«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ես հասկանում եմ օտարին, ով կարող է ցանկացած պահի իմ հայրենակցին ասել. «երկիր ունես, էնտեղ էլ ապրիր»»

«Ես հասկանում եմ օտարին, ով կարող է ցանկացած պահի իմ հայրենակցին ասել. «երկիր ունես, էնտեղ էլ ապրիր»»
30.03.2014 | 13:56

«Անտարես» հրատարկչության և «Օրանժ Արմենիայի» հայտարարած գրական մրցույթներում արդեն երրորդ տարին է, որ Նարինե ԿՌՈՅԱՆԻ ստեղծագործություները եզրափակիչ են դուրս գալիս: Հաղթող Է ճանաչվել «Օրանժ գրքի մրցանակ» 2011-ում և 2013-ում, համապատասխանաբար՝ «Շների համաստեղությունը» վիպակի և «Ցեցի դեղը» պատմվածքի համար: Նույն պատմվածքն այս տարի հաղթել է նաև «Անտարես» հրատարկչության «Արձակ 2013»-ի մրցույթում: Արժանացել է նաև «Գրողուցավ» կայքի սահմանած Գայանե Բաբայանի անվան մրցանակին (2013թ.): «Նարցիս» հանդեսի մարզերում կազմակերպած մրցույթի մրցանակին «Անքնություն» պատմվածքի համար (2012թ.):

Նարինե Կռոյանը ծնվել և ապրում է Վանաձորում: Ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը` ստանալով կառավարման կազմակերպման գծով ճարտարագետ-տնտեսագետի որակավորում: Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում դասավանդում է տնտեսագիտության տեսություն: 2012-ից ՀԳՄ անդամ է: ՈՒնի հրատարակած երեք անհատական ժողովածու` «Հեքիաթներ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար», «Ճարճատուկի ծաղիկը» և «Շների համաստեղությունը»: Այս տարի պետպատվերի շրջանակներում «Անտարես» հրատարակչությունը տպագրության է պատրաստում արձակագրի հաջորդ ժողովածուն:

-Մարզերում ապրող գրողներին հաջողվո՞ւմ է մայրաքաղաքային գրական գործընթացներին մասնակցել այս կամ այն կերպ:

- Բնականաբար տարածությունն իր դերակատարությունն ունի, և մարզերն այս առումով ինչ-որ չափով տուժում են: Մարզերում շատ տաղանդավոր ստեղծագործողներ կան, որոնք, սակայն, մայրաքաղաքաբնակ գրողների նման իրենց ստեղծագործությունները ընդարձակ լսարանի առջև գովազդելու և, ընդհանրապես, գրական շուկայի մաս կազմելու հնարավորություն գրեթե չունեն, եթե հաճախ չեն կարողանում լինել Երևանում և այս կամ այն կերպ չեն հիշեցնում իրենց մասին:

-Իսկ ի՞նչ է արվում այդ առումով մարզերում:

-Ինչ-որ կարողանում և ցանկանում են անել: Նկատի ունեմ, որ կան ոլորտի նվիրյալներ, օրինակ՝ մեր մարզի ՀԳՄ բաժանմունքը, որ հրատարակում է «Երկունք» ամսաթերթը, կազմակերպում է շնորհանդեսներ: Այս առումով ակտիվ է նաև Ստեփան Զորյանի տուն-թանգարանը և վերջ: Անկեղծ ասած մարզային այլ կառույցների կողմից ես որևէ օժանդակություն չեմ տեսել` բացառությամբ Վանաձորի քաղաքապետարանի կողմից երիտասարդ գրողներից որևէ մեկին տարին մեկ անգամ հատկացվող 20 հազար դրամ մրցանակը, որը 2013-ին է սահմանվել:

-Գրախանութներ կա՞ն Վանաձորում: Գրքասերները լավ գիրք ձեռք բերելու խնդրի առաջ չե ՞ն կանգնում:

- Գրախանութներ, որպես այդպիսիք, չկան: Երկու տարի առաջ փակվեց վերջին գրախանութը: Կա երկու կազմակերպություն, որոնք «ձեռքի հետ» նաև կարող են գիրք վաճառել, դրանք էլ հիմնականում աշակերտներին դպրոցական քննություններին նախապատրաստող նյութեր են պարունակում` արտացոլելով տպագիր գրքի նկատմամբ պահանջարկի աղքատիկ կառուցվածքային բովանդակությունը Վանաձորում:
-«Ցեցի դեղ» կոնկրետ դեպքի վրա էր հիմնվա ՞ծ, թե՞ հորինված էր ամբողջությամբ:
-Կարծում եմ` յուրաքանչյուր ստեղծագործություն ինչ-որ ազդակ է ունենում: Այստեղ ազդակներ կան, բայց կոնկրետ դեպք չկա: Կերպարներն ու իրադարձությունները հավաքական են, մտահղացված:

-Չե ՞ք կարծում, որ երկրից չգնալն էլ հարցի լուծում չէ: Հացի խնդիրը խորթացնում, «բաժանում» է ամուսիններին, հոգսերի, գյուղական ծանր կենցաղի մեջ վերանում է սերն էլ, կյանքն էլ:

-Իհարկե, լուծում չէ: Օտար երկրում, թեկուզ քաղաքացու կարգավիճակով, միևնույնն է ստորադաս ես, երկրորդական ես, ինչ-որ տեղ էլ` անընդունելի: Ես հասկանում եմ օտարին, ով կարող է ցանկացած պահի իմ հայրենակցին ասել. «երկիր ունես, էնտեղ էլ ապրիր», իր իրավունքն է: Իսկ իմ հայրենակիցն օտար ափերում կաշվից դուրս պիտի գա, որ այդ օտարին, այդ երկրի տիրոջը` տեղաբնիկին ապացուցի, որ «ինքն ուղտ չէ», երբ ավելի քիչ կարելի էր «կաշվից դուրս գալ» իր` սեփական երկրում և այն կարգի բերել, իսկ թե ինչպես, արդեն այլ հարց է: Այդպես եմ կարծում:

-Քաղաքացիական ակցիաներին ինչպե ՞ս են վերաբերում մարզերում, որ դեպքում են արձագանքում, ընդհուպ` մասնակցում:

- Քաղաքացիական ակտիվությունը մարզերում պակաս է, եթե չասեմ` գրեթե բացակայում է, այն պարագայում, որ մայրաքաղաքում ապրողի սոցիալական վիճակը շատ ավելի բարվոք է: Մարդիկ պարզապես չեն հավատում, որ որևէ բան կարող են փոխել և ընտրում են, իրենց կարծիքով, ամենահեշտ ճանապարհը` երկրից հեռանալը:
Հեռացողների մի նոր տեսակ էլ կա, որ ապրում են կողքիդ, բայց այս երկրի քաղաքացի չեն, սա այն սառույցն է, որ արտաքինից հաստ է երևում, բայց վրան կանգնելու դեպքում` տակով է անելու:

-Տարբե ՞ր են մտահգություները մարզում ապրող գրողի և մայրաքաղաքի:

-Կարծում եմ` մտահոգությունները ճշմարիտ մտավորականի, ստեղծագործողի համար անկախ են տեղից և ժամանակից` բացառությամբ վերոնշյալ հանգամանքներից. չափի, ծավալի խնդիր կա:

-Համացանցը հանդիպման վայր է դարձել: Ձեզ գոհացնո՞ւմ է այդ տարածքը:

-Այո: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր միայն բացասականն են տեսնում համացանցի ընձեռած հնարավորությունների մեջ: Ի վերջո, ընտրության խնդիր է: Ընտրիր այն, ինչ քեզ է դուր գալիս և վերջ: Կարող ես ընթերցել գրականություն, որը տպագիր տարբերակով պարզապես հասանելի չէ, սոցիալական ցանցի միջոցով շփվել քեզ, քո հոգուն հարազատ մարդկանց, անհատների հետ, որոնք այս երկրին գույն, երանգ են տալիս, ապրեցնում են:

-Նարինե, մրցույթներում ձեր հաղթանակները «ծանոթ-բարեկամի» հետ չե՞ն կապվում:

-Այս կապակցությամբ միշտ կատակում եմ, ասելով, թե ես` «ռայոնցիս», որ մայրաքաղաքում անգամ լավ չեմ կողմնորոշվում, հազվադեպ եմ լինում ու ոլորտից քչերին եմ ճանաչում, ո՞ւմ եմ հետաքրքրում...
-Ի՞նչ կասեք ընթերցողին:
- Եթե ընթերցող են, ուրեմն` արդեն կարդում են: Այդպես շարունակել:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ