Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Առաջին նախագահը ցուցաբերել է գերզգուշություն»

«Առաջին նախագահը ցուցաբերել է գերզգուշություն»
26.03.2014 | 14:25

ՀՀ առաջին նախագահի 1994-97 թ.թ.խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ղրիմում անցկացված հանրաքվեի նկատմամբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը և դրա հնարավոր հետևանքներին վերաբերող հարցին, նշեց. «Մեծ պետությունների համար չեն սկզբունքները»: Նա հիշեցրեց, որ ՌԴ-ն տարածքային ամբողջականության հարցում Չեչնիայի հերն է անիծել, հետո հանկարծ Ղրիմն է ճանաչում` ինքնորոշման իրավունքի հիման վրա: Ըստ նրա` ԱՄՆ-ի ազդեցությունը նվազել է Հայաստանի վրա, բայց նրանք փորձում են մեզ համոզել, թե մենք իրենց համար կարևոր ենք: Թե ինչու մեր քաղաքական ուժերի մեծամասնությունը չհայտնեց դիրքորոշում Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու մասին, Ժիրայր Լիպարիտյանը կարծում է, որ տարբեր մակարդակներում մեր քաղաքական էլիտան ինքնախաբեության մեջ է: Նա նկատեց, որ անվտանգության փոխարեն մենք պետք է գործածենք սպառնալիք բառը:

«Ինչ-որ անորոշ վտանգ կար, և մտնելով Մաքսային միություն ` մենք հարցը լուծեցինք»,- նշեց նա: Ժիրայր Լիպարիտյանը նշեց, որ տարբեր դիվանագետներ հայտարարել են, թե Մաքսային միությանը չմիանալու դեպքում ինչ կարող է սպասվել Լեռնային Ղարաբաղին:
Ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց չհայհոյել Վ. Պուտինին: Ժիրայր Լիպարիտյանը կարծում է, որ նա ճիշտ է վարվել. առաջին նախագահը, ըստ նրա, ցուցաբերել է գերզգուշություն: Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների մոտեցմանը, ապա Ժիրայր Լիպարիտյանը ներքաղաքական դաշտում նկատում է գերհոգնածություն:
«Անկախություն ստանալը դժվար էր, պահելն ավելի դժվար է: Պահելը նշանակում է ստեղծել այլընտրանքներ և ամեն օր աշխատել, որովհետև ամեն օր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ»,- ասաց նա: Նա նկատեց, որ, եթե 88-ի շարժման ղեկավարները լինեին Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, նրանք չէին պայքարելու անկախության համար: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նա դեմ էր անկախությանը: ՀԱԿ-ի այսօրվա քաղաքականության մասին էլ Ժիրայր Լիպարիտյանը նշեց, որ նրանք ավելի շատ հակված են ներքին կյանքում իրականացնելու փոփոխություններ, որից հետո էլ հնարավոր կլինի արտաքին քաղաքական ոլորտում հասնելու փոփոխությունների:
Ժիրայր Լիպարիտյանը հիշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում 1993թ. բանակցությունների ժամանակ իրենք շատ մոտ էին հաշտության, սակայն ավելի ուշ, երբ Քելբաջարն անցավ հայկական զորքերի հսկողության ներքո, Թուրքիան ամեն ինչ կապեց Ղարաբաղի հարցի հետ:
Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ, ինչպես անցյալ դարասկզբին, այս անգամ էլ Հայաստանը կորցնի իր պետականությունը, Ժիրայր Լիպարիտյանն արձագանքեց. «Շատ հավանական է, որ այդպես լինի»: Նա նկատեց, որ Մաքսային միության վերաբերյալ չի հանդիպել տնտեսական լուրջ քննարկումների: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանը ոչ մի անգամ Լեռնային Ղարաբաղի հարցում չի գործածել «տարածքային ամբողջականություն» եզրույթը, ոչ մի անգամ չի հայտարարել, որ ճանաչելու է ԼՂ անկախությունը և ոչ մի անգամ չի նշել ԼՂ-ի և ՀՀ-ի միավորման մասին:
ՀՀ առաջին նախագահի հետ Ժիրայր Լիպարիտյանը քաղաքականությունից չի խոսում: Ըստ նրա` «նա այն քիչ մարդկանցից է, որը լավ գիտի գրականություն, պատմություն, փիլիսոփայություն, և իրենք հանդիպելիս այդ մասին են զրուցում»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ