«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Ազատագրում (գուցե հեռացում կամ փախուստ)

Ազատագրում (գուցե հեռացում կամ փախուստ)
28.03.2014 | 11:47

Մելանյա

ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Պետք է հեռանար շատ տարիներ առաջ, հենց հաջորդ օրը, երբ ամուսինը հայտարարեց, որ հոգնել, ձանձրացել է ընտանեկան կյանքից: Իսկ հեռանում է այսօր, հեռանում է աշնանային մաղող անձրևի տակ: Այն ժամանակ ինքը լուրջ չընդունեց ամուսնու հայտարարությունը: Երկու մանկահասակ աղջիկների հետ ո՞ւր կարող էր գնալ. ոչ տուն ուներ, ոչ աշխատանք: Հիմա գոնե այս ավտոմեքենան կա: Անձրևի մանր կաթիլներից ավտոմեքենայի դիմապակին աղոտ է ցույց տալիս ճանապարհը, չի կողմնորոշվում` ո՞ւր է հասել: Թեև միևնույն է: Գնում է: Իսկ քնած ամուսնուն միայն մի երկտող է թողել, որ հեռանում է:
Մշուշապատ ճանապարհի եզրին պայուսակով կնոջ նշմարեց: Ավտոմեքենան արգելակեց: Կինը տեղավորվեց կողքին, պայուսակը խցկեց ոտքերի մոտ: Առաջին պահին թվաց, թե անձրևն է ողողել կնոջ դեմքը: Բայց ոչ, քթի ֆսֆսոցից հասկացավ, որ արցունքներն են: Անձեռոցիկի տուփը մեկնեց նրան: Կինը փղձկաց անձեռոցիկի մեջ:
-Հասկանո՞ւմ եք, նա ինձ հետ չպահեց: Նա իմացավ, որ հեռանում եմ և ինձ հետ չպահեց:
Առանց աչքն իսկ թարթելու քմծիծաղեց: «Հը՛մ, իսկ դու հույս էիր փայփայում, թե հե՞տ էր պահելու»,- բայց մտքում պահեց մտածածը: Թող լաց լինի, հանգստանա: Կյանքում առաջին անգամ թեթև է, անհոգ, անկաշկանդ: Չի անհանգստանում, որ ամուսնու համար փոխնորդ սպիտակեղեն չի դրել, որ նա չի նախաճաշելու, որ օրվան հարմար փողկապ չի ընտրել նրա համար: ՈՒ գնում է: Լավ է, կողքի կնոջ ֆսֆսոցը կտրվեց: Քնեց երևի: Չի հիշում, վերջին անգամ ինքը ե՞րբ է քնել կամ գուցե այս ճանապարհը քնա՞ծ է անցել: Անծանոթ ճանապարհ է, անծանոթ տեղեր, բայց միևնույն է: Անձրև չկա, բայց երկինքը մթնոտ է, ճանապարհը` մշուշոտ, տեսանելիությունը` ցածր: Կողքի կինը ինչ-որ երգ է դնդնում: Մի կին, ձեռքերը թափահարելով, մեքենային ընդառաջ վազեց, հետևից քաշ տալով հավանաբար ամուսնուն: Բաց արեց դեռ հազիվ կանգնած մեքենայի դուռը, գլուխը ներս խցկեց, բայց և իսկույն էլ դուրս հանեց, արհամարհական ժեստով փակելով դուռը:
-Տանել չեմ կարողանում կին վարորդներին:
Ինքը բազմանշանակ քմծիծաղեց ու շարունակեց ճանապարհը։
...Չի էլ հիշում, թե արդեն քանի օր է` առանց հանգստանալու վարում է ավտոմեքենան: Չէ, հոգնություն չի զգում, միայն երբեմն կողքին նստած կնոջ երգի դնդնոցն է վրան ազդում, բայց դրա վրա էլ աշխատում է չկենտրոնանալ: Ճանապարհի մշուշից մի կերպարանք պոկվեց: Տղամարդ էր: Սեղմեց արգելակները: Տղամարդն անխոս տեղավորվեց հետևի նստատեղին, դեմքը հպեց կողքի պատուհանի ապակուն ու այդպես էլ մնաց: Հիշեց իր երկու աշխատակիցների զրույցը, որոնք կարծում էին, թե ինքը աշխատասենյակում չէ, այնինչ ինքը վարագույրի հետևում արձակված կրծկալն էր ամրացնում:
-Այդ ի՞նչ նոր փողկապ ես կապել, երևի ուզում ես շեֆի աչքը մտնել:
-Իսկ Սառցե թագուհին մի՞թե այդպիսի բաներից հասկանում է:
Առաջ էլ լսել էր, որ աշխատողներն իրեն Սառցե թագուհի են կոչում, բայց այդ պահին ցավ էր ապրել, քանի որ ասողի նկատմամբ մի ներքին համակրանք ուներ: Հըմ, մնաս բարով, Սառցե թագուհի, դու մնացիր անցյալում, դու այս ճանապարհին այլևս անելիք չունես, մնաս բարով ներքին համակրանք, որ այդպես էլ չիմացար Սառցե տիկնոջ ջերմ սրտի մասին: Առջևում խաչմերուկ երևաց: Միևնույն է, ճանապարհներից մեկը կընտրի:
-Այս խաչմերուկում կանգնիր, ճիշտ կլինի ես ա՛յ այն ճանապարհով գնամ,-ոտքերի արանքից պայուսակը սկսեց քաշքշել կողքի կինը:
Մնացին ինքն ու դեմքն ապակուն հպած տղամարդը: Նայեց դիմահայելուն: Կողքի կինը պայուսակը դրել խաչմերուկի հենց կենտրոնում, նստել էր վրան: Չէ, բավական հանգիստ է, անծանոթ ճանապարհները չեն վախեցնում: Իսկ հետնամասում նստած տղամարդը դեմքը համառորեն չի պոկում ապակուց: ...Աղջիկներին նույնիսկ չզանգեց, հիմա խառնվել են իրար։ Բայց արդյո՞ք խառնվել են: Դե, իհարկե: Եվ մի լայն, հեգնախառն ժպիտ դեմքը ողողեց: Հիշեց խնջույքների կամ հավաքույթների ժամանակ ամուսնու դեմքը` ժպիտով, սիրալիրությամբ ողողված, երբ զրուցում էր այս կամ այն աշխատակցուհու ու գործընկերների կանանց հետ, հիշեց օգտագործվող սիրալիր բառերի շարանը` սիրունս, քաղցրիկս, գեղեցկուհիս, ու տհաճությունից դեմքը ծամածռվեց: Որքա՞ն է երազել, որ գոնե մեկ անգամ ամուսինն այդպես իրեն դիմի: Բայց ո՞վ գիտի, գուցե հենց ինքն է մեղավոր: Գուցե, գուցե, գուցե:
Մառախուղը քիչ-քիչ քաշվեց, հեռվում ծառեր երևացին։ Ոտքերի շարժումը չի զգում: Ծառերի տակ ճանապարհային սրճարան երևաց: Սեղմեց արգելակները: Դիմեց դեմքով ապակուն հպված տղամարդուն.
-Կարելի է մի բաժակ սուրճ խմել:
Տղամարդն էլ իջավ: Երբ արդեն սրճարան էր մտնում, հետ նայեց: Տղամարդը չկար: Շարունակեց ճանապարհը: Ընդառաջ եկող կնոջից սուրճ խնդրեց, նստեց: Հասկացավ, որ սրճարանի տիրուհին է: Կինը ուշացրեց սուրճը, հետո բերեց դողդողացող ձեռքերով: Երկար նստեց, արդեն չէր էլ հիշում` որքան, մեկ, թե երկու օր: Լսեց, որ սրճարանի տիրուհին հեռախոսով գոռգոռում է ինչ-մեկի վրա: ՈՒրիշ հաճախորդներ չկային: Մոտեցավ սրճարանի տիրուհին:
-Գիտե՞ք, աշխատողս նոր զանգեց, որ էլ չի ցանկանում այստեղ աշխատել, գուցե Դո՞ւք օգնեիք ինձ խոհանոցում, եթե ժամանակ ունեք:
Երկար սպասել չտվեց` ինչո՞ւ ոչ:
-Տվեք խոհանոցային գոգնոցը:
ՈՒ վեր կացավ:

Դիտվել է՝ 151708

Մեկնաբանություններ