Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մենք էլ աղոթենք, հուսանք ու հավատանք

Մենք էլ աղոթենք, հուսանք ու հավատանք
28.03.2014 | 11:20

Մարտի 30-ին Մեծ պահքի նախավերջին կիրակին է: Չնայած Մեծ պահքի ոսկե շղթայի այս կիրակին կոչվում է Դատավորի, բայց ինչքան էլ տարօրինակ է, այն կապված է աղոթքի հետ։ Եվ այս մասին ասաց մեր Տեր Հիսուսը, պատմելով ավետարանական հետևյալ առակը. «Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում և դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Եվ Տերն ասաց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ավետարան ըստ Ղուկասի 18.1-8):

Քրիստոնյա մարդու համար աղոթքն իր հավատի ուղնուծուծն է, եթե ցամաքում է այն, ապա նման քրիստոնյան անդամալույծի է նմանվում, որ հազիվ է իր գոյությունը քարշ տալիս։ Այդ պատճառով մեր Տերը տարբեր առակներով ու անձնական օրինակով Իր աշակերտներին աղոթելու գաղտնիքներն էր ուսուցանում։ Իսկ անիրավ դատավորի այս առակը Նա ասաց, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա՝ ոչ մի դեպքում պետք չէ հուսահատվել, այլ համառորեն բախել երկնքի դուռը, քանի որ Տերն Ինքն է խոստացել. «Փնտրեցե՛ք ու կգտնեք, խնդրեցե՛ք ու կտրվի, բախեցե՛ք ու կբացվի»։ Շնորհք պատրիարքը աղոթքը նմանեցնում է երկրից երկինք ձգվող սանդուղքի, որի աստիճաններով մենք կարող ենք բարձրանալ, եթե ջանք անենք ու չծուլանանք աղոթքի մեջ, ու այդ է պատճառը, որ առակի հենց սկզբում ասաց. «Ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան»։ Այս խոսքերով Տերը նաև մեզ զգուշացնում է, որ աղոթելիս սատանան ձանձրույթ է բերում, որ հուսահատվենք ու դադարենք աղոթելուց։
Աղոթողի լավագույն օրինակը հենց մեր Տերն էր, Ով «բոլորից առանձնանալով, երբեմն ամբողջ գիշեր աղոթք էր անում» (Ղուկ. 5. 16): Ավետարաններում շատ են հիշատակությունները, ուր Հիսուսն աղոթում է. Մկրտությունից մինչև Գեթսեմանի պարտեզ, Պայծառակերպության լեռից մինչև Գողգոթայի խաչելության բարձունքը, որտեղ նույնպես մեր Տերը փրկագործությունն ավարտեց Իր վերջին աղոթքով. «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին» (Ղուկաս 23.46):
Մարդն ունի երկու տեսակի կյանք` անհատական և ընկերային: Նմանապես կա աղոթելու երկու ձև` հավաքական և առանձնական: Հիսուսը հավաքական աղոթքի մասին ոչինչ չի խոսել: Աղոթքի մասին Նրա ուսուցումը գրեթե ամբողջությամբ վերաբերում է առանձնականին: Եվ սա` կարևոր հոգեբանական պատճառով: Փաստված է, որ առանձնական աղոթքին նվիրված մարդն անպակաս կլինի նաև հավաքական աղոթքներից: Փաստված է նաև, որ անհատական կյանքում շիտակ և առաքինի մարդն ավելի պիտանի ու օգտակար գործունեություն է ունենում ընկերային կյանքում:
Անհատական աղոթքում Աստծո ներկայության մեջ գտնվող մարդը հավաքական պաշտամունքից չի բացակայի: Անհատական աղոթքը կյանքի հոգևոր շենքի անտեսանելի հիմքն է, որը պահում է հավաքական աղոթքի տեսանելի կառույցը: Առանձնական աղոթքը կյանքի նավի` ծովի մեջ մխրճված մասն է, իսկ հավաքականը` ծովից վեր երևացող մասը: Երկուսն իրարից անբաժան են, երկուսը միասին կազմում են աղոթքի կյանքի ամբողջությունը: Իսկ հավաքական աղոթքի գագաթնակետն ու բարձունքն է մեր սուրբ Պատարագը, որտեղ Հայրը Իր երկրային զավակների համար պատարագում, այսինքն՝ անարյուն զոհաբերությամբ մեզ է մատուցում Իր Երկնային Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։
Բացի այս ամենից, մեր Տերը նաև սովորեցրեց ինչպես չաղոթել, այսինքն՝ ինչպես խուսափել սխալ ու անընդունելի աղոթքներից, որ չլինի թե ամուլ սերմեր սերմանենք ու սպասենք արդյունքի։ Հիսուսը սովորեցրեց. «Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը», այսինքն` ցուցադրելու համար աղոթողների վարձը մարդկանցից գնահատվելն է, թե աղոթասեր են: Իսկ Աստծուց ոչ վարձ և ոչ էլ պատասխան են ստանում, քանի որ նրանց նպատակն Աստծուն աղոթելը չէր, այլ մարդկանց աղոթող երևալը:
Եթե աղոթք ցուցադրելու համար ծնկի եկողների և ձեռքերը բարձրացնողների վարձը մարդկային մակերեսային գնահատանքն է, ի՞նչ պիտի լինի նրանց վարձը երկնքում. ոչինչ։
Հիսուսն Իր հետևորդներին զգուշացնում է նաև աղոթքի մեկ ուրիշ սխալ ձևից: «Աղոթք անելիս,- ասում է Նա,- շատախոս մի՛ լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք Նրանից մի բան ուզեք»։
Այս հարցում չաճապարենք իսկույն հետևություններ անել ու մեր աղոթքները մի քանի բառանոց արտասանության վերածել։ Նախ չմոռանանք, որ Հիսուսի նկատողությունն ընդդեմ փարիսեցիական այն սովորության է, որով նրանք «պատրվակներով երկարում են աղոթքը», և այս աղոթքով անուղղակիորեն Աստծուն անգետի տեղ դնելու ամբարշտությունն էր գործվում, որպես թե Նա լուր չուներ երկրի կամ աղոթողի ներաշխարհի անցուդարձից, և, հետևաբար, փարիսեցին պետք էր զգում դրանք պատճառաբանված բացատրությամբ Աստծուն հիշեցնելու:
Պետք է հիշել, որ Հիսուսն էլ, պատահել է, երբեմն ժամերով աղոթել է. «Լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկ. 6.12):
ՈՒրեմն, մենք էլ աղոթենք, հուսանք ու հավատանք։ Ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ