորը պիտի մատնի, և հայրը իր որդուն և որդիները հայրերի դեմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց: Եվ իմ անվան համար բոլորին պիտի ատելի լինեք, բայց ով մինչև վերջ համբերի` նա կփրկվի»:
Տարեցները, անշուշտ, դեռ հիշում են այն բիրտ օրերը, երբ դիվական մոլուցքով կոմերիտական ակտիվիստներն ու նրանց ավագ եղբայր կոմունիստները, ինչպես էին տնետուն ընկած, վախի, սովի ու թշվառության մեջ ցնորված հայորդիներին «անաստված» գրանցում, իսկ դիմադրողներին էլ, ամեն տեսակի սատանայական հնարքներով ահաբեկելով ու մոլորեցնելով, հեռացնում ճշմարտությունից: ՈՒ նրանցից շատերը դեռ չեն մոռացել սատանայի «կարմիր ճտերին», որոնք լկտի ամբարտավանությամբ Սուրբ զատկի տոներին, օջախից օջախ մտնելով՝ խուզարկում էին, անգամ մահճակալների տակ մտնում, ու գիտե՞ք՝ ինչ էին փնտրում. ընդամենը զատկական փլավ կամ ներկած ձու։
30-ական թվականներին Երևանն այնքան էլ հրապուրիչ չէր, իր «Ղանթարի տակի» շուկայով, սալահատակ Աստաֆյանով և հատուկենտ մեծահարուստների վայելուչ տներով: Բայց այդ բոլորը արտաքինից` հոգևոր աչքեր չունեցողի համար: Կային դեռևս ժողովրդին երկրային հոգսերից կտրող ժամազանգերը: Ի՜նչ իմանային խեղճ եկեղեցիները, որ իրենց կարապի վերջին զանգերն են հնչեցնում այս մեղավոր աշխարհի` երիցս մեղավոր հայորդիների համար, քանզի անաստվածության խավարը արդեն մինչև նրանց սրտերն էր սողոսկել:
Աստծո տներն այնքան էլ շատ չէին քաղաքում, ընդամենը 7-8-ը, բայց լիուլի բավարարում էին փոքրիկ քաղաքի բնակիչների հոգևոր պահանջները:
Առջևում 37 թիվն էր։ Անաստվածության մոլորության հատուցման սկիզբը, ավերմունքի պղծության արյունոտ ոտնահետքերի առաջին քայլերը: Եվ ազգերից ու ժողովուրդներից առաջինը Քրիստոսի անունը կրող հայորդի ազգն անմասն չմնաց այդ ավերող խորշակից, բայց ավա՜ղ... սատանայի կողմը անցած «քրիստոնյաները» դարձան առաջին «հուդաները» Հիսուսի գառնուկների հոշոտման արյունալից խրախճանքներում։
Չեմ ուզում քաղաքականության բուրմունք բարձրանա այս գրվածքից, բայց ստիպված եմ հիշեցնել տեղեկության կարգով, որ մենք` դեռևս շնչող այս սերունդը, տեսանք ու լսեցինք բաներ, որ երբևիցե չէին եղել:
70 տարվա պետություն, ամենամարդասիրական միտումներով ծրագրավորված և... 70 միլիոն զոհաբերություն, իր իսկ սեփական ժողովրդից վերցված: Այս է ամենակարճ բնութագիրը այս չարաստեղծ կայսրության, որի գաղափարական հիմնաքարերն են` Աստված չկա, Քրիստոսը լեգենդ է, մարդը կապիկից է: ՈՒ զարմանալի չէ, որ նրանց համարյա բոլոր ջատագովները ունեցել են հոգևոր կրթություն, մանավանդ ճեմարանի ուսանող Սոսոն, որը, վերածվելով Իոսիֆ Վիսարիոնովիչի, դարձավ իր նմաններին խժռող առնետ:
Երբ սկսեց հեռանալ «կոմունիզմի ուրվականի» մահասարսուռ ստվերը, ապա, ի ցավ մեզ, տեսանք միայն ժանտահոտ ավերակներ մարդկային հոգիների ու կարմրով ներկված ազգերի և ժողովուրդների հոծ դիակիզարան:
Հնաբնակ երևանցիները, անշուշտ, կհիշեն «Մոսկվա» կինոթատրոնի տեղում մի եկեղեցի` Սուրբ Պողոս-Պետրոսը։ Միգուցե նրա տեսքն այնքան էլ գեղատեսիլ չէր, ինչպես մյուսներինը, որ ափսոսեիր ձեռքդ բարձրացնել քանդելու համար, բայց այն Աստծո տունն էր ու աղոթավայրը:
Երբ որոշեցին քանդել այն, իրենց խանձված խղճերը հանգստացնելու համար ու զանգվածների աչքին «թոզ փչելու» նպատակով, 1930 թվականին հրավիրեցին օտարազգի մի արվեստագետի, որպեսզի հաստատի, թե գեղարվեստական արժեք չի ներկայացնում: Անցան օրեր ու շաբաթներ, նոր կինոթատրոնի շինարարական եռուզեռը խլացրել էին եկեղեցու ժամերգությունների հոգեպարար աղոթքի մրմունջները: Հարկավոր էր շտապեցնել երկրորդ դահլիճի շինարարությունը:
Բայց հրավիրված մասնագետի հետևությունները երկնքում ամպրոպի ճայթյուն առաջացրին, այնքան անսպասելի էին, որ արտահերթ ժողովների առիթ տվեցին: Հրավիրված մասնագետ Չիրիկով Գ. Մ.-ն երեքէջանի ռուսերեն տպագրված մի զեկուցագիր է ներկայացնում այն ժամանակվա լուսժողկոմին, որը կարդացողը առնվազն պետք է գոռար ուրախությունից և աշխարհի չորս ծայրերը հեռագրեր հղեր, որ ձեր իմացած աննշան ու փոքրիկ Հայաստանն այնքան էլ խղճուկ չէ, ինչպես կարծել եք, քանզի, ահա մայրաքաղաքի Պողոս-Պետրոս եկեղեցում հայտնաբերվել են այնքան զարմանալի որմնանկարներ, որոնց նմանակը չի եղել նույնիսկ ողջ Եվրոպայում, էլ չենք ասում աշխարհում (արխիվային այս նյութերը ես հանել եմ տարիներ առաջ ու քաղվածաբար ընթերցողին եմ հրամցնում որպես փաստացի հավաստում այս գրվածքի).
«...որպես հետևություն, վերջում կանգ առնեմ Պողոս-Պետրոս եկեղեցու քանդման հարցի և նրանում գոյություն ունեցող որմնանկարների տեղափոխման վրա: Ես կարծում եմ, որ նրանց յուրաքանչյուրի պահպանման պայմանների փոփոխություններով հավետ կկորչեն, ինչպես ողջ գիտական հիմնավորման, այնպես էլ այն մեծարժեք տվյալները, որպեսզի աշխարհի բոլոր մարդիկ կարողանան որպես գիտական բազա օգտվել հետագա ուսումնասիրությունների համար: Որովհետև եկեղեցում հայտնաբերված յուղաներկ-որմնանկարները հանդիսանում են որպես հնագույն պարոս ուսումնասիրությունների համար, որ գոյություն են ունեցել դարերով, և այդ պատճառով կարծում եմ, որ տվյալ շինության քանդման հարցի վերաբերյալ միտքը իսպառ պետք է թողնել: Անցնելով գտնված շերտերի պատմական հետազոտություններին, հարկ է նշել, որ ժամանակակից ճարտարապետության տեսանկյունից որմնանկարի երրորդ շերտը թվագրված է 1131 թ. (ստորագրված` Իվանե): Յուղանկարային մեթոդով որմնանկարներ, եվրոպական գրականության տվյալների համաձայն, ի հայտ են եկել ընդամենը 16-րդ դարում, ու ես հետագայում ուսումնասիրելով հայկական գրականությունը և պատմական հուշարձանները, գտա նմանատիպ նյութեր ապացուցող, որ այստեղ` Հայաստանում, այդ մեթոդով որմնանկարներ հանդիպում են դեռ 10-րդ դարի սկզբից:
Հնարավոր է, որ Արևելքի և հատկապես Հայաստանի որմնանկարային աշխատանքների նյութերի խոր ուսումնասիրություններից հետո կպարտադրեն եվրոպական գիտական աշխարհին կարևոր ուղղում մտցնել յուղանկարային մեթոդով որմնանկարների և գեղանկարչության արվեստի ուսումնասիրման տարեգրության մեջ:
Նաև չեմ կարող չնշել, որ այս եկեղեցու պատերի վրա գտնվում է իր տեսակի մեջ եզակի և ոչ մի գրականության մեջ չհանդիպած գեղանկարչության էմուլսիոն մի շերտ, արված քարեսվաղային հենքի վրա և հուրախություն մեզ, լավ պահպանված (ավա˜ղ, ընդհատված ուրախություն-Մ. Բ.):
Հարկավոր է անպայման հաշվի նստել այս, չնայած պատահաբար հայտնաբերված, որմնանկարային անգնահատելի արժեքների հետ, որոնք ունեն չափազանց հսկայական նշանակություն համաշխարհային մշակույթի համար»:
Ստորագրություններ (նկարիչ-վերականգնող` Չիրիկով Գ.Ս)
Համաձայն են այդ կարծիքի հետ (Դուրնովա, Ղարիբջանյան):
1930 թ. հուլիսի 17, Երևան
(Արխիվային գործ 36. Ֆոնդ 446)
Ավելացնենք, որ այս աշխատանքների համար հարկավոր էր ընդամենը 15000 ռուբլի։ Այսինքն` մարտնչող անաստվածների միության մեկ տարվա բյուջեն: Բայց աթեիզմի խավարով մուժ կապած Հայաստանի կառավարությունը որոշեց քանդել եկեղեցին: Եվ որպեսզի նոր հանձնախմբի այցելությունից առաջ նսեմացնեին այդ արժեքները, հրամայեցին բանվորներին քլունգի հարվածներ հասցնել որմնանկարներին ու սրբապատկերներին, լիովին արժեզրկելով զեկուցագրում նշված կարևորությունը: Եկեղեցին սկսեցին քանդել 1932-ից, իսկ կինոթատրոնը մեծ շուքով բացվեց 1938-ին:
Այլ փաստեր նախկին լուսժողկոմի հրամաններից.
1936 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերածել կինոթատրոնի և այն անվանել «Անաստված»:
Կինոյի վարիչ նշանակել Նաֆարով Հուսեյնին, բուֆետչիկ` Յաղուբ Մամեդովին (որը հետո, ըստ հերթական հրամանի, դարձավ կինոյի նոր վարիչը. Դռնապան նշանակել` Զեյնաբդին Ջամանովին):
1937 թ. այդ նորաբաց կինոթատրոնը վերածել տիկնիկային թատրոնի:
1954 թ. (արդեն Ստալինի մահից հետո) քանդել Գրիգոր Լուսավորիչ մարմարակերտ եկեղեցին, որպես ավելորդություն: Տեղում կառուցել դպրոց: (Այժմ Չարենցի դպրոցն է, որի սվաղած պատերի մեջ դեռ մինչ այժմ կան եկեղեցու խաչքարերից):
...քանդել Նորքի Մարիամ Աստվածածին եկեղեցին (որը միակն է, որ այժմ վերականգնված է)։
...քանդել ռուսական ուղղափառ եկեղեցին: (Այժմ տեղում Շահումյանի արձանն է), քանդել... քանդել... քանդել... ՈՒ մնացինք ավերակ «կոմունիզմի» փլատակների տակ:
Մեր սրտերից հանված հավատը չհանդուրժեց Աստծո տների գոյությունը: Եվ բնական է, քանզի այդ լուռ վկաները խանգարում էին լայն ճանապարհով կոմունիզմ ընթացողներին` «խելագարված ամբոխներին»... ՈՒ հետո Տերյանը ողբաց. «Չեմ հավատում ճիչերին ձեր ցնծագին»...
ՈՒ որպես մեր մոլորյալ պապերի մեղքերի գոնե մասնակի հատուցում թող յուրաքանչյուր ընթերցող ասի. «Տե՜ր Աստված, մեղա Քեզ մեր պապերի անմիտ արարքների ու մեղքերի համար, այժմ շնորհիր մեզ սուրբ երկյուղ և իմաստություն Քո սրբարար ու փրկարար կամքի համեմատ ապրելու ու սուրբ Անունդ բարի գործերով փառավորելու. ամեն»:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ